Ղուկաս
20 Մի օր, երբ Հիսուսը տաճարում ուսուցանում էր ժողովրդին և բարի լուրն էր հռչակում, ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* երեցների հետ մոտեցան նրան 2 ու ասացին. «Ասա մեզ, ի՞նչ իշխանությամբ ես անում այդ ամենը: Ո՞վ է տվել քեզ այդ իրավասությունը»:+ 3 Հիսուսն ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի հարց տամ, պատասխանեք: 4 Հովհաննեսը մկրտելու իրավասությունը երկնքի՞ց էր ստացել, թե՞ մարդկանցից»: 5 Նրանք էլ սկսեցին դատողություններ անել՝ իրար մեջ խոսելով. «Եթե ասենք՝ երկնքից, կասի՝ «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան», 6 իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը կքարկոծի մեզ, որովհետև նրանք համոզված են, որ Հովհաննեսը մարգարե էր»:+ 7 Ուստի պատասխանեցին, թե չգիտեն՝ որտեղից էր: 8 Հիսուսն էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ ամենը»:
9 Ապա նա ժողովրդին մի առակ պատմեց. «Մի մարդ խաղողի այգի տնկեց,+ վարձով տվեց մշակներին ու երկար ժամանակով գնաց օտար երկիր:+ 10 Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների մոտ մի ծառա ուղարկեց՝ խաղողի այգու բերքից որոշակի բաժին ստանալու: Սակայն մշակները նրան ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին:+ 11 Տերը մեկ ուրիշ ծառայի ուղարկեց: Նրանք այս մեկին էլ ծեծեցին և նվաստացնելով դատարկաձեռն հետ ուղարկեցին: 12 Ապա տերը երրորդին ուղարկեց. նրան էլ ծեծեցին ու դուրս շպրտեցին: 13 Այդ ժամանակ խաղողի այգու տերն ասաց. «Ի՞նչ անեմ: Սիրելի որդուս ուղարկեմ,+ պետք է որ հարգեն նրան»: 14 Բայց երբ մշակները տեսան նրան, սկսեցին խորհրդակցել. «Սա է ժառանգը: Եկեք սպանենք նրան, որ ժառանգությունը մերը լինի»: 15 Եվ բռնեցին նրան, քարշ տվեցին այգուց դուրս ու սպանեցին:+ Ուստի այգու տերը ի՞նչ կանի նրանց: 16 Նա կգա ու կսպանի այդ մշակներին, այգին էլ ուրիշներին կտա»:
Առակը լսելով՝ ժողովուրդն ասաց. «Դա ուղղակի չլսված բան է»: 17 Իսկ Հիսուսը սևեռուն նայեց նրանց ու ասաց. «Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այս գրվածը. «Այն քարը, որ մերժեցին շինարարները, դարձավ գլխավոր անկյունաքարը»: *+ 18 Ամեն ոք, ում ոտքը դիպչի այդ քարին, կընկնի ու ջարդուփշուր կլինի:+ Եվ ում վրա այն ընկնի, կճզմի նրան»:
19 Օրենքի ուսուցիչներն ու ավագ քահանաները հասկացան, որ այդ առակը պատմեց՝ իրենց նկատի ունենալով: Ուստի ցանկանում էին հենց այդ պահին բռնել նրան, բայց վախեցան ժողովրդից:+ 20 Այդուհանդերձ, ուշադիր հետևում էին Հիսուսին: Իսկ հետո գաղտնաբար մարդիկ վարձեցին և ուղարկեցին նրա մոտ, որ վերջիններս, անկեղծ ձևանալով, նրան իր իսկ խոսքերով ծուղակը գցեն+ ու հանձնեն իշխանությունների և կուսակալի ձեռքը: 21 Այդ մարդիկ ասացին Հիսուսին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճիշտն ես խոսում և ուսուցանում, դու կողմնակալություն չես անում և Աստծու ճանապարհի մասին ճշմարտությունն ես սովորեցնում: 22 Թույլատրելի՞ է* կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ»: 23 Բայց Հիսուսը, հասկանալով, որ նրանք խորամանկություն են անում, ասաց. 24 «Ինձ մի դինար* ցույց տվեք: Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ մակագրությունն է սա»: Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»: 25 Նա էլ ասաց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք,+ իսկ Աստծունը՝ Աստծուն»:+ 26 Այդպիսով՝ նրանց չհաջողվեց հանրորեն ծուղակը գցել Հիսուսին, ու նրա պատասխանից ապշած՝ նրանք պապանձվեցին:
27 Հիսուսին մոտեցան մի քանի սադուկեցիներ (սադուկեցիները ասում էին, թե հարություն չկա)+ և հարցրին.+ 28 «Ուսուցի՛չ, Մովսեսը գրել է. «Եթե ամուսնացած մի մարդ անզավակ մահանա, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի»:+ 29 Եվ այսպես՝ յոթ եղբայրներ կային: Առաջինն ամուսնացավ, բայց անզավակ մահացավ: 30 Հետո երկրորդն ամուսնացավ այդ կնոջ հետ, բայց նա էլ մահացավ: 31 Նույնը պատահեց երրորդին: Այդպես՝ յոթն էլ անզավակ մահացան: 32 Վերջում կինն էլ մահացավ: 33 Հիմա հարության ժամանակ նա ո՞ր մեկի կինն է լինելու, չէ՞ որ յոթն էլ ամուսնացել էին նրա հետ»:
34 Հիսուսն ասաց նրանց. «Այս աշխարհի* մարդիկ կին են առնում և մարդու են գնում, 35 բայց ովքեր արժանի համարվեն հարություն առնելու և ապրելու ապագայում,* ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան:+ 36 Դեռ ավելին՝ նրանք այլևս չեն կարող մահանալ: Նրանք հրեշտակների նման կլինեն և հարություն առնելով՝* Աստծու զավակները կլինեն: 37 Իսկ որ մահացածները հարություն են առնելու, դա Մովսեսն էլ է ցույց տվել՝ այրվող փշաթփի պատմության մեջ Եհովային* կոչելով «Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»:+ 38 Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի. նրանք բոլորն էլ ողջ են նրա համար»:+ 39 Օրենքի ուսուցիչներից ոմանք ասացին. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր»: 40 Եվ ոչ ոք այլևս չէր համարձակվում որևէ հարց տալ նրան:
41 Իր հերթին Հիսուսը հարց ուղղեց իրեն լսողներին. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է:+ 42 Չէ՞ որ Դավիթն ինքը «Սաղմոսներ» գրքում ասում է. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմում, 43 մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ որպես պատվանդան»»:+ 44 Փաստորեն, Դավիթը նրան Տեր է կոչում, ուրեմն ինչպե՞ս է նա Դավթի որդին»:
45 Մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր Հիսուսին, նա իր աշակերտներին ասաց. 46 «Զգույշ եղեք, որ չնմանվեք Օրենքի ուսուցիչներին, ովքեր սիրում են երկար զգեստներով շրջել, հանրային վայրերում* ողջույններ ստանալ, ժողովարաններում զբաղեցնել առաջին* աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը,+ 47 և ովքեր ուտում են այրիների ունեցվածքն* ու ցուցադրաբար երկար աղոթքներ անում: Նրանք ավելի խիստ դատաստանի կարժանանան»: