Եհովան ուխտերի Աստված է
«Իսրայէլի տան հետ եւ Յուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ» (Երեմիա 31։31)։
1, 2. ա) Մ.թ. 33–ի նիսանի 14–ի երեկոյան ի՞նչ տոնակատարություն սահմանեց Հիսուսը։ բ) Իր մահվան հետ կապ ունեցող ի՞նչ ուխտի մասին հիշատակեց Հիսուսը։
ՆԻՍԱՆԻ տասնչորսի երեկոյան Հիսուսն իր տասներկու առաքյալների հետ միասին տոնեց Պասեքը։ Իմանալով, որ դա իր վերջին ճաշկերույթն է նրանց հետ և որ շուտով պիտի սպանվի իր թշնամիների կողմից՝ Հիսուսն առիթն օգտագործեց իր ամենամոտ աշակերտներին բազում կարևոր խնդիրներ բացատրելու համար (Յովհաննէս 13։1—17։26)։
2 Հենց այդ ժամանակ էր, որ Հիսուսը Հուդա Իսկարիովտացուն արձակելուց հետո սահմանեց քրիստոնյաներին պատվիրած միակ կրոնական տարեկան տոնակատարությունը՝ իր մահվան Հիշատակի օրը։ Արձանագրությունն ասում է. «Մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»։ Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար» (Մատթէոս 26։26—28)։ Նրա հետևորդներն իր մահվան հիշատակը պետք է հավերժացնեին պարզ, սակայն արժանի ձևով։ Այդ երեկո Հիսուսը, խոսելով իր մահվան մասին, մի ուխտ հիշատակեց։ Ղուկասի արձանագրության մեջ այդ ուխտը կոչվել է «նոր ուխտ» (Ղուկաս 22։20)։
3. Ուխտի հետ կապված ի՞նչ հարցեր են առաջ գալիս։
3 Ի՞նչ է իրենից ներկայացնում նոր ուխտը։ Եթե դա նոր ուխտ է, նշանակո՞ւմ է արդյոք, որ գոյություն ունի նաև հինը։ Դրա հետ առնչություն ունեցող այլ ուխտեր եղե՞լ են։ Սրանք կարևոր հարցեր են, քանի որ, ըստ Հիսուսի, ուխտի արյունը պիտի թափվեր «մեղքերի թողութեան համար»։ Իսկ մենք բոլորս, մեր հուսահատ վիճակից ելնելով, զգում ենք այդ թողության խիստ անհրաժեշտությունը (Հռովմայեցիս 3։23)։
Ուխտ Աբրահամի հետ
4. Ո՞ր վաղեմի խոստումն է մեզ օգնում ըմբռնել նոր ուխտի իմաստը։
4 Նոր ուխտի գաղափարն ըմբռնելու համար մեզ հարկավոր է դիմել անցյալին՝ Հիսուսի երկրային ծառայությունից գրեթե երկու հազար տարի ետ գնալով դեպի այն ժամանակը, երբ Թարան իր ընտանիքով՝ Աբրամի (հետագայում՝ Աբրահամ) և նրա կնոջ՝ Սարայի (հետագայում՝ Սարրա) հետ միասին քաղդեացիների բարգավաճ Ուր քաղաքից չվեցին դեպի Խառան՝ Միջագետքի հյուսիս։ Նրանք մնացին այնտեղ մինչև Թարայի մահը։ Ապա, Եհովայի հրամանով, յոթանասունհինգամյա Աբրահամն անցավ Եփրատ գետը և ճանապարհվեց հարավ–արևմուտք՝ Քանանի երկիրը՝ քոչվոր կյանք վարելով վրաններում (Ծննդոց 11։31–12։1, 4, 5; Գործք 7։2–5)։ Դա մ.թ.ա. 1943–ին էր։ Երբ Աբրահամը դեռ Խառանում էր, Եհովան ասաց նրան. «Ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կ’լինիս։ Եւ քեզ օրհնողներին կ’օրհնեմ եւ քեզ անիծողներին կ’անիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կ’օրհնուին»։ Ավելի ուշ, երբ Աբրահամն արդեն Քանանում էր, Եհովան ավելացրեց. «Քո սերունդին պիտի տամ այս երկիրը» (Ծննդոց 12։2, 3, 7)։
5. Ո՞ր պատմական մարգարեության հետ է կապակցված Աբրահամին տված Եհովայի խոստումը։
5 Աբրահամին տված այդ խոստումը կապված էր Եհովայի մեկ այլ խոստման հետ։ Ինչ խոսք, Աբրահամը դրանով պատմության մեջ մտավ որպես կարկառուն դեմք՝ դառնալով արձանագրված մարգարեություններից առաջինի կատարման կապակցող օղակը։ Եդեմի պարտեզում Ադամի ու Եվայի մեղանչելուց հետո Եհովան հայտարարեց իր դատավճիռը նրանց դեմ, ապա դիմեց Եվային մոլորեցնող Սատանային՝ ասելով. «Թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։ Աբրահամի հետ կապած Եհովայի ուխտը ցույց էր տալիս, որ հենց այդ նահապետի տոհմից էր գալու Սերունդը, որի միջոցով պիտի խորտակվեին Սատանայի գործերը։
6. ա) Ո՞ւմ միջոցով պետք է կատարվեր Աբրահամին տված Եհովայի խոստումը։ բ) Ի՞նչ է իրենից ներկայացնում աբրահամական ուխտը։
6 Քանի որ Եհովայի խոստումը կապված էր սերնդի հետ, Աբրահամին հարկավոր էր որդի ունենալ, որի միջոցով կգար և Սերունդը։ Սակայն Աբրահամն ու Սարրան ծեր հասակում էին և դեռևս անզավակ։ Այնուհանդերձ, Եհովան օրհնում է նրանց՝ հրաշքով վերականգնելով երկուսի զավակ ունենալու կարողությունը, և Սարրան Աբրահամի համար որդի է ծնում՝ Իսահակին, ինչի շնորհիվ էլ սերնդի մասին խոստումը շարունակում է ուժի մեջ մնալ (Ծննդոց 17։15—17; 21։1—7)։ Տարիներ անց Աբրահամի՝ մինչև իսկ հարազատ որդուն՝ Իսահակին զոհ մատուցելու նրա պատրաստակամությունը ստուգելու աստիճան հավատը փորձելուց հետո, Եհովան կրկնում է իր խոստումը. «Քեզ օրհնելով կ’օրհնեմ, եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կ’շատացնեմ. եւ քո սերունդը իր թշնամիների դուռը կ’ժառանգէ. եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին. նորա համար որ իմ ձայնին ականջ դրիր» (Ծննդոց 22։15—18)։ Այս երկարատև խոստումը հաճախ հանդիպում է «աբրահամական ուխտ» անվանմամբ, և ավելի ուշ կնքված նոր ուխտը պետք է սերտորեն կապված լիներ վերջինիս հետ։
7. Ինչպե՞ս սկսեց բազմանալ Աբրահամի սերունդը, և ո՞ր հանգամանքների բերումով նրանք դարձան Եգիպտոսի բնակիչներ։
7 Իսահակին երկվորյակ որդիներ ծնվեցին՝ Եսավն ու Հակոբը։ Եհովան Հակոբին ընտրեց՝ Խոստացյալ սերնդի նախահայրը լինելու (Ծննդոց 28։10—15; Հռովմայեցիս 9։10—13)։ Հակոբը տասներկու որդի ուներ։ Պարզ է, արդեն ժամանակն էր, որպեսզի Աբրահամի սերունդը սկսեր բազմանալ։ Երբ Հակոբի որդիներն արդեն հասուն մարդիկ էին, և ոմանք էլ իրենց ընտանիքներն ունեին, սովը ստիպեց նրանց տեղափոխվել Եգիպտոս, որտեղ Աստծո առաջնորդությամբ Հակոբի որդի Հովսեփն արդեն ճանապարհ էր պատրաստել (Ծննդոց 45։5—13; 46։26, 27)։ Մի քանի տարի անց Քանանում սովը թեթևացավ, սակայն Հակոբի ընտանիքը մնաց Եգիպտոսում՝ սկզբում՝ որպես հյուր, իսկ հետագայում՝ որպես ստրուկ։ Եվ մ.թ.ա. 1513–ին էր՝ Աբրահամի՝ Եփրատ գետն անցնելուց 430 տարի հետո միայն, որ Մովսեսը Հակոբի հետնորդներին դուրս բերեց Եգիպտոսից (Ելից 1։8—14; 12։40, 41; Գաղատացիս 3։16, 17)։ Այդ ժամանակից սկսած՝ Եհովան առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Աբրահամի հետ կապած իր ուխտին (Ելից 2։24; 6։2—5)։
«Հին ուխտը»
8. Եհովան ի՞նչ կնքեց Հակոբի ժառանգների հետ Սինայի մոտ, և ի՞նչ կապ ուներ դա աբրահամական ուխտի հետ։
8 Երբ Հակոբն իր որդիներով տեղափոխվեց Եգիպտոս, այդ ժամանակ նրանք մեծ ընտանիք էին կազմում, սակայն նրանց ժառանգները Եգիպտոսը թողեցին բազմամարդ ցեղերով (Ելից 1։5—7; 12։37, 38)։ Մինչ Քանանի երկիրն առաջնորդելը, Եհովան նրանց բերեց դեպի հարավ՝ Արաբիայի Քորեբ (Սինայ) լեռան ստորոտը, որտեղ նա ուխտ կապեց նրանց հետ։ Այս ուխտը հետագայում «նոր ուխտի» հետ համեմատած կոչվեց «հին ուխտ [կտակարան]» (Բ Կորնթացիս 3։14)։ Հին ուխտի միջոցով Եհովան պատկերավոր կերպով ներկայացրեց Աբրահամի հետ կապած ուխտի կատարումը։
9. ա) Որո՞նք են Աբրահամի հետ կապած ուխտի միջոցով Եհովայի տված չորս խոստումները։ բ) Հետագա ի՞նչ հեռանկարների հնարավորություն էր բացում Իսրայելի հետ հաստատած Եհովայի ուխտը և ի՞նչ պայմանով։
9 Եհովան Իսրայելին բացատրեց այս ուխտի բուն էությունը. «Եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կ’լինիք ամեն ազգերիցը, որովհետեւ իմն է բոլոր երկիրը։ Եւ դուք ինձ համար քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ կ’լինիք» (Ելից 19։5, 6)։ Եհովան խոստացել էր, որ Աբրահամի սերունդը ա) մեծ ազգ կդառնա, բ) հաղթանակ կտանի թշնամիների դեմ, գ) կժառանգի Քանանի երկիրը և դ) ժողովուրդների օրհնության ճանապարհ կհանդիսանա։ Իսկ այժմ հայտնում էր, որ՝ որպես իր ընտրած ժողովուրդ, Իսրայելը հնարավորություն ուներ իր պատվիրաններին հնազանդվելու դեպքում օրհնվելու՝ դառնալով «քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ»։ Համաձայնվեցի՞ն իսրայելացիները մտնել այս ուխտի մեջ։ Նրանք մեկ մարդու նման պատասխանեցին. «Եհովայի բոլոր ասածները կ’անենք» (Ելից 19։8)։
10. Ինչպե՞ս Եհովան իսրայելացիներին կազմակերպված ժողովուրդ դարձրեց և ի՞նչ էր սպասում նրանցից։
10 Այդ ժամանակից ի վեր Եհովան Իսրայելին ամբողջական ազգ դարձրեց։ Տվեց օրենքներ, որոնք կարգավորում էին նրանց կյանքն ու երկրպագությունը։ Հոգ տարավ նաև խորանի (ավելի ուշ Երուսաղեմում տաճարի) և քահանայության մասին, որպեսզի այնտեղ մաքուր պաշտամունք մատուցվեր։ Ուխտը պահել նշանակում էր հնազանդվել Եհովայի օրենքներին և, որն ավելի կարևոր էր, երկրպագել միմիայն նրան։ Օրենքների հիմքը կազմող տասը պատվիրաններից առաջինն էր. «Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի։ Բացի ինձանից ուրիշ աստուածներ չ’ունենաս» (Ելից 20։2, 3)։
Օրհնություններ Օրենքի ուխտի միջոցով
11, 12. Ինչպե՞ս կատարվեցին հին ուխտի խոստումներն Իսրայելի համար։
11 Իսրայելացիների համար իրականացա՞ն Օրենքի ուխտի խոստումները։ Դարձա՞վ արդյոք Իսրայելը «սուրբ ազգ»։ Լինելով Ադամի հետնորդները՝ իսրայելացիները մեղավորներ էին (Հռովմայեցիս 5։12)։ Բայց և այնպես, նրանց մեղքերը ծածկելու համար Օրենքի ներքո զոհաբերություններ էին կատարվում։ Տարեկան քավության օրը մատուցվող զոհաբերությունների վերաբերյալ Եհովան ասաց. «Այն օրը քահանան ձեզ համար քաւութիւն պիտի անէ ձեզ մաքրելու համար, որ ձեր բոլոր մեղքերիցը մաքրուիք Եհովայի առաջին» (Ղեւտացոց 16։30)։ Հավատարմորեն հնազանդվելիս՝ Իսրայելը սուրբ ազգ էր՝ Եհովային ծառայելու համար մաքրված։ Սակայն նրանց մաքուր մնալը կախված էր Օրենքին հնազանդվելուց և շարունակաբար զոհաբերություններ մատուցելուց։
12 Դարձա՞վ Իսրայելը «քահանաների թագաւորութիւն»։ Սկզբից ևեթ այն իրենից թագավորություն էր ներկայացնում, որտեղ թագավորը երկնքից իշխող Եհովան էր (Եսայիա 33։22)։ Օրենքի ուխտը մարդկանցից հետագայում թագավորներ նշանակելու կարգադրություններ էր պարունակում, իսկ Եհովան ավելի ուշ ներկայացվելու էր Երուսաղեմում իշխող թագավորների միջոցով (Երկրորդ Օրինաց 17։14—18)։ Բայց կարո՞ղ էր Իսրայելը նաև քահանաների թագավորություն կոչվել։ Այն քահանայության մի համակարգ ուներ, որը սուրբ ծառայություն էր մատուցում խորանում։ Խորանը (ապա տաճարը) մաքուր պաշտամունքի կենտրոն էր ինչպես իսրայելացիների, այնպես էլ ոչ իսրայելացիների համար։ Եվ ժողովուրդը մարդկության համար բացված ճշմարտության միակ ուղին էր (Բ Մնացորդաց 6։32, 33; Հռովմայեցիս 3։1, 2)։ Ոչ միայն ղևտացի քահանաները, այլև բոլոր հավատարիմ իսրայելացիներն էին Եհովայի «վկաները»։ Իսրայելը Եհովայի «ծառան» էր, որին նա ‘կազմել էր ‘իր օրհնաբանութիւնը պատմելու համար’ (Եսայիա 43։10, 21)։ Հօգուտ սեփական ժողովրդին Եհովայի դրսևորած զորությանը ականատես եղան բազում խոնարհ օտարականներ, որոնք, մաքուր պաշտամունքից զգացված, դարձան նորահավատներ (Յեսու 2։9—13)։ Սակայն ցեղերից միայն մեկն էր որպես օծված քահանա ծառայում։
Նորահավատներն Իսրայելում
13, 14. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ նորահավատներն Օրենքի ուխտի մասնակիցները չէին։ բ) Նորահավատներն ինչպե՞ս մտան Օրենքի ուխտի տակ։
13 Ինչպիսի՞ն էր այս նորահավատների դրությունը։ Թեև ուխտը կապելու պահին ներկա էր նաև «խառը բազմությունը», Եհովան միայն Իսրայելի հետ կնքեց իր ուխտը (Ելից 12։38; 19։3, 7, 8)։ Իսրայելի առաջնեկների համար անդրանիկների փրկագինը հաշվելիս՝ նրանց առաջնեկները չընդգրկվեցին (Թուոց 3։44—51)։ Տասնամյակներ անց, երբ Քանանի երկրի հողերը բաժանվեցին Իսրայելի ցեղերի միջև, ոչ իսրայելացի հավատացյալներին առաձին բաժին չհատկացվեց (Ծննդոց 12։7; Յեսու 13։1—14)։ Ինչո՞ւ։ Պատճառն այն էր, որ Օրենքի ուխտը նորահավատների հետ չէր կապվել։ Սակայն նորահավատ տղամարդիկ թլպատվում էին՝ հնազանդվելով Օրենքին։ Նրանք պահում էին Օրենքի սահմանած կարգը և օգուտներ քաղում դրա կարգադրություններից։ Ինչպես իսրայելացիները, այնպես էլ նորահավատները գտնվում էին Օրենքի ուխտի տակ (Ելից 12։48, 49; Թուոց 15։14—16; Հռովմայեցիս 3։19)։
14 Օրինակ, եթե նորահավատներից որևէ մեկը պատահականորեն սպանություն կատարեր, կարող էր՝ ինչպես իսրայելացին, փախչել քաղաք–ապաստարան (Թուոց 35։15, 22—25; Յեսու 20։9)։ Քավության օրվա զոհը մատուցվում էր «Իսրայէլի բոլոր ժողովքի համար»։ Որպես ժողովի մի մաս՝ նորահավատները մասնակցում էին արարողություններին և զոհաբերության շնորհիվ մաքրվում (Ղեւտացոց 16։7—10, 15, 17, 29; Երկրորդ Օրինաց 23։7, 8)։ Նրանք Օրենքի ներքո այնքան սերտ համագործակցության մեջ էին գտնվում իսրայելացիների հետ, որ մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրը, երբ հրեաների համար «արքայութեան բանալիներից» առաջինը գործի դրվեց, դրանից օգտվեցին նաև նորահավատները։ Որպես արդյունք՝ «Նիկողայոսը, որ անտիոքցի մի նորադարձ էր», ընդունեց քրիստոնեությունը և Երուսաղեմի ժողովի մասին հոգ տանելու համար նշանակված «բարի համբաւ ունեցող եօթը» մարդկանց թվում էր գտնվում (Մատթէոս 16։19; Գործք 2։5—10; 6։3—6; 8։26—39)։
Եհովան օրհնում է Աբրահամի սերունդը
15, 16. Աբրահամի հետ կապած Եհովայի ուխտն ինչպե՞ս կատարվեց Օրենքի ուխտի ներքո։
15 Նահապետ Աբրահամին տված խոստումի համաձայն՝ Եհովան օրհնեց արդեն ժողովուրդ դարձած և Օրենքի տակ գտնվող նրա ժառանգներին։ Մ.թ.ա. 1473–ին Մովսեսի հետնորդ Հեսուն Իսրայելին առաջնորդեց Քանան։ Ցեղերի միջև հողերի հետագա բաժանումով երկիրը Աբրահամի սերնդին տալու Եհովայի խոստումն իրականացավ։ Քանի դեռ Իսրայելը հավատարիմ էր, Եհովան կատարում էր իր հաջորդ խոստումը, թե ժողովուրդը հաղթանակներ կտանի իր թշնամիների դեմ։ Դա նկատվեց հատկապես Դավիթ թագավորի իշխանության օրոք։ Դավթի որդի Սողոմոնի թագավորության ժամանակ ի կատար ածվեց Աբրահամի հետ կնքված ուխտի երրորդ ազդակը։ «Յուդան եւ Իսրայէլը շատ էին ինչպէս որ ծովի եզերքի շատ աւազը. եւ ուտում ու խմում եւ ուրախանում էին» (Գ Թագաւորաց 4։20)։
16 Իսկ ինչպե՞ս պետք է ազգերն օրհնվեին Իսրայելի՝ Աբրահամի սերնդի միջոցով։ Ինչպես արդեն նշվել էր, Իսրայելը Եհովայի ընտրյալ ժողովուրդն էր, նրա ներկայացուցիչը մնացած ազգերի միջև։ Մինչ Իսրայելի Քանան մտնելը Մովսեսն ասաց. «Ազգե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ» (Երկրորդ Օրինաց 32։43, ԷԹ)։ Այս կոչին բազում օտարականներ արձագանքեցին։ Իսրայելի հետ Եգիպտոսից արդեն դուրս էր եկել մի «խառը բազմութիւն», անապատում ականատես եղել Եհովայի զորությանը և լսել ուրախ լինելու Մովսեսի հրավերը (Ելից 12։37, 38)։ Ավելի ուշ մովաբացի Հռութն, ամուսնանալով իսրայելացի Բոոսի հետ, դարձավ Մեսիայի նախամայրը (Հռութ 4։13—22)։ Մինչ բազում մարմնավոր իսրայելացիներ անհավատարիմ էին, կենեցի Հովնադաբն ու իր հետնորդները, ինչպես նաև եթովպացի Աբդիմելէքը կառչած էին Աստծո արդար սկզբունքներին (Դ Թագաւորաց 10։15—17; Երեմիա 35։1—19; 38։7—13)։ Պարսկական կայսրության օրոք շատ օտարականներ նորահավատներ դարձան և Իսրայելի հետ միասին պատերազմեցին նրա թշնամիների դեմ (Եսթեր 8։17)։
Նոր ուխտի անհրաժեշտությունը
17. ա) Ինչո՞ւ Եհովան մերժեց Իսրայելի հյուսիսային և հարավային թագավորությունները։ բ) Ո՞րն էր հրեաներից վերջնականորեն հրաժարվելու պատճառը։
17 Այդ ժամանակ ևս Աստծո ընտրյալ ժողովուրդը նրա խոստման ամբողջական կատարմանը հասնելու համար պետք է հավատարիմ մնար։ Սակայն այդպես չվարվեց։ Ճիշտ է, մեծ հավատ ցուցաբերող իսրայելացիները քիչ չէին (Եբրայեցիս 11։32—12։1)։ Այնուամենայնիվ, շատ դեպքերում ժողովուրդը հեթանոսական աստվածներին էր դիմում իր նյութական շահերի համար (Երեմիա 34։8—16; 44։15—18)։ Որոշ անհատներ Օրենքը սխալ կիրառության մեջ էին դնում կամ պարզապես արհամարհում էին (Նէեմիա 5։1—5; Եսայիա 59։2—8; Մաղաքիա 1։12—14)։ Սողոմոնի մահից հետո Իսրայելը բաժանվեց հյուսիսային և հարավային թագավորությունների։ Երբ հյուսիսային թագավորությունը ծայրաստիճան ըմբոստացավ, Եհովան հայտարարեց. «Որովհետեւ դու մերժեցիր գիտութիւնը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայութիւնիցը» (Ովսէէ 4։6)։ Ուխտին հավատարիմ չմնալու պատճառով հարավային թագավորությունը ևս խիստ պատժի ենթարկվեց (Երեմիա 5։29—31)։ Երբ հրեաները մերժեցին Հիսուսին որպես Մեսիա, Եհովան նմանապես նրանց մերժեց (Գործք 3։13—15; Հռովմայեցիս 9։31—10։4)։ Վերջ ի վերջո, Եհովան Աբրահամի հետ կապած ուխտը լիովին ի կատար ածելու համար նոր կարգադրություն արեց (Հռովմայեցիս 3։20)։
18, 19. Ի՞նչ նոր կարգադրություն արեց Եհովան Աբրահամի հետ կապած ուխտն ամբողջովին կատարելու համար։
18 Այդ կարգադրությունը նոր ուխտն էր։ Եհովան այդ մասին կանխագուշակել էր՝ ասելով. «Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Իսրայէլի տան հետ եւ Յուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ.... Այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը. Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն» (Երեմիա 31։31—33)։
19 Սա այն նոր ուխտն էր, որի մասին խոսեց Հիսուսը մ.թ. 33 թ.–ի նիսանի 14–ին։ Այդ առիթով նա հայտնեց, որ խոստացված ուխտն աշակերտների ու Եհովայի միջև կնքվում էր իր միջնորդությամբ (Ա Կորնթացիս 11։25; Ա Տիմոթէոս 2։5; Եբրայեցիս 12։24)։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, Աբրահամին տված Եհովայի խոստումը այս նոր ուխտի միջոցով պետք է ավելի փառահեղ և վերջնական կատարում ունենար։
Կարո՞ղ եք բացատրել
◻ Ի՞նչ խոստացավ Եհովան Աբրահամին՝ ուխտ կապելով նրա հետ
◻ Ինչպե՞ս Եհովան հնարավոր դարձրեց Աբրահամի հետ կապած ուխտի կատարումը հին իսրայելացիների համար
◻ Ինչպե՞ս էր հին ուխտը նորահավատների օգտին ծառայում
◻ Ինչո՞ւմն էր կայանում նոր ուխտի անհրաժեշտությունը
[նկար 18–րդ էջի վրա]
Օրենքի ուխտի միջոցով Եհովան պատկերավոր կերպով ներկայացրեց Աբրահամի հետ կապած ուխտի կատարումը