19 Ավելի լավ է աղքատ, բայց անարատ լինել,+
Քան հիմար ու ստախոս:+
2 Լավ չէ, երբ մարդը գիտելիքներ չունի,+
Եվ նա, ով անմտածված է վարվում, մեղք է գործում:
3 Մարդն իր հիմարության պատճառով է սխալ ճանապարհով գնում,
Բայց իր սրտում նա Եհովայի վրա է զայրանում:
4 Հարստությունն ավելացնում է ընկերների թիվը,
Բայց աղքատին նույնիսկ իր միակ ընկերն է լքում:+
5 Անազնիվ վկան անպատիժ չի մնա,+
Եվ սուտ խոսելով ման եկողը չի փրկվի:+
6 Շատերը ցանկանում են անվանի մարդու հավանությունն ունենալ,
Եվ բոլորը ընկեր են նվերներ տվողին:
7 Աղքատի բոլոր եղբայրները ատում են նրան,+
Էլ ուր մնաց նրա ընկերները չխուսափեն նրանից.+
Նա խնդրանքներով շարունակ դիմում է նրանց, բայց ոչ ոք չի արձագանքում:
8 Ով ողջամտություն է ձեռք բերում, սիրում է ինքն իրեն,+
Եվ ով գնահատում է խորաթափանցությունը, հաջողություն կունենա:+
9 Անազնիվ վկան անպատիժ չի մնա,
Եվ սուտ խոսելով ման եկողը կկործանվի:+
10 Հիմարին վայել չէ ճոխության մեջ ապրելը,
Առավել ևս ծառային՝ իշխաններին ղեկավարելը:+
11 Խորաթափանց մարդը զսպում է իր բարկությունը,+
Եվ նրա գեղեցկությունը վիրավորանքն անտեսելն է:+
12 Թագավորի ցասումը առյուծի մռնչոցի պես է,+
Բայց նրա բարեհաճությունը՝ խոտի վրա եղող ցողի:
13 Հիմար որդին իր հոր դժբախտությունն է,+
Եվ կռվարար կինը անդադար կաթող տանիքի է նման:+
14 Տունն ու հարստությունը հորից ստացած ժառանգություն են,
Բայց խոհեմ կինը պարգև է Եհովայից:+
15 Ծուլությունը խոր քուն է բերում,
Եվ ալարկոտ մարդը քաղցած է մնում:+
16 Պատվիրանը պահողը իր կյանքն է պահպանում,+
Եվ ով չի մտածում իր բռնած ուղու մասին, կմահանա:+
17 Նա, ով խեղճին բարություն է անում, Եհովային պարտք է տալիս,+
Եվ Նա կվարձատրի նրան դրա համար:+
18 Խրատիր որդուդ, քանի դեռ հույս կա,+
Եվ նրա մահվան համար պատասխանատու մի՛ եղիր:+
19 Տաքարյուն մարդը պատիժ կկրի,
Բայց եթե փորձես ազատել նրան, դա պետք է նորից ու նորից անես:+
20 Խորհուրդ լսիր և խրատ ընդունիր,+
Որպեսզի ապագայում իմաստուն լինես:+
21 Մարդու մտքում շատ ծրագրեր կան,
Բայց Եհովայի նպատակն է իրագործվելու:+
22 Մարդու մեջ նրա հավատարիմ սերն է գրավիչ,+
Եվ ավելի լավ է լինել աղքատ, քան ստախոս:
23 Եհովայի հանդեպ վախը կյանքի է առաջնորդում:+
Այն ունեցողը գլուխը հանգիստ բարձին կդնի, և նրան չարիք չի սպառնա:+
24 Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է մտցնում,
Բայց ալարում է անգամ իր բերանը տանել այն:+
25 Ծաղրողին հարվածիր,+ որպեսզի անփորձը խորագետ դառնա,+
Եվ հասկացողին ուղղիր, որպեսզի ավելի շատ գիտելիք ձեռք բերի:+
26 Նա, ով վատ է վերաբերվում իր հորը և վռնդում է մորը,
Ամոթ ու խայտառակություն բերող որդի է:+
27 Որդի՛ս, եթե դադարես խրատ լսելուց,
Կշեղվես իմաստության ճանապարհից:
28 Անպիտան վկան ծաղրում է արդարադատությունը,+
Եվ չար մարդիկ ագահորեն չարություն են կուլ տալիս:+
29 Ծաղրողների համար պատիժ է պահված,+
Եվ հիմարների մեջքի համար՝ հարվածներ:+