Դատավորներ
16 Մի անգամ Սամսոնը գնաց Գազա: Այնտեղ նա մի մարմնավաճառ կին տեսավ ու նրա տուն մտավ: 2 Գազայի բնակիչներին ասացին. «Սամսոնն այստեղ է»: Ուստի նրանք շրջապատեցին այդ վայրը և ամբողջ գիշեր քաղաքի դարպասի մոտ դարանակալեցին: Ողջ գիշեր նրանք լուռ մնացին՝ մտածելով. «Հենց որ լույսը բացվի, կսպանենք նրան»:
3 Բայց Սամսոնը այնտեղ պառկած մնաց մինչև կեսգիշեր, ապա վեր կացավ, քաղաքի դարպասի դռները իրենց երկու կողափայտերով բռնեց և նիգով* հանդերձ տեղահան արեց, դրանք իր ուսերին դրեց ու հանեց Քեբրոնի դիմացի լեռան գլուխը:
4 Որոշ ժամանակ անց նա սիրահարվեց մի կնոջ, որն ապրում էր Սորեկի գետահովտում:* Նրա անունը Դալիլա էր:+ 5 Փղշտացիների կառավարիչները եկան այդ կնոջ մոտ ու ասացին. «Համոզիր Սամսոնին,+ որ ասի,* թե որն է նրա մեծ ուժի աղբյուրը, և ինչպես կարող ենք ենթարկեցնել ու կապել նրան, որ հաղթենք: Դրա համար մեզնից յուրաքանչյուրը քեզ 1 100 կտոր արծաթ կտա»:
6 Որոշ ժամանակ հետո Դալիլան ասաց Սամսոնին. «Խնդրում եմ, ասա ինձ. ո՞րն է քո մեծ ուժի աղբյուրը, և քեզ ենթարկեցնելու համար ինչո՞վ է հարկավոր քեզ կապել»: 7 Սամսոնն ասաց նրան. «Եթե ինձ կապեն կենդանու դեռ չչորացած յոթ թարմ ջլերով,* ես կթուլանամ ու սովորական մարդու պես կդառնամ»: 8 Փղշտացիների կառավարիչները չչորացած յոթ թարմ ջիլ բերեցին ու տվեցին կնոջը, և նա դրանցով կապեց Սամսոնին: 9 Նրանք ներքին սենյակում դարանակալներ դրեցին: Դալիլան ձայն տվեց. «Սամսո՛ն, փղշտացիները քեզ վրա են գալիս»: Այդ ժամանակ Սամսոնը ջլերը կտրեց. նա դա արեց այնքան հեշտ, որքան վուշե թելն* են կտրում՝ մոտեցնելով կրակին:+ Այսպիսով՝ նրա զորության գաղտնիքը չիմացվեց:
10 Դալիլան ասաց Սամսոնին. «Դու հիմարացրիր ինձ և խաբեցիր: Հիմա խնդրում եմ, ասա. քեզ ինչո՞վ է հարկավոր կապել»: 11 Նա ասաց նրան. «Եթե ինձ ամուր կապեն չօգտագործված՝ նոր պարաններով, ես կթուլանամ ու սովորական մարդու պես կդառնամ»: 12 Դալիլան նոր պարաններ վերցրեց, դրանցով կապեց նրան ու ձայն տվեց. «Սամսո՛ն, փղշտացիները քեզ վրա են գալիս»: (Այդ ամբողջ ընթացքում դարանակալները ներքին սենյակում էին): Այդ պահին նա իր բազուկներին կապված պարանները կտրեց, ինչպես թելը կկտրեր:+
13 Դրանից հետո Դալիլան ասաց Սամսոնին. «Մինչև հիմա դու ինձ հիմարացրել ես ու խաբել:+ Ասա ինձ, քեզ ինչո՞վ է հարկավոր կապել»: Նա պատասխանեց. «Եթե իմ գլխի յոթ հյուսերը հենքաթելով հյուսեն, ուժս կկորցնեմ»: 14 Կինը այդպես արեց և ջուլհակահաստոցի սանրով պնդացրեց դրանք: Հետո ձայն տվեց նրան. «Սամսո՛ն, փղշտացիները քեզ վրա են գալիս»: Նա զարթնեց քնից և ջուլհակահաստոցի* սանրը հենքաթելի հետ միասին քաշեց պոկեց:
15 Կինն ասաց նրան. «Ինչպե՞ս կարող ես ասել՝ «Սիրում եմ քեզ»,+ երբ սիրտդ ինձ հետ չէ: Երեք անգամ հիմարացրիր ինձ ու չասացիր, թե որն է քո մեծ ուժի աղբյուրը»:+ 16 Եվ քանի որ կինը հանգիստ չէր տալիս Սամսոնին ու ամեն օր նեղում էր, նա մահվան աստիճան հոգնեց:+ 17 Ի վերջո Սամսոնն իր սիրտը բացեց կնոջ առաջ՝ ասելով. «Իմ մազերը երբեք չեն կտրել, որովհետև ես ի ծնե* Աստծու ուխտավոր եմ:+ Եթե մազերս կտրեն, ուժս կկորցնեմ՝ կթուլանամ և մյուս բոլոր մարդկանց պես կդառնամ»:
18 Երբ Դալիլան տեսավ, որ նա իր սիրտը բացեց իր առաջ, անմիջապես կանչեց փղշտացի կառավարիչներին՝+ ասելով. «Եկե՛ք, քանի որ այս անգամ նա իր սիրտը բացեց իմ առաջ»: Փղշտացի կառավարիչները եկան նրա մոտ՝ իրենց հետ բերելով փողը: 19 Եվ նա իր ծնկների վրա քնեցրեց Սամսոնին: Այնուհետև մի մարդու կանչեց, որը կտրեց նրա գլխի յոթ հյուսերը: Դրանից հետո կինը սկսեց իշխանություն բանեցնել Սամսոնի վրա, քանի որ նրա ուժը լքում էր իրեն: 20 Կինը ձայն տվեց. «Սամսո՛ն, փղշտացիները քեզ վրա են գալիս»: Նա էլ զարթնեց քնից և ասաց. «Անցած անգամների պես կանեմ ու կփրկվեմ»:+ Մինչդեռ նա չգիտեր, որ Եհովան հեռացել է իրենից: 21 Փղշտացիները բռնեցին նրան ու աչքերը հանեցին: Հետո բերեցին Գազա, պղնձե կրկնակի շղթաներով կապեցին և հարկադրեցին բանտում հացահատիկ աղալ: 22 Ածիլվելուց հետո, սակայն, նրա գլխի մազերը սկսել էին աճել:+
23 Որոշ ժամանակ անց փղշտացի կառավարիչները հավաքվեցին, որպեսզի շատ զոհեր մատուցեն իրենց Դագոն+ աստծուն և տոնեն իրենց հաղթանակը: Նրանք ասում էին. «Մեր աստվածը մեր թշնամուն՝ Սամսոնին, մեր ձեռքն է տվել»: 24 Ժողովուրդը, տեսնելով իր աստծուն, սկսեց գովաբանել նրան ու ասել. «Մեր աստվածը մեր ձեռքն է տվել մեր թշնամուն, որն ավերել է մեր երկիրը+ և շատ շատերին սպանել»:+
25 Քանի որ նրանց տրամադրությունը բարձր էր, ասացին. «Կանչե՛ք Սամսոնին, որ զվարճացնի մեզ»: Ուստի Սամսոնին բանտից բերեցին, որ զվարճացնի իրենց, և կանգնեցրին սյուների արանքում: 26 Սամսոնն ասաց իր ձեռքից բռնած տղային. «Թույլ տուր՝ շոշափեմ այս տունը կանգուն պահող սյուները, որ հենվեմ դրանց»: 27 (Տունը լիքն էր տղամարդկանցով ու կանանցով: Փղշտացի բոլոր կառավարիչներն այնտեղ էին: Տանիքում մոտ 3 000 տղամարդ ու կին կար, որոնք, Սամսոնին նայելով, զվարճանում էին):
28 Սամսոնը+ Եհովային օգնության կանչեց՝ ասելով. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, հիշիր ինձ, խնդրում եմ, զորացրու ինձ+ վերջին անգամ, ո՛վ Աստված, և թույլ տուր՝ փղշտացիներից վրեժ առնեմ երկու աչքերիցս գոնե մեկի համար»:+
29 Ապա Սամսոնը կանգնեց մեջտեղի երկու սյուների արանքում և հենվեց տունը կանգուն պահող այդ սյուներին՝ աջ ձեռքը դնելով դրանցից մեկի վրա, իսկ ձախը՝ մյուսի: 30 Նա ասաց. «Թող որ մեռնեմ փղշտացիների հետ»: Ապա իր ողջ ուժով հրեց սյուները, և տունը փուլ եկավ կառավարիչների ու այնտեղ հավաքված բոլոր մարդկանց վրա:+ Այսպիսով՝ Սամսոնը մեռնելիս ավելի շատ փղշտացի սպանեց, քան իր կենդանության օրոք էր սպանել:+
31 Դրանից հետո նրա եղբայրներն ու նրա հոր բոլոր ազգականները եկան, որ վերցնեն ու տանեն նրան: Սամսոնին թաղեցին իր հոր՝ Մանուեի+ գերեզմանում, որը գտնվում է Սարաայի+ և Եսթաուղի միջև: Սամսոնը Իսրայելում դատավորություն արեց 20 տարի:+