Ծննդոց
22 Դրանից հետո ճշմարիտ Աստված ստուգեց Աբրահամին:+ Նա ասաց. «Աբրահա՛մ»: Աբրահամն էլ պատասխանեց. «Այո՛, Տե՛ր»: 2 Աստված ասաց. «Վերցրու, խնդրեմ, քո որդուն՝ քո մինուճար որդուն՝ Իսահակին,+ որին այդքան սիրում ես,+ գնա Մորիա+ երկիր ու նրան մատուցիր որպես ողջակեզ այն լեռներից մեկի վրա, որ քեզ ցույց կտամ»:
3 Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ ու թամբեց էշը: Նա իր հետ վերցրեց իր ծառաներից երկուսին և իր որդի Իսահակին: Ողջակեզի համար փայտ կոտրեց, իսկ հետո ճանապարհ ընկավ դեպի ճշմարիտ Աստծու ասած վայրը: 4 Երրորդ օրը Աբրահամը, վեր նայելով, հեռվում տեսավ այդ վայրը: 5 Նա իր ծառաներին ասաց. «Դուք այստեղ էշի մոտ մնացեք, իսկ ես ու տղան գնանք այնտեղ, երկրպագություն անենք ու վերադառնանք»:
6 Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտը, դրեց իր որդի Իսահակի ուսին, իսկ ինքը վերցրեց կրակն* ու դանակը, և երկուսով շարունակեցին ճանապարհը: 7 Հետո Իսահակը իր հորը՝ Աբրահամին, ասաց. «Հա՛յր իմ»: «Լսում եմ, որդի՛ս»,– պատասխանեց Աբրահամը: Իսահակը շարունակեց. «Կրակ ու փայտ ունենք, բայց ո՞ւր է ողջակեզի ոչխարը»: 8 Աբրահամը պատասխանեց. «Աստված ինքը ոչխար կտա ողջակեզի համար,+ որդի՛ս»: Եվ երկուսով շարունակեցին ճանապարհը:
9 Վերջապես նրանք հասան այն տեղը, որ ճշմարիտ Աստված ցույց էր տվել Աբրահամին: Աբրահամը մի զոհասեղան շինեց այնտեղ և փայտերը շարեց դրա վրա: Ապա կապեց իր որդի Իսահակի ձեռքերն ու ոտքերը և պառկեցրեց զոհասեղանին՝ փայտերի վրա:+ 10 Հետո վերցրեց դանակը, որ սպանի իր որդուն,+ 11 բայց Եհովայի հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Նա պատասխանեց. «Այո՛, լսում եմ»: 12 Հրեշտակն* ասաց. «Մի՛ վնասիր տղային, նրան ոչինչ մի՛ արա. հիմա գիտեմ, որ աստվածավախ* ես, քանի որ չհրաժարվեցիր ինձ համար զոհել քո մինուճար որդուն»:+ 13 Այդ ժամանակ Աբրահամը վեր նայեց ու քիչ այն կողմ մի արու ոչխար տեսավ, որը եղջյուրներով խճճվել էր մացառների մեջ: Նա գնաց բերեց ոչխարը և իր որդու փոխարեն այն մատուցեց որպես ողջակեզ: 14 Աբրահամն այդ վայրը կոչեց Եհովա-Յիրե:* Ահա թե ինչու մինչ օրս ժողովրդի մեջ այսպիսի խոսք կա. «Իր լեռան+ վրա Եհովան կտա, ինչ անհրաժեշտ է»:
15 Եհովայի հրեշտակը երկնքից կրկին ձայն տվեց Աբրահամին՝ 16 ասելով. «Երդվում եմ ինձանով,– ասում է Եհովան:+– Քանի որ արեցիր իմ ասածը և չխնայեցիր քո որդուն՝ քո մինուճարին,+ 17 քեզ անշուշտ կօրհնեմ և քո սերունդը երկնքի աստղերի ու ծովափի ավազահատիկների չափ կշատացնեմ:+ Քո սերունդը կտիրի իր թշնամիների քաղաքներին:*+ 18 Եվ քո սերնդի+ միջոցով երկրի բոլոր ազգերը կօրհնվեն,* քանի որ հնազանդվեցիր ինձ»:+
19 Այնուհետև Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և նրանք միասին հետ գնացին Բերսաբեե:+ Աբրահամը շարունակեց այնտեղ ապրել:
20 Որոշ ժամանակ անց Աբրահամին տեղեկացրին. «Մելքան քո եղբայր Նաքորի+ համար որդիներ է ծնել: 21 Առաջնեկը Հուսն է, նրա եղբայրներն են Բուզը, Կամուելը (Արամի հայրը), 22 Քազադը, Ազավը, Փալդասը, Հետլափն ու Բաթուելը»:+ 23 Հետագայում Բաթուելը ունեցավ Ռեբեկային:+ Ահա այս ութ որդիներին էր, որ լույս աշխարհ բերեց Մելքան՝ Աբրահամի եղբայր Նաքորի կինը: 24 Նաքորի հարճը,* որի անունը Ռեումա էր, նույնպես որդիներ ունեցավ. նրանք էին Տեբաքը, Գաամը, Թաքասն ու Մաաքան: