ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՀՈՎՍԵՓ
«Մի՞թե ես Աստված եմ»
ՄԹՆՈՒՄ Է։ Հովսեփը կանգնած է իր պարտեզում։ Նրա հայացքը հավանաբար ուղղված է արմավենիների և այլ պտղատու ծառերի, ջրարբիների կողմը։ Հեռվում նշմարվում է փարավոնի պալատը։ Հանկարծ լսվում են իր տնից եկող ձայները. որդին՝ Մանասեն, ծիծաղեցնում է եղբորը՝ Եփրեմին։ Հովսեփն արդեն պատկերացնում է, թե ինչ է կատարվում ներսում. իր կինը ծիծաղում է ու զմայլվում տղաների չարաճճիություններով։ Հովսեփի դեմքին ժպիտ է հայտնվում։ Նա գիտի, որ օրհնված մարդ է։
Հովսեփը իր առաջնեկի անունը Մանասե էր դրել, ինչը նշանակում է «նա, ով մոռանալ է տալիս» (Ծննդոց 41։51)։ Աստծու օրհնություններն, անշուշտ, մեղմացրել էին իր տան, եղբայրների և հոր հանդեպ ունեցած կարոտն ու ցավը։ Եղբայրների ատելության պատճառով նրա կյանքը ամբողջովին փոխվել էր։ Նրանք կշտամբել էին Հովսեփին, ծրագրել էին սպանել նրան, իսկ հետո ստրկության էին վաճառել ճամփորդող վաճառականներին։ Դրանից հետո նրա կյանքում մեկը մյուսի հետևից փոթորկալից ժամանակներ եղան. տարիներ շարունակ ստրկություն, բանտարկություն, երկաթյա շղթաների ծանրություն։ Իսկ այժմ Հովսեփը Եգիպտոսի՝ հզոր տերության երկրորդ ղեկավարն է։a
Տարիներ շարունակ Հովսեփը տեսնում էր, թե ինչպես են կատարվում Եհովայի կանխագուշակած իրադարձությունները։ Ինչպեսև մարգարեացվել էր, Եգիպտոսում յոթ տարի մեծ առատություն եղավ, ու Հովսեփը այդ տարիների ընթացքում հացահատիկ կուտակեց։ Նա ամուսնացավ Ասանեթի հետ ու երկու որդի ունեցավ։ Այդուհանդերձ, Հովսեփը շարունակ մտածում էր հարյուրավոր կիլոմետրեր հեռու ապրող իր ընտանիքի, հատկապես կրտսեր եղբոր՝ Բենիամինի ու սիրելի հոր՝ Հակոբի մասին։ Գուցե նա մտածում էր, թե արդյոք նրանք ապահով են ապրում, արդյոք իր եղբայրները փոխվել են, կամ երբևէ կվերանա այն անդունդը, որ բաժանում է իրեն ընտանիքից։
Եթե ընտանիքիդ խաղաղությունը խաթարվել է նախանձի, դավաճանության կամ ատելության պատճառով, ապա քեզ ծանոթ կլինեն Հովսեփի զգացումները։ Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես նա հոգ տարավ իր ընտանիքի մասին։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրա հավատը։
«ԳՆԱՑԵ՛Ք ՀՈՎՍԵՓԻ ՄՈՏ»
Տարիներն անցնում էին։ Հովսեփի առօրյան զբաղված էր։ Ինչպես Եհովան կանխագուշակել էր փարավոնին ուղարկած երազում, յոթերորդ տարուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Հացահատիկ այլևս չկար։ Սովը տարածվեց բոլոր երկրներում։ Սակայն ինչպես Աստվածաշունչն է նշում, «ամբողջ Եգիպտոսում հաց կար» (Ծննդոց 41։54)։ Անկասկած, Հովսեփի կանխագուշակումներն ու նրա կազմակերպչական գործողությունները մեծ օգուտներ բերեցին Եգիպտոսի ժողովրդին։
Եգիպտացիները պարտական էին Հովսեփին ու գովում էին նրան՝ որպես լավ կազմակերպչի, սակայն Հովսեփի ցանկությունն էր, որ ողջ փառքը տրվի իր Աստված Եհովային։ Եթե ընդօրինակենք Հովսեփի խոնարհությունը, ապա Աստված կարող է այնպես օգտագործել մեր տաղանդն ու ընդունակությունները, որ դրանք գերազանցեն մեր սպասելիքները։
Ժամանակի ընթացքում Եգիպտոսի ժողովուրդը նույնպես զգաց, թե ինչ է նշանակում սոված լինել։ Եվ երբ նրանք օգնության համար փարավոնին էին դիմում, նա ասում էր նրանց. «Գնացե՛ք Հովսեփի մոտ, և ինչ որ նա ասի ձեզ, արե՛ք»։ Հովսեփը բացում էր հացահատիկի շտեմարանները, ու մարդիկ գնում էին այնքան հացահատիկ, որքան իրենց անհրաժեշտ էր (Ծննդոց 41։55, 56)։
Սակայն բոլորովին այլ վիճակ էր Եգիպտոսի հարակից երկրներում։ Հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ՝ Քանանում, Հովսեփի ընտանիքը նույնպես դժվար կացության մեջ էր։ Տարիքն առած Հակոբը լսել էր, որ Եգիպտոսում հացահատիկ կա, ուստի ուղարկեց իր տղաներին՝ հացահատիկ գնելու (Ծննդոց 42։1, 2)։
Հակոբը ուղարկեց տասը որդիներին, բայց նրանց հետ Բենիամինին չուղարկեց՝ մտածելով, որ գուցե մի փորձանք պատահի։ Այո՛, նրա հիշողության մեջ դեռևս թարմ էր այն դեպքը, երբ Հովսեփին ուղարկեց եղբայրների մոտ՝ չիմանալով, որ այդ օրը վերջին անգամն է, որ տեսնում է իր շատ սիրելի զավակին։ Նա չէր մոռացել այն օրը, երբ տղաները վերադարձան տուն՝ իրենց հետ բերելով ոչ թե Հովսեփին, այլ նրա պատառոտված ու արնաշաղախ հանդերձը, այն գեղեցիկ հանդերձը, որը հայրական սիրո նշան էր։ Եղբայրները հավատացրին հորը, որ Հովսեփին գիշատիչ գազան է հոշոտել (Ծննդոց 37։31–35)։
«ՀՈՎՍԵՓՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԻՇԵՑ»
Երկար ճամփորդությունից հետո Հակոբի որդիները հասան Եգիպտոս։ Երբ նրանք ասացին, որ հացահատիկ են ուզում գնել, նրանց ուղեկցեցին երկրի ղեկավարի՝ Փսոմփթոմփանեի մոտ (Ծննդոց 41։45)։ Արդյոք նրանք ճանաչեցի՞ն Հովսեփին։ Բացարձակապե՛ս։ Նրանց առաջ կանգնած էր մեկը, որի օգնության կարիքն ունեին։ Ի նշան հարգանքի՝ նրանք «իրենց երեսը մինչև գետին խոնարհեցին» (Ծննդոց 42։5, 6)։
Իսկ Հովսեփը իսկույն ճանաչեց իր եղբայրներին։ Ավելին, երբ վերջիններս նրա առաջ խոնարհվեցին, նա մտքով շա՜տ հեռու գնաց։ «Հովսեփն անմիջապես հիշեց իր երազները», որոնք Եհովան տվել էր իրեն, երբ նա դեռ պատանի էր. երազներ, որոնք կանխագուշակում էին այն ժամանակը, երբ եղբայրները խոնարհվելու էին իր առաջ, ինչպես որ հիմա արեցին (Ծննդոց 37։2, 5–9; 42։7, 9)։ Ինչպե՞ս էր արձագանքելու Հովսեփը։ Գրկախառնվելո՞ւ էր, թե՞ վրեժ էր լուծելու։
Հովսեփը գիտեր, որ չպետք է թույլ տա՝ զգացմունքներն իշխեն իր վրա, ինչպիսին էլ որ դրանք լինեն։ Հստակ էր, որ Եհովան առաջնորդում է դեպքերի ընթացքը։ Նա նպատակ ուներ ու խոստացել էր, որ Հակոբի սերունդը հզոր ազգ է դառնալու (Ծննդոց 35։11, 12)։ Սակայն եթե Հովսեփը զգացմունքներով առաջնորդվեր, ապա Հակոբի սերնդի հետ կապված Աստծու նպատակը կարող էր վտանգի ենթարկվել, քանի որ եղբայրները գուցե չէին փոխվել, եսասեր էին, կատաղի, անխիղճ։ Բացի այդ, Հովսեփը չգիտեր, թե իր եղբայրները, որոնք ժամանակին դաժանաբար էին վարվել իր հետ, ինչպես կարձագանքեն՝ իմանալով, որ նա կենդանի է։ Արդյոք նրանք չե՞ն վնասի իր կրտսեր եղբորը՝ Բենիամինին, մինչև անգամ հորը։ Ուստի նա հապճեպորեն չգործեց ու որոշեց թաքցնել իր ինքնությունը և փորձել եղբայրներին՝ տեսնելու, թե արդյոք նրանք փոխվել են։ Դրանից հետո պարզ կլիներ, թե որն է Եհովայի կամքը։
Գուցե դու նման իրավիճակում չհայտնվես։ Այնուամենայնիվ, այսօրվա ընտանիքներում վեճերն ու բաժանումները սովորական երևույթ են դարձել։ Այսպիսի դժվարությունների բախվելիս գուցե հետևենք մեր սրտին և անմտածված քայլեր անենք։ Իմաստուն կլինի ընդօրինակել Հովսեփին ու փորձել հասկանալ, թե ինչպես է Աստված ուզում, որ խնդիրները լուծենք (Առակներ 14։12)։ Հիշիր, ընտանիքի անդամների հետ խաղաղություն պահպանելը կարևոր է, սակայն ավելի կարևոր է Եհովայի ու նրա Որդու հետ խաղաղություն պահպանելը (Մատթեոս 10։37)։
«ՍՐԱՆՈՎ ԿՓՈՐՁՎԵՔ»
Իր եղբայրների սրտում եղածը տեսնելու համար Հովսեփը որոշեց փորձել նրանց։ Նա թարգմանչի միջոցով կոպիտ տոնով ասաց, որ նրանք լրտեսներ են։ Պաշտպանվելու համար եղբայրները պատմեցին իրենց ընտանիքի մասին՝ նշելով, որ տանը կրտսեր եղբայր ունեն։ Այդ պահին Հովսեփը հուզմունքով լցվեց։ Մի՞թե նա կարող էր կրկին տեսնել իր եղբորը։ Սակայն թաքցնելով հուզմունքը՝ գործի անցավ։ Հովսեփն ասաց. «Սրանով կփորձվեք»։ Այնուհետև հայտնեց, որ ուզում է տեսնել նրանց կրտսեր եղբորը։ Հետո պատվիրեց նրանց վերադառնալ տուն՝ կրտսեր եղբորը բերելու, սակայն նրանցից մեկին որպես բանտարկյալ պահեց (Ծննդոց 42։9–20)։
Եղբայրները սկսեցին խոսել իրար մեջ՝ տեղյակ չլինելով, որ Հովսեփը հասկանում է իրենց։ Նրանք մեղադրեցին իրար, որ քսան տարի առաջ մեծ մեղք էին գործել. «Անկասկած, մենք մեր եղբոր հանդեպ մեղավոր ենք, քանի որ տեսանք նրա հոգու տառապանքը, երբ նա մեզնից կարեկցանք էր աղերսում, բայց չլսեցինք։ Դա է պատճառը, որ այս փորձանքը եկավ մեզ վրա»։ Հովսեփը մի կողմ գնաց, որպեսզի նրանք չտեսնեն իր արցունքները (Ծննդոց 42։21–24)։ Այդուհանդերձ, նա գիտեր, որ իսկական ու անկեղծ զղջումը վատ հետևանքների համար ափսոսանք զգալուց շատ ավելին է։ Ուստի շարունակեց փորձել նրանց։
Վերադառնալով նրանց մոտ՝ Հովսեփը եղբայրներին ազատ արձակեց, բացի Շմավոնից։ Հետո հրաման տվեց, որ նրանց պարկերը հացահատիկով լցնեն և ամեն մեկի փողը հետ դնեն իր պարկի մեջ։ Նրանք ճանապարհ ընկան։ Երբ հասան տուն, իրենց հորը պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր իրենց ու հազիվ համոզեցին նրան, որ թույլ տա Բենիամինին տանել Եգիպտոս։ Մի որոշ ժամանակ անց, երբ հացահատիկը վերջացավ, նրանք նորից ճանապարհ ընկան դեպի Եգիպտոս։ Երբ տեղ հասան, Հովսեփի տան վրա նշանակված մարդուն ասացին, որ իրենց պայուսակներում փող են գտել և այժմ պատրաստ են վերադարձնելու այն։ Լավ քայլ էր, բայց Հովսեփն ուզում էր ավելին տեսնել։ Ուստի նրանց համար ճաշկերույթ կազմակերպեց։ Կարող ենք պատկերացնել, թե Բենիամինին տեսնելուն պես ինչպես ճմլվեց Հովսեփի սիրտը, սակայն այս անգամ էլ նա մեծ դժվարությամբ զսպեց իր զգացմունքները։ Այնուհետև պատվիրեց նրանց պարկերը ուտելիքով լցնել, իսկ իր արծաթյա բաժակը դնել Բենիամինի պարկի մեջ (Ծննդոց 42։26–44։2)։
Այսպիսով նա ծուղակը գցեց նրանց։ Պատվիրեց հետապնդել եղբայրներին ու մեղադրել գողության մեջ։ Երբ արծաթյա բաժակը գտան Բենիամինի պարկի մեջ, բոլորը վերադարձան Հովսեփի մոտ։ Այժմ ժամանակն էր, որ Հովսեփը տեսներ, թե փոխվել են արդյոք եղբայրները։ Տեսնելով Հովսեփին՝ Հուդան աղերսեց ողորմել իրենց, անգամ առաջարկեց, որ 11 եղբայրները մնան որպես ստրուկ։ Սակայն Հովսեփն ասաց, որ Բենիամինը կմնա որպես իր ստրուկ, իսկ մյուսները կարող են գնալ (Ծննդոց 44։2–17)։
Հուդան անմիջապես արձագանքեց՝ թախանձելով. «Միայն նա է մնացել իր մորից, ու նրա հայրը շատ է սիրում նրան»։ Այս խոսքերը մինչև սրտի խորքը հուզեցին Հովսեփին։ Նա առաջին որդին էր, որ ծնվեց Հակոբի սիրելի կին Ռաքելից։ Վերջինս Բենիամինին ծնունդ տալիս մահացավ։ Հովսեփը իր հոր պես գուրգուրում էր իր մոր մասին հուշերը։ Թերևս դա էր պատճառը, որ Բենիամինն ավելի թանկ էր Հովսեփի համար (Ծննդոց 35։18–20; 44։20)։
Հուդան շարունակեց աղաչել, որ ինքը մնա Բենիամինի փոխարեն որպես ստրուկ՝ ասելով. «Ինչպե՞ս կարող եմ առանց տղայի գնալ հորս մոտ և տեսնել այն վիշտը, որ կգա իմ հոր վրա» (Ծննդոց 44։18–34)։ Հովսեփը հասկացավ, որ նա փոխվել է։ Հուդան ոչ միայն անկեղծորեն զղջաց, այլ նաև խոր կարեկցանք, սրտացավություն, ինչպես նաև անձնազոհություն ցույց տվեց։
Սա լսելով՝ Հովսեփն այլևս չկարողացավ զսպել իր էմոցիաները։ Բոլորին դուրս հանելով իր մոտից՝ նա բարձրաձայն լաց եղավ, այնպես որ եգիպտացիները լսեցին նրա ձայնը, և այդ մասին լուրը հասավ փարավոնի տուն։ Այնուհետև ասաց. «Ես Հովսեփն եմ՝ ձեր եղբայրը»։ Հետո գրկեց շփոթահար կանգնած եղբայրներին։ Այո՛, Հովսեփը մեծահոգաբար ներեց նրանց (Ծննդոց 45։1–15)։ Այդպիսով նա արտացոլեց Եհովայի՝ առատաձեռնորեն ներելու հատկությունը (Սաղմոս 86։5)։ Մենք է՞լ ենք այդպես վարվում։
«ԻՄԱՑԱ, ՈՐ ՈՂՋ ԵՍ»
Փարավոնը իմացավ ողջ պատմությունը և առաջարկեց Հովսեփին, որ իր տարեց հորը և ողջ ընտանիքի անդամներին բերի Եգիպտոս։ Վերջապես, ընտանիքը բաժանող անդունդը վերացավ։ Հովսեփը կրկին իր հարազատների հետ էր, իր սիրելի հոր հետ։ Տեսնելով որդուն՝ Հակոբը երկար լաց եղավ ու ասաց. «Հիմա, երբ տեսա քո երեսը և իմացա, որ ողջ ես, կարող եմ մեռնել» (Ծննդոց 45։16–28; 46։29, 30)։
Սակայն Հակոբը Եգիպտոսում ապրեց ևս 17 տարի և մարգարեական օրհնություններ տվեց իր 12 որդիներին։ Հովսեփին՝ 11-րդ որդուն, նա կրկնակի բաժին տվեց, որը սովորաբար առաջնեկին են տալիս։ Իսրայելի երկու ցեղեր նրանից էին առաջ գալու։ Իսկ ի՞նչ ստացավ Հուդան՝ չորրորդ որդին, որը մյուս եղբայրներից առավել զղջաց։ Նա մեծ օրհնություն ստացավ. Մեսիան սերելու էր նրա շառավղից (Ծննդոց, գլուխներ 48, 49)։
Երբ 147 տարեկանում Հակոբը մահացավ, Հովսեփի եղբայրները վախով լցվեցին՝ մտածելով, որ նա այժմ կարող է վրեժ առնել։ Սակայն Հովսեփը մխիթարեց նրանց ու հավաստիացրեց իր սիրո մեջ։ Եհովան էր առաջնորդել իր ընտանիքին Եգիպտոս, ուստի եղբայրները չպետք է վատ զգային տեղի ունեցածի համար։ Նա է կատարյալ Դատավորը։ Ինչպե՞ս կարող էր Հովսեփը համարձակվել պատժել նրանց, ում Եհովան ներել էր (Եբրայեցիներ 10։30)։ Նա ասաց. «Մի՞թե ես Աստված եմ» (Ծննդոց 15։13; 45։7, 8; 50։15–21)։
Երբևէ դժվարացե՞լ ես ներել։ Դա անելը հատկապես դժվար է լինում այն ժամանակ, երբ որևէ մեկը միտումնավոր ցավ է պատճառում քեզ։ Սակայն եթե սրտանց ներենք նրանց, ովքեր իսկապես զղջում են, շատ վերքեր կբուժվեն, այդ թվում նաև մեր վերքը։ Ավելին, մենք կընդօրինակենք Հովսեփի հավատը և նրա ողորմած Հորը՝ Եհովային։
a Տե՛ս «Դիտարանի» 2014թ. օգոստոսի 1-ի և նոյեմբերի 1-ի և 2015թ. փետրվարի 1-ի «Ընդօրինակեք նրանց հավատը» խորագրի հոդվածները։