Ղուկաս
13 Այդ ժամանակ այդտեղ ներկա որոշ մարդիկ Հիսուսին տեղեկացրին, որ Պիղատոսը սպանել է զոհ մատուցող գալիլեացիների՝ նրանց արյունը խառնելով զոհերի արյանը: 2 Հիսուսն ասաց. «Կարծում եք՝ այդ գալիլեացիները մյուս գալիլեացիներից մեղավո՞ր էին, որ նման բան պատահեց նրանց: 3 Իհա՛րկե ոչ: Ասում եմ ձեզ. եթե չզղջաք, բոլորդ էլ կկործանվեք:+ 4 Կամ, օրինակ, այն 18 հոգին, որ մահացան, երբ Սիլովամի մոտի աշտարակը փուլ եկավ նրանց վրա, կարծում եք՝ նրանք Երուսաղեմի մյուս բոլոր բնակիչներից ավելի՞ մեղավոր էին: 5 Իհա՛րկե ոչ: Ասում եմ ձեզ. եթե չզղջաք, դուք էլ կկործանվեք»:
6 Հետո Հիսուսը պատմեց այս առակը. «Մի մարդ իր խաղողի այգում տնկված թզենի ուներ: Նա եկավ, որ տեսնի՝ վրան պտուղ կա, թե ոչ, բայց ոչինչ չգտավ:+ 7 Ուստի այգեգործին* ասաց. «Արդեն երեք տարի է՝ գալիս եմ, որ պտուղ գտնեմ այս թզենու վրա, բայց ոչինչ չեմ գտնում: Կտրի՛ր այն: Ինչո՞ւ իզուր տեղ զբաղեցնի»: 8 Այգեգործն ասաց. «Տե՛ր, թող այս տարի էլ մնա. ես դրա շուրջը կփորեմ ու գոմաղբ կլցնեմ: 9 Եթե դրանից հետո պտուղ տվեց, լա՛վ, եթե ոչ, կկտրես»»:+
10 Մի Շաբաթ օր Հիսուսը ուսուցանում էր ժողովարաններից մեկում: 11 Այնտեղ մի կին կար, ով չար ոգու ազդեցության պատճառով 18 տարի հիվանդ էր. նրա մեջքը կորացած էր, ու նա չէր կարողանում ուղիղ կանգնել: 12 Երբ Հիսուսը տեսավ այդ կնոջը, ասաց նրան. «Ո՛վ կին, քո հիվանդությունը բուժված է»:+ 13 Ապա իր ձեռքերը կնոջ վրա դրեց, և նա անմիջապես ուղղվեց ու սկսեց փառաբանել Աստծուն: 14 Բայց ժողովարանի պետը վրդովվեց, որ Հիսուսը Շաբաթ օրով բուժեց, ուստի ժողովրդին ասաց. «Գործ անելու համար վեց օր կա,+ այդ օրերի՛ն եկեք բուժվելու, ոչ թե Շաբաթ օրը»:+ 15 Սակայն Տերն ասաց. «Կեղծավորնե՛ր,+ բոլորդ էլ Շաբաթ օրը ձեր ցլին կամ էշին չե՞ք արձակում ու տանում ջուր խմեցնելու:+ 16 Հապա այս կինը՝ Աբրահամի դուստրը, որ 18 տարի տառապել է Սատանայի կապանքների մեջ, չպե՞տք է ազատ արձակվեր այդ կապանքներից անգամ Շաբաթ օրը»: 17 Հակառակվող բոլոր մարդիկ ամաչեցին Հիսուսի այդ խոսքերից: Իսկ ողջ ժողովուրդը ուրախանում էր նրա արած զարմանահրաշ գործերով:+
18 Հիսուսը շարունակեց ուսուցանել. «Ինչի՞ է նման Աստծու թագավորությունը, ինչի՞ հետ կարելի է համեմատել: 19 Թագավորությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ ցանում է իր այգում: Այն աճելով ծառ է դառնում, և երկնքի թռչունները բույն են դնում դրա ճյուղերի մեջ»:+
20 Ապա կրկին ասաց. «Է՞լ ինչի հետ համեմատեմ Աստծու թագավորությունը: 21 Այն նման է թթխմորի, որը մի կին խառնում է երեք գրիվ* ալյուրի հետ, և այդպես ամբողջ զանգվածը խմորվում է»:+
22 Երուսաղեմ գնալու ճանապարհին Հիսուսն անցնում էր քաղաքներով ու գյուղերով և ուսուցանում էր մարդկանց: 23 Մի մարդ հարց տվեց նրան. «Տե՛ր, ճի՞շտ է, որ փրկվողները քիչ են լինելու»: Հիսուսը պատասխանեց. 24 «Ամեն ջանք գործադրեք, որ նեղ դռնով մտնեք,+ որովհետև, ասում եմ ձեզ, հետո շատերը կուզեն մտնել, բայց չեն կարողանա: 25 Երբ տանտերն արդեն դուռը փակած լինի, դուք, դրսում կանգնած, կթակեք դուռն ու կասեք. «Տե՛ր, բա՛ց արա»:+ Բայց նա կպատասխանի. «Չգիտեմ՝ դուք ովքեր եք»: 26 Դուք կասեք. «Մենք իրար հետ սեղան ենք նստել, և դու ուսուցանել ես մեր քաղաքի գլխավոր փողոցներում»:+ 27 Բայց նա կասի ձեզ. «Չգիտեմ՝ ովքեր եք: Հեռացե՛ք ինձնից, վատ գործեր անողնե՛ր»: 28 Դուք լաց կլինեք և կկրճտացնեք ձեր ատամները, երբ տեսնեք, որ Աբրահամը, Իսահակը, Հակոբն ու բոլոր մարգարեները Աստծու թագավորության մեջ են, իսկ դուք դուրս եք մնացել:+ 29 Դեռ ավելին՝ արևելքից ու արևմուտքից, հյուսիսից ու հարավից մարդիկ կգան և սեղան կնստեն Աստծու թագավորության մեջ: 30 Այսպիսով՝ վերջիններից ոմանք առաջիններ կլինեն, իսկ առաջիններից ոմանք՝ վերջիններ»:+
31 Այդ պահին մի քանի փարիսեցիներ եկան ու ասացին Հիսուսին. «Հեռացիր այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է սպանել քեզ»: 32 Նա էլ ասաց նրանց. «Գնացեք ու ասեք այդ աղվեսին. «Ես շարունակելու եմ դևեր հանել ու բուժումներ անել այսօր էլ, վաղն էլ, իսկ երրորդ օրը անելիքս ավարտին կհասցնեմ»: 33 Ինչ էլ լինի, այսօր վաղը և մյուս օրը կշարունակեմ գործս, որովհետև չլսված բան է, որ որևէ մարգարե Երուսաղեմից դուրս այլ տեղ սպանվի:+ 34 Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանո՛ղ, քեզ մոտ ուղարկվածներին քարկոծո՛ղ...+ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել զավակներիդ, ինչպես հավն է ճտերին հավաքում իր թևերի տակ: Բայց դուք, Երուսաղեմի՛ ժողովուրդ, չուզեցիք:+ 35 Ահա ձեր տունը* Աստծու կողմից լքված կլինի:+ Ասում եմ ձեզ. ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք. «Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի* անունով»»:+