Ղուկաս
2 Այն օրերին Օգոստոս կայսրը հրամանագիր արձակեց, որ ողջ կայսրությունում* բնակչության հաշվառում իրականացվի: 2 (Սա Կյուրենիոսի՝ Ասորիքի կառավարիչ լինելու ընթացքում իրականացված առաջին հաշվառումն էր): 3 Եվ ամեն մարդ գնաց իր քաղաք՝ հաշվառվելու: 4 Հովսեփն+ էլ Գալիլեայի Նազարեթ քաղաքից գնաց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաք՝+ Դավթի հայրենի քաղաքը, քանի որ նա Դավթի տոհմից էր: 5 Հովսեփը հաշվառման գնաց Մարիամի հետ, որն այդ ժամանակ արդեն իր կինն էր+ և շուտով ծննդաբերելու էր:+ 6 Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերության ժամանակը եկավ, 7 և նա լույս աշխարհ բերեց իր առաջնեկ որդուն:+ Նա երեխային բարուրեց ու մսուրի մեջ դրեց,+ քանի որ իջևանատանը մնալու տեղ չկար:
8 Այդ նույն ժամանակ դաշտերում մնացող հովիվներ կային այդ տեղանքում, որոնք գիշերները հսկում էին իրենց հոտերը: 9 Հանկարծ Եհովայի* հրեշտակը կանգնեց նրանց առաջ, և շուրջբոլորը լուսավորվեց Եհովայի փառքից: Հովիվները շատ վախեցան: 10 Բայց հրեշտակն ասաց. «Մի՛ վախեցեք: Ես եկել եմ, որ ձեզ բարի լուր հայտնեմ, որը մեծ ուրախություն կբերի բոլոր մարդկանց: 11 Դավթի քաղաքում+ այսօր ձեզ համար մի փրկիչ է ծնվել՝+ Քրիստոսը՝ ձեր Տերը:+ 12 Ահա թե ինչպես կճանաչեք նրան. դուք բարուրված ու մսուրի մեջ պառկած մի մանուկ կգտնեք»: 13 Եվ հանկարծ այդ հրեշտակի կողքին մեծաթիվ երկնային զորք հայտնվեց:+ Նրանք գովաբանում էին Աստծուն՝ ասելով. 14 «Փա՜ռք բարձունքներում բնակվող Աստծուն: Երկրի վրա թող խաղաղությո՜ւն վայելեն նրա բարեհաճությունն ունեցող մարդիկ»:
15 Երբ հրեշտակները երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք հենց հիմա Բեթլեհեմ գնանք ու տեսնենք այն, ինչ Եհովան հայտնեց մեզ»: 16 Նրանք շտապ գնացին և գտան Մարիամին, Հովսեփին ու մսուրի մեջ պառկած մանկանը: 17 Եվ տեսնելուն պես պատմեցին ամեն բան, ինչ իրենց ասվել էր երեխայի մասին: 18 Հովիվների պատմածը ապշեցնում էր բոլոր լսողներին: 19 Իսկ Մարիամը մտապահում էր այդ ամենը և եզրակացություններ անում:+ 20 Այնուհետև հովիվները հետ դարձան՝ փառք տալով և գովաբանելով Աստծուն այն ամենի համար, ինչ տեսան ու լսեցին, քանի որ ամեն բան եղել էր ճիշտ այնպես, ինչպես որ ասվել էր իրենց:
21 Ութերորդ օրը՝ երեխայի թլփատության ժամանակ,+ նրա անունը Հիսուս դրեցին. դա այն անունն էր, որ հրեշտակն էր տվել երեխային դեռ նախքան նրա սաղմնավորումը:+
22 Երբ հասավ Մովսեսի օրենքով սահմանված մաքրման արարողակարգի ժամանակը,+ երեխային բերեցին Երուսաղեմ, որ ներկայացնեն Եհովայի առաջ, 23 քանի որ Եհովայի Օրենքում գրված է. «Ամեն արու առաջնեկի պետք է նվիրեք Եհովային»:*+ 24 Եվ նրանք զոհ մատուցեցին Եհովայի Օրենքի համաձայն, որտեղ ասվում է. «Պետք է մի զույգ տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերվի»:+
25 Երուսաղեմում մի մարդ կար Սիմեոն անունով. այս մարդը արդար էր ու աստվածավախ և սպասում էր այն ժամանակին, երբ Աստված Իսրայելին մխիթարություն կտար:+ Սուրբ ոգին ներգործում էր նրա վրա: 26 Սուրբ ոգու միջոցով Աստված հայտնել էր նրան, որ նա չէր մահանալու, մինչև չտեսներ Եհովայի Օծյալին:* 27 Ոգու առաջնորդությամբ Սիմեոնը եկավ տաճար, ու երբ ծնողները փոքրիկ Հիսուսին բերեցին, որ կատարեն Օրենքով պահանջվածը,+ 28 նա իր գիրկն առավ մանկանը, գովաբանեց Աստծուն և ասաց. 29 «Գերիշխա՛ն Տեր, հիմա քո ծառան կարող է խաղաղությամբ հեռանալ կյանքից,+ քանի որ դու կատարեցիր քո խոստումը. 30 աչքերս տեսան նրան, ում միջոցով դու փրկություն ես բերելու,+ 31 ում ուղարկել ես, որ բոլոր ժողովուրդները տեսնեն:+ 32 Նա լույսն է,+ որը կցրի ազգերին ծածկող խավարը,+ և փառքն է Իսրայելի՝ քո ժողովրդի»: 33 Երեխայի հայրն ու մայրը զարմանում էին՝ լսելով նրա մասին Սիմեոնի ասածները: 34 Ապա Սիմեոնը նրանց օրհնեց և երեխայի մորը՝ Մարիամին, ասաց. «Նա Իսրայելում շատերի անկման պատճառ կլինի,+ և շատերն էլ վեր կկենան նրա շնորհիվ:+ Նա արհամարհանքի առարկա կլինի,+ 35 և նրա շնորհիվ պարզ կդառնա, թե ինչ կա շատ-շատերի սրտում: Իսկ դու մեծ վիշտ կապրես, ասես մի երկար սուր կանցնի միջովդ»:+
36 Այնտեղ մի տարեց մարգարեուհի կար՝ Փանուելի դուստր Աննան՝ Ասերի ցեղից: Նա ամուսնությունից հետո ընդամենը յոթ տարի էր ապրել ամուսնու հետ 37 և հիմա 84 տարեկան այրի էր: Նա երբեք չէր հեռանում տաճարից և գիշեր-ցերեկ ծոմապահությամբ ու աղաչանքներով պաշտում էր Աստծուն: 38 Այդ պահին նա էլ մոտեցավ ու սկսեց Աստծուն շնորհակալություն հայտնել և երեխայի ով լինելու մասին խոսել Երուսաղեմի ազատագրմանը սպասող բոլոր մարդկանց հետ:+
39 Եհովայի Օրենքով պահանջվող ամեն բան անելուց հետո+ Հովսեփն ու Մարիամը վերադարձան իրենց բնակավայր՝ Գալիլեայի Նազարեթ քաղաք:+ 40 Երեխան մեծանում էր, ֆիզիկապես ամրանում ու լցվում իմաստությամբ: Եվ նա ուներ Աստծու հավանությունը:+
41 Հիսուսի ծնողները սովորություն ունեին ամեն տարի գնալ Երուսաղեմ՝ Պասեքը տոնելու:+ 42 Երբ Հիսուսը 12 տարեկան էր, նրանք, ինչպես միշտ, տոնի առթիվ գնացին Երուսաղեմ:+ 43 Տոնի ավարտից հետո տուն վերադառնալիս նրանք չնկատեցին, որ Հիսուսը մնացել է Երուսաղեմում: 44 Նրանք մտածում էին, թե նա իրենց հետ ճամփորդողների մեջ է, ուստի այդպես մեկ օրվա ճանապարհ անցան: Բայց հետո սկսեցին որոնել նրան ազգականների ու ծանոթների մեջ: 45 Եվ չգտնելով՝ վերադարձան Երուսաղեմ ու սկսեցին ամենուրեք փնտրել նրան: 46 Երեք օր հետո Հիսուսին գտան տաճարում. նա, ուսուցիչների մեջ նստած, լսում ու հարցեր էր տալիս: 47 Բոլոր նրան լսողները հիանում էին նրա հասկացողությամբ և իրենց հարցերին տված պատասխաններով:+ 48 Նրան այնտեղ տեսնելով՝ ծնողներն ապշեցին: Մայրն ասաց. «Զավա՛կս, ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր: Ես ու հայրդ գլուխներս կորցրած քեզ էինք փնտրում»: 49 Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում: Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ»:+ 50 Սակայն նրանք չհասկացան, թե ինչ էր ուզում ասել դրանով:
51 Հիսուսը նրանց հետ վերադարձավ Նազարեթ ու շարունակում էր հնազանդվել նրանց:+ Նրա մայրը ամեն բան պահում էր իր սրտում:+ 52 Այսպիսով՝ Հիսուսը մեծանում էր, դառնում ավելի իմաստուն ու վայելում Աստծու և մարդկանց բարեհաճությունը: