Ժողովող
7 Լավ անունը թանկարժեք յուղից լավ է,+ և մահվան օրը՝ ծննդյան օրից: 2 Ավելի լավ է գնալ սգո տուն, քան խնջույքի տուն,+ որովհետև բոլոր մարդկանց վերջը մահն է, և ողջ լինողները պետք է հիշեն դա: 3 Կսկիծը ծիծաղից լավ է,+ քանի որ տխրությունը* մարդու սիրտը ավելի լավն է դարձնում:+ 4 Իմաստունների սիրտը սգո տանն է, բայց հիմարների սիրտը՝ ուրախության* տանը:+
5 Ավելի լավ է լսել իմաստունի նկատողությունը,+ քան հիմարների երգը:* 6 Չէ՞ որ հիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ այրվող փշերի ճարճատյունի:+ Սա էլ է ունայնություն: 7 Ճնշումները իմաստունին կարող են դրդել անմտորեն* վարվել, և կաշառքը ապականում է սիրտը:+
8 Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը: Համբերատարությունը գոռոզությունից լավ է:+ 9 Շուտ մի՛ վիրավորվիր,+ որովհետև վիրավորվելու հակումը հիմարների սրտում է արմատացած:*+
10 Մի՛ ասա՝ «Ինչո՞ւ էին առաջվա օրերը ավելի լավը, քան ներկայիս օրերը», քանի որ իմաստուն մարդը այդպիսի հարց չի տալիս:+
11 Իմաստությունը ժառանգության հետ մեկտեղ լավ է և օգուտ է բերում ցերեկվա լույսը տեսնողներին,* 12 քանի որ իմաստությունը,+ ինչպես և փողը, պաշտպանություն է:+ Բայց գիտելիքների և իմաստության առավելությունն այն է, որ դրանք պահպանում են իրենց ունեցողների կյանքը:+
13 Մտածիր ճշմարիտ Աստծու գործի մասին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչը նա ծուռ է դարձրել:+ 14 Քո լավ օրերին լավություն արա,+ իսկ տխուր օրերին հիշիր, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը ճշմարիտ Աստված է ստեղծել,+ և մարդ չի կարող հաստատ իմանալ, թե ապագայում ինչ է լինելու իր հետ:+
15 Փուչ կյանքիս ողջ ընթացքում+ ամեն ինչ տեսել եմ՝ թե՛ արդարին, ով կործանվում է, թեև արդար է,+ և թե՛ չարագործին, ով երկար է ապրում, թեև չար է:+
16 Չափից դուրս արդար մի՛ եղիր+ ու ինքդ քեզ չափազանց իմաստուն մի՛ ներկայացրու:+ Ինչո՞ւ կործանես քեզ:+ 17 Մեղքին անձնատուր մի՛ եղիր և հիմար էլ մի՛ եղիր:+ Ինչո՞ւ ժամանակից շուտ մեռնես:+ 18 Լավ կանես, որ առաջին նախազգուշացմանը ականջ դնես և մյուսն էլ չանտեսես,+ որովհետև Աստծուց վախեցողը այդ երկուսին էլ ուշադրություն կդարձնի:
19 Իմաստությունը իմաստունին քաղաքի տասը զորեղ մարդկանցից ավելի ուժեղ է դարձնում:+ 20 Երկրի վրա չկա մի արդար մարդ, որ միայն բարին անի ու մեղք չգործի:+
21 Մարդկանց ասած ամեն մի խոսքը սրտիդ մոտ մի՛ ընդունիր,+ որովհետև գուցե լսես, որ ծառադ չարախոսում* է քեզ: 22 Չէ՞ որ սրտիդ խորքում գիտես, որ ինքդ էլ շատ անգամ չարախոսել ես ուրիշներին:+
23 Այս ամենը ես իմաստությամբ քննեցի ու ասացի՝ «Իմաստուն կդառնամ», մինչդեռ իմաստությունը հեռու էր ինձնից: 24 Ինչ որ եղել է, անհասանելի է ու շատ խորն է: Ո՞վ կարող է ըմբռնել դա:+ 25 Ես որոշեցի ճանաչել, ուսումնասիրել ու գտնել իմաստությունը և ամեն ինչի պատճառը, նաև հասկանալ, որ հիմարությունը չարություն է, և խելացնորությունը՝ անմտություն:+ 26 Ես հասկացա, որ այն կինը, ով նման է որսորդական ցանցի, ում սիրտը նման է ուռկանի, իսկ ձեռքերը՝ ձեռնաշղթաների, մահից ավելի դառն է: Ճշմարիտ Աստծուն հաճելի մարդը կփախչի նրանից,+ բայց մեղսագործը կընկնի նրա թակարդը:+
27 «Ահա թե ինչ հասկացա,– ասաց ժողովողը,+– ամեն ինչ մեկ առ մեկ ուսումնասիրեցի, որպեսզի եզրահանգումներ անեմ, 28 բայց այն, ինչ շարունակ փնտրում էի, այդպես էլ չգտա: Հազար հոգու մեջ մեկ արդար տղամարդ գտա, բայց նրանց մեջ մեկ արդար կին չգտա: 29 Եվ ես միայն սա հասկացա. ճշմարիտ Աստված մարդկանց ուղղամիտ է ստեղծել,+ բայց նրանք իրենց ուզած ձևով են վարվում»:+