Ղուկաս
12 Այդ ընթացքում հազարավոր մարդիկ եկան. հավաքվածներն այնքան շատ էին, որ իրար ոտք էին տրորում: Հիսուսը, դիմելով իր աշակերտներին, ասաց. «Զգուշացե՛ք փարիսեցիների թթխմորից, այսինքն՝ կեղծավորությունից:+ 2 Չկա խնամքով թաքցված մի բան, որ չբացահայտվի, և չկա մի գաղտնիք, որ հայտնի չդառնա:+ 3 Ուստի ինչ որ ասեք մթության մեջ, օրը ցերեկով լսելի կլինի բոլորին, և ինչ որ շշուկով ասեք սենյակներում, տանիքներից կքարոզվի: 4 Ի՛մ ընկերներ,+ ասում եմ ձեզ. մի՛ վախեցեք նրանցից, ովքեր կարող են սպանել ձեզ,* սակայն դրանից հետո ուրիշ ոչինչ չեն կարող անել:+ 5 Բայց ասեմ, թե ումից պետք է վախենաք. վախեցեք Նրանից, ով իշխանություն ունի ոչ միայն սպանելու ձեզ, այլև մեկընդմիշտ կործանելու գեհենում:*+ Այո՛, ասում եմ ձեզ. հենց Նրանից է, որ պետք է վախենաք:+ 6 Հինգ ճնճղուկը չնչին արժեք ունեցող երկու մետաղադրամով* է վաճառվում: Սակայն Աստված նրանցից ոչ մեկին չի մոռանում:*+ 7 Իսկ ինչ վերաբերում է ձեզ, նույնիսկ ձեր գլխի ամեն մի մազն է հաշվված:+ Այնպես որ մի՛ մտահոգվեք. դուք բազում ճնճղուկներից էլ թանկ եք:+
8 Ասում եմ ձեզ. ամեն ոք, ով մարդկանց առաջ բացահայտ ասի, որ իմ աշակերտն է,+ մարդու Որդին էլ Աստծու հրեշտակների առաջ կասի, որ նա իր աշակերտն է:+ 9 Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ Աստծու հրեշտակների առաջ:+ 10 Եթե մեկը մարդու Որդու դեմ որևէ բան ասի, կներվի, բայց ով որ անարգական բան ասի սուրբ ոգու դեմ, չի ներվի:+ 11 Երբ ձեզ տանեն հանրության* առաջ դատելու, կանգնեցնեն պետական պաշտոնյաների ու իշխանությունների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպես և ինչ եք խոսելու ի պաշտպանություն ձեզ կամ ինչ պատասխան եք տալու,+ 12 քանի որ այդ պահին* սուրբ ոգին ձեզ կսովորեցնի, թե ինչ ասեք»:+
13 Այդ ժամանակ ամբոխի միջից մի մարդ ասաց. «Ուսուցի՛չ, եղբորս ասա՝ թող ժառանգությունը բաժանի ինձ հետ»: 14 Հիսուսն ասաց. «Ո՞վ է ինձ դատավոր կամ միջնորդ նշանակել ձեզ համար»: 15 Եվ հավաքվածներին ասաց. «Աչալո՛ւրջ եղեք և զգուշացե՛ք ագահության ամեն դրսևորումից,+ որովհետև մարդ ինչքան էլ շատ ունենա, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»:+ 16 Ապա նրանց մի առակ պատմեց. «Մի հարուստ մարդ կար, որի հողը առատ բերք տվեց: 17 Եվ նա մտածեց. «Հիմա ի՞նչ անեմ, այսքան բերքն ամբարելու տեղ չունեմ»: 18 Հետո ասաց. «Ահա թե ինչ կանեմ.+ ամբարներս կքանդեմ ու ավելի մեծերը կկառուցեմ, հետո դրանց մեջ կհավաքեմ իմ ամբողջ հացահատիկն ու մյուս բարիքները 19 և ինքս ինձ կասեմ. «Երկար տարիների համար կուտակած շատ բարիքներ ունես. էլ հոգս մի՛ արա, կեր, խմիր ու վայելիր կյանքդ»»: 20 Բայց Աստված ասաց նրան. «Անխոհե՛մ, այս գիշեր կզրկվես կյանքիցդ: Ո՞ւմ է մնալու քո կուտակածը»:+ 21 Այդպես էլ կլինի այն մարդուն, ով իր համար գանձ է կուտակում, բայց հարուստ չէ Աստծու աչքին»:*+
22 Այնուհետև դիմելով իր աշակերտներին՝ ասաց. «Ուստի ասում եմ ձեզ. այլևս մի՛ մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք հագնելու,+ 23 քանի որ կյանքը ուտելիքից մեծ արժեք ունի, մարմինն էլ՝ հագուստից: 24 Նայեք ագռավներին. նրանք ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ շտեմարան ունեն, ո՛չ ամբար, բայց Աստված կերակրում է նրանց:+ Չէ՞ որ դուք թռչուններից շատ ավելի թանկ եք:+ 25 Մի՞թե ձեզնից որևէ մեկը կարող է մտահոգվելով իր կյանքը թեկուզ մեկ ժամով* երկարացնել: 26 Ուրեմն եթե այդ չնչին բանն անգամ չեք կարող անել, էլ ի՞նչ իմաստ ունի մտահոգվել մնացած բաների մասին:+ 27 Նայեք, թե ինչպես են աճում շուշանները. ո՛չ աշխատում են, ո՛չ էլ մանում, բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ դրանցից ոչ մեկի նման չհագնվեց:+ 28 Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, առավել ևս ձեզ կհագցնի, ո՛վ թերահավատներ: 29 Ուրեմն այլևս մի՛ անհանգստացեք, թե ինչ եք ուտելու և ինչ եք խմելու, և մտատանջությունների մեջ մի՛ ընկեք:+ 30 Այս աշխարհի մարդիկ* են, որ ջանադրաբար ձգտում են ձեռք բերել այդ բաները: Մինչդեռ ձեր Հայրը գիտի, որ այդ ամենը անհրաժեշտ է ձեզ:+ 31 Փոխարենը միշտ առաջին տեղում դրեք նրա թագավորությունը, և այդ բաները կտրվեն ձեզ:+
32 Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ,+ որովհետև ձեր Հայրը ցանկանում է Թագավորությունը ձեզ տալ:+ 33 Վաճառեք ձեր ունեցվածքը և օգնեք կարիքավորներին:*+ Ձեռք բերեք երբեք չմաշվող քսակներ՝ անսպառ գանձեր կուտակեք երկնքում,+ որտեղ գողերը չեն կարող սողոսկել, և ցեցը չի կարող վնաս պատճառել: 34 Չէ՞ որ որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի:
35 Հագած-կապած ու պատրաստ եղեք,*+ վառ պահեք ձեր ճրագները,+ 36 ինչպես ծառաներ, որոնք սպասում են, թե երբ է իրենց տերը վերադառնալու+ հարսանիքից,+ որ երբ գա և դուռը թակի, անմիջապես բացեն նրա առաջ: 37 Երջանիկ են այն ծառաները, որոնք արթուն ու զգոն կլինեն, երբ տերը վերադառնա: Հաստատ ասում եմ. տերը փեշերը կհավաքի գոտու տակ,* սեղան կնստեցնի նրանց և սպասավորություն կանի: 38 Եթե տերը ուշ երեկոյան* կամ նույնիսկ կեսգիշերից հետո* էլ տեղ հասնի և նրանց պատրաստ գտնի, ապա երանի նրանց: 39 Մի բան հստակ է. եթե տանտերն իմանա, թե գիշերվա որ ժամին է գողը գալու, թույլ չի տա, որ իր տուն ներխուժեն:+ 40 Դուք էլ պատրաստ եղեք, որովհետև մարդու Որդին կգա այն ժամանակ, երբ ձեր կարծիքով՝ հավանական չէ»:+
41 Պետրոսն ասաց. «Տե՛ր, այդ օրինակը միայն մե՞զ է վերաբերում, թե՞ բոլորին»: 42 Տերն էլ ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն* տնտեսը,* որին տերը կնշանակի, որ իր բոլոր սպասավորներին* բավականաչափ կերակուր տա ճիշտ ժամանակին:+ 43 Երանի՜ այդ ծառային, եթե տերը նրան այդպես անելիս գտնի, երբ գա: 44 Հաստատ ասում եմ ձեզ. նա իր ողջ ունեցվածքը նրա վերահսկողությանը կհանձնի: 45 Բայց եթե երբևիցե այդ ծառան մտքում ասի՝ «Տերս ուշանում է», և սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, կերուխում անի ու հարբի,+ 46 ապա այն օրը, երբ այդ ծառան չի սպասում, և այն ժամին, որ չգիտի, նրա տերը կգա և նրան կպատժի ամենայն խստությամբ. նրան նույնը բաժին կընկնի, ինչ անհավատարիմներին: 47 Այդ ծառան, որը հասկացել էր, թե ինչ է տիրոջ կամքը, բայց պատրաստ չէր նրա գալուն և չէր արել նրա ասածը, ծեծի կարժանանա ու շատ հարվածներ կստանա:+ 48 Իսկ նա, ով առանց հասկանալու է ծեծի արժանի բաներ արել, քիչ հարվածներ կստանա: Ում շատ է տրվել, նրանից շատ կպահանջվի, և ում շատ բաներ են վստահվել, նրանից շատ բաներ էլ կպահանջվեն:+
49 Ես եկա, որ կրակ վառեմ երկրի վրա: Հիմա այն արդեն վառված է, դրանից ավել էլ ի՞նչ ուզեմ: 50 Ինձ մի մկրտություն է սպասում, և մինչև այն չավարտվի, ես ծանր ապրումների մեջ կլինեմ:+ 51 Կարծում եք՝ եկել եմ խաղաղությո՞ւն բերելու երկրի վրա: Ո՛չ, ասում եմ ձեզ, ոչ թե խաղաղություն, այլ բաժանում:+ 52 Այսուհետ ընտանիքում բաժանում կլինի. եթե հինգ հոգի լինեն, երեքը երկուսի դեմ դուրս կգան, և երկուսը՝ երեքի: 53 Հայրը որդու դեմ դուրս կգա, իսկ որդին՝ հոր, մայրը՝ աղջկա դեմ, իսկ աղջիկը՝ մոր, սկեսուրը՝ հարսի դեմ, իսկ հարսը՝ սկեսրոջ»:+
54 Հետո դիմելով ժողովրդին՝ Հիսուսն ասաց. «Երբ տեսնում եք, որ արևմուտքում ամպ է հայտնվել, իսկույն ասում եք՝ «Հորդառատ անձրև է լինելու», և այդպես էլ լինում է: 55 Կամ երբ տեսնում եք, որ հարավային քամի է փչում, ասում եք՝ «Շատ շոգ է լինելու», և լինում է: 56 Կեղծավորնե՛ր, երկնքի ու երկրի արտաքին երևույթներին նայելով՝ կարողանում եք դատողություններ անել, հապա ինչպե՞ս է, որ չգիտեք՝ ինչպես վերլուծել այս ժամանակների իրադարձությունների նշանակությունը:+ 57 Ինչո՞ւ դատողություններ չեք անում, որ հասկանաք՝ ինչ է հարկավոր անել: 58 Օրինակ, երբ ձեր դեմ դատական գործ բացած մեկի հետ գնում եք իշխանավորի մոտ, ճանապարհին պետք է ջանաք վեճը հարթել նրա հետ, որ հետո ձեզ չտանի դատավորի մոտ, այլապես դատավորը ձեզ կհանձնի դատավճիռն իրականացնողին, նա էլ ձեզ բանտ կգցի:+ 59 Ասում եմ ձեզ. այնտեղից դուրս չեք գա, քանի դեռ ձեր պարտքը չեք վճարել մինչև վերջին լուման»:*