Զաքարիա
11 Բա՛ց արա դռներդ, ո՛վ Լիբանան,
Որ կրակը լափի քո մայրիները:
2 Ողբա՛, գիհի՛, որովհետև մայրին ընկել է,
Վեհաշուք ծառերը տապալվել են:
Ողբացե՛ք, Բասանի՛ կաղնիներ,
Որովհետև խիտ անտառը ոչնչացել է:
3 Լսե՛ք, հովիվները ողբում են,
Որովհետև նրանց փառքը վերացել է:
Լսե՛ք, առյուծները մռնչում են,
Որովհետև Հորդանանի խիտ մացառուտները ոչնչացել են:
4 Ահա թե ինչ է ասում իմ Աստված Եհովան. «Հովվիր մորթվելու դատապարտված ոչխարներին,+ 5 որոնց գնողները մորթում են նրանց+ և մեղավոր չեն համարվում: Իսկ ովքեր վաճառում են նրանց,+ ասում են. «Փա՜ռք Եհովային, ես կհարստանամ»: Նրանց չեն կարեկցում իրենց իսկ հովիվները»:+
6 «Ես այլևս չեմ կարեկցի այս երկրի բնակիչներին,– ասում է Եհովան:– Այնպես կանեմ, որ ամեն մարդ իր դրացու և իր թագավորի ձեռքն ընկնի: Նրանք կջախջախեն այս երկիրը, և ես ոչ մեկին չեմ ազատի նրանց ձեռքից»:
7 Ես սկսեցի հովվել մորթվելու դատապարտված հոտը.+ դա արեցի հանուն ձեզ, հոտի կեղեքվա՛ծ ոչխարներ: Երկու ցուպ վերցրի, մեկը կոչեցի Բարեհաճություն, մյուսը՝ Միություն+ և սկսեցի հովվել հոտը: 8 Մեկ ամսում հեռացրի երեք հովիվների, քանի որ նրանք լցրին իմ համբերության բաժակը: Ես էլ նրանց համար ատելի դարձա: 9 Ի վերջո ասացի. «Այլևս չեմ հովվելու ձեզ: Մեռնողը թող մեռնի, և կործանվողը թող կործանվի, իսկ մնացածները թող իրար միս ուտեն»: 10 Ուստի վերցրի Բարեհաճություն+ կոչվող ցուպս և կոտրեցի այն՝ քանդելով ողջ ժողովրդի հետ կապած ուխտս: 11 Այդ օրը ուխտը քանդվեց, և հոտի կեղեքված ոչխարները, որ նայում էին ինձ, հասկացան, որ այդպես անելով՝ Եհովայի խոսքն եմ հաղորդում:
12 Ես ասացի ժողովրդին. «Եթե կուզեք, տվեք իմ վարձը, եթե ոչ, մի՛ տվեք»: Եվ նրանք վճարեցին* իմ վարձը՝ 30 կտոր արծաթ:+
13 Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ. «Գանձարանի մեջ շպրտիր դրանք. շա՜տ թանկ են գնահատել իմ արժեքը»:+ Ուստի ես վերցրի 30 կտոր արծաթն ու շպրտեցի Եհովայի տան գանձարանի մեջ:+
14 Հետո կոտրեցի իմ երկրորդ ցուպը, որ Միություն էր կոչվում,+ և այդպես վերջ տվեցի Իսրայելի ու Հուդայի եղբայրությանը:+
15 Եհովան ասաց ինձ. «Վերցրու անհրաժեշտ հովվական պիտույքները և ներկայացիր ինչպես մի անպիտան հովիվ,+ 16 քանի որ ես թույլ կտամ, որ մի հովիվ ի հայտ գա այս երկրում, որը չի խնամի կործանվող ոչխարներին,+ չի փնտրի մոլորված ձագերին, չի բուժի վիրավորներին,+ չի կերակրի առողջներին: Կուտի գեր ոչխարների միսը+ և կպոկի նրանց կճղակները:+
17 Վա՜յ անարժան հովվին,+ որ լքում է հոտը:+
Սրի հարված կիջնի նրա բազկին և աջ աչքին:
Նրա բազուկը իսպառ կչորանա,
Նրա աջ աչքը լիովին կկուրանա»:*