Կհաստատվեն քո ծրագրերը
ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒ Դավիթն իր հորինած երգում ասում է. «Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։ Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ կամաւոր հոգովը հաստատիր ինձ» (Սաղմոս 51։10, 12)։ Բերսաբեի հետ մեղք գործելուց հետո զղջացող Դավիթն այս խոսքերում աղերսում է Եհովա Աստծուն մաքրել իր սիրտը և մի այնպիսի ոգի, կամ՝ մտքի տրամադրվածություն տալ իրեն, որ նա անի այն, ինչ ճիշտ է։
Արդյոք Եհովան ստեղծո՞ւմ է մեր մեջ նոր սիրտ և տալի՞ս է նոր ու պատրաստակամ ոգի։ Արդյո՞ք սուրբ սիրտը այնպիսի մի բան է, որը մենք պետք է ձգտենք ձեռք բերել ու պահպանել։ «Սիրտերը քննողը Տէրն է», սակայն ի՞նչ չափով է նա միջամտում այն բանին, թե ինչ է տեղի ունենում մեր սրտերում (Առակաց 17։3; Երեմիա 17։10)։ Եվ ի՞նչ չափով է նա ազդեցություն գործում մեր կյանքի, մղումների ու գործերի վրա։
Ութ անգամ գործածելով Աստծու անունը՝ Առակաց 16–րդ գլխի առաջին ինը համարները ցույց են տալիս, թե մենք ինչպես կարող ենք թույլ տալ, որ Աստված առաջնորդի մեր կյանքն այնպես, որ «հաստատվեն մեր խորհուրդները [«ծրագրերը», ՆԱ]» (Առակաց 16։3)։ Իսկ 10–ից 15 համարները ուշադրություն են դարձնում այն բանի վրա, թե ինչ պարտականություններ ունի թագավորը, կամ՝ կառավարիչը։
«Սրտին ծրագիրները». ո՞վ է կազմում
«Սրտին ծրագիրները մարդուն կը վերաբերին»,— ասվում է Առակաց 16։1ա–ում (ԱԱ)։ Անշուշտ, «սրտին ծրագիրներ» կազմելը մե՛ր պարտականությունն է։ Եհովան մեր սիրտը հրաշքով չի պատրաստում և ոչ էլ մեզ պատրաստակամ ոգի է տալիս։ Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի իր Խոսքից՝ Աստվածաշնչից ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերենք, խորհրդածենք այն բանի շուրջ, ինչ սովորում ենք և մեր մտքերը ներդաշնակեցնենք նրա մտքերին (Առակաց 2։10, 11)։
Սակայն այն փաստը, որ Դավիթը «սուրբ սիրտ» և «ուղիղ հոգի» էր խնդրում, ցույց է տալիս, որ նա գիտակցում էր, որ հակված էր մեղք գործելու և իր սիրտը մաքրելու համար Աստծու օգնության կարիքն ուներ։ Լինելով անկատար՝ թերևս մենք էլ տրվենք «մարմնի գործերին» (Գաղատացիներ 5։19–21)։ Բայց որպեսզի «սպանենք [մեր] մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ», մենք Եհովայի օգնության կարիքն ունենք (Կողոսացիներ 3։5)։ Որքա՜ն կարևոր է, որ աղոթենք Եհովային օգնության համար, որպեսզի կարողանանք դիմագրավել փորձությունները և մեր սրտից հանենք մեղավոր հակումները։
Իսկ կարո՞ղ ենք ուրիշներին օգնել կազմելու իրենց սրտի «ծրագիրները»։ «Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է,— ասում է Աստվածաշունչը,— բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է» (Առակաց 12։18)։ Ո՞ր դեպքում է մեր լեզուն բուժում։ Միայն երբ «Տէրիցն է լեզուի պատասխանը», այսինքն՝ երբ մենք խոսում ենք աստվածաշնչյան ճշմարտությունները (Առակաց 16։1բ)։
«Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած»,— ասում է Աստվածաշունչը (Երեմիա 17։9)։ Մեր փոխաբերական սիրտը հակված է ինքն իրեն արդարացնելու և ինքն իրեն խաբելու։ Զգուշացնելով այս վտանգի մասին՝ հին Իսրայելի Սողոմոն թագավորն ասում է. «Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին. բայց Տէրն է հոգիները կշռողը» (Առակաց 16։2)։
Մեր անձի հանդեպ սերը կարող է մղել մեզ արդարացնելու մեր սխալները, թաքցնելու բնավորության անցանկալի կողմերը և անտեսելու վատ հակումները։ Սակայն Եհովային հնարավոր չէ խաբել։ Նա է «հոգիները կշռողը»։ Մարդու ոգին իր մտքի տրամադրվածությունն է և կապված է նրա սրտի հետ։ Լայն իմաստով՝ այն, թե ինչպիսին կլինի նրա ոգին, կախված է փոխաբերական սրտից, որը ներառում է մարդու մտքերը, զգացմունքներն ու մղումները։ «Սիրտերը քննողն» է ոգին «կշռում», իսկ նա աչառությամբ չի դատում։ Ուստի իմաստուն կլինենք, եթե պահպանենք մեր ոգին։
«Գցիր Տիրոջ վերայ քո գործերը»
Ծրագրեր կազմելու համար հարկավոր է մտածել՝ մի գործողություն, որը կապված է մեր սրտի հետ։ Ծրագրերին սովորաբար հաջորդում են գործերը։ Արդյոք մենք հաջողություն կունենա՞նք մեր գործերում։ Սողոմոնն ասում է. «Գցիր Տիրոջ վերայ քո գործերը, եւ կ’հաստատուին քո խորհուրդները [«ծրագրերը», ՆԱ]» (Առակաց 16։3)։ Եհովայի վրա մեր գործերը գցել նշանակում է վստահել և ապավինել նրան, նրա ղեկավարությանը ենթարկվել, այսպես ասած՝ թոթափել բեռը մեր ուսերի վրայից և դնել նրա ուսերին։ Սաղմոսերգուն երգեց. «Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. եւ նա կ’կատարէ» (Սաղմոս 37։5)։
Սակայն որպեսզի մեր ծրագրերն իրագործվեն, նրանք պետք է ներդաշնակ լինեն Աստծու Խոսքի հետ և լավ մղումներից ելնեն։ Ավելին, մենք պետք է աղոթենք Եհովային օգնության և աջակցության համար ու բարեխղճորեն մեր լավագույնը անենք աստվածաշնչյան խորհուրդներին հետևելու համար։ Հատկապես կարևոր է մեր բեռը Եհովայի վրա գցել, երբ բախվում ենք փորձությունների կամ դժվարությունների, որովհետև նա «խնամք կ’անէ մեզ»։ Իսկապես, «նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը» (Սաղմոս 55։22)։
«Տէրը ամէն բան իր նպատակին համար ստեղծեց»
Ուրիշ ի՞նչ օգուտ կունենանք, եթե մեր գործերը Եհովայի վրա գցենք։ «Տէրը ամէն բան իր նպատակին համար ստեղծեց»,— ասում է իմաստուն թագավորը (Առակաց 16։4ա, ԱԱ)։ Տիեզերքի Արարիչը նպատակների Աստված է։ Երբ մենք նրա վրա ենք գցում մեր գործերը, մեր կյանքը լցվում է իմաստով և զերծ է մնում ունայնությունից ու դատարկ բաներից։ Իսկ Եհովան հավիտենական նպատակ ունի երկրի և մարդկության առնչությամբ (Եփեսացիներ 3։11)։ Նա երկիրը ստեղծել է «բնակուելու համար» (Եսայիա 45։18)։ Եվ ինչ որ Եհովան ի սկզբանե նպատակադրել էր մարդկության համար, անպայման իրականություն կդառնա (Ծննդոց 1։28)։ Իր կյանքը ճշմարիտ Աստծուն նվիրած անհատը կապրի հավիտյան և իմաստալից կյանքով։
Եհովան «ամբարշտին էլ [ստեղծել է] չար օրուայ համար» (Առակաց 16։4)։ Նա չի ստեղծել ամբարիշտ մարդկանց, քանի որ «Աստուծոյ գործը կատարեալ է» (Բ Օրինաց 32։4)։ Սակայն Եհովան թույլ է տվել, որ նրանք գոյություն ունենան և շարունակեն ապրել այնքան ժամանակ, մինչև որ նա հարմար գտնի իր ահեղ դատաստանն իրագործել նրանց վրա։ Օրինակ՝ Եհովան Եգիպտոսի փարավոնին ասաց. «Հէնց սորա համար քեզ վեր կացրի, որ իմ զօրութիւնը քեզանով ցոյց տամ, եւ բոլոր երկրի մէջ իմ անունը պատմուի» (Ելից 9։16)։ Տասը պատուհասները և փարավոնի ու նրա զորքի կործանումը Կարմիր ծովում, իրոք որ, Աստծու անզուգական զորության անմոռանալի դրսևորումն էր։
Եհովան կարող է նաև հանգամանքներին այնպիսի ընթացք տալ, որ ամբարիշտները առանց գիտակցելու իր նպատակին ծառայեն։ Սաղմոսերգուն ասաց. «Մարդկանց բարկութիւնը քեզ համար փառք կ’դառնայ. աւելորդ բարկութիւնը [դու, Եհո՛վա,] գօտիի պէս կ’կապես» (Սաղմոս 76։10)։ Եհովան գուցե թույլ տա, որ իր թշնամիները իրենց բարկությունը թափեն իր ծառաների վրա, սակայն միայն այն չափով, որն անհրաժեշտ է իր ժողովրդին խրատելու և կրթելու համար։ Իսկ ավելորդ բարկությունը Եհովան վերցնում է իր վրա։
Մինչ Եհովան օգնում է իր խոնարհ ծառաներին, ի՞նչ կարելի է ասել հպարտ և գոռոզամիտ մարդկանց մասին։ «Բոլոր սրտով հպարտները Տէրոջը առջեւ պիղծ են,— ասում է Իսրայելի թագավորը,— ու թէեւ ձեռք ձեռքի տալով միաբանին, անպատիժ պիտի չմնան» (Առակաց 16։5, ԱԱ)։ «Ձեռք ձեռքի տալ» արտահայտությունը որոշակիության միտք է հաղորդում։ «Սրտով հպարտները» չեն կարող խուսափել պատժից։ Ուստի մեր կողմից իմաստուն կլինի խոնարհ ոգի զարգացնել՝ անկախ այն բանից, թե որքան գիտելիքներ ունենք, ինչ ընդունակությունների տեր ենք կամ ծառայության մեջ ինչ առանձնաշնորհումներ ունենք։
«Տիրոջ վախովը»
Քանի որ ծնված ենք մեղքի մեջ, հակված ենք սխալ գործելու (Հռոմեացիներ 3։23; 5։12)։ Ի՞նչը կօգնի մեզ խուսափել այնպիսի ծրագրեր կազմելուց, որոնք սխալ ընթացքի կառաջնորդեն մեզ։ Առակաց 16։6–ում ասվում է. «Ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ կ’քաւուի անօրէնութիւնը եւ Տիրոջ վախովը մարդ կ’հեռանայ չարիցը»։ Թեև իր ողորմությամբ, կամ՝ սիրառատ բարությամբ և ճշմարտությամբ Եհովան քավում է մեր մեղքերը, սակայն նրա հանդեպ վախն է, որ հեռու է պահում մեզ մեղք գործելուց։ Ուստի որքա՜ն կարևոր է, որ Աստծուն սիրելուց և նրա սիրառատ բարության համար երախտապարտ լինելուց բացի՝ վախ զարգացնենք նրա հանդեպ, որպեսզի տհաճություն չպատճառենք նրան։
Մեր սրտերում Աստծու հանդեպ վախ կզարգացնենք այն դեպքում, եթե ակնածանք ու հարգանք տածենք Եհովայի պատկառազդու զորության հանդեպ։ Մտածիր միայն, թե ինչպես է նրա զորությունը երևում ստեղծագործության մեջ։ Երբ ստեղծագործությունների միջոցով նահապետ Հոբին հիշեցվեց այն մասին, թե ինչ զորություն ունի Աստված, նա կարողացավ ուղղել իր մտածելակերպը (Յոբ 42։1–6)։ Նույնպես էլ մենք, երբ Աստվածաշնչում կարդում ենք, թե ինչպես է Եհովան վարվել մարդկանց հետ, և խորհում ենք մեր կարդացածի շուրջ, արդյոք դա չի՞ օգնում մեզ ուղղել մեր մտածելակերպը։ Սաղմոսերգուն երգեց. «Եկէք եւ տեսէք Աստուծոյ գործերը. նա ահաւոր է իր գործքերովը մարդկանց որդկանց վերայ» (Սաղմոս 66։5)։ Մենք չպետք է թեթևամտորեն վերաբերվենք Եհովայի սիրառատ բարությանը։ Երբ իսրայելացիները «ապստամբուեցին եւ բարկացրին նորա սուրբ հոգին, նա էլ նորանց թշնամի դառաւ, եւ ինքը պատերազմեց նորանց հետ» (Եսայիա 63։10)։ Սակայն «եթէ Տիրոջը հաճելի են մարդիս ճանապարհները, նաեւ նորա թշնամիներին կ’հաշտեցնէ նորա հետ» (Առակաց 16։7)։ Ինչպիսի՜ պաշտպանություն է մեզ համար Եհովայի հանդեպ վախը։
«Լաւ է քիչը արդարութիւնով, քան թէ շատ եկամուտներ՝ առանց իրաւունքի»,— ասում է իմաստուն թագավորը (Առակաց 16։8)։ Իսկ Առակաց 15։16–ում նշվում է. «Լաւ է քիչը Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձը՝ խռովութիւնով»։ Արդար կյանքով ապրելու համար, ինչ խոսք, անհրաժեշտ է Եհովայի հանդեպ ակնածալից վախ ունենալ։
«Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը»
Մարդը ստեղծված է ընտրելու ազատությամբ ու պարտականությամբ, ինչպես նաև ճիշտը սխալից տարբերելու կարողությամբ (Բ Օրինաց 30։19, 20)։ Մեր փոխաբերական սիրտը կարող է քննել և շատ տարբերակների միջից ընտրություն կատարել։ Նշելով, որ ընտրություն կատարելը մեր պարտականությունն է՝ Սողոմոնն ասում է. «Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը»։ Դա անելուց հետո «նորա քայլերը Տէրն է հաստատում» (Առակաց 16։9)։ Քանի որ Եհովան կարող է առաջնորդել մեր քայլերը, իմաստուն կլինենք, եթե նրա օգնությունը փնտրենք, որպեսզի հաստատվեն մեր ծրագրերը։
Ինչպես արդեն նշեցինք, մարդու սիրտը խորամանկ է և կարող է սխալ դատողություններ անել։ Օրինակ՝ անհատը կարող է մեղք գործել, իսկ նրա սիրտը գուցե հանգստացնի իրեն՝ արդարացումներ գտնելով։ Փոխանակ նա դադարի մեղք գործելուց՝ անհատը իրեն արդարացնելու համար կարող է պատճառաբանել, որ Աստված սիրող է, բարի, գթասիրտ և ներող։ Փաստորեն, այդպիսի մարդը իր սրտում ասում է. «Աստուած մոռացավ, իր երեսը թագցրեց. նա չի տեսնիլ իսպառ» (Սաղմոս 10։11)։ Ուստի սխալ է և վտանգավոր չարաշահել Աստծու գթասրտությունը։
«Իրաւացի կշռորդն ու կշիռը Տիրոջն է»
Այժմ Սողոմոնն իր ուշադրությունը դարձնում է թագավորի սրտի վիճակի և նրա գործերի վրա՝ ասելով. «Պատգամ կայ թագաւորի շրթունքների վերայ, թող չ’սխալուի նորա բերանը դատաստանում» (Առակաց 16։10)։ Դա, անշուշտ, ճշմարիտ կլինի գահակալված թագավոր Հիսուս Քրիստոսի պարագայում։ Երկրի վրա նրա իշխանությունը Աստծու կամքին ներդաշնակ կլինի։
Նշելով, թե իրականում ով է արդարության և իրավունքի աղբյուրը՝ իմաստուն թագավորն ասում է. «Իրաւացի կշռորդն ու կշիռը Տիրոջն է, նորա գործն են մախաղի բոլոր կշռաքարերը» (Առակաց 16։11)։ Թագավորը չէ, որ իր նախընտրությամբ պետք է որոշի արդարության չափանիշները. Եհովան է դրանք որոշողը։ Երբ երկրի վրա էր, Հիսուսն ասաց. «Ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել. ինչպես որ լսում եմ, այնպես եմ դատում, և այն դատաստանը, որով դատում եմ, արդար է, որովհետև ես ոչ թե իմ կամքն եմ փնտրում, այլ նրա կամքը, ով ուղարկեց ինձ»։ Մենք կարող ենք արդար դատ ակնկալել Հիսուսից, քանի որ Հայրը «ամեն դատ իր Որդուն է հանձնել» (Հովհաննես 5։22, 30)։
Ուրիշ ի՞նչ կարող ենք ակնկալել Եհովային ներկայացնող թագավորից։ «Թագաւորներին զզուելի է չարագործութիւնը,— ասում է Իսրայելի թագավորը,— որովհետեւ աթոռը արդարութիւնով կ’հաստատուի» (Առակաց 16։12)։ Մեսիական Թագավորությունը Աստծու արդար չափանիշներով է իշխելու։ Այն ոչ մի առնչություն չի ունենալու «անօրէնութեան աթոռի» հետ (Սաղմոս 94։20; Հովհաննես 18։36; 1 Հովհաննես 5։19)։
Ունենալ թագավորի հաճությունը
Ինչպե՞ս պետք է վարվեն փառահեղ թագավորի հպատակները։ Սողոմոնն ասում է. «Թագաւորներին հաճելի են արդար շրթունքները, եւ ճշմարտախօսին նորանք կ’սիրեն։ Թագաւորի բարկութիւնը մահուան հրեշտակ է. բայց իմաստուն մարդը նորան կ’մեղմացնէ» (Առակաց 16։13, 14)։ Այսօր Եհովայի երկրպագուները ուշադրություն են դարձնում այս խոսքերին և ակտիվորեն մասնակցում են Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին (Մատթեոս 24։14; 28։19, 20)։ Նրանք գիտեն, որ Մեսիական Թագավորին՝ Հիսուս Քրիստոսին, հաճելի է, երբ իրենք իրենց շրթունքները այդ գործի համար են օգտագործում։ Ինչ խոսք, իմաստուն քայլ էր չբարկացնել մարդկային հզոր թագավորին և փնտրել նրա հաճությունը։ Որքա՜ն ավելի իմաստուն կլինի, եթե այսօր Մեսիական Թագավորի հաճությունը փնտրենք։
«Թագաւորի երեսի զուարթութիւնը կեանք է,— շարունակում է Սողոմոնը,— եւ նորա հաճութիւնը վերջի անձրեւի ամպին նման» (Առակաց 16։15)։ Ինչպես «թագաւորի երեսի զուարթութիւնը» ցույց էր տալիս նրա հաճությունը, այնպես էլ Եհովայի «երեսի լոյսը» Աստծու հաճությունն է ցույց տալիս (Սաղմոս 44։3; 89։15)։ Ճիշտ ինչպես որ երկնքում կուտակված ամպերն են վկայում այն մասին, որ անձրև է գալու, ինչի շնորհիվ էլ բերքը հասնում է, այնպես էլ թագավորի հաճությունն է վկայում, որ բարիք է գալու։ Մեսիական Թագավորի իշխանության ներքո կյանքը լի կլինի օրհնություններով և կբարգավաճի, ինչպես որ փոքր մասշտաբով Սողոմոն թագավորի իշխանության օրոք էր (Սաղմոս 72։1–17)։
Մինչ սպասում ենք այն օրվան, երբ Աստծու Թագավորությունը իր իշխանությունը կիրագործի արևի տակ եղող ամեն բանի վրա, եկեք խնդրենք Եհովային, որ օգնի մեզ մաքրել մեր սրտերը։ Եկեք ապավինենք նրան և աստվածավախություն զարգացնենք մեր մեջ։ Միայն այդ դեպքում կարող ենք ամբողջությամբ համոզված լինել, որ կհաստատվեն մեր ծրագրերը (Առակաց 16։3, ՆԱ)։
[նկար 18–րդ էջի վրա]
Ի՞նչ առումով է Եհովան ստեղծել «ամբարշտին չար օրուայ համար»