Հովհաննես
10 «Հաստատ ասում եմ ձեզ. ով ոչխարների փարախ մտնում է ոչ թե դռնով, այլ ուրիշ տեղով, նա գող է ու ավազակ:+ 2 Բայց ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է:+ 3 Դռնապանը բացում է դուռը հովվի համար,+ և ոչխարները լսում են նրա ձայնը:+ Նա անունով է կանչում իր ոչխարներին ու դուրս է տանում նրանց: 4 Երբ նա իր բոլոր ոչխարներին դուրս է տանում, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը: 5 Նրանք երբեք չեն գնա օտարի հետևից, այլ կփախչեն նրանից, որովհետև օտարի ձայնը չեն ճանաչում»: 6 Հիսուսին լսողները չհասկացան, թե նա ինչ նկատի ուներ, երբ արեց այս համեմատությունը:
7 Ուստի Հիսուսը դարձյալ ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. ես եմ այն դուռը, որով անցնում են ոչխարները:+ 8 Բոլոր նրանք, ովքեր եկան՝ ձևացնելով, թե ես եմ, գող են ու ավազակ, բայց ոչխարները չլսեցին նրանց: 9 Ես եմ դուռը. ով ինձնով ներս մտնի, կփրկվի: Նա ներս կմտնի, դուրս կգա և արոտավայր կգտնի:+ 10 Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և կործանելու նպատակով:+ Իսկ ես եկել եմ, որ նրանք կյանք ունենան՝ հավիտենական կյանք: 11 Ես եմ լավ հովիվը.+ լավ հովիվը իր կյանքը տալիս է իր ոչխարների համար:+ 12 Իսկ վարձկանը, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում, քանի որ նա հովիվ չէ, ու ոչխարներն էլ իրենը չեն: Գայլն էլ հափշտակում է նրանց, և հոտը ցրվում է: 13 Վարձկանի համար մեկ է, թե ինչ կպատահի ոչխարներին. չէ՞ որ նա ընդամենը վարձու աշխատող է: 14 Ես եմ լավ հովիվը. ես ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում,+ 15 ինչպես որ Հայրը ճանաչում է ինձ, և ես էլ ճանաչում եմ Հորը:+ Ես իմ կյանքը* տալիս եմ ոչխարների համար:+
16 Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն.+ նրանց էլ պետք է բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը: Այդպիսով բոլորը մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան:+ 17 Հայրը սիրում է ինձ,+ որովհետև ես իմ կյանքը տալիս եմ,+ որ դարձյալ ստանամ այն: 18 Ոչ ոք այն չի վերցնում ինձնից. ես ինքս եմ տալիս այն: Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ այն դարձյալ ստանալու:+ Այս պատվերը իմ Հորից եմ ստացել»:
19 Այս խոսքերի պատճառով հրեաների մեջ կրկին տարակարծություն եղավ:+ 20 Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի, խելագար է: Ինչո՞ւ եք լսում նրան»: 21 Մյուսներն էլ առարկում էին. «Դրանք դիվահարի խոսքեր չեն: Մի՞թե դևը կարող է բուժել կույրերին»:
22 Այդ ժամանակ Երուսաղեմում Նվիրման տոնն էր: Ձմեռ էր: 23 Հիսուսը տաճարում քայլում էր Սողոմոնի սյունասրահով:+ 24 Հրեաները շրջապատեցին նրան ու ասացին. «Մինչև ե՞րբ ես մեզ անորոշության մեջ պահելու: Եթե դու ես Քրիստոսը, պարզ ասա»: 25 Հիսուսն էլ պատասխանեց. «Ես ասացի ձեզ, բայց դուք չեք հավատում: Այն գործերը, որ անում եմ իմ Հոր անունով, դրանք են իմ մասին վկայում:+ 26 Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարները չեք:+ 27 Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, ու նրանք իմ հետևից են գալիս:+ 28 Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս.+ նրանք երբեք չեն կործանվի, ու ոչ ոք իմ ձեռքից չի հափշտակի նրանց:+ 29 Իմ Հոր տված ոչխարները ավելի թանկ են, քան մնացած բոլոր բաները, և ոչ ոք չի կարող հափշտակել նրանց Հոր ձեռքից:+ 30 Ես և Հայրը մի* ենք»:+
31 Հրեաները նորից քարեր վերցրին, որ քարկոծեն նրան: 32 Հիսուսն ասաց նրանց. «Ես Հոր անունից շատ բարի գործեր ցույց տվեցի ձեզ: Այդ գործերից ո՞ր մեկի համար եք ուզում ինձ քարկոծել»: 33 Նրանք պատասխանեցին. «Մենք ուզում ենք քեզ քարկոծել ոչ թե բարի գործի համար, այլ որ անարգում ես Աստծուն,+ որովհետև ինքդ մարդ լինելով՝ քեզ աստծու տեղ ես դնում»: 34 Հիսուսն էլ ասաց նրանց. «Մի՞թե ձեր Օրենքում գրված չէ. «Ես ասել եմ. «Դուք աստվածներ եք»»:*+ 35 Աստված «աստվածներ»+ է կոչել նրանց, ում իր խոսքը դատապարտել է (և հնարավոր չէ, որ սուրբ գրքերում գրվածը անվավեր դառնա):* 36 Իսկ ես ասացի, որ Աստծու Որդին եմ: Ուրեմն ինչո՞ւ եք ինձ, ում Հայրը սուրբ է դարձրել և ուղարկել է աշխարհ, մեղադրում Աստծուն անարգելու մեջ:+ 37 Եթե ես չեմ անում իմ Հոր գործերը, մի՛ հավատացեք ինձ, 38 բայց եթե անում եմ, անգամ եթե ինձ չեք հավատում, գոնե այդ գործերին հավատացեք,+ որպեսզի իմանաք և ավելի պարզ հասկանաք, որ Հայրը միասնության մեջ է ինձ հետ, և ես էլ միասնության մեջ եմ Հոր հետ»:+ 39 Եվ նրանք կրկին փորձեցին բռնել նրան, բայց նա փախավ նրանցից:
40 Հիսուսը դարձյալ Հորդանանի մյուս կողմն անցավ՝ այն վայրը, որտեղ առաջ Հովհաննեսը մկրտում էր,+ և մնաց այնտեղ: 41 Շատ մարդիկ եկան նրա մոտ: Նրանք իրար ասում էին. «Հովհաննեսը ոչ մի հրաշք չգործեց, բայց այս մարդու մասին նրա բոլոր ասածները ճիշտ են»:+ 42 Եվ շատերը հավատացին նրան: