2 Սամուել
17 Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Թույլ տուր՝ 12 000 մարդ ընտրեմ ու այս գիշեր հետապնդեմ Դավթին: 2 Երբ նա հոգնած և ուժասպառ եղած լինի,*+ կհարձակվեմ նրա վրա և խուճապի մեջ կգցեմ: Թագավորի մարդիկ կփախչեն, ու ես միայն նրան կսպանեմ:+ 3 Նրա բոլոր մարդկանց քո կողմը կդարձնեմ: Երբ չլինի նա, ում փնտրում ես, այդ ժամանակ ողջ ժողովուրդը հետ կդառնա, ու բոլորը կխաղաղվեն»: 4 Այս խոսքերը դուր եկան Աբիսողոմին ու Իսրայելի երեցներին:
5 Սակայն Աբիսողոմն ասաց. «Արաքացի Քուսիին+ էլ կանչեք, որ լսենք, թե նա՛ ինչ կասի»: 6 Երբ Քուսին եկավ, Աբիսողոմն ասաց նրան. «Աքիտոփելն այսպիսի խորհուրդ է տվել: Նրա ասածի պե՞ս անենք: Եթե ոչ, դու ինքդ խորհուրդ տուր»: 7 Քուսին պատասխանեց Աբիսողոմին. «Աքիտոփելի խորհուրդը այս անգամ լավը չէ»:+
8 Քուսին ավելացրեց. «Դու շատ լավ գիտես, որ հայրդ և նրա մարդիկ զորեղ են+ ու ցասումով լցված, ինչպես իր ձագերին կորցրած արջը:+ Բացի այդ՝ հայրդ ռազմիկ է,+ և նա չի գիշերի ժողովրդի հետ: 9 Հիմա Դավիթը թաքնված է որևէ քարայրում* կամ մեկ ուրիշ տեղ:+ Եթե նա առաջինը հարձակվի, այդ մասին լսողները կասեն. «Աբիսողոմի աջակիցները պարտություն են կրել»: 10 Նույնիսկ քաջարի մարդը՝ նա, ով առյուծի սիրտ ունի,+ վախից կդողա, որովհետև ողջ Իսրայելը գիտի, որ հայրդ ուժեղ մարդ է,+ և նրա մարդիկ քաջ են: 11 Սա է իմ խորհուրդը. ծովեզերքի ավազահատիկների չափ շատ մարդ հավաքիր՝+ ամբողջ Իսրայելին՝ Դանից մինչև Բերսաբեե,+ և նրանց կռվի առաջնորդիր: 12 Որտեղ էլ որ գտնենք Դավթին, կհարձակվենք նրա վրա այնպես, ինչպես ցողն է իջնում գետնի վրա, և ոչ ոք չի փրկվի՝ ո՛չ նա, ո՛չ էլ նրա մարդկանցից որևէ մեկը: 13 Իսկ եթե նա նահանջի ու մի որևէ քաղաք մտնի, մենք ողջ Իսրայելի հետ կգնանք ու կքանդենք քաղաքը և պարաններով քարերը քարշ կտանք հովիտ. այնտեղ մի մանր քար էլ չի մնա»:
14 Այդ ժամանակ Աբիսողոմն ու բոլոր իսրայելացիներն ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդը Աքիտոփելի խորհրդից լավն է»:+ Բանն այն է, որ Եհովան վճռել էր խափանել Աքիտոփելի ողջամիտ խորհուրդը,+ որպեսզի Եհովան աղետ բերեր Աբիսողոմի վրա:+
15 Դրանից հետո Քուսին Սադոկ և Աբիաթար+ քահանաներին հայտնեց, թե Աքիտոփելը ինչ խորհուրդ է տվել Աբիսողոմին ու Իսրայելի երեցներին, և թե ինքը ինչ խորհուրդ է տվել: 16 Նաև ասաց. «Շտապ լուր ուղարկեք Դավթին ու նախազգուշացրեք. «Այս գիշեր մի՛ մնա տափաստանում՝* Հորդանանի ծանծաղուտների մոտ, այլ անցիր գետի մյուս կողմը, այլապես դու, ո՛վ թագավոր, և քո մարդիկ կկործանվեք»»:+
17 Հովնաթանն+ ու Աքիմաասը+ Ենռոգելի մոտ էին.+ նրանք չէին համարձակվում քաղաք մտնել, որպեսզի ոչ ոք չտեսներ իրենց: Այդ ժամանակ մի աղախին եկավ ու նրանց հաղորդեց նախազգուշացումը: Նրանք էլ գնացին, որ հայտնեն Դավիթ թագավորին: 18 Սակայն մի երիտասարդ տեսավ նրանց ու այդ մասին հայտնեց Աբիսողոմին: Հովնաթանն ու Աքիմաասը շտապ հեռացան ու գնացին Բահուրիմ՝+ մի մարդու տուն, որն իր բակում ջրհոր ուներ: Նրանք թաքնվեցին ջրհորում: 19 Այդ մարդու կինը մի ծածկոց փռեց ջրհորի բերանին և վրան մանրացված հացահատիկ լցրեց. ոչ ոք ոչինչ չնկատեց: 20 Աբիսողոմի ծառաները եկան այդ կնոջ տուն ու հարցրին. «Որտե՞ղ են Աքիմաասն ու Հովնաթանը»: Կինը պատասխանեց. «Գետի կողմը գնացին»:+ Ծառաները փնտրեցին նրանց, բայց չգտան, ուստի վերադարձան Երուսաղեմ:
21 Նրանց գնալուց հետո Հովնաթանն ու Աքիմաասը դուրս եկան ջրհորից և գնացին Դավիթ թագավորի մոտ: Նրանք հայտնեցին, թե ինչ խորհուրդ է տվել Աքիտոփելը, և ասացին. «Վեր կացեք ու շտապ անցեք գետը»:+ 22 Դավիթն ու իր բոլոր մարդիկ իսկույն վեր կացան ու անցան Հորդանանը: Նախքան կլուսանար, բոլորը անցան գետը:
23 Երբ Աքիտոփելը տեսավ, որ իր խորհրդին չհետևեցին, մի էշ թամբեց, հեծավ և ճանապարհ ընկավ դեպի իր քաղաք՝ իր տուն:+ Նա ընտանիքի անդամներին ցուցումներ տվեց,+ ապա գնաց ու կախվեց:+ Նրան թաղեցին իր նախահայրերի գերեզմանում:
24 Այդ ընթացքում Դավիթը գնաց Մանայիմ,+ իսկ Աբիսողոմն ու նրան աջակցող բոլոր իսրայելացիներն անցան Հորդանանը: 25 Աբիսողոմը Հովաբի փոխարեն+ Ամեսային+ նշանակեց զորքի հրամանատար: Ամեսայի ծնողներն էին Եթրան՝ մի իսրայելացի, և Աբիգեան,+ որը Նաասի դուստրն էր և Հովաբի մոր՝ Շարուհեայի քույրը: 26 Աբիսողոմը իսրայելացիների հետ բանակ դրեց Գաղաադում:+
27 Երբ Դավիթը գնաց Մանայիմ, Սոբին, որը ամմոնացիների Ռաբա+ քաղաքից Նաասի որդին էր, լադաբարցի Մաքիրը՝+ Ամիելի որդին, և գաղաադցի Բերզելին,+ որը Ռոգելիմից էր, 28 բերեցին անկողիններ, տաշտեր, կավե անոթներ, ցորեն, գարի, ալյուր, բոված հացահատիկ, բակլա, ոսպ, բոված ընդեղեն, 29 մեղր, կարագ, ոչխարներ և պանիր:* Նրանք այդ ամենը բերեցին Դավթի ու նրա մարդկանց համար,+ որովհետև ասացին. «Մարդիկ տափաստանում հոգնած են, սոված ու ծարավ»:+