Մատթեոս
16 Այնտեղ փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան Հիսուսին ու ցանկանալով փորձել՝ երկնային նշան խնդրեցին նրանից:+ 2 Նա էլ ասաց. «Երեկոյան հաճախ ասում եք՝ «Երկինքը հրակարմիր է, ուրեմն պարզ եղանակ է լինելու», 3 իսկ առավոտները ասում եք՝ «Երկինքը հրակարմիր է, բայց ամպամած է, ուրեմն այսօր ցուրտ, անձրևոտ եղանակ է լինելու»: Երկնքին նայելով՝ կարողանում եք դատողություններ անել, բայց այս ժամանակների իրադարձությունների* նշանակությունը չեք կարողանում հասկանալ: 4 Չար և անհավատարիմ* սերունդը շարունակ նշան է ուզում, սակայն Հովնանի հետ տեղի ունեցած հրաշքից բացի՝+ ուրիշ ոչ մի նշան ցույց չի տրվի նրան»:+ Եվ թողեց հեռացավ նրանց մոտից:
5 Աշակերտները ծովի մյուս ափն անցան, բայց մոռացան իրենց հետ հաց վերցնել:+ 6 Հիսուսն ասաց նրանց. «Զգո՛ն եղեք, զգուշացե՛ք փարիսեցիների ու սադուկեցիների թթխմորից»:+ 7 Եվ նրանք սկսեցին իրար մեջ քննարկել. «Երևի որ հաց չենք վերցրել մեզ հետ, դրա համար է ասում»: 8 Իմանալով դա՝ Հիսուսն ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք իրար մեջ խոսում հաց չունենալու մասին: 9 Ասածիս միտքը չե՞ք հասկացել: Չե՞ք հիշում՝ ինչպես հինգ հացով 5 000 հոգու կերակրեցի, և քանի զամբյուղ ավելցուկ հավաքվեց,+ 10 կամ ինչպես յոթ հացով 4 000 հոգու կերակրեցի, և քանի մեծ զամբյուղ ավելցուկ հավաքեցիք այդ ժամանակ:+ 11 Մի՞թե չեք հասկանում, որ հացը նկատի չունեի, այլ խոսում էի փարիսեցիների ու սադուկեցիների թթխմորից զգուշանալու մասին»:+ 12 Այդ ժամանակ նրանք վերջապես հասկացան, որ նա հացի թթխմորը նկատի չուներ, այլ խոսում էր փարիսեցիների ու սադուկեցիների ուսմունքներից զգուշանալու մասին:
13 Երբ Փիլիպպյան Կեսարիայի կողմերում էին, Հիսուսը հարցրեց իր աշակերտներին. «Ժողովուրդն ի՞նչ է ասում, ո՞վ է մարդու Որդին»:+ 14 Նրանք էլ պատասխանեցին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչն ես,+ ոմանք՝ Եղիան,+ ուրիշներն էլ ասում են՝ Երեմիան կամ մյուս մարգարեներից մեկը»: 15 Նա էլ հարցրեց նրանց. «Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք, ո՞վ եմ ես»: 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես՝+ կենդանի Աստծու Որդին»:+ 17 Հիսուսն էլ ասաց նրան. «Երջանիկ ես դու, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, քանի որ դա քեզ հայտնեց ոչ թե մեկը, ով միս ու արյուն է,* այլ իմ Հայրը, որ երկնքում է:+ 18 Ասում եմ քեզ. դու Պետրոս* ես:+ Ես այս ապառաժի+ վրա կկառուցեմ իմ ժողովը, և մահը* չի հաղթի դրան: 19 Երկնքի թագավորության բանալիները կտամ քեզ, և դու երկրի վրա կկապես այն, ինչ երկնքում արդեն կապված կլինի, և երկրի վրա կարձակես այն, ինչ երկնքում արդեն արձակված կլինի»: 20 Այնուհետև նա խստիվ պատվիրեց աշակերտներին ոչ ոքի չասել, որ ինքը Քրիստոսն է:+
21 Այդ ժամանակվանից Հիսուսը սկսեց աշակերտներին բացատրել, որ պետք է գնա Երուսաղեմ, շատ չարչարանքների ենթարկվի երեցների, ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների* կողմից, սպանվի ու երրորդ օրը հարություն առնի:+ 22 Դա լսելով՝ Պետրոսը նրան մի կողմ տարավ ու կշտամբեց. «Տե՛ր, այդպիսի բաներ մի՛ ասա:* Թող նման բան չպատահի քեզ»:+ 23 Բայց նա շրջվեց մեջքով դեպի Պետրոսը և ասաց. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛: Դու գայթակղության քար ես ինձ համար, քանի որ Աստծու պես չես մտածում, այլ մարդկանց»:+
24 Ապա Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող ուրանա իր անձը, վերցնի իր տանջանքի սյունը* և շարունակ ինձ հետևի:+ 25 Ով ուզում է փրկել իր կյանքը,* կկորցնի այն, բայց ով կորցնի իր կյանքը հանուն ինձ, կվերագտնի այն:+ 26 Ի՞նչ օգուտ, եթե մարդ ձեռք բերի ողջ աշխարհը, բայց կորցնի իր կյանքը:+ Եվ ի՞նչ կտա մարդը, որ կյանք ձեռք բերի:+ 27 Չէ՞ որ մարդու Որդին գալու է իր Հոր փառքով իր հրեշտակների հետ, և այդ ժամանակ նա յուրաքանչյուրին հատուցելու է ըստ իր գործերի:+ 28 Հավաստիացնում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն մարդու Որդուն իր թագավորական փառքի մեջ»:*+