Մաղաքիա
1 Ազդարարություն.
Մաղաքիայի* միջոցով Իսրայելին ուղղված Եհովայի խոսքը.
2 «Ես սիրեցի ձեզ»,+– ասում է Եհովան:
Բայց դուք ասում եք. «Ինչպե՞ս ես ցույց տվել քո սերը մեր հանդեպ»:
«Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,+– ասում է Եհովան:– Բայց ես Հակոբին սիրեցի, 3 իսկ Եսավին ատեցի:+ Ես ամայի դարձրի նրա լեռները,+ նրա ժառանգությունը վերածեցի անապատի, որտեղ ապրում են շնագայլերը:+
4 Թեև Եդոմն* ասում է՝ «Մենք ջախջախվել ենք, բայց կվերադառնանք ու կվերականգնենք ավերակները», սակայն Զորքերի տեր Եհովան ասում է. «Նրանք կկառուցեն, իսկ ես կքանդեմ: Նրանց կկոչեն անօրենության երկիր և Եհովայի կողմից հավիտյան դատապարտված ժողովուրդ:+ 5 Ձեր իսկ աչքերով կտեսնեք դա և կասեք. «Թող Եհովան մեծարվի ողջ Իսրայելում»»:
6 Որդին պատվում է հորը,+ ծառան՝ տիրոջը: Եթե ես հայր եմ,+ ինչո՞ւ ինձ չեք պատվում,+ եթե ես տեր* եմ, ինչո՞ւ ինձնից չեք վախենում*,– ասում է ձեզ Զորքերի տեր Եհովան, ո՛վ քահանաներ, որ արհամարհում եք իմ անունը:+–
Բայց դուք ասում եք. «Ինչպե՞ս ենք արհամարհում քո անունը»:
7 Իմ զոհասեղանի վրա պիղծ ընծաներ* մատուցելով:
Դուք ասում եք. «Ինչո՞վ ենք պղծում քեզ»:
Նրանով, որ ասում եք. «Եհովայի սեղանը+ կարելի է արհամարհել»: 8 Դուք կույր կենդանի եք որպես զոհ մատուցում և ասում. «Դրանում վատ բան չկա»: Կաղ կամ հիվանդ կենդանի եք մատուցում ու ասում. «Դրանում վատ բան չկա»:+
Փորձիր, խնդրեմ, մատուցել այն քո կառավարչին, տես՝ նա գոհ կլինի՞ քեզնից կամ բարեհաճ կլինի՞ քո հանդեպ»,– ասում է Զորքերի տեր Եհովան:
9 «Եվ հիմա, խնդրում եմ, աղերսեք Աստծուն,* որ նա բարեհաճ լինի. չէ՞ որ նա բարեհաճորեն չի ընդունի ձեզ, եթե ձեր ձեռքով նման զոհեր մատուցեք»,– ասում է Զորքերի տեր Եհովան:
10 «Ձեզնից ո՞վ դռները ձրի կփակի:*+ Դուք իմ զոհասեղանի կրակն էլ ձրի չեք վառում:+ Ես ձեզ չեմ հավանում,– ասում է Զորքերի տեր Եհովան,– ինձ համար տհաճ են ձեր ձեռքի ընծաները:+
11 Արևածագից մինչև արևամուտ* իմ անունը կմեծարվի ազգերի մեջ:+ Իմ անունը պատվելու համար ամեն տեղ կբարձրանա զոհերի ծուխը, և ընծաներ կմատուցվեն՝ անարատ նվերներ, որովհետև իմ անունը կմեծարվի ազգերի մեջ,+– ասում է Զորքերի տեր Եհովան:–
12 Բայց դուք պղծում եք այն՝*+ ասելով. «Եհովայի սեղանը պիղծ է, և դրա վրայի ընծաները* կարելի է արհամարհել»:+ 13 Նաև ասում եք՝ «Ի՜նչ հոգնեցնող է», և արհամարհանքով փնչացնում եք,– ասում է Զորքերի տեր Եհովան:– Դուք բերում եք գողացված, կաղ ու հիվանդ կենդանիներ և դրանք որպես ընծա՞ եք մատուցում: Մի՞թե ես կընդունեմ դրանք ձեր ձեռքից,+– ասում է Եհովան:–
14 Անիծյալ է նենգությամբ վարվողը, ով իր հոտի մեջ առողջ արու կենդանի ունի, բայց երդում է տալիս ու Եհովային արատավորն է զոհ մատուցում: Բայց չէ՞ որ ես մեծ Թագավոր եմ,+– ասում է Զորքերի տեր Եհովան,– և իմ անունը ահ ու ակնածանք կներշնչի ազգերին»:+