1 Սամուել
25 Որոշ ժամանակ անց Սամուելը+ մահացավ: Բոլոր իսրայելացիները հավաքվեցին, սուգ արեցին նրա համար և նրան թաղեցին իր տան մոտ՝ Ռամայում:+ Դրանից հետո Դավիթը գնաց Փառան անապատ:
2 Մաոնում+ մի մարդ էր ապրում, որի հոտերը Կարմեղոսում*+ էին: Այդ մարդը շատ հարուստ էր՝ 3 000 ոչխար և 1 000 այծ ուներ: Նա այդ ժամանակ Կարմեղոսում խուզում էր իր ոչխարներին: 3 Այդ մարդու անունը Նաբաղ էր,+ իսկ նրա կնոջ անունը՝ Աբիգեա:+ Կինը խորաթափանց էր ու գեղեցիկ, բայց նրա ամուսինը, որը Քաղեբի+ տոհմից էր, կոպիտ ու չար մարդ էր:+ 4 Անապատում Դավիթը լսեց, որ Նաբաղը խուզում է իր ոչխարներին: 5 Դավիթն իր մարդկանցից տասը հոգու ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գնացեք Կարմեղոս՝ Նաբաղի մոտ, իմ անունից նրա որպիսությունը հարցրեք 6 և ասեք. «Խաղաղությո՛ւն քեզ, խաղաղությո՛ւն քո տանը և քո ողջ ունեցվածքին: 7 Լսել եմ, որ խուզում ես ոչխարներիդ: Երբ քո հովիվները մեզ հետ էին, մենք նրանց չնեղացրինք,+ և այն բոլոր օրերին, երբ նրանք Կարմեղոսում էին, նրանց մոտից ոչինչ չկորավ: 8 Հարցրու քո մարդկանց, և նրանք կասեն քեզ: Բարեհաճ եղիր իմ մարդկանց հանդեպ, քանի որ ուրախ ժամանակ* ենք եկել: Խնդրում եմ, ինչ որ կարող ես, տուր քո ծառաներին ու քո որդուն՝ Դավթին»»:+
9 Ուստի Դավթի մարդիկ գնացին և նրա անունից այս բոլոր խոսքերն ասացին Նաբաղին: Երբ նրանք խոսքն ավարտեցին, 10 Նաբաղը պատասխանեց Դավթի ծառաներին. «Դավի՞թն ով է, կամ Հեսսեի որդի՞ն ով է: Մեր օրերում շատ են իրենց տերերից փախչող ծառաները:+ 11 Ուրեմն իմ հացը, ջուրը և խուզողներիս համար մորթած անասունի միսն առնեմ ու ինչ-որ մարդկա՞նց տամ, որ չգիտես, թե որտեղից են եկել»:
12 Դավթի մարդիկ վերադարձան ու նրան հաղորդեցին այս բոլոր խոսքերը: 13 Դավիթն իսկույն ասաց նրանց. «Վերցրե՛ք ձեր սրերը»:+ Եվ բոլորը սրերն իրենց մեջքին կապեցին: Դավիթը նույնպես իր սուրը մեջքին կապեց, և մոտ 400 մարդ գնաց նրա հետ, իսկ 200 հոգի մնաց բեռների մոտ:
14 Այդ ընթացքում ծառաներից մեկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային, տեղեկացրեց. «Դավիթը անապատից պատգամաբերներ էր ուղարկել՝ մեր տիրոջը բարին մաղթելու, բայց նա բղավելով վիրավորական խոսքեր ասաց նրանց:+ 15 Այդ մարդիկ շատ բարի են եղել մեր հանդեպ: Նրանք մեզ երբեք չեն նեղացրել, և այն ողջ ժամանակ, երբ նրանց հետ դաշտերում էինք, մեր մոտից ոչինչ չի կորել:+ 16 Այն ողջ ընթացքում, երբ նրանք մեզ հետ էին, և մենք հոտերն էինք արածեցնում, նրանք օր ու գիշեր պարսպի պես պաշտպանում էին մեզ: 17 Հիմա որոշիր, թե ինչ ես անելու, որովհետև մեր տիրոջն ու նրա ամբողջ տանը աղետ է սպառնում:+ Նա այնքան անպիտան մարդ է,+ որ նրա հետ խոսելն անհնար է»:
18 Աբիգեան+ իսկույն վերցրեց 200 հաց, 2 մեծ սափոր գինի, եփելու պատրաստ 5 ոչխար, 5 գրիվ* բոված հացահատիկ, չամիչի 100 բլիթ,* չորացրած թզի 200 բլիթ և դրանք ավանակների վրա դրեց:+ 19 Ապա իր ծառաներին ասաց. «Ինձնից առա՛ջ անցեք, իսկ ես ձեր հետևից կգամ»: Բայց իր ամուսնուն՝ Նաբաղին, ոչինչ չասաց:
20 Աբիգեան, ավանակ հեծած, իջնում էր լեռան վրայից, Դավիթն էլ իր մարդկանց հետ գնում էր նրան ընդառաջ, սակայն չէր տեսնում նրան, քանի որ լեռները խանգարում էին: Ի վերջո նրանք հանդիպեցին: 21 Մինչ այդ Դավիթն ասել էր. «Իզուր էի պահպանում այս մարդու ունեցվածքը անապատում: Նրա ունեցածից մի բան անգամ չկորավ,+ բայց նա իմ բարության դիմաց չարությամբ է հատուցում:+ 22 Թող Աստված ինքը խստորեն պատժի Դավթի թշնամիներին,* եթե մինչև առավոտ նրա մարդկանցից թեկուզ մեկ տղամարդու* ողջ թողնեմ»:
23 Դավթին տեսնելուն պես Աբիգեան ավանակի վրայից շտապ իջավ ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց նրա առաջ: 24 Ապա նրա ոտքերն ընկնելով՝ ասաց. «Մեղքն ինձ վրա լինի, տե՛ր իմ: Խնդրում եմ, թույլ տուր՝ աղախինդ խոսի քեզ հետ, և լսիր աղախնիդ խոսքերը: 25 Խնդրում եմ, թող իմ տերը ուշադրություն չդարձնի այդ անպիտան Նաբաղին,+ որովհետև ինչ նրա անունն է, այն էլ ինքն է: Նաբաղ* է նրա անունը, և նա անմիտ մարդ է: Իսկ ես՝ քո աղախինը, չեմ տեսել իմ տիրոջ ուղարկած մարդկանց: 26 Եվ հիմա, տե՛ր իմ, երդվում եմ Եհովայի գոյությամբ և քո կյանքով. քեզ Եհովան է հետ պահում+ արյունահեղությունից+ և վրեժդ քո ձեռքով առնելուց: Թող որ թշնամիներդ և իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պես լինեն: 27 Այս ընծան,*+ որ աղախինդ բերել է իր տիրոջը, թող տրվի նրա մարդկանց:+ 28 Խնդրում եմ, ներիր աղախնիդ հանցանքը: Եհովան, անպայման, իմ տիրոջ համար մնայուն տուն* կկառուցի,+ քանի որ իմ տերը Եհովայի պատերազմներն է մղում+ և ողջ կյանքում ոչ մի չար բան չի արել:+ 29 Եթե որևէ մեկը հետապնդի քեզ և փորձի խլել քո կյանքը, քո Աստված Եհովան իմ տիրոջ կյանքը ապահով կպահի իր մոտ՝ կյանքի քսակում, իսկ քո թշնամիների կյանքը նա կնետի, ինչպես քարն են նետում պարսատիկով: 30 Եվ երբ Եհովան իմ տիրոջ համար անի իր խոստացած այս բոլոր բարի բաներն ու նրան Իսրայելի առաջնորդ նշանակի,+ 31 իմ տերը խղճի խայթ ու ափսոսանք չի զգա իր սրտում, որ առանց պատճառի արյուն է թափել և իր ձեռքով վրեժ է առել:+ Երբ Եհովան բարիք անի իմ տիրոջը, թող նա հիշի իր աղախնին»:
32 Սա լսելուց հետո Դավիթն ասաց Աբիգեային. «Փա՛ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն, ով քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց: 33 Օրհնյա՛լ լինի քո խոհեմությունը, և օրհնյա՛լ լինես դու, որ այսօր հետ պահեցիր ինձ արյունապարտ լինելուց+ և իմ ձեռքով վրեժս առնելուց: 34 Երդվում եմ Իսրայելի Աստված Եհովայի գոյությամբ, նրա, ով կանգնեցրեց ինձ, որ քեզ վնաս չհասցնեմ.+ եթե չշտապեիր ու ինձ ընդառաջ չգայիր,+ ապա մինչև առավոտ Նաբաղի մարդկանցից մեկ տղամարդ* անգամ ողջ չէր մնա»:+ 35 Դավիթը Աբիգեայի ձեռքից ընդունեց այն ամենը, ինչ նա բերել էր, ու ասաց. «Խաղաղությամբ տուն գնա: Ես լսեցի քեզ և կկատարեմ քո խնդրանքը»:
36 Այս ամենից հետո Աբիգեան վերադարձավ Նաբաղի մոտ: Նաբաղը թագավորի պես խնջույք էր անում տանը: Նրա սիրտը զվարթացել էր, և նա լավ հարբած էր: Աբիգեան մինչև լույսը բացվելը ոչինչ չպատմեց նրան: 37 Առավոտյան, երբ Նաբաղը արդեն գինուց սթափվել էր, կինը նրան պատմեց այս բաները: Նրա սիրտը մեռած մարդու սրտի պես եղավ. կաթվածահար լինելով՝ նա քարի պես անշարժ դարձավ: 38 Մոտ տասը օր հետո Եհովան մահվան մատնեց Նաբաղին, ու նա մեռավ:
39 Երբ Դավիթը լսեց, որ Նաբաղը մահացել է, ասաց. «Փա՛ռք Եհովային, ով պաշտպանեց իմ դատը՝+ ինձնից հեռացնելով Նաբաղի բերած անարգանքը,+ և իր ծառային հետ պահեց չարիք գործելուց:+ Եհովան Նաբաղի արած չարիքը նրա գլխին բերեց»: Հետո Դավիթը մարդիկ ուղարկեց Աբիգեայի մոտ և իր կինը դառնալու առաջարկություն արեց: 40 Դավթի ծառաները գնացին Աբիգեայի մոտ՝ Կարմեղոս, և ասացին նրան. «Դավիթը մեզ ուղարկել է, որ քեզ առաջարկի իր կինը դառնալ»: 41 Աբիգեան իսկույն վեր կացավ, մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Ես նրա աղախինն եմ ու պատրաստ եմ լվանալ իմ տիրոջ ծառաների ոտքերը»:+ 42 Նա շտապ վեր կացավ, հեծավ իր ավանակը և պատգամաբերների հետ ճանապարհ ընկավ, իսկ նրա հինգ աղախինները ոտքով գնացին նրա հետևից: Այդպիսով՝ Աբիգեան+ դարձավ Դավթի կինը:
43 Դավիթը նաև հեզրայելացի+ Աքինոամին+ էր կնության առել: Այս երկուսը նրա կանայք դարձան:+
44 Իսկ Սավուղը իր դստերը՝ Մեղքողին՝+ Դավթի կնոջը, ամուսնացրել էր Լայիսի որդու՝ Փալտիի+ հետ, որը Գալլիմից էր: