Մարկոս
7 Երուսաղեմից եկած փարիսեցիներն ու Օրենքի որոշ ուսուցիչներ* հավաքվեցին Հիսուսի շուրջը:+ 2 Նրանք տեսան, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր, այսինքն՝ անլվա* ձեռքերով հաց են ուտում: 3 (Բանն այն է, որ փարիսեցիները և մյուս բոլոր հրեաները, առանց ձեռքերը մինչև արմունկները լվանալու, հաց չեն ուտում, քանի որ խստորեն հետևում են նախնիների ավանդույթին, 4 և շուկայից գալուց հետո էլ հաց չեն ուտում, մինչև ջրով չմաքրվեն: Ուրիշ շատ ավանդույթներ էլ կան, որոնցից նրանք կառչած են, օրինակ՝ գավաթների, սափորների ու պղնձե անոթների ընկղմելը ջրի մեջ):+ 5 Ուստի փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները հարցրին Հիսուսին. «Ինչո՞ւ քո աշակերտները չեն հետևում նախնիների ավանդույթին. անմաքուր ձեռքերով են հաց ուտում»:+ 6 Նա էլ ասաց. «Եսայիա մարգարեն շատ տեղին է գրել ձեր՝ կեղծավորներիդ մասին. «Այս մարդիկ միայն իրենց շուրթերով են պատվում ինձ, իսկ նրանց սիրտը հեռացած է ինձանից:+ 7 Զուր է նրանց պաշտամունքը, որովհետև մարդկային պատվիրաններն են սովորեցնում որպես ուսմունքներ»:+ 8 Դուք խստորեն հետևում եք մարդկային ավանդույթներին, մինչդեռ Աստծու պատվիրաններն անտեսում եք»:+
9 Ապա ավելացրեց. «Ձեր ավանդույթները պահելու համար ճարպկորեն շրջանցում եք Աստծու պատվիրանները:+ 10 Օրինակ՝ Մովսեսն ասել է՝ «Պատվի՛ր քո հորն ու մորը»+ և «Իր հոր կամ մոր հետ* անարգանքով խոսողը պետք է մահվան մատնվի»:+ 11 Իսկ դուք ասում եք՝ «Սխալ չէ, եթե մարդ իր հորը կամ մորը ասի՝ «Այն, ինչով կարող էի օգնել քեզ, կորբան է (այսինքն՝ Աստծուն խոստացված ընծա)...»», 12 և դրա հիման վրա այլևս չեք թողնում, որ նա իր հոր կամ մոր համար որևէ բան անի:+ 13 Այդպես՝ ձեր հաստատած ավանդույթով Աստծու խոսքը անվավեր եք դարձնում:+ Եվ նման ուրիշ շատ բաներ էլ եք անում»:+ 14 Հետո ժողովրդին կրկին մոտ կանչելով՝ ասաց. «Բոլորդ լսեք, թե ինչ եմ ասում, և հասկացեք իմաստը.+ 15 մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող պղծել նրան: Մարդուն պղծում է այն, ինչ դուրս է գալիս նրա ներսից»:+ 16 ....*
17 Երբ Հիսուսն արդեն մարդկանցից հեռացել ու մի տուն էր մտել, աշակերտները նրան հարցրին, թե ինչ է նշանակում նրա բերած օրինակը:+ 18 Նա էլ ասաց. «Դո՞ւք էլ նրանց նման չեք հասկանում: Չգիտե՞ք, որ մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող պղծել նրան, 19 քանի որ ոչ թե սիրտն է մտնում, այլ ստամոքսը, ապա դուրս գալով՝ թափվում է արտաքնոցը»: Այսպիսով՝ Հիսուսը ամեն կերակուր մաքուր հայտարարեց: 20 Հետո շարունակեց. «Մարդուն պղծում է այն, ինչ դուրս է գալիս նրա ներսից,+ 21 որովհետև ներսից՝ մարդու սրտից+ են գալիս վնասակար մտքերը, որոնք տանում են անբարոյականության,* գողության, սպանության, 22 ամուսնական դավաճանության, ագահության, չար գործերի, խաբեության, լկտի վարքի,* նախանձի, աստվածանարգության,* գոռոզության և անխոհեմության: 23 Այս բոլոր վատ բաները ներսից են գալիս և պղծում են մարդուն»:
24 Հիսուսը այդտեղից ճանապարհ ընկավ ու գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը:+ Այնտեղ մի տուն մտավ: Նա չէր ցանկանում, որ մարդիկ իմանան իր գալու մասին, սակայն չկարողացավ աննկատ մնալ: 25 Հիսուսի մասին լուրն անմիջապես հասավ մի կնոջ, որի աղջիկը չար* ոգու ազդեցության տակ էր: Եվ նա եկավ ու Հիսուսի ոտքերն ընկավ:+ 26 Այդ կինը ծագումով հույն էր՝ Ասորիքի Փյունիկիայից:* Նա սկսեց աղերսել Հիսուսին, որ դևին հանի իր աղջկա միջից: 27 Բայց Հիսուսն ասաց. «Նախ երեխաները թող կշտանան: Ճիշտ չի լինի երեխաների հացը վերցնել և շնիկների առաջ գցել»:+ 28 Սակայն կինն ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց չէ՞ որ շնիկներն էլ սեղանի տակ ուտում են երեխաների կերած հացի փշրանքները»: 29 Դա լսելով՝ Հիսուսն ասաց. «Որ այդպես պատասխանեցիր, կարող ես գնալ խաղաղությամբ. դևը դուրս է եկել աղջկադ միջից»:+ 30 Կինը տուն գնաց ու տեսավ, որ երեխան պառկած է մահճակալին. դևը դուրս էր եկել նրա միջից:+
31 Տյուրոսի կողմերից դեպի Գալիլեայի ծով հետ գնալու ճանապարհին Հիսուսը անցավ Սիդոնի, ապա Դեկապոլիսի միջով:+ 32 Այնտեղ նրա մոտ բերեցին լեզվական արատ ունեցող մի խուլ մարդու+ և աղաչեցին, որ ձեռքը նրա վրա դնի: 33 Հիսուսն այդ մարդուն առանձին մի կողմ տարավ՝ ամբոխից հեռու, մատները դրեց նրա ականջների մեջ, հետո թքեց ու դիպավ նրա լեզվին:+ 34 Ապա դեպի երկինք նայելով՝ խոր հոգոց հանեց և ասաց՝ «Եփփաթա՛», որ նշանակում է «բացվիր»: 35 Նույն պահին այդ մարդու լսողությունը վերականգնվեց,+ և լեզվական արատը վերացավ, ու նա սկսեց պարզ խոսել: 36 Հիսուսը մարդկանց պատվիրեց, որ ոչ ոքի չպատմեն,+ բայց ինչքան արգելում էր, այնքան ավելի շատ էին պատմում:+ 37 Զարմանքով լցված՝ նրանք ասում էին.+ «Նրա բոլոր արածները հիասքանչ են: Անգամ խուլերի ականջներն ու համրերի լեզուն է բացում»:+