Մարկոս
8 Այդ օրերին կրկին շատ ժողովուրդ հավաքվեց Հիսուսի մոտ: Նրանք ուտելու ոչինչ չունեին, ուստի Հիսուսը կանչեց իր աշակերտներին ու ասաց. 2 «Այս մարդիկ մեղք են.+ արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու բան չունեն:+ 3 Եթե նրանց թողնեմ, որ սոված գնան իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն: Նրանցից ոմանք հեռվից են եկել»: 4 Աշակերտները պատասխանեցին. «Այս ամայի վայրում մարդ որտեղի՞ց կարող է այդքան հաց գտնել, որ այս ժողովուրդն ուտի ու կշտանա»: 5 Հիսուսը հարցրեց. «Քանի՞ հաց ունեք»: Նրանք պատասխանեցին. «Յոթ»:+ 6 Ապա Հիսուսը ժողովրդին պատվիրեց, որ նստեն գետնին, վերցրեց յոթ հացը, շնորհակալություն հայտնեց Աստծուն, հացերը մասերի բաժանեց ու տվեց աշակերտներին, որ բաշխեն նստածներին: Աշակերտները դրանք փոխանցեցին ժողովրդին:+ 7 Նրանք մի քանի փոքր ձկներ էլ ունեին: Հիսուսը դրանց համար էլ շնորհակալություն հայտնեց Աստծուն և ասաց, որ բաժանեն մարդկանց: 8 Ժողովուրդը կերավ կշտացավ: Հետո հավաքեցին ավելացած կտորները, և յոթ մեծ զամբյուղ լցվեց:+ 9 Ընդ որում՝ այնտեղ մոտ 4 000 տղամարդ կար: Այնուհետև Հիսուսը ճանապարհեց ժողովրդին:
10 Դրանից անմիջապես հետո նա աշակերտների հետ նավակ նստեց ու գնաց Դալմանութայի կողմերը:+ 11 Ապա փարիսեցիները եկան ու սկսեցին վիճաբանել նրա հետ և փորձելու համար ուզում էին, որ երկնային նշան ցույց տա:+ 12 Հիսուսն էլ խորը հառաչեց ու ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում:+ Հաստատ ասում եմ. այս սերնդին ոչ մի նշան էլ ցույց չի տրվի»:+ 13 Եվ թողեց հեռացավ նրանց մոտից ու նորից մտնելով նավակը՝ դիմացի ափը գնաց:
14 Սակայն աշակերտները մոռացան իրենց հետ հաց վերցնել և նավակում, բացի մեկ հացից, ուտելու ուրիշ բան չունեին:+ 15 Հիսուսը ուղիղ զգուշացում տվեց նրանց. «Զգո՛ն եղեք, զգուշացե՛ք փարիսեցիների ու Հերովդեսի թթխմորից»:+ 16 Եվ աշակերտների միջև թեժ քննարկում սկսվեց հաց չունենալու հետ կապված: 17 Նկատելով դա՝ Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք այդպես բուռն քննարկում հաց չունենալու հարցը: Ձեզ համար դեռ հստակ չէ՞, թե ինչ եմ ուզում ասել, դեռ չե՞ք հասկանում: Մի՞թե ձեր միտքը դեռ չի ընկալում, 18 «աչքեր ունենալով հանդերձ՝ չե՞ք տեսնում, ականջներ ունենալով հանդերձ՝ չե՞ք լսում»: Մի՞թե չեք հիշում. 19 երբ 5 000 տղամարդու համար այն հինգ հացերը+ մասերի բաժանեցի, ավելացած կտորներով քանի՞ զամբյուղ լցվեց»: Նրանք պատասխանեցին. «Տասներկու»:+ 20 «Իսկ երբ այն 4 000 տղամարդու համար յոթ հացերը մասերի բաժանեցի, ավելացած կտորներով քանի՞ մեծ զամբյուղ լցվեց»: Նրանք պատասխանեցին. «Յոթ»:+ 21 Հիսուսն էլ ասաց. «Եվ այսքանից հետո դեռ չե՞ք հասկանում»:
22 Նրանք ափ իջան Բեթսայիդայում: Հիսուսի մոտ մի կույր մարդու բերեցին և աղաչեցին, որ դիպչի նրան:+ 23 Նա բռնեց կույր մարդու ձեռքից և գյուղից դուրս տարավ: Ապա իր թուքը քսեց նրա աչքերին,+ ձեռքերը դրեց վրան ու հարցրեց. «Ինչ-որ բան տեսնո՞ւմ ես»: 24 Մարդը, իր դիմացը նայելով, ասաց. «Կարծես թե մարդկանց եմ տեսնում, որովհետև տեսածներս ասես ծառեր լինեն, բայց քայլում են»: 25 Հիսուսը կրկին ձեռքերը դրեց այդ մարդու աչքերին, և նա սկսեց պարզ տեսնել: Նրա տեսողությունը վերականգնվեց, և նա արդեն ամեն ինչ հստակ էր տեսնում: 26 Հիսուսը նրան տուն ճանապարհեց՝ ասելով. «Բայց այս գյուղ չմտնես»:
27 Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը: Ճանապարհին աշակերտներին հարցրեց. «Մարդիկ ի՞նչ են ասում, ո՞վ եմ ես»:+ 28 Նրանք պատասխանեցին. «Ասում են՝ Հովհաննես Մկրտիչն ես,+ ոմանք էլ ասում են՝ Եղիան,+ ուրիշներն էլ՝ մարգարեներից մեկը»: 29 Հիսուսը հարցրեց. «Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք, ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես»:+ 30 Ապա Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ ոչ ոքի չասեն, թե ով է ինքը:+ 31 Նաև սկսեց բացատրել,* որ մարդու Որդին պետք է շատ չարչարանքներ կրի, մերժվի երեցների, ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների* կողմից, սպանվի+ ու երրորդ օրը* հարություն առնի:+ 32 Նա բացահայտ խոսում էր այդ ամենի մասին: Ուստի Պետրոսը նրան մի կողմ տարավ ու կշտամբեց:+ 33 Նա էլ շրջվեց և հայացքն ուղղելով իր աշակերտներին՝ խիստ տոնով ասաց Պետրոսին. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛: Դու Աստծու պես չես մտածում, այլ մարդկանց»:+
34 Հետո Հիսուսն իր մոտ կանչեց ժողովրդին ու իր աշակերտներին և ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող ուրանա իր անձը, վերցնի իր տանջանքի սյունը* և շարունակ ինձ հետևի:+ 35 Ով ուզում է փրկել իր կյանքը,* կկորցնի այն, բայց ով կորցնի իր կյանքը հանուն ինձ և հանուն բարի լուրի, կվերագտնի այն:+ 36 Ի՞նչ օգուտ, որ մարդ ձեռք բերի ողջ աշխարհը, բայց կորցնի իր կյանքը:+ 37 Եվ ի՞նչ կտա մարդը, որ կյանք ձեռք բերի:+ 38 Ով որ այս անհավատարիմ* ու մեղավոր սերնդի մեջ ամաչի ասել, որ իմ աշակերտն է և հավատում է իմ խոսքերին, մարդու Որդին էլ կամաչի ասել, որ նա իր աշակերտն է,+ երբ գա իր Հոր փառքով իր սուրբ հրեշտակների հետ»:+