Եբրայեցիներ
6 Ուստի քանի որ արդեն սովորել-վերջացրել ենք Քրիստոսի մասին տարրական ուսմունքները,+ եկեք ջանադրաբար հասունության ձգտենք,+ ոչ թե նորից գցենք հիմքը՝ դարձյալ սովորելով հիմունքները՝ փուչ* գործերի համար զղջալը, Աստծուն հավատալը, 2 մկրտությունները, ձեռքերը դնելը,+ մահացածների հարությունը+ և վերջնական դատաստանը: 3 Աստծու կամքով մենք հենց այդպես էլ կվարվենք:
4 Ինչ վերաբերում է նրանց, ովքեր թեև լուսավորվել են,+ օրհնվել երկնային ձրի պարգևով, ստացել սուրբ ոգին, 5 ինչպես նաև ճաշակել են Աստծու հիասքանչ խոսքն ու գալիք աշխարհին* առնչվող օրհնությունները,* 6 բայց հետո ուրացել են հավատը,+ այդպիսի մարդիկ անհնար է, որ կրկին զղջման բերվեն, որովհետև նրանք էլ իրենց հերթին են սյանը գամում Աստծու Որդուն և հրապարակորեն խայտառակում են նրան:+ 7 Հողը օրհնվում է Աստծուց, եթե կլանում է իր վրա հաճախակի թափվող անձրևները և հետո իրեն մշակողին պիտանի բերք է տալիս: 8 Բայց եթե փուշ ու տատասկ է տալիս, անպետք է, ենթակա է անեծքի և ի վերջո այրվելու է:
9 Ինչ վերաբերում է ձեզ, սիրելինե՛ր, չնայած մեր ասածներին՝ համոզված ենք, որ դուք ավելի լավ վիճակում եք և փրկության տանող գործեր եք անում: 10 Իսկ Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և իր անվան հանդեպ ձեր սերը,+ որը ցուցաբերել եք՝ ծառայելով սրբերին* ու շարունակելով ծառայել մինչև հիմա: 11 Բայց ուզում ենք, որ բոլորդ այսուհետ էլ նույն ջանասիրությունը դրսևորեք, որպեսզի ձեր հույսի+ իրականացման մեջ համոզված մնաք մինչև վերջ:+ 12 Նաև ուզում ենք, որ չծուլանաք,+ այլ ընդօրինակեք նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ստացան* խոստումները:
13 Երբ Աստված խոստում տվեց Աբրահամին, նա ինքն իրենով երդվեց, քանի որ չկար ավելի հեղինակավոր մեկը, որով կարող էր երդվել:+ 14 Նա ասաց. «Քեզ անշուշտ կօրհնեմ և քո սերունդը.... կշատացնեմ»:+ 15 Եվ այսպես՝ Աբրահամը համբերությամբ սպասեց ու ստացավ այդ խոստումը:* 16 Մարդիկ երդվում են իրենցից ավելի հեղինակավոր ինչ-որ մեկով, և դրանով վերջ է դրվում ամեն վիճաբանության, քանի որ դա ասվածի ճշմարտացիության երաշխիք է նրանց համար:+ 17 Նույն ձևով էլ, երբ Աստված որոշեց խոստումը ստացողներին+ ավելի հստակ ցույց տալ, որ իր նպատակն անփոփոխ է, որպես երաշխիք երդում տվեց:* 18 Այդ երկու բաները* անփոփոխ են, հետևաբար փաստում են, որ անհնար է՝ Աստված սուտ խոսի,+ և մենք՝ Աստծու մոտ ապաստան գտածներս, դրանց շնորհիվ մեծապես քաջալերվում ենք, որ ամուր պահենք մեր առջև դրված հույսը: 19 Այս հույսը+ մեր հոգու* համար ասես խարիսխ լինի, որը թե՛ հուսալի է, թե՛ անխախտ: Այն մեզ առաջնորդում է վարագույրից այն կողմ,+ 20 որտեղ արդեն մտել է մեր առջևից գնացողը՝ Հիսուսը,+ որպեսզի ճանապարհ բացի մեզ համար: Նա դարձել է Մելքիսեդեկի նման քահանայապետ և քահանայապետ կլինի հավիտյան:+