Ղուկաս
19 Հետո Հիսուսը մտավ Երիքով, որ անցնի դրա միջով: 2 Այնտեղ Զաքեոս անունով մի հարուստ մարդ կար, որը հարկահավաքների պետերից էր: 3 Նա շատ էր ուզում տեսնել Հիսուսին, բայց չէր կարողանում, քանի որ Հիսուսի շուրջը մեծ բազմություն էր հավաքված, իսկ ինքը կարճահասակ էր: 4 Ուստի բոլորից առաջ ընկնելով՝ վազեց, բարձրացավ մի ժանտաթզենու վրա, որպեսզի կարողանա տեսնել Հիսուսին, որն անցնելու էր այդ կողմով: 5 Երբ Հիսուսը հասավ այդտեղ, վեր նայեց ու ասաց. «Զաքեո՛ս, շո՛ւտ արա, ցա՛ծ իջիր. այսօր քո տանն եմ մնալու»: 6 Նա էլ շուտ ցած իջավ և ուրախությամբ ընդունեց նրան իր տուն: 7 Դա տեսնելով՝ մարդիկ սկսեցին փնթփնթալ. «Մեղսագործ մարդու տանն է հյուրընկալվել»:+ 8 Եվ ահա Զաքեոսը վեր կացավ ու Տիրոջն ասաց. «Տե՛ր, ունեցվածքիս կեսը կտամ աղքատներին և ինչ էլ որ շորթել եմ* որևէ մեկից, քառապատիկը կվերադարձնեմ»:+ 9 Նրա խոսքերը լսելով՝ Հիսուսն ասաց. «Այսօր Աստված փրկություն բերեց այս մարդու տուն. նա էլ է Աբրահամի որդի: 10 Այո՛, մարդու Որդին եկել է կորածներին փնտրելու և փրկելու»:+
11 Մինչ աշակերտները լսում էին Հիսուսի ասածները, նա մի առակ պատմեց, քանի որ նրանք կարծում էին, թե երբ հասնեն Երուսաղեմ, Աստծու թագավորությունն անմիջապես կգա:+ 12 Հիսուսն ասաց. «Մի ազնվատոհմ մարդ մեկնեց հեռավոր երկիր,+ որ թագավորական իշխանություն ստանա ու վերադառնա: 13 Կանչելով իր տասը ծառաներին՝ նրանց տասը մնաս* տվեց ու ասաց. «Գործի մեջ դրեք, մինչև որ գամ»:+ 14 Նրա համաքաղաքացիները ատում էին նրան, ուստի նրա հետևից մի խումբ պատգամաբերներ ուղարկեցին այնտեղ՝ ասելու. «Մենք չենք ուզում, որ այդ մարդը մեր թագավորը լինի»:
15 Ի վերջո երբ այդ մարդը, թագավորական իշխանություն ստացած, վերադարձավ, իր մոտ կանչեց ծառաներին, որոնց արծաթադրամ էր տվել, որ պարզի, թե գործի մեջ դնելով՝ ինչ շահույթ են ստացել:+ 16 Առաջինը ներկայացավ ու ասաց. «Տե՛ր, քո տված մեկ մնասով ևս տասը վաստակեցի»:+ 17 Նա էլ ասաց. «Ապրե՛ս, իմ լա՛վ ծառա: Քանի որ շատ փոքր հարցում փաստեցիր, որ վստահելի ես, քեզ իշխանություն եմ տալիս տասը քաղաքների վրա»:+ 18 Ապա երկրորդը եկավ ու ասաց. «Տե՛ր, քո տված մնասով ևս հինգը վաստակեցի»:+ 19 Թագավորը նրան ասաց. «Քեզ էլ հինգ քաղաքների վրա եմ իշխանություն տալիս»: 20 Հետո մյուսը եկավ ու ասաց. «Տե՛ր, ահա քո տված մնասը. ես այն շորի մեջ փաթաթել ու թաքցրել էի: 21 Ես վախենում էի քեզնից, քանի որ դու խիստ մարդ ես: Վերցնում ես այն, ինչը չես ներդրել, և հնձում ես այն, ինչը չես ցանել»:+ 22 Թագավորն ասաց. «Քո խոսքերը հենց քո դեմ կօգտագործեմ ու կդատապարտեմ քեզ, չա՛ր ծառա: Դե եթե մտածում ես, որ խիստ մարդ եմ, վերցնում եմ այն, ինչը չեմ ներդրել, և հնձում եմ այն, ինչը չեմ ցանել,+ 23 ուրեմն ինչո՞ւ իմ փողը չդրեցիր շրջանառության մեջ,* որ երբ գայի, տոկոսով այն հետ ստանայի»:
24 Եվ իր մոտ կանգնածներին կարգադրեց. «Նրանից վերցրեք մնասը և տվեք տասը մնաս ունեցողին»:+ 25 Բայց նրանք ասացին. «Տե՛ր, նա արդեն տասն ունի»: 26 Նա պատասխանեց. «Ասում եմ ձեզ. ով ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով գրեթե չունի, նույնիսկ նրա մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից:+ 27 Իսկ հիմա այստեղ բերեք իմ այն թշնամիներին, ովքեր չէին ուզում՝ իրենց թագավորը լինեմ, և սպանեք նրանց իմ առաջ»»:
28 Այս ամենի մասին խոսելուց հետո Հիսուսը շարունակեց ճանապարհը դեպի Երուսաղեմ: 29 Երբ արդեն մոտեցել էր Բեթփագե ու Բեթանիա գյուղերին, որոնք գտնվում էին Ձիթենյաց լեռան+ վրա, աշակերտներից երկուսին ուղարկեց՝+ 30 ասելով. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի քուռակ* կտեսնեք կապված, որի վրա մարդ չի նստել: Արձակեք դրան ու բերեք այստեղ: 31 Իսկ եթե ինչ-որ մեկը հարցնի ձեզ՝ «Ինչո՞ւ եք արձակում», ասեք՝ «Տիրոջը պետք է»»: 32 Աշակերտներն էլ գնացին ու գտան քուռակին, ինչպես որ Հիսուսն ասել էր:+ 33 Երբ արձակում էին քուռակին, դրա տերերը հարցրին նրանց. «Ինչո՞ւ եք արձակում»: 34 Աշակերտներն էլ պատասխանեցին. «Տիրոջը պետք է»: 35 Եվ այսպես՝ քուռակը բերեցին Հիսուսի մոտ, իրենց վերնահագուստները գցեցին դրա վրա, և նա հեծավ այն:+
36 Մինչ Հիսուսը առաջ էր գնում, մարդիկ ճանապարհի վրա փռում էին իրենց վերնահագուստները:+ 37 Հենց որ նա մոտեցավ Ձիթենյաց լեռից դեպի ներքև տանող ճանապարհին, աշակերտների մեծ բազմությունը սկսեց ուրախությամբ ու բարձր ձայնով գովաբանել Աստծուն իրենց տեսած բոլոր զորավոր գործերի համար: 38 Նրանք ասում էին. «Օրհնյա՜լ է Եհովայի* անունով եկող Թագավորը: Խաղաղությո՜ւն երկնքում: Փա՜ռք բարձունքներում բնակվողին»:+ 39 Սակայն բազմության մեջ եղող փարիսեցիներից ոմանք ասացին Հիսուսին. «Ուսուցի՛չ, սաստիր աշակերտներիդ»:+ 40 Իսկ նա պատասխանեց. «Ասում եմ ձեզ. եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն»:
41 Երբ Հիսուսը մոտեցավ Երուսաղեմին, նայեց այդ քաղաքին ու լաց եղավ:+ 42 Նա ասաց. «Երանի՜ թե այսօր հասկանայիր, թե ինչն է տանում խաղաղության... բայց հիմա աչքերդ փակ են:*+ 43 Օրեր կգան, երբ թշնամիներդ քո շուրջը սրածայր գերաններով պատնեշ կկանգնեցնեն ու ամեն կողմից քեզ կպաշարեն,*+ 44 հիմնահատակ կավերեն քեզ ու կկործանեն զավակներիդ:+ Քարը քարի վրա չի մնա այստեղ, որովհետև դու չհասկացար, որ եկել է քեզ ստուգելու ժամանակը»:+
45 Այնուհետև Հիսուսը տաճար մտավ ու սկսեց այնտեղից վռնդել առուծախ անողներին՝+ 46 ասելով. «Գրված է՝ «Իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն»,+ բայց դուք այն ավազակների որջ եք դարձրել»:+
47 Նա ամեն օր ուսուցանում էր տաճարում: Իսկ ավագ քահանաները, Օրենքի ուսուցիչներն* ու ժողովրդի միջի ազդեցիկ մարդիկ ուզում էին սպանել նրան,+ 48 սակայն չգիտեին՝ ինչպես դա անեն, որովհետև մարդիկ, ցանկանալով լսել նրան, մի քայլ անգամ չէին հեռանում նրանից:+