1 Թագավորներ
4 Սողոմոն թագավորը իշխում էր ամբողջ Իսրայելի վրա:+ 2 Նրա բարձրաստիճան պաշտոնյաներն* էին Ազարիան՝ Սադոկի+ որդին, որը քահանա* էր, 3 Ելիքորեփն ու Աքիան՝ Սիսայի որդիները, որոնք քարտուղարներ էին,+ Հովսափատը՝+ Աքիլուդի որդին, որը տարեգիրն էր, 4 Բանեան՝+ Հովիադայի որդին, որը զորքի հրամանատարն էր, Սադոկն ու Աբիաթարը,+ որոնք քահանաներ էին, 5 Ազարիան՝ Նաթանի+ որդին, որը փոխկառավարիչների վերակացուն էր, Զաբուդը՝ Նաթանի որդին, որը քահանա էր և թագավորի ընկերն էր,+ 6 Աքիսարը, որը պալատի վերակացուն էր, և Ադոնիրամը՝+ Աբդայի որդին, որը հարկադիր աշխատանք կատարողների վերակացուն էր:+
7 Սողոմոնը ամբողջ Իսրայելում 12 փոխկառավարիչ ուներ, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս ուտելիք էր մատակարարում թագավորին ու արքունիքին:+ 8 Այդ փոխկառավարիչներն էին Հուրի որդին՝ նշանակված Եփրեմի լեռնային շրջանում, 9 Դակարի որդին՝ Մաքասում, Սալաբիմում,+ Բեթսամյուսում ու Ելոն-Բեթանանում, 10 Եսեդի որդին՝ Արաբոթում (նրա վերահսկողության տակ էին Սոքովն ու Օֆերի ամբողջ շրջանը), 11 Աբինադաբի որդին՝ Դորի ողջ բարձրավանդակում (Սողոմոնի դուստրը՝ Տաֆաթը, դարձավ նրա կինը), 12 Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքում, Մեգիդոյում+ և ամբողջ Բեթ-Սեանում,+ որը Սարթանի կողքին է՝ Հեզրայելից ներքև, Բեթ-Սեանից մինչև Աբել-Մաուլա և Հեկմամի+ շրջանը, 13 Գաբերի որդին՝ Ռամոթ-Գաղաադում+ (նրա վերահսկողության տակ էին Մանասեի որդու՝ Հայիրի+ վրանաշեն ավանները, որոնք Գաղաադում են.+ նա վերահսկում էր նաև Բասանում+ գտնվող Արգոբի շրջանը՝+ պարսպապատ 60 մեծ քաղաքներ՝ պղնձե նիգերով* կողպվող դարպասներով), 14 Ադդովի որդի Աքինադաբը՝ Մանայիմում,+ 15 Աքիմաասը՝ Նեփթաղիմում (նա կնության առավ Սողոմոնի դուստր Բասեմաթին), 16 Քուսի որդի Բաանան՝ Ասերում ու Բաալոթում, 17 Փարուայի որդի Հովսափատը՝ Իսաքարում, 18 Էլայի որդի Սեմեին՝+ Բենիամինում,+ 19 Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադում՝+ ամորհացիների Սեհոն+ թագավորի և Բասանի Օգ+ թագավորի երկրում: Երկրի այս բոլոր փոխկառավարիչներին վերահսկում էր մեկ այլ փոխկառավարիչ:
20 Հուդայի և Իսրայելի ժողովուրդը ծովեզերքի ավազահատիկների չափ մեծաթիվ էր.+ նրանք ուտում, խմում և ուրախանում էին:+
21 Սողոմոնը իշխում էր բոլոր թագավորությունների վրա՝ Եփրատից*+ մինչև փղշտացիների երկիրը և Եգիպտոսի սահմանը: Դրանք տուրք էին վճարում* Սողոմոնին և ծառայում էին նրան իր ողջ կյանքի ընթացքում:+
22 Յուրաքանչյուր օրվա համար Սողոմոնին մատակարարվում էր 30 քոռ* մանր աղացած* և 60 քոռ* սովորական ալյուր, 23 ախոռում կերակրված 10 խոշոր եղջերավոր անասուն, արոտավայրում արածած 20 խոշոր եղջերավոր անասուն, 100 ոչխար՝ չհաշված եղջերուները, այծեղջերուները, այծյամները և գիրացված կկուները: 24 Սողոմոնը իշխում էր Եփրատի*+ այս կողմում* գտնվող ողջ տարածքի վրա՝ Թափսայից մինչև Գազա:+ Նրան էին ենթարկվում գետի այս կողմում իշխող բոլոր թագավորները: Նա շրջակա բոլոր ազգերի հետ խաղաղ հարաբերություններ ուներ:+ 25 Սողոմոնի թագավորության ընթացքում Հուդայի և Իսրայելի բնակիչները Դանից մինչև Բերսաբեե ապահով էին ապրում. ամեն մեկը նստում էր իր խաղողի վազի և իր թզենու տակ:
26 Սողոմոնը 4 000* ախոռ ուներ, որոնք նախատեսված էին իր կառքերին լծվող ձիերի համար, ինչպես նաև 12 000 ձի:*+
27 Փոխկառավարիչներից յուրաքանչյուրն իր ամսին ուտելիք էր մատակարարում Սողոմոն թագավորին ու բոլոր նրանց, ովքեր հաց էին ուտում նրա սեղանից, և հոգ էր տանում, որ ոչ մի բանի պակասություն չլինի:+ 28 Նաև կառքերին լծվող ձիերի և մյուս ձիերի համար նրանք գարի ու հարդ* էին տանում այնտեղ, որտեղ կարիք կար. ամեն մեկը տանում էր իրեն հանձնարարվածի չափով:
29 Աստված Սողոմոնին հասկացող սիրտ* և ծովեզերքի ավազահատիկների չափ շատ իմաստություն ու խորաթափանցություն տվեց:+ 30 Սողոմոնի իմաստությունը գերազանցում էր բոլոր արևելցիների ու եգիպտացիների ողջ իմաստությունը:+ 31 Նա մյուս բոլոր մարդկանցից ավելի իմաստուն էր: Ավելի իմաստուն էր, քան Մավուլի որդիները՝ Եզրահյան Եթանը,+ Եմանը,+ Քալքոլը+ և Դարդան: Նրա համբավը տարածվեց շրջակա բոլոր ազգերի մեջ:+ 32 Սողոմոնը 3 000 առակ+ և 1 005 երգ հորինեց:+ 33 Նա խոսեց բույսերի* մասին՝ սկսած Լիբանանի մայրուց մինչև պատի վրա աճող զոպան,*+ խոսեց կենդանիների,+ թռչունների,*+ զեռունների*+ ու ձկների մասին: 34 Բոլոր ազգերից մարդիկ գալիս էին լսելու Սողոմոնի իմաստությունը, այդ թվում՝ երկրի բոլոր թագավորները, որոնք լսել էին նրա իմաստության մասին:+