16 Մարդն է կարգավորում իր մտքերը,
Բայց ճիշտ պատասխանը Եհովայից է:+
2 Մարդու աչքին իր բոլոր ճանապարհները ճիշտ են,+
Բայց Եհովան քննում է մղումները:+
3 Քո բոլոր գործերը Եհովային հանձնիր,+
Եվ քո ծրագրերը կհաջողվեն:
4 Եհովան ամեն ինչ ծառայեցնում է իր նպատակի իրագործման համար,
Նույնիսկ չարագործին, որը կործանվելու է աղետի օրը:+
5 Բոլոր նրանք, ովքեր հպարտ սիրտ ունեն, գարշելի են Եհովայի համար:+
Համոզվա՛ծ եղիր. նրանք անպատիժ չեն մնա:
6 Սերն ու հավատարմությունը քավում են մեղքը,+
Եվ Եհովայի հանդեպ վախը հեռու է պահում չարից:+
7 Երբ Եհովային հաճելի է մարդու բռնած ուղին,
Նա անգամ նրա թշնամիներին է հաշտեցնում նրա հետ:+
8 Ավելի լավ է քիչ ունենալ, բայց արդար լինել,+
Քան շատ ունենալ և անարդար լինել:+
9 Մարդը կարող է կշռադատել իր անելիքը,
Բայց նրա քայլերին ուղղություն տվողը Եհովան է:+
10 Թագավորը Աստծու առաջնորդության համաձայն պետք է որոշումներ կայացնի:+
Նա երբեք չպետք է անարդարությամբ դատի:+
11 Ճշգրիտ նժարն ու կշեռքը Եհովայինն են,
Պարկի միջի բոլոր կշռաքարերը նրանից են:+
12 Չարագործությունը գարշելի է թագավորների համար,+
Որովհետև գահն արդարությամբ է հաստատուն մնում:+
13 Ճիշտ խոսքը հաճելի է թագավորներին,
Նրանք սիրում են ազնվությամբ խոսողին:+
14 Թագավորի զայրույթը ասես մահվան պատգամաբեր լինի,+
Բայց իմաստուն մարդը հանդարտեցնում է այն:+
15 Թագավորի պայծառ դեմքը կյանք է,
Նրա բարեհաճությունը ասես անձրևային ամպ լինի գարնանը:+
16 Շատ ավելի լավ է իմաստություն ձեռք բերել, քան ոսկի,+
Հասկացողություն ունենալ, քան արծաթ:+
17 Ուղղամիտները հեռու են մնում սխալ ճանապարհից,
Եվ ով ուշադրություն է դարձնում իր քայլերին, պահպանում է իր կյանքը:+
18 Հպարտությունը նախորդում է կործանմանը,
Եվ գոռոզությունը՝ վայր ընկնելուն:+
19 Ավելի լավ է խոնարհ լինել հեզերի միջավայրում,+
Քան հպարտների ավարից բաժին ունենալ:
20 Ով որևէ հարցում խորաթափանցություն է դրսևորում, հաջողություն կունենա,
Եվ երջանիկ է նա, ով ապավինում է Եհովային:
21 Իմաստուն սիրտ ունեցողին հասկացող կկոչեն,+
Եվ բարի խոսքերը վստահություն են ներշնչում:+
22 Խորաթափանցությունը կյանքի աղբյուր է նրա համար, ով ունի այն,
Բայց հիմարները խրատվում են իրենց իսկ հիմարությամբ:
23 Իմաստունը ծանրութեթև անելով է ընտրում իր խոսքերը,+
Եվ նրա ասածը համոզիչ է հնչում:
24 Հաճելի խոսքերը մեղրախորիսխ են՝
Քաղցր են հոգու համար և բուժիչ՝ ոսկորների համար:+
25 Կա ճանապարհ, որ ճիշտ է թվում մարդու աչքին,
Բայց այն մահվան է տանում:+
26 Մարդու ախորժակը մղում է նրան տքնաջան աշխատել,
Որովհետև քաղցն է ստիպում նրան:+
27 Անպիտան մարդը չարիք է ծրագրում,+
Նրա խոսքերը ասես խանձող կրակ լինեն:+
28 Սադրիչ մարդը վեճ է գցում,+
Եվ զրպարտողը բաժանում է մտերիմ ընկերներին:+
29 Բռնարար մարդը հրապուրում է իր դրացուն
Եվ նրան չար ճանապարհով տանում:
30 Նա աչքով է անում, երբ չար բան է ծրագրում,
Եվ շուրթերը սեղմելով՝ իր նենգ մտադրություններն է իրագործում:
31 Ալևորությունը գեղեցիկ պսակ է,+
Եթե այն կրում է արդարության ճանապարհով քայլող մարդը:+
32 Նա, ով չի շտապում բարկանալ,+ հզոր մարդուց լավ է,
Եվ ինքնատիրապետում ունեցողը քաղաքը գրավողից է լավ:+
33 Հագուստի փեշի վրա վիճակ է գցվում,+
Բայց այդ միջոցով կայացված ամեն որոշում Եհովայից է:+