Հովնան
1 Եհովան իր խոսքն ուղղեց Ամաթի որդի Հովնանին՝*+ ասելով. 2 «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե+ մեծ քաղաքը և ազդարարի՛ր, որ նրան դատաստան է սպասում, որովհետև տեսնում եմ, թե ինչ աստիճանի է հասել նրա չարությունը»:
3 Բայց Հովնանը որոշեց փախչել Եհովայից ու ճանապարհ ընկավ դեպի Թարսիս: Հասնելով Հոպպե՝ Թարսիս գնացող մի նավ գտավ: Նա վճարեց ուղեվարձը և նավ բարձրացավ, որ գնա Թարսիս՝ Եհովայից հեռու:
4 Որոշ ժամանակ անց Եհովան ուժգին քամի բարձրացրեց ծովի վրա, և ծովն այնպես փոթորկվեց, որ քիչ էր մնում՝ նավը խորտակվեր: 5 Ծովագնացները շատ վախեցան, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց օգնության կանչել իր աստծուն: Նրանք սկսեցին ծովը նետել նավի վրա եղած իրերը, որ այն թեթևացնեն:+ Իսկ Հովնանը իջել էր նավի ներքևի մասը, պառկել ու խոր քուն էր մտել: 6 Նավապետը մոտեցավ նրան ու ասաց. «Ի՞նչ ես քնել: Վե՛ր կաց, կանչի՛ր քո աստծուն: Միգուցե ճշմարիտ Աստված խղճա մեզ, ու մենք չկորչենք»:+
7 Հետո ծովագնացներն ասացին իրար. «Եկեք վիճակ* գցենք,+ որ իմանանք, թե ով է մեղավոր այս աղետի համար»: Նրանք վիճակ գցեցին, և այն Հովնանի վրա ընկավ:+ 8 Ուստի նրան ասացին. «Խնդրում ենք, ասա մեզ, թե ում մեղքով է այս աղետը եկել մեզ վրա: Ի՞նչ գործով ես զբաղվում, որտեղի՞ց ես եկել: Ո՞ր երկրից ես, ո՞ր ժողովրդից»:
9 Հովնանն էլ պատասխանեց. «Ես եբրայեցի եմ և պաշտում* եմ երկնքի Աստված* Եհովային՝ նրան, ով ստեղծել է ծովն ու ցամաքը»:
10 Դա լսելով՝ այդ մարդիկ ավելի շատ վախեցան ու ասացին. «Այդ ի՞նչ ես արել»: (Նրանք արդեն իմացել էին, որ նա Եհովայից է փախչում, որովհետև ասել էր այդ մասին): 11 Ծովն ավելի ու ավելի էր մոլեգնում, ուստի նրան հարցրին. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը հանդարտվի»: 12 Նա էլ պատասխանեց. «Վերցրեք ինձ ու ծովը գցեք, և այն կհանդարտվի, որովհետև գիտեմ, որ իմ պատճառով է այս ահեղ փոթորիկը ձեզ վրա հասել»: 13 Այնուամենայնիվ, այդ մարդիկ, ողջ ուժով թիավարելով,* փորձեցին նավը ափ հասցնել: Բայց այդպես էլ չկարողացան, քանի որ ծովը գնալով ավելի էր փոթորկվում:
14 Այդ ժամանակ, դիմելով Եհովային, նրանք բացականչեցին. «Եհո՜վա, խնդրո՜ւմ ենք, թույլ մի՛ տուր, որ կործանվենք այս մարդու պատճառով: Մեզ անմեղ մարդ սպանողներ* մի՛ համարիր ու հաշիվ մի՛ պահանջիր մեզանից, քանի որ այս ամենը քո կամքով է, ո՜վ Եհովա»: 15 Նրանք վերցրին Հովնանին ու ծովը գցեցին, և ծովը հանդարտվեց: 16 Սա տեսնելով՝ այդ մարդիկ Եհովայի հանդեպ ակնածալից վախով լցվեցին.+ նրանք զոհ մատուցեցին Եհովային ու երդումներ տվեցին:
17 Եհովան մի հսկայական ձուկ ուղարկեց, որ կուլ տա Հովնանին, և Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում մնաց:+