Զաքարիա
12 Ազդարարություն:
«Սա է Եհովայի խոսքը Իսրայելի մասին,–
Ասում է Եհովան, ով տարածել է երկինքը,+
Դրել է երկրի հիմքը+
Եվ շունչ* է տվել մարդուն:–
2 Երուսաղեմը գավաթ կդարձնեմ, որից խմելով՝ շրջակա բոլոր ժողովուրդները կհարբեն ու կերերան: Հուդան ու Երուսաղեմը կպաշարվեն:+ 3 Այդ օրը ես Երուսաղեմը ծանր քար կդարձնեմ բոլոր ժողովուրդների համար: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն բարձրացնել այն, անշուշտ, խիստ կվնասվեն:+ Եվ երկրի բոլոր ազգերը նրա դեմ կհավաքվեն:+ 4 Այդ օրը,– ասում է Եհովան,– ես խուճապի կմատնեմ բոլոր ձիերին և կցնորեցնեմ նրանց հեծյալներին: Աչքս Հուդայի տան վրա կպահեմ, իսկ ժողովուրդների բոլոր ձիերին կկուրացնեմ: 5 Հուդայի ցեղապետները կասեն իրենց սրտում. «Երուսաղեմի բնակիչները մեր զորությունն են, քանի որ Զորքերի տեր Եհովան է նրանց Աստվածը»:+ 6 Այդ օրը Հուդայի ցեղապետներին բոցավառ կրակաման կդարձնեմ փայտերի մեջ, այրվող ջահ՝ հնձած ցորենի խրձերում,+ և նրանք աջ ու ձախ կլափեն շրջակա բոլոր ժողովուրդներին:+ Իսկ երուսաղեմցիները կշարունակեն ապրել իրենց քաղաքում՝* Երուսաղեմում:+
7 Եհովան նախ Հուդայի վրանները կփրկի, որ Դավթի տունն ու Երուսաղեմի բնակիչները ավելի մեծ պատվի չարժանանան,* քան Հուդայի մյուս բնակիչները: 8 Այդ օրը Եհովան ամեն կողմից կպաշտպանի Երուսաղեմի բնակիչներին:+ Նրանցից ով անհաստատ է կանգնած ոտքերի վրա,* Դավթի պես զորավոր կդառնա այդ օրը, և Դավթի տունը նրանց կառաջնորդի Աստծու պես, Եհովայի հրեշտակի պես, որ գնում է ժողովրդի առջևից:+ 9 Այդ օրը ես անպատճառ բնաջինջ կանեմ Երուսաղեմի դեմ դուրս եկող բոլոր ազգերին:+
10 Դավթի տան և Երուսաղեմի բնակիչների վրա ես կթափեմ իմ ոգին. նրանք իմ բարեհաճությունը կունենան և աղաչանքներ կուղղեն ինձ:* Այդ ժամանակ նրանք իրենց աչքերը կհառեն նրան, ում խոցեցին,+ և նրա վրա կողբան, ինչպես մինուճար որդու վրա են ողբում: Դառնագին սուգ կանեն նրա համար, ինչպես առաջնեկ որդու համար: 11 Այդ օրը Երուսաղեմում մեծ ողբ կլինի, ինչպիսին որ Ադադ-Ռեմոնում էր՝ Մեգիդոյի+ հարթավայրում: 12 Երկիրը կսգա, կողբան բոլոր տոհմերը մեկ առ մեկ: Կողբա Դավթի տոհմը, տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին, Նաթանի+ տոհմը, տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին, 13 Ղևիի տոհմը,+ տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին, Սեմեիյանների+ տոհմը, տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին: 14 Կողբա նաև մյուս բոլոր տոհմերից յուրաքանչյուրը, տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին»: