Տիտոս
1 Այս նամակը գրում եմ ես՝ Պողոսս՝ Աստծու ծառան և Հիսուս Քրիստոսի առաքյալը, ով ունի նույն հավատը, ինչ Աստծու կողմից ընտրվածները, և ունի ճշգրիտ գիտելիքներ ճշմարտության մասին, որն օգնում է հասկանալ, թե ինչ է նշանակում նվիրված լինել Աստծուն: 2 Այս ամենի հիմքում հավիտենական կյանքի հույսն է,+ որը վաղուց ի վեր տվել է Աստված, ով չի կարող ստել:+ 3 Իր սահմանած ժամանակին նա իր խոսքը հայտնել է բարի լուրի քարոզչության միջոցով.+ այդ գործն է վստահվել ինձ մեր Փրկչի՝ Աստծու հրամանով: 4 Եվ հիմա գրում եմ քեզ, Տիտո՛ս, իմ հարազատ զավա՛կ ու հավատակի՛ց:
Թող Աստված՝ մեր Հայրը, և մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսը անզուգական բարություն դրսևորեն քո հանդեպ և խաղաղություն տան քեզ:
5 Ես քեզ թողել եմ Կրետեում, որ ուղղես այն, ինչ թերի է, և ամեն քաղաքում երեցներ նշանակես, ինչպես որ պատվիրեցի: 6 Երեց կարող է լինել նա,* ով անմեղադրելի վարք ունի, մեկ կնոջ ամուսին է, և որի երեխաները նույնպես հավատի մեջ են ու չեն մեղադրվում սանձարձակ վարք ունենալու և ըմբոստության մեջ:+ 7 Լինելով Աստծու գործի համար պատասխանատու մեկը՝* վերակացուն պետք է զերծ լինի մեղադրանքից, չլինի ինքնասածի,+ բարկացկոտ,+ հարբեցող, բռնություն գործադրող,* շահամոլ, 8 այլ պետք է լինի հյուրասեր,+ սիրի բարին անել, լինի ողջամիտ,*+ արդար, նվիրված,+ ինքն իրեն տիրապետող,+ 9 սովորեցնելու արվեստը գործի դնելիս կառչած լինի Աստծու վստահարժան խոսքերին,+ որ կարողանա քաջալերել* ճիշտ* ուսմունքի հիման վրա+ և դրան ընդդիմացողներին ուղղել:*+
10 Բանն այն է, որ կան շատ մարդիկ, ովքեր ըմբոստ են, անիմաստ բաներ են խոսում ու մոլորեցնում մարդկանց: Խոսքը հատկապես նրանց մասին է, ովքեր թլփատության կողմնակից են:+ 11 Հարկավոր է փակել այդպիսիների բերանը, որովհետև նրանք ամբողջ ընտանիքների հավատն են խորտակում՝ սխալ բաներ սովորեցնելով հանուն իրենց անազնիվ, շահադիտական նպատակների: 12 Կրետացիներից մեկը, ով իրենց իսկ մարգարեներից է, ասել է. «Կրետացիները միշտ սուտ են խոսում, վտանգավոր գազաններ են ու ծույլ որկրամոլներ»:
13 Եվ դա իրոք այդպես է: Դրա համար էլ շարունակիր ամենայն լրջությամբ ուղղել նրանց, որ ամուր հավատ պահպանեն 14 և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին ու մարդկանց պատվիրաններին, այն մարդկանց, որ շեղվում են ճշմարտությունից: 15 Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար,+ բայց ապականվածների ու հավատ չունեցողների համար ոչ մի բան մաքուր չէ. նրանց միտքն էլ, խիղճն էլ ապականված են:+ 16 Նրանք հրապարակորեն հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, սակայն իրենց գործերով ուրանում են նրան:+ Նրանք նողկալի են, անհնազանդ և պիտանի չեն որևէ բարի գործի համար: