Մարկոս
3 Հիսուսը մեկ ուրիշ անգամ էլ ժողովարան մտավ: Այնտեղ կռկված* ձեռքով մի մարդ կար:+ 2 Փարիսեցիները ուշադիր հետևում էին Հիսուսին, որ տեսնեն՝ Շաբաթ օրով կբուժի՞ այդ մարդուն, թե ոչ, որպեսզի մեղադրելու պատճառ գտնեն: 3 Հիսուսը, դիմելով կռկված ձեռքով մարդուն, ասաց. «Վեր կաց ու եկ կանգնիր մեջտեղում»: 4 Ապա փարիսեցիներին ասաց. «Ի՞նչ է ճիշտ անել Շաբաթ օրը՝ բարի՞ք, թե՞ չարիք, կյանք* փրկե՞լ, թե՞ կործանել»:+ Բայց նրանք լուռ էին: 5 Հիսուսը, փարիսեցիների քարսրտությունից+ խորապես վշտացած, զայրույթով նայեց նրանց և ասաց այդ մարդուն. «Մեկնիր ձեռքդ»: Նա էլ մեկնեց ձեռքը, և այն առողջացավ: 6 Փարիսեցիները դուրս գնացին ու հերովդեսականների* հետ անմիջապես սկսեցին դավ նյութել+ Հիսուսի դեմ, որ սպանեն:
7 Իսկ Հիսուսն իր աշակերտների հետ գնաց ծովի մոտակայքը: Գալիլեայից ու Հրեաստանից շատ մարդիկ գնացին նրա մոտ:+ 8 Լսելով Հիսուսի արած բազմաթիվ գործերի մասին՝ նրա մոտ եկան նույնիսկ Երուսաղեմից, Իդումեայից, Հորդանանի արևելյան կողմից և Տյուրոսի ու Սիդոնի շրջակայքից: 9 Նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նավակ պատրաստ պահեն, որպեսզի դրա մեջ մտնի, եթե բազմությունը սեղմի իրեն: 10 Քանի որ Հիսուսը շատերին բուժեց, ծանր հիվանդություններով տառապող բոլոր մարդիկ սկսեցին առաջ անցնելով խմբվել նրա շուրջը, որ դիպչեն նրան:+ 11 Չար* ոգիների+ ազդեցության տակ եղող մարդիկ, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ ու բղավում. «Դու Աստծու Որդին ես»:+ 12 Բայց նա, մի քանի անգամ կրկնելով, չար ոգիներին խստիվ պատվիրում էր չհայտնել իր ով լինելը:+
13 Հետո Հիսուսը սար բարձրացավ: Նա իր աշակերտներից ոմանց, ում ընտրել էր,+ կանչեց իր մոտ:+ Եվ երբ նրանք եկան, 14 նա 12 հոգուց բաղկացած մի խումբ կազմեց և նրանց առաքյալներ կոչեց: Նրանք ուղեկցելու էին իրեն և ուղարկվելու էին քարոզելու, 15 նաև դևեր հանելու իշխանություն էին ստանալու:+
16 Այդ 12 հոգին էին՝+ Սիմոնը, որին Հիսուսը Պետրոս+ անունը տվեց, 17 Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և նրա եղբայր Հովհաննեսը (Հիսուսը նրանց անվանեց Բաներեգես, որ նշանակում է «որոտի որդիներ»),+ 18 Անդրեասը, Փիլիպոսը, Բարդուղիմեոսը, Մատթեոսը, Թովմասը, Ալփեոսի որդի Հակոբոսը, Թադեոսը, Սիմոն Կանանացին* 19 և Հուդա Իսկարիովտացին, որը հետագայում մատնեց նրան:
20 Հետո Հիսուսը գնաց մի տուն, և կրկին մարդկանց բազմություն հավաքվեց, այնպես որ նա և իր աշակերտները չկարողացան նույնիսկ հաց ուտել: 21 Երբ Հիսուսի ազգականները լսեցին, որ նրա շուրջը նորից ամբոխ է հավաքվել, եկան, որ տանեն նրան՝ մտածելով, թե խելագարվել է:+ 22 Երուսաղեմից եկած Օրենքի ուսուցիչներն* էլ ասում էին. «Բեհեղզեբուղ* ունի: Դևերի իշխանի միջոցով է դևեր հանում»:+ 23 Հիսուսը մոտ կանչեց նրանց և սկսեց օրինակներ բերել: Նա ասաց. «Ինչպե՞ս կարող է Սատանան Սատանային հանել: 24 Եթե մի թագավորություն պառակտվի, չի կարող կանգուն մնալ,+ 25 և եթե մի տան մեջ պառակտում լինի, այն կանգուն չի մնա: 26 Ուրեմն եթե Սատանան ինքն իր դեմ է դուրս եկել, ու նրա թագավորությունը* պառակտվել է, նա հաստատուն չի մնա, նրա վերջը եկել է: 27 Ոչ ոք չի կարող ներխուժել ուժեղ մարդու տուն և կողոպտել նրա ունեցվածքը, եթե նախ չկապի այդ մարդուն: Միայն այդ դեպքում կկարողանա կողոպտել նրա տունը: 28 Հաստատ ասում եմ ձեզ. մարդկանց ամեն բան կներվի, ինչ մեղքեր էլ որ գործած լինեն և ինչ անարգական խոսքեր էլ որ ասած լինեն, 29 բայց ով սուրբ ոգու դեմ է անարգական բան ասում, հավիտյան ներում չի ունենա.+ այդ մեղքը մեկընդմիշտ կմնա նրա վրա»:+ 30 Նա այդ խոսքերն ասաց, քանի որ ասում էին, թե իր մեջ չար ոգի կա:+
31 Հիսուսի մայրն ու եղբայրները+ եկան և դրսում կանգնելով՝ մարդ ուղարկեցին նրան կանչելու:+ 32 Այդ ժամանակ Հիսուսի շուրջբոլորը շատ մարդիկ էին նստած: Նրան հաղորդեցին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում են ու քեզ են կանչում»:+ 33 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Գիտե՞ք՝ ովքեր են իմ մայրն ու եղբայրները»: 34 Եվ նայելով մոտիկ նստածներին՝ ասաց. «Ահա թե ովքեր են իմ մայրը և իմ եղբայրները:+ 35 Ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»:+