Գործեր
24 Հինգ օր հետո Անանիա քահանայապետը+ մի քանի երեցների ու Տերտուլոս անունով մի հռետորի* հետ եկավ կառավարչի մոտ, և նրանք առաջադրեցին Պողոսի դեմ իրենց մեղադրանքները:+ 2 Երբ Տերտուլոսին կանչեցին, նա Ֆելիքսի առաջ սկսեց ներկայացնել իր մեղադրանքը՝ ասելով.
«Մենք քեզ ենք պարտական այն մեծ խաղաղության համար, որ վայելում ենք, ու քո իմաստուն կառավարման* շնորհիվ է, որ բարեփոխումներ են արվում հօգուտ այս ազգի: 3 Ամեն ժամանակ և ամենուրեք մենք մեծագույն երախտագիտությամբ ընդունում ենք այդ փաստը, ո՛վ պատվարժան Ֆելիքս: 4 Բայց որպեսզի քեզանից շատ ժամանակ չխլեմ, խնդրում եմ, որ քեզ բնորոշ բարությամբ լսես այն, ինչ համառոտ կասենք: 5 Ուզում ենք տեղեկացնել, որ այս մարդը պատուհաս* է+ ու ողջ աշխարհում բոլոր հրեաների մեջ խռովություն է հրահրում+ և նազարեթցիների աղանդի պարագլուխն է:+ 6 Նա նաև փորձում էր պղծել տաճարը, ուստի մենք նրան բռնեցինք:+ 7 ....* 8 Երբ նրան հարցաքննես, կհամոզվես, որ մեր ներկայացրած մեղադրանքները հիմնավոր են»:
9 Հրեաները նույնպես սկսեցին մեղադրել Պողոսին՝ հաստատելով, որ այն, ինչ ասվեց, ճիշտ է: 10 Երբ կառավարիչը գլխով արեց Պողոսին, որ խոսի, նա ասաց.
«Ես գիտեմ, որ երկար տարիներ է, ինչ դու այս ազգի դատավորն ես, ուստի ես պատրաստակամորեն կխոսեմ ի պաշտպանություն ինձ:+ 11 Դու ինքդ կարող ես պարզել, որ ընդամենը 12 օր առաջ եմ գնացել Երուսաղեմ՝+ երկրպագություն մատուցելու: 12 Եվ չկա մեկը, որ ինձ տեսած լինի տաճարում որևէ մեկի հետ վիճաբանելիս, ոչ էլ ժողովարաններում կամ քաղաքում խռովություն հրահրելիս: 13 Եվ չեն էլ կարող քեզ ապացուցել այն ամենը, ինչում այս պահին ինձ մեղադրում են: 14 Բայց ես ընդունում եմ, որ այն, ինչ նրանք աղանդավորական են համարում, իմ սուրբ ծառայությունն է, որ մատուցում եմ իմ նախահայրերի Աստծուն,+ քանի որ հավատում եմ այն ամենին, ինչ գրված է Օրենքում և մարգարեների գրվածքներում:+ 15 Ես ունեմ նույն հույսը, ինչ այս մարդիկ, հույս, որ Աստված հարություն է տալու+ թե՛ արդարներին և թե՛ անարդարներին:+ 16 Ուստի միշտ ձգտում եմ խիղճս մաքուր պահել Աստծու և մարդկանց առաջ:+ 17 Եվ ահա երկար տարիներ անց ես վերադարձա Երուսաղեմ, որ իմ ազգին նվիրաբերություններ տանեմ+ և Աստծուն զոհեր մատուցեմ: 18 Հենց այս հարցերով էի զբաղված, երբ նրանք տեսան ինձ տաճարում,+ և այդ ժամանակ ես արդեն ծիսականորեն մաքրված էի: Ո՛չ ամբոխ էի հավաքել շուրջս, ո՛չ էլ խռովություն էի հրահրել: Ասիայից որոշ հրեաներ կային այնտեղ, 19 և իրականում նրա՛նք պետք է ներկայանային քո առաջ ու մեղադրեին ինձ, եթե իհարկե իմ դեմ որևէ բան ունենային:+ 20 Կամ թող այստեղ լինողներն ասեն, թե ինչում են ինձ մեղավոր համարել, երբ ես կանգնած էի Սինեդրիոնի առաջ: 21 Ինձ կարող են մեղադրել միայն այն բանում, որ այնտեղ կանգնած բացականչեցի. «Ինձ դատում են մահացածների հարությանը հավատալու համար»»:+
22 Սակայն Ֆելիքսը, որը լավ տեղեկացված էր Ճանապարհի* մասին,+ հետաձգեց գործի քննությունը՝ ասելով. «Վճիռ կկայացնեմ այն ժամանակ, երբ Լիսիաս զորապետը գա այստեղ»: 23 Նա կարգադրեց հարյուրապետին, որ Պողոսին ձերբակալի, բայց որոշ չափով ազատություն տա՝ թույլ տալով նաև, որ նրա ընկերները հոգ տանեն նրա համար:
24 Մի քանի օր անց Ֆելիքսը իր հրեուհի կնոջ՝ Դրուսիլայի հետ եկավ ու կանչել տվեց Պողոսին, որպեսզի նա խոսի Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատ դրսևորելու մասին:+ 25 Բայց երբ Պողոսը խոսեց արդարության, ինքնատիրապետման ու գալիք Դատաստանի մասին,+ Ֆելիքսը վախեցավ ու ասաց. «Առայժմ գնա, հետո՝ հարմար առիթի դեպքում, նորից կկանչեմ քեզ»: 26 Միևնույն ժամանակ նա հույս ուներ, որ Պողոսը իրեն փող կտա, այդ պատճառով ավելի հաճախակի էր կանչում նրան և զրուցում նրա հետ: 27 Երկու տարի անց Ֆելիքսին հաջորդեց Պորկիոս Ֆեստոսը: Ֆելիքսը, սակայն, ցանկանալով հաճեցնել հրեաներին,+ Պողոսին ազատ չէր արձակել: