Ծննդոց
41 Անցավ երկու տարի: Մի օր փարավոնը երազում տեսավ,+ որ կանգնած է Նեղոս գետի մոտ: 2 Նեղոսից դուրս եկան լավ տեսք ունեցող յոթ գեր կովեր: Դրանք արածում էին գետի ափին:+ 3 Հետո Նեղոսից դուրս եկան յոթ ուրիշ կովեր՝ տգեղ ու նիհար, և կանգնեցին գեր կովերի կողքին՝ Նեղոս գետի ափին: 4 Ապա տգեղ, նիհար կովերը սկսեցին ուտել լավ տեսք ունեցող յոթ գեր կովերին: Եվ այդ պահին փարավոնը զարթնեց:
5 Հետո նորից քնեց և մեկ ուրիշ երազ տեսավ. ցորենի ցողունի վրա յոթ լիքը և ընտիր հասկեր դուրս եկան:+ 6 Դրանցից հետո դուրս եկան ևս յոթ հասկեր, որոնք բարակ էին ու արևելյան քամուց խանձված: 7 Բարակ հասկերը սկսեցին կուլ տալ յոթ լիքը և ընտիր հասկերին: Այդ պահին փարավոնը զարթնեց ու հասկացավ, որ դա երազ էր:
8 Առավոտյան փարավոնը մտատանջությունների մեջ ընկավ:* Նա կանչել տվեց Եգիպտոսի՝ մոգությամբ զբաղվող բոլոր քրմերին ու բոլոր իմաստուններին և պատմեց նրանց իր երազները, բայց չկար մեկը, որ կարողանար մեկնել դրանք:
9 Այդ ժամանակ գլխավոր գինեմատույցը խոսեց փարավոնի հետ և ասաց. «Այսօր պետք է խոստովանեմ մեղքերս: 10 Փարավոնը բարկացել էր իր ծառաների՝ գլխավոր հացագործի ու ինձ վրա և մեզ ուղարկել էր թիկնապահների պետի տան բանտը:+ 11 Մի գիշեր ամեն մեկս երազ տեսանք: Յուրաքանչյուրիս երազը ուներ իր նշանակությունը:+ 12 Այնտեղ մեզ հետ մի երիտասարդ եբրայեցի կար՝ թիկնապահների պետի ծառան:+ Երբ նրան պատմեցինք մեր երազները, նա մեկնեց դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը:+ 13 Եվ ինչպես որ նա մեկնել էր, այնպես էլ կատարվեց. ես իմ պաշտոնին վերադարձա, իսկ հացագործը կախաղան հանվեց»:+
14 Փարավոնը մարդ ուղարկեց Հովսեփի հետևից,+ և նրան անհապաղ բերեցին բանտից:*+ Հովսեփը սափրվեց, հագուստը փոխեց ու մտավ փարավոնի մոտ: 15 Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես երազ եմ տեսել, բայց չկա մեկը, որ կարողանա մեկնել այն: Իսկ քո մասին լսել եմ, որ եթե քեզ երազ պատմեն, կարող ես մեկնել այն»:+ 16 Հովսեփը պատասխանեց փարավոնին. «Ես ո՞վ եմ. Աստված է, որ մեկնություն կտա՝ բարի բաներ հայտնելով փարավոնին»:+
17 Եվ փարավոնը սկսեց Հովսեփին պատմել. «Երազումս կանգնած էի Նեղոս գետի ափին: 18 Նեղոսից դուրս եկան լավ տեսք ունեցող յոթ գեր կովեր ու սկսեցին արածել գետի ափին:+ 19 Նրանցից հետո դուրս եկան յոթ ուրիշ կովեր, որոնք թույլ էին, նիհար ու շատ վատ տեսք ունեին: Ամբողջ Եգիպտոսում ես դրանց պես անճոռնի կովեր երբեք չեմ տեսել: 20 Այդ նիհար, տգեղ կովերը կերան այն յոթ գեր կովերին: 21 Ու թեև կերան, դա նրանց տեսքից բոլորովին չէր երևում, քանի որ առաջվա պես նիհար ու տգեղ էին: Այդ պահին ես զարթնեցի:
22 Այնուհետև երազումս տեսա, որ ցորենի ցողունի վրա յոթ լիքը և ընտիր հասկեր դուրս եկան:+ 23 Դրանցից հետո դուրս եկան ևս յոթ հասկեր՝ բարակ, ցամաքած և արևելյան քամուց խանձված: 24 Այդ բարակ հասկերը կուլ տվեցին յոթ ընտիր հասկերին: Ես երազը պատմեցի մոգությամբ զբաղվող քրմերին,+ բայց ոչ ոք չկարողացավ բացատրել»:+
25 Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազները նույն նշանակությունն ունեն: Ճշմարիտ Աստված փարավոնին հայտնել է, թե ինչ է անելու:+ 26 Յոթ լավ կովերը յոթ տարիներ են: Յոթ լավ հասկերն էլ են յոթ տարիներ: Երազների իմաստը նույնն է: 27 Յոթ նիհար ու տգեղ կովերը, որ հետո դուրս եկան, սովի յոթ տարիներ են: Արևելյան քամուց խանձված յոթ դատարկ հասկերը նույնպես այդ յոթ տարիներն են: 28 Ինչպես որ ասացի փարավոնին, ճշմարիտ Աստված փարավոնին հայտնել է, թե ինչ է անելու:
29 Ողջ Եգիպտոսում յոթ տարի մեծ առատություն կլինի: 30 Բայց դրանից հետո սովի յոթ տարիներ կգան. Եգիպտոսում եղած ողջ առատությունը կմոռացվի, և սովը կհյուծի երկիրը:+ 31 Այդ սովն այնքան սաստիկ կլինի, որ մոռանալ կտա նախկինում եղած առատությունը: 32 Երազը փարավոնին երկու անգամ է տրվել, քանի որ այդ ամենը հաստատապես վճռված է ճշմարիտ Աստծու կողմից, և ճշմարիտ Աստված շուտով անելու է դա:
33 Հիմա փարավոնը թող մի խոհեմ ու իմաստուն մարդ փնտրի և նրան նշանակի Եգիպտոսի վրա: 34 Թող փարավոնը քայլեր ձեռնարկի՝ Եգիպտոսում վերահսկիչներ նշանակի և առատության յոթ տարիների ընթացքում հավաքի երկրի տված բերքի հինգերորդ մասը:+ 35 Գալիք բերքառատ տարիներին թող նրանք հավաքեն այդ ողջ բերքը և ամեն քաղաքում հացահատիկ կուտակեն ու պահեն փարավոնի պահեստներում:+ 36 Այն յոթ տարիներին, երբ Եգիպտոսում սով կլինի, այդ սննդամթերքը երկրի համար պաշար կլինի, որ երկիրը սովից չկործանվի»:+
37 Այս առաջարկը դուր եկավ փարավոնին և նրա բոլոր ծառաներին: 38 Փարավոնը նրանց ասաց. «Մի՞թե հնարավոր է գտնել մեկին, որ նման լինի այս մարդուն, ում մեջ Աստծու ոգին է գործում»: 39 Ապա դիմելով Հովսեփին՝ ասաց. «Քանի որ Աստված քեզ է հայտնել այս ամենը, ուրեմն քեզ պես խոհեմ և իմաստուն մարդ չկա: 40 Իմ տունը անձամբ քո վերահսկողության տակ կլինի, և իմ ամբողջ ժողովուրդը անվերապահորեն կհնազանդվի քեզ: Միայն ես՝ թագավորս, բարձր կլինեմ քեզնից»:*+ 41 Նաև ավելացրեց. «Ահա քեզ ղեկավար եմ նշանակում ողջ Եգիպտոսի վրա»:+ 42 Հետո իր մատից* հանեց կնքամատանին և դրեց Հովսեփի մատին,* բարձրորակ կտավից հագուստ հագցրեց նրան և պարանոցին ոսկե վզնոց գցեց: 43 Ավելին՝ պատվիրեց, որ Հովսեփին իր երկրորդ պատվավոր կառքով տանեն ու նրա առջևից կանչեն՝ ավրե՛խ :* Այսպիսով փարավոնը նրան ամբողջ Եգիպտոսի վրա ղեկավար նշանակեց:
44 Ապա փարավոնն ասաց Հովսեփին. «Թեև ես եմ փարավոնը, բայց առանց քո թույլտվության՝ ամբողջ Եգիպտոսում ոչ ոք չի կարող որևէ բան անել»:*+ 45 Այնուհետև փարավոնը նրա անունը Փսոմփթոմփանե դրեց և Ասանեթին՝+ Օն* քաղաքի քրմի՝ Պետափրեայի աղջկան, կնության տվեց նրան: Հովսեփը սկսեց վերահսկել այդ երկիրը՝ Եգիպտոսը:*+ 46 Նա 30 տարեկան էր,+ երբ կանգնեց Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի առաջ:*
Հովսեփը դուրս եկավ փարավոնի մոտից և սկսեց շրջել ողջ Եգիպտոսով մեկ: 47 Առատության յոթ տարիների ընթացքում երկիրը հարուստ բերք էր տալիս: 48 Եվ այդ յոթ տարիներին երկրի տված ողջ բերքը նա հավաքում էր և ամբարում քաղաքներում: Ամեն քաղաքի շրջակա դաշտերից հավաքված բերքը նա ամբարում էր տվյալ քաղաքում: 49 Հովսեփը շատ մեծ քանակությամբ հացահատիկ կուտակեց՝ ծովի ավազի չափ շատ՝ այնքան, որ ի վերջո դադարեցին հաշվել, որովհետև անթիվ էր:
50 Նախքան սովը Հովսեփը երկու որդի ունեցավ,+ որոնց ծնեց Ասանեթը՝ Օն քաղաքի քուրմ Պետափրեայի աղջիկը: 51 Հովսեփը առաջնեկի անունը Մանասե*+ դրեց՝ ասելով. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր տունը»: 52 Իսկ երկրորդ որդու անունը Եփրեմ*+ դրեց՝ ասելով. «Աստված ինձ պտղաբեր դարձրեց իմ տառապանքների երկրում»:+
53 Ահա անցան այն յոթ տարիները, երբ Եգիպտոսում առատություն էր,+ 54 և ինչպես Հովսեփն ասել էր, սկսվեցին սովի յոթ տարիները:+ Բոլոր երկրներում սով սկսվեց, սակայն Եգիպտոսի ողջ տարածքում հաց* կար:+ 55 Երբ սովն իրեն զգալ տվեց նաև ողջ Եգիպտոսում, ժողովուրդը սկսեց աղաչել փարավոնին, որ հաց տա իրենց:+ Այդ ժամանակ փարավոնը բոլոր եգիպտացիներին ասաց. «Գնացեք Հովսեփի մոտ և արեք, ինչ որ ձեզ ասի»:+ 56 Ողջ աշխարհում սովը շարունակվում էր:+ Այդ ժամանակ Հովսեփը սկսեց բացել շտեմարանները և հացահատիկ վաճառել եգիպտացիներին,+ որովհետև Եգիպտոսում սովը շատ էր սաստկացել: 57 Սովը սաստկացել էր նաև ողջ աշխարհում, ուստի Հովսեփից հացահատիկ գնելու համար Եգիպտոս էին գալիս բոլոր երկրներում ապրող մարդիկ:+