1 Պետրոս
3 Այդպես էլ դուք, կանա՛յք, հպատակվեք ձեր ամուսիններին,+ որպեսզի նրանցից ոմանք, եթե չեն հնազանդվում Աստծու խոսքին, առանց խոսքի շահվեն ձեր վարքով՝+ 2 տեսնելով ձեր պարկեշտությունն+ ու խոր հարգանքը: 3 Ձեր զարդարանքը թող լինի ոչ թե արտաքուստ՝ մազերի հյուսերը, ոսկյա զարդերը+ կամ շքեղ հագուստները, 4 այլ ներքուստ՝ այն, ինչ սրտում է՝ հանդարտ ու մեղմ ոգու անթառամ գեղեցկությունը,+ որը մեծ արժեք ունի Աստծու աչքում: 5 Հենց այսպես էին իրենց զարդարում այն սուրբ կանայք, ովքեր իրենց հույսը Աստծու վրա էին դրել. նրանք հպատակվում էին իրենց ամուսիններին, 6 ինչպես որ Սառան հնազանդվում էր Աբրահամին և նրան տեր կոչում:+ Դուք Սառայի դուստրերը կլինեք, եթե շարունակեք բարին գործել և տեղի չտաք վախին:+
7 Նմանապես դուք, ամուսիննե՛ր, հասկացողությամբ վարվեք ձեր կանանց հետ* և նրանց պատիվ տվեք՝+ վերաբերվելով որպես ավելի փխրուն անոթի, քանի որ ձեզ պես՝ նրանք էլ են կյանքի պարգևի ժառանգներ:+ Այդ դեպքում ձեր աղոթքների առաջ արգելք չի լինի:
8 Եվ ի վերջո բոլորդ մեկ մտքի եղեք,+ ցավակից, խորապես կարեկցող,+ խոնարհ և սիրեք իրար ինչպես եղբայրների:+ 9 Չարի դիմաց չարով մի՛ հատուցեք,+ ոչ էլ վիրավորանքի դիմաց՝ վիրավորանքով,+ այլ հակառակը՝ օրհնեք,+ որովհետև դրա համար եք կանչվել, և դուք օրհնություն կժառանգեք:
10 Քանի որ գրված է. «Ով ուզում է վայելել կյանքը և լավ օրեր տեսնել, թող իր լեզուն հետ պահի չար խոսքերից+ և շուրթերը՝ սուտ խոսելուց 11 և թող հեռանա չար բաներից+ ու բարին անի,+ թող խաղաղության ձգտի ու ջանադրաբար այն պահպանի,+ 12 որովհետև Եհովայի* աչքերն ուղղված են արդարներին, և նրա ականջները լսում են նրանց աղաչանքները:+ Բայց չարագործներին Եհովան մերժում է»:*+
13 Եվ իրոք, ո՞վ կվնասի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու հարցում:+ 14 Բայց եթե հանուն արդարության՝ չարչարվում էլ եք, երջանիկ եք:+ Սակայն մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում,* և ոչ էլ անհանգստացեք:+ 15 Այլ ձեր սրտերում ընդունեք, որ Քրիստոսը Տեր է, և որ նա սուրբ է: Միշտ պատրաստ եղեք ի պաշտպանություն ձեր հույսի խոսելու յուրաքանչյուր մարդու առաջ, ով կպահանջի բացատրել, թե ինչի վրա է այն հիմնված: Սակայն դա արեք մեղմությամբ+ ու խոր հարգանքով:+
16 Ձեր խիղճը մաքուր պահեք,+ որպեսզի ինչի համար էլ որ մարդիկ ձեզ մեղադրեն, ամոթով մնան՝+ տեսնելով Քրիստոսի հետևորդներին վայել ձեր լավ վարքը,+ 17 քանի որ ավելի լավ է բարիք գործելու համա՛ր տառապանք կրել,+ եթե դա Աստված է թույլ տալիս, քան՝ չարիք գործելու:+ 18 Քրիստոսն էլ մեկընդմիշտ մահացավ մեղքերի քավության համար՝+ արդարը՝ անարդարների համար,+ որպեսզի ձեզ առաջնորդի դեպի Աստված:+ Նա սպանվեց որպես մարդ,+ բայց կյանքի բերվեց որպես ոգի:+ 19 Հետո գնաց ու քարոզեց բանտում գտնվող ոգիներին,+ 20 որոնք Նոյի օրերում անհնազանդ էին եղել: Այդ ժամանակ Աստված համբերությամբ սպասում էր,+ մինչ կառուցվում էր տապանը,+ որում մի քանի մարդ՝ ութ հոգի, ապահով անցավ ջրերով:+
21 Այն, ինչ եղավ այդ օրերում, համապատասխանում է մկրտությանը (այն մարմնի կեղտը հեռացնելը չէ, այլ մաքուր խիղճ ունենալու համար Աստծուն ուղղված խնդրանք է),+ որը հիմա էլ ձեզ է փրկում Հիսուս Քրիստոսի հարության միջոցով: 22 Նա գնաց երկինք ու հիմա Աստծու աջ կողմում է,+ և հրեշտակները, իշխանություններն ու զորությունները նրան հպատակեցվեցին:+