Աստվածաշնչի գիրք համար 38. Զաքարիա
Գրողը՝ Զաքարիա
Գրվելու վայրը՝ Երուսաղեմ
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 518թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 520–518թթ.
1. Ի՞նչ իրավիճակում էր Երուսաղեմի տաճարի շինարարությունը, երբ Զաքարիան սկսեց մարգարեանալ։
ԼՃԱՑՈՒՄ։ Այսպես կարելի է նկարագրել այն իրավիճակը, որի մեջ էր Եհովայի տաճարի շինարարությունը Երուսաղեմում, երբ Զաքարիան սկսեց մարգարեանալ։ Առաջին տաճարը Սողոմոնը կառուցել էր յոթուկես տարում (1 Թագ. 6։37, 38), մինչդեռ հրեաներն արդեն տասնյոթ տարի էր, ինչ վերադարձել էին հայրենիք, իսկ տաճարի վերանորոգման ավարտին դեռ շատ գործ էր մնացել։ Շինարարությունն ընդհատվել էր Արտաքսերքսես (Բարդիա, կամ՝ Գաումատա) թագավորի դրած արգելքի պատճառով։ Սակայն այժմ, չնայած այդ պաշտոնական արգելքին, գործը կրկին ընթացք էր ստացել։ Անգեի և Զաքարիայի միջոցով Եհովան հորդորում էր ժողովրդին վերսկսել ու ավարտին հասցնել շինարարությունը (Եզր. 4։23, 24; 5։1, 2)։
2. Ինչո՞ւ էր հանձնարարությունը վիթխարի թվում, բայց Զաքարիան ինչի՞ վրա կենտրոնացրեց ժողովրդի ուշադրությունը։
2 Ժողովրդի առջև դրված հանձնարարությունը կարծես անիրականալի լիներ՝ նման վիթխարի լեռան (Զաք. 4։6, 7)։ Նրանք թվով քիչ էին, իսկ հակառակորդները՝ շատ, ու թեև նրանց իշխանը՝ Զորաբաբելը, Դավթի թագավորական սերնդից էր, նրանք թագավոր չունեին և օտարազգիների տիրապետության տակ էին։ Որքա՜ն հեշտությամբ կարելի էր հուսահատվել ու միայն սեփական անձի մասին մտածել այն ժամանակներում, երբ հարկավոր էր ամուր հավատ դրսևորել և աշխուժորեն գործել։ Զաքարիան կանչվել էր, որ նրա միջոցով ժողովրդի ուշադրությունը կենտրոնացվեր Եհովայի նպատակների վրա, որ պետք է իրագործվեին այդ օրերում, և նույնիսկ այդ նպատակների ավելի մեծ կատարման վրա, որոնք իրագործվելու էին հեռավոր ապագայում։ Դա, ինչ խոսք, զորացրեց հրեաներին, որոնք լցվեցին սկսած գործը ավարտին հասցնելու ցանկությամբ (8։9, 13)։ Ժամանակը չէր, որ գնային իրենց երախտամոռ հայրերի հետքերով (1։5, 6)։
3. ա) Ինչպե՞ս է ներկայացված Զաքարիան, և ինչո՞ւ է նրա անվան նշանակությունը համապատասխան։ բ) Զաքարիան ե՞րբ է ասել ու գրել իր մարգարեական խոսքերը։
3 Իսկ ո՞վ էր Զաքարիան։ Աստվածաշունչը «Զաքարիա» անունով մոտավորապես 30 հոգու է հիշատակում։ Սակայն այդ անունը կրող գիրքը գրողը ներկայացված է որպես «Ադդոյի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարե» (Զաք. 1։1; Եզր. 5։1; Նեեմ. 12։12, 16)։ Այս անունը (եբրայերեն՝ Զեխարյահ) նշանակում է «Եհովան հիշել է»։ Զաքարիայի գիրքը հստակ ցույց է տալիս, որ «Զորքերի Տեր Եհովան» հիշում է իր ժողովրդին՝ նրա մասին հոգ տանելով հանուն իր անվան (Զաք. 1։3)։ Գրքում նշված տարեթվերը ցույց են տալիս, որ դեպքերը տեղի են ունեցել երկու տարվա ընթացքում։ «Դարեհի երկրորդ տարվա ութերորդ ամսում» էր (մ.թ.ա. 520 թ. հոկտեմբեր-նոյեմբեր), որ վերսկսվեցին տաճարի վերակառուցման աշխատանքները, և Զաքարիան սկսեց մարգարեանալ (1։1)։ Գիրքը հիշատակում է նաև «իններորդ ամսվա, այսինքն՝ քասղև ամսվա չորրորդ օրը» «Դարեհ թագավորի կառավարման չորրորդ տարում» (մ.թ.ա. մոտ 518թ. դեկտեմբերի 1-ը) (7։1)։ Ուստի Զաքարիան, անկասկած, իր մարգարեական խոսքերը ասել և գրել է մ.թ.ա. 520–518թթ. ընթացքում (Եզր. 4։24)։
4, 5. ա) Զաքարիան ինչո՞ւ կանխագուշակեց Տյուրոսի անկումը, եթե այդ քաղաքը վաղուց ավերվել էր Նաբուգոդոնոսորի կողմից։ բ) Ո՞ր մարգարեությունների կատարումն է համոզիչ կերպով փաստում, որ գիրքը ներշնչված է։
4 «Զաքարիա» գիրքն ուսումնասիրողները նրա վավերականությունը հաստատող շատ ապացույցներ կարող են գտնել։ Հիշենք, օրինակ, Տյուրոս քաղաքը։ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը 13-ամյա պաշարումից հետո միայն կարողացավ գրավել և ավերել այդ քաղաքը։ Սակայն այդ ժամանակ Տյուրոսը լիովին չկործանվեց։ Զաքարիան երկար տարիներ հետո կանխագուշակեց, որ Տյուրոսը պիտի հիմնովին կործանվի։ Դա տեղի ունեցավ, երբ Ալեքսանդր Մակեդոնացին, ամբարտակ կառուցելով, հողին հավասարեցրեց Տյուրոս քաղաքի այն հատվածը, որ գտնվում էր կղզու վրա։ Ալեքսանդրը անողոքաբար հրի մատնեց քաղաքը, ինչով և իրականություն դարձան այդ դեպքից մոտ երկու դար առաջ Զաքարիայի գրած մարգարեական խոսքերը (Զաք. 9։2–4)a։
5 Սակայն ամենահամոզիչ ապացույցը, որ գիրքը գրվել է Աստծու ներշնչմամբ, համարվում է Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի մասին մարգարեությունների կատարումը, ինչը երևում է Զաքարիա 9։9 և Մատթեոս 21։4, 5, Հովհաննես 12։14–16; Զաքարիա 12։10 և Հովհաննես 19։34–37; Զաքարիա 13։7 և Մատթեոս 26։31, Մարկոս 14։27 համարների համեմատությունից։ Ուշադրության են արժանի նաև Զաքարիա 8։16 և Եփեսացիներ 4։25, Զաքարիա 3։2 և Հուդա 9, Զաքարիա 14։5 և Հուդա 14 համարների միջև նկատվող նմանությունները։ Իսկապես, տպավորիչ է Աստծու Խոսքի ներդաշնակությունը։
6. ա) Ինչո՞վ է բացատրվում ոճի փոփոխությունը՝ Զաքարիա 9-րդ գլխից սկսած։ բ) Ինչո՞ւ է Մատթեոսը Զաքարիայի խոսքերը Երեմիայի անունից մեջբերում։
6 Աստվածաշնչյան քննադատներից ոմանք այն կարծիքն են հայտնում, որ 9-րդ գլխից սկսած՝ գրքի ոճում նկատվող փոփոխությունը ցույց է տալիս, որ այդ հատվածը չէր կարող գրված լինել Զաքարիայի կողմից։ Սակայն ոճը փոխվում է թեմայի հետ կապված։ Առաջին ութ գլուխներում խոսվում է այն մասին, ինչը ավելի կարևոր էր Զաքարիայի օրերի ժողովրդի համար, սակայն 9–14-րդ գլուխներում մարգարեն իր հայացքն ուղղում է հեռավոր ապագային։ Ոմանք հարց են տալիս, թե ինչու է Մատթեոսը Զաքարիայի մարգարեությունից մեջբերում կատարելիս այն վերագրել Երեմիային (Մատթ. 27։9; Զաք. 11։12)։ Ակներևաբար, որոշ ժամանակ «Ուշ մարգարեներ» բաժնի գրքերից առաջինը համարվել է Երեմիայի գիրքը (և ոչ թե Եսայիայի գիրքը, որը Աստվածաշնչի ժամանակակից թարգմանություններում առաջինն է), ուստի Մատթեոսը Զաքարիայի խոսքերը Երեմիայի անունից մեջբերելիս թերևս հետևել է հրեական այն ավանդությանը, համաձայն որի՝ Աստվածաշնչի մի ամբողջ բաժին առաջին գրքի անվան տակ էր առնվում։ Հիսուսը, օրինակ, նշում է «Սաղմոսներ» գիրքը՝ նկատի ունենալով գրքերի այն բաժինը, որը հայտնի է «Գրություններ» անունով (Ղուկ. 24։44)b։
7. Ինչպե՞ս է կազմված «Զաքարիա» գիրքը։
7 Մինչև 6-րդ գլխի 8-րդ համարը գիրքը բաղկացած է ութ տեսիլքներից, որոնք նման են Դանիելի ու Եզեկիելի տեսիլքներին և հիմնականում վերաբերում են տաճարի վերակառուցմանը։ Ապա հաջորդում են մաքուր երկրպագությանը, վերականգնմանը և Եհովայի պատերազմի օրվան վերաբերող մարգարեություններ ու պատգամներ։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
8. Երուսաղեմի ու ազգերի վերաբերյալ ի՞նչ է ցույց տալիս չորս ձիավորների մասին տեսիլքը։
8 Առաջին տեսիլք. չորս ձիավորները (1։1–17)։ «Դեպի ինձ դարձեք.... և ես կդառնամ դեպի ձեզ»,— ասում է Եհովան ու հետո հարցնում. «Իմ խոսքերն ու կանոնները, որ պատվիրեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, մի՞թե չիրականացան ձեր հայրերի վրա» (1։3, 6)։ Ժողովուրդն ընդունում է, որ արժանի հատուցում է ստացել։ Այժմ սկսվում է առաջին տեսիլքը։ Գիշերը չորս ձիավոր կանգնած են ծառերի միջև՝ Երուսաղեմի մոտ։ Նրանք վերադարձել են երկրով մեկ շրջելուց և տեսել, որ ամբողջ երկրում հանգստություն ու խաղաղություն է։ Բայց Եհովայի հրեշտակը, որը խոսում է նրանց հետ, անհանգստացած է Երուսաղեմում տիրող իրավիճակով։ Եհովան հայտնում է ազգերի վրա իր մեծ վրդովմունքի մասին, որոնք չարիք ավելացրին Սիոնի վրա, և ասում է, որ «ողորմությամբ պիտի հետ դառնա Երուսաղեմ»։ Նրա տունը այնտեղ պիտի կառուցվի, և նրա քաղաքները «նորից բարությամբ պիտի լցվեն» (1։16, 17)։
9. Եհովան ինչպե՞ս է բացատրում եղջյուրների ու արհեստավորների մասին տեսիլքը։
9 Երկրորդ տեսիլք. եղջյուրներն ու արհեստավորները (1։18–21)։ Զաքարիան չորս եղջյուր է տեսնում, որոնք ցրել են Հուդային, Իսրայելին ու Երուսաղեմին։ Հետո Եհովան նրան չորս արհեստավոր է ցույց տալիս՝ բացատրելով, որ նրանք կգան և վայր կգցեն եղջյուրները այն ազգերի, որոնք հակառակվում են Հուդային։
10. Եհովան ինչպե՞ս կնպաստի Երուսաղեմի բարգավաճմանը։
10 Երրորդ տեսիլք. Երուսաղեմի բարգավաճումը (2։1–13)։ Զաքարիան տեսնում է մի մարդու, որը չափում է Երուսաղեմը։ Քաղաքը կօրհնվի նրանով, որ կընդարձակվի, ու նրա շուրջբոլորը Եհովան կրակե պարիսպ կդառնա և փառք կլինի նրա մեջ։ Նա բարձրաձայն ասում է. «Հե՜յ, Սիո՛ն, ազատի՛ր քեզ»։ Հետո նախազգուշացնում է. «Ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում» (2։7, 8)։ Սիոնը կուրախանա, քանի որ Եհովան կբնակվի նրա մոտ, ու շատ ազգեր կմիանան Եհովային։ Ամեն մարմնի պատվեր է տրվում լռել Եհովայի առաջ, «որովհետև նա դուրս է գալիս իր սուրբ բնակավայրից» (2։13)։
11. Ինչպե՞ս է արդարացվում քահանայապետ Հեսուն, և ի՞նչ ընթացք է նրան հորդոր տրվում բռնել։
11 Չորրորդ տեսիլք. Հեսուի ազատումը (3։1–10)։ Քահանայապետ Հեսուն դատարանի առաջ է կանգնած։ Սատանան հակառակվում է նրան, բայց Եհովայի հրեշտակը սաստում է Սատանային։ Մի՞թե Հեսուն «կրակի միջից հափշտակված կիսախանձ փայտ չէ» (3։2)։ Հեսուին մաքրված են հայտարարում և նրա կեղտոտ հանդերձները փոխում են մաքուր «պերճաշուք պատմուճաններով»։ Նրան հորդոր է տրվում քայլել Եհովայի ճանապարհներով։ Եհովան իր ծառային՝ «Ընձյուղին», պիտի բերի և Հեսուի առաջ յոթ աչք ունեցող քար դնի (3։4, 8)։
12. Տաճարի շինարարության վերաբերյալ ի՞նչ քաջալերանք ու հավաստիացում է տրվում։
12 Հինգերորդ տեսիլք. ճրագակալն ու ձիթենիները (4։1–14)։ Հրեշտակը արթնացնում է Զաքարիային, ու վերջինս տեսնում է յոթ ճրագներով ոսկե ճրագակալ՝ կողքերին երկու ձիթենիներ։ Նա լսում է Զորաբաբելին ուղղված Եհովայի խոսքը. «Ոչ թե զորքով և ոչ թե ուժով, այլ իմ ոգով»։ «Մեծ լեռը» Զորաբաբելի առաջ հարթավայր կդառնա, ու տաճարի գլխաքարը դուրս կբերվի բացականչությունների ներքո. «Ի՜նչ հմայիչ է։ Ի՜նչ հմայիչ է»։ Զորաբաբելը դրել է տաճարի հիմքերը, և նա էլ կավարտի գործը։ Յոթը ճրագները Եհովայի աչքերն են, որոնք «դիտում են ամբողջ երկիրը» (4։6, 7, 10)։ Երկու ձիթենիները Եհովայի երկու օծյալներն են։
13–15. Զաքարիան ի՞նչ է տեսնում թռչող գրքի, արդուի ամանի ու չորս կառքերի մասին տեսիլքներում։
13 Վեցերորդ տեսիլք. թռչող գիրքը (5։1–4)։ Զաքարիան թռչող գիրք է տեսնում՝ մոտ 9 մետր երկարությամբ և 4,5 մետր լայնությամբ։ Հրեշտակը բացատրում է, որ դա այն անեծքն է, որ տարածվում է բոլոր նրանց պատճառով, ովքեր գողություն և սուտ երդում են անում Եհովայի անունով։
14 Յոթերորդ տեսիլք. արդուի ամանը (5։5–11)։ Արդուի ամանից (մոտ 22 լիտր) բարձրացվում է կափարիչը, և Զաքարիան տեսնում է մի կնոջ, որի անունը «Ամբարշտություն» է։ Նրան հետ են հրում արդուի ամանի մեջ։ Թևեր ունեցող երկու կին ամանը բարձրացնում են դեպի երկինք, որ տանեն Սենաարի (Բաբելոն) երկիր, որտեղ կինը «իր տեղում պիտի դրվի» (5։8, 11)։
15 Ութերորդ տեսիլք. չորս կառքերը (6։1–8)։ Նայե՛ք։ Պղնձե երկու լեռների արանքից չորս կառք է դուրս գալիս, որոնց լծված են տարբեր գույների ձիեր։ Դրանք երկնքի չորս ոգիներն են։ Հրեշտակի հրամանով նրանք գնում են շրջելու երկրով մեկ։
16. Ի՞նչ է մարգարեացվում «Ընձյուղի» մասին։
16 Ընձյուղը, կեղծավոր ծոմապահություն (6։9–7։14)։ Այժմ Եհովան հրահանգ է տալիս Զաքարիային մի վեհաշուք պսակ դնել Հեսու քահանայապետի գլխին։ Նա մարգարեաբար խոսում է «Ընձյուղի» մասին, որը կկառուցի Եհովայի տաճարը և իր գահի վրա կիշխի որպես քահանա (6։12)։
17. Երկրպագության մեջ ի՞նչն է կարևոր Եհովայի համար, և ի՞նչ եղավ նրանց հետ, ովքեր ընդդիմանում էին նրա խոսքերին։
17 Երկու տարի անց այն բանից հետո, երբ Զաքարիան սկսում է մարգարեանալ, Բեթելից պատվիրակություն է գալիս տաճարի քահանաներին հարցնելու, թե արդյոք պետք է շարունակել լաց լինել ու ծոմ պահել որոշակի օրերի։ Զաքարիայի միջոցով Եհովան ժողովրդին ու քահանաներին հարցնում է, թե արդյոք նրանք անկեղծորեն են ծոմ պահում։ Եհովայի համար կարևոր են հնազանդությունը, «ճշմարիտ արդարությունը, սիրառատ բարությունն ու ողորմությունը» (7։7, 9)։ Քանի որ հրեաները թիկունք էին դարձնում նրա մարգարեական խոսքերին և կարծրացնում էին իրենց սրտերը հղկող քարի նման, նա փոթորկով ցրիվ տվեց նրանց բոլոր ազգերի մեջ։
18. Վերականգնման մասին ի՞նչ փառահեղ խոստումներ է տալիս Եհովան։
18 Վերականգնում, «տասը մարդ» (8։1–23)։ Եհովան ասում է, որ կվերադառնա Սիոն ու կբնակվի Երուսաղեմում, որը ճշմարտության քաղաք կկոչվի։ Նրա հրապարակներում կնստեն ծեր տղամարդիկ, ու երեխաները կխաղան այնտեղ։ Սա անհնար չէ Եհովայի՝ ճշմարիտ ու արդար Աստծու համար։ Եհովան խոստանում է իր ժողովրդի մնացորդին խաղաղության սերմ տալ՝ ասելով. «Մի՛ վախեցեք։ Թող որ զորանան ձեր ձեռքերը» (8։3, 13)։ Նրանք հետևյալ բաները պետք է անեն. ճշմարտությունն ասեն իրար ու ճշմարտությամբ դատեն՝ սիրտը զերծ պահելով չար ծրագրերից և սուտ երդումներից։ Կգա ժամանակ, երբ շատ քաղաքների բնակիչներ պիտի իրար ասեն. «Եկեք գնանք ու.... Զորքերի Տեր Եհովային փնտրենք»։ Եվ «տարբեր լեզուներով խոսող տասը մարդ կբռնեն հրեա մարդու քղանցքը» ու կգնան Աստծու ժողովրդի հետ (8։23)։
19. Ի՞նչ խիստ պատգամներ են հաջորդում, բայց ի՞նչ է ասվում Երուսաղեմի թագավորի վերաբերյալ։
19 Ազգերի դեմ ուղղված պատգամներ, կեղծ հովիվներ (9։1–11։17)։ Գրքի երկրորդ մասում՝ 9–14-րդ գլուխներում, Զաքարիան այլաբանական տեսիլքներից անցնում է մարգարեություններին բնորոշ ոճին։ Նա սկսում է տարբեր քաղաքների դեմ խիստ պատգամներ հռչակելով, այդ թվում ժայռոտ կղզու վրա կառուցված Տյուրոս քաղաքի դեմ։ Երուսաղեմին ասվում է ուրախանալ ու ցնծալ. «Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս։ Նա արդար է և հաղթանակած, խոնարհ է և գալիս է էշ հեծած» (9։9)։ Մարտակառքերն ու աղեղը կոչնչացվեն, և նա ազգերի հետ խաղաղության մասին պիտի խոսի։ Նրա իշխանությունը կլինի մինչև երկրի ծայրերը։ Եհովան կկռվի Հունաստանի դեմ հանուն իր ժողովրդի ու կփրկի նրան։ «Որքա՜ն մեծ է նրա բարությունը, և որքա՜ն մեծ է նրա վայելչությունը» (9։17)։ Եհովան՝ անձրև Տվողը, դատապարտում է գուշակներին ու կեղծ հովիվներին։ Նա պիտի զորացնի Հուդայի տունը ու եփրեմցիներին զորավոր մարդու նման պիտի դարձնի։ Ինչ վերաբերում է փրկագնվածներին, «նրանց սրտերը պիտի ցնծան Եհովայով.... և նրանք իր անունով պիտի քայլեն» (10։7, 12)։
20. «Հաճություն» և «Միություն» գավազանների միջոցով խորհրդանշական կերպով ի՞նչն է ցույց տրվում։
20 Զաքարիան նշանակում է ստանում հովվելու ոչխարներին, որոնց անկարեկից հովիվները վաճառում են մորթելու համար՝ ասելով. «Օրհնյա՜լ լինի Եհովան, ես կհարստանամ» (11։5)։ Մարգարեն երկու գավազան է վերցնում և մեկը կոչում է «Հաճություն», մյուսը՝ «Միություն» (11։7)։ «Հաճություն» գավազանը կոտրելով՝ նա խորհրդանշական կերպով ցույց է տալիս ուխտը քանդելը։ Հետո իր վարձն է ուզում, և նրան վճարում են 30 կտոր արծաթ։ Եհովան պատվիրում է Զաքարիային դրանք գանձարանը գցել և հեգնանքով ասում է. «Բարձր է այն գինը, որով նրանք գնահատել են ինձ» (11։13)։ Այժմ մարգարեն կոտրում է «Միություն» գավազանը՝ Իսրայելի և Հուդայի եղբայրությանը վերջ տալով։ Սուրը կհարվածի կեղծ հովիվներին, որոնք անուշադրության են մատնել Եհովայի ոչխարներին։
21. ա) Ի՞նչ է լինելու Երուսաղեմի դեմ դուրս եկող ազգերին։ բ) Ո՞վ կցրվի ու կզտվի։
21 Եհովան պատերազմում է, դառնում է թագավոր (12։1–14։21)։ Մեկ այլ պատգամի մասին է հայտարարվում։ Եհովան Երուսաղեմը գավաթ է դարձնելու, որից կերերան ժողովուրդները, ու ծանր քար, որը իրեն բարձրացնողներին կվնասի։ Նա բնաջինջ կանի Երուսաղեմի դեմ դուրս եկող բոլոր ազգերին։ Դավթի տան վրա Եհովան բարեհաճության ու աղերսանքների ոգի կթափի, և ժողովուրդը կնայի նրան, որին խոցեցին, և սուգ կանի նրա վրա, «ինչպես մինուճար որդու վրա» (12։10)։ Զորքերի Տեր Եհովան հայտնում է, որ պիտի վերացնի բոլոր կուռքերին, սուտ մարգարեներին։ Սուտ մարգարեի ծնողները պիտի խոցեն նրան, այնպես որ ամոթից նա կհանի մարգարեի իր հանդերձը։ Հովիվը, որին Եհովան իր ընկերն է կոչում, պետք է հարված ստանա, և հոտի ոչխարները կցրվեն, բայց Եհովան «երրորդ մասին» կզտի, որ կանչի իր անունը։ Եհովան կասի. «Սա իմ ժողովուրդն է»։ Նրանք էլ կպատասխանեն. «Եհովան մեր Աստվածն է» (13։9)։
22. «Եհովայի օրը» ի՞նչ է լինելու ազգերին ու Երուսաղեմին։
22 «Ահա գալիս է Եհովայի օրը»։ Բոլոր ազգերը կհարձակվեն Երուսաղեմի վրա։ Քաղաքի կեսը գերի կգնա, կմնա միայն մնացորդը։ Հետո Եհովան պիտի դուրս գա ու պատերազմի այդ ազգերի դեմ, «ինչպես իր պատերազմի՝ կռվի օրը» (14։1, 3)։ Ձիթենիների լեռը, որը Երուսաղեմի արևելքում է, մեջտեղից պիտի ճեղքվի՝ արևածագից մինչև արևմուտք՝ առաջացնելով ապաստանի հովիտ։ Այդ օրը Երուսաղեմից կենդանի ջրեր կհոսեն դեպի արևելք ու դեպի արևմուտք։ Այդպես կլինի և՛ ամռանը, և՛ ձմռանը։ Եվ «Եհովան թագավոր կդառնա ամբողջ երկրի վրա» (14։9)։ Երուսաղեմը ապահով պիտի բնակվի, իսկ Եհովան պատուհաս կբերի նրա դեմ պատերազմողների վրա։ Ոտքերի վրա կանգնած ժամանակ նրանց միսը, աչքերն ու լեզուն պիտի փտեն։ Նրանք շփոթության մեջ կլինեն։ Ամեն ոք իր ձեռքը կբարձրացնի իր ընկերոջ ձեռքի դեմ։ Նրանք, ովքեր կմնան բոլոր ազգերից, «տարեցտարի կգան, որպեսզի խոնարհվեն Թագավորի՝ Զորքերի Տեր Եհովայի առաջ» (14։16)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
23. «Զաքարիա» գիրքը ինչպե՞ս է ամրացնում հավատը։
23 Բոլոր նրանք, ովքեր ուսումնասիրում են Զաքարիայի մարգարեությունն ու դրա շուրջ խորհրդածում, մեծ օգուտներ են քաղում՝ ձեռք բերելով իրենց հավատն ամրապնդող գիտելիքներ։ Ավելի քան 50 անգամ Զաքարիան ուշադրություն է հրավիրում «Զորքերի Տեր Եհովայի» վրա՝ որպես այն Անձնավորության, ով պատերազմում է իր ժողովրդի համար ու պաշտպանում նրան՝ անհրաժեշտության դեպքում զորություն տալով։ Երբ տաճարի շինարարությանը անհաղթահարելի թվացող լեռնանման հակառակություն սպառնաց, Զաքարիան հայտարարեց. «Սա Եհովայի խոսքն է Զորաբաբելին. «Ոչ թե զորքով և ոչ թե ուժով, այլ իմ ոգով»,— ասում է Զորքերի Տեր Եհովան։ Ո՞վ ես դու, ո՛վ մեծ լեռ։ Զորաբաբելի առաջ դու հարթավայր կդառնաս»։ Տաճարի շինարարությունն իր ավարտին հասցվեց Եհովայի սուրբ ոգու օգնությամբ։ Այսօր էլ խոչընդոտները կվերանան, եթե գործենք Եհովայի հանդեպ հավատով լցված։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «այստեղից այնտեղ տեղափոխվիր», և կտեղափոխվի, և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար» (Զաք. 4։6, 7; Մատթ. 17։19)։
24. Զաքարիա 13-րդ գլխում նվիրվածության ի՞նչ օրինակ է տրվում։
24 Զաքարիա 13։2–6-ում մարգարեն նկարագրում է Աստծու հանդեպ նվիրվածությունը, որը մինչ օրս բնորոշ է Եհովայի կազմակերպությանը։ Այդ նվիրվածությունը պիտի գերազանցի մարդկային ցանկացած այլ փոխհարաբերություն, անգամ հարազատների միջև եղող արյունակցական կապը։ Եթե որևէ մեկի հարազատը կեղծ մարգարեություն անի Եհովայի անունով, այսինքն՝ խոսի Թագավորության լուրին հակառակ և Աստծու ժողովրդի ժողովում փորձի վատ ազդեցություն բանեցնել, նրա ընտանիքի անդամները, նվիրվածություն հանդես բերելով, պետք է աջակցեն ժողովի կողմից կայացված ցանկացած իրավական որոշման։ Նույն դիրքը պետք է բռնել մտերիմ ընկերոջ հետ կապված, որը սուտ մարգարեություն է անում։ Այդպես պետք է վարվել, որպեսզի նա իր սխալ արարքի համար ամաչի ու սրտում ցավ զգա։
25. Զաքարիայի մարգարեությունը ինչպե՞ս է ներդաշնակ աստվածաշնչյան այլ համարներին՝ բնորոշելու համար Մեսիային՝ «Ընձյուղին», ու որպես Քահանայապետ ու Թագավոր՝ Եհովայի ենթակայության տակ եղող նրա դիրքը։
25 Ինչպես արդեն երևաց առաջին պարբերություններից, Զաքարիան ամենայն մանրամասնությամբ մարգարեացել էր, որ Հիսուսը մտնելու էր Երուսաղեմ որպես թագավոր՝ «խոնարհ և.... էշ հեծած», մատնվելու էր «երեսուն կտոր արծաթով», աշակերտները ցրվելու էին, և որ նա ցցի վրա զինվորի նիզակից խոցվելու էր (Զաք. 9։9; 11։12; 13։7; 12։10)։ Նա մարգարեացել էր «Ընձյուղ» անունով մեկի մասին, որը պետք է կառուցեր Եհովայի տաճարը։ Եսայիա 11։1–10, Երեմիա 23։5 և Ղուկաս 1։32, 33 համարների համեմատությունները ցույց են տալիս, որ այդ «Ընձյուղը» Հիսուս Քրիստոսն է, որը «հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա»։ Զաքարիան գրում է, որ «Ընձյուղը» «իր գահի վրա քահանա կդառնա», ինչը ներդաշնակ է Պողոս առաքյալի գրած այն խոսքերին, թե «Հիսուսը.... հավիտյան քահանայապետ դարձավ՝ Մելքիսեդեկի կարգի պես» և «երկնքում Մեծության գահի աջ կողմը նստեց» (Զաք. 6։12, 13; Եբր. 6։20; 8։1)։ Այսպիսով՝ մարգարեությունը «Ընձյուղ» է կոչում նրան, ով Քահանայապետ ու Թագավոր է երկնքում՝ Աստծու աջ կողմում նստած։ Միևնույն ժամանակ այն հռչակում է, որ բոլորի վրա Եհովան է Գերիշխան. «Եհովան թագավոր կդառնա ամբողջ երկրի վրա։ Այդ օրը Եհովան մեկ կլինի, և նրա անունն էլ մեկ կլինի» (Զաք. 14։9)։
26. Ո՞ր «օրվա» մասին է շարունակ խոսում Զաքարիան։
26 Այդ ժամանակի մասին խոսելիս Զաքարիան մոտավորապես 20 անգամ կրկնում է «այդ օրը» արտահայտությունը և դրանով եզրափակում իր գիրքը։ Այս արտահայտության համատեքստը քննելը ցույց է տալիս, որ դա այն օրն է, երբ Եհովան բնաջինջ կանի կուռքերի անունները և կվերացնի սուտ մարգարեներին (13։2, 4)։ Այդ օրը Եհովան կպատերազմի հակառակորդ ազգերի դեմ և խռովություն կգցի նրանց մեջ՝ բնաջինջ անելով այդ ազգերին, իսկ իր ժողովրդին կպատսպարի «իր լեռների հովտում» (14։1–5, 13; 12։8, 9)։ Այո՛, «այդ օրը նրանց Աստված Եհովան պիտի փրկի նրանց՝ իր ժողովրդին՝ իր հոտին», և նրանք իրար կկանչեն՝ նստելով որթատունկի ու թզենու տակ (Զաք. 9։16։ 3։10; Միք. 4։4)։ Դա լինելու է այն փառահեղ օրը, երբ Զորքերի Տեր Եհովան իր ժողովրդի «մոտ կբնակվի», և երբ «Երուսաղեմից կենդանի ջրեր կհոսեն»։ Զաքարիայի այս խոսքերը ցույց են տալիս, որ «այդ օրվա» դեպքերը համարվում են Թագավորության խոստումի՝ «նոր երկնքի ու նոր երկրի» նախանշանները (Զաք. 2։11; 14։8; Հայտն. 21։1–3; 22։1)։
27. Զաքարիայի մարգարեությունն ինչպե՞ս է ուշադրությունը կենտրոնացնում Եհովայի անվան սրբացման վրա։
27 «Ո՞վ է արհամարհում փոքր ձեռնարկումների օրը»,— հարցնում է Եհովան։ Տե՛ս, թե երկիրն ինչպես է ծաղկում։ «Շատ ժողովուրդներ ու հզոր ազգեր պիտի գան Երուսաղեմ, որպեսզի Զորքերի Տեր Եհովային փնտրեն.... Բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող տասը մարդ կբռնեն հրեա մարդու քղանցքը, կբռնեն ու կասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»»։ «Այդ օրը» նույնիսկ ձիերի սանձերի զարդի վրա գրված կլինի «Սրբությունը պատկանում է Եհովային»։ Այս ուրախալի մարգարեությունները քննելով՝ շատ մեծ օգուտներ կքաղենք, քանի որ դրանք ցույց են տալիս, որ Եհովայի անունը անպայման սրբացվելու է իր թագավորական Սերնդի միջոցով (Զաք. 4։10; 8։22, 23; 14։20)։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 531, 1136 (անգլ.)։
b «Հրեական հանրագիտարան», 1973, հատ. 4, սյունակ 828 (անգլ); «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 1080, 1081 (անգլ.)։