Փիլիպպեցիներ
4 Եղբայրնե՛րս, դուք իմ ուրախությունն ու պսակն* եք:+ Ես ձեզ սիրում եմ ու շատ եմ կարոտում: Սիրելինե՛ր, իմ տված հորդորի համաձայն վարվեք+ և շարունակեք հավատարիմ մնալ Տիրոջը:*
2 Եվոդիային ու Սյունտիքին հորդորում եմ, որ միաբան* լինեն՝ ծառայելով Տիրոջը:+ 3 Իմ հավատարի՛մ համագործակից,* քեզ էլ խնդրում եմ, որ շարունակես օգնել այս կանանց, որոնք Կղեմեսի և իմ մյուս համագործակիցների հետ միասին կողք կողքի տքնաջան աշխատել են* ինձ հետ բարի լուրի տարածման գործում: Նրանց բոլորի անունները գրված են կյանքի գրքում:+
4 Միշտ ուրախ եղեք՝ ծառայելով Տիրոջը:* Նորից եմ ասում՝ ուրախ եղեք:+ 5 Թող ձեր խոհեմությունը*+ ակնհայտ լինի բոլորին: Հիշեք, որ Տերը մոտ է: 6 Ոչ մի բանի համար մի՛ մտահոգվեք,+ այլ ամեն ինչի մասին աղոթեք Աստծուն. օգնություն աղերսեք, միշտ շնորհակալական խոսքեր ասեք ու ձեր խնդրանքները հայտնեք նրան,+ 7 և Աստված ձեզ այնպիսի խաղաղություն+ կտա, որը վեր է մարդկային ամեն հասկացողությունից: Այն կպահպանի ձեր սիրտն+ ու միտքը Քրիստոս Հիսուսի միջոցով:
8 Այսպիսով, եղբայրնե՛ր, շարունակ մտածեք այն մասին, ինչը որ ճիշտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ ներդաշնակ է Աստծու արդար չափանիշներին,* ինչը որ մաքուր է, ինչը որ մղում է սիրելու, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ վեհ է, և ինչը որ գովելի է:+ 9 Կիրառեք այն ամենը, ինչ իմացաք ու ընդունեցիք ինձնից և ինչ տեսաք իմ մեջ ու լսեցիք:+ Այդ դեպքում խաղաղություն տվող* Աստվածը ձեզ հետ կլինի:
10 Ես շատ ուրախ եմ և շնորհակալ եմ Տիրոջը, որ դուք կրկին ցույց տվեցիք իմ հանդեպ ձեր հոգատարությունը:+ Գիտեմ, որ միշտ էլ մտահոգվել եք իմ մասին, բայց հնարավորություն չեք ունեցել դա ցույց տալու: 11 Ես սա չեմ ասում այն պատճառով, որ կարիքի մեջ եմ, քանի որ ինչպիսի հանգամանքներում էլ որ լինեմ, սովորել եմ գոհ լինել:*+ 12 Ես գիտեմ, թե ինչ է կարիքի մեջ լինելը,+ և ինչ է բարեկեցիկ կյանքով ապրելը: Եվ սովորել եմ գաղտնիքը, այն է՝ գոհ լինել ամեն ինչում և ցանկացած հանգամանքում՝ կուշտ, թե քաղցած, լիության մեջ, թե կարիքի մեջ: 13 Ինձ զորացնողի շնորհիվ ես ի զորու եմ անելու ամեն ինչ:+
14 Այնուամենայնիվ, դուք լավ վարվեցիք, որ օգնեցիք ինձ իմ նեղության մեջ: 15 Դեռ ավելին, փիլիպպեցի՛ եղբայրներ, դուք էլ գիտեք, որ երբ առաջին անգամ լսեցիք բարի լուրը, և դրանից հետո ես հեռացա Մակեդոնիայից, ինձնից օգնություն ստացած ուրիշ ոչ մի ժողով չաջակցեց ինձ՝* բացի ձեզնից:+ 16 Երբ Թեսաղոնիկեում էի, դուք երկու անգամ օգնություն ուղարկեցիք իմ կարիքները հոգալու համար: 17 Հարցն այն չէ, թե ես նվեր եմ ակնկալում, պարզապես ուզում եմ, որ բարի գործեր անեք, որպեսզի գանձեր ավելացնեք ձեր հաշվին:* 18 Իսկ ես ունեմ ինձ անհրաժեշտ ամեն բան և նույնիսկ ավելին: Հիմա, երբ Եպաֆրոդիտոսից+ ստացել եմ ձեր ուղարկածը, ես ամեն ինչով ապահովված եմ: Ձեր նվերը անուշաբույր զոհ է,+ որը հաճելի և ընդունելի է Աստծուն: 19 Անսպառ գանձերի տեր իմ Աստվածն էլ իր հերթին լիովին կհոգա ձեր կարիքները+ Քրիստոս Հիսուսի միջոցով: 20 Փա՜ռք մեր Աստծուն և Հորը հավիտյանս հավիտենից: Ամեն:
21 Իմ կողմից ողջունեք Քրիստոս Հիսուսի բոլոր աշակերտներին՝ սուրբ ծառաներին: Ինձ մոտ գտնվող եղբայրները նույնպես բարևում են ձեզ: 22 Ձեզ ողջունում են բոլոր սրբերը,* հատկապես նրանք, որ կայսրի արքունիքից են:+
23 Թող Տեր Հիսուս Քրիստոսը անզուգական բարություն դրսևորի ձեր հանդեպ ձեր ցուցաբերած ոգու համար: