Ընթերցողների հարցերը
Եբրայեցիներին գրած նամակում Պողոս առաքյալը խոսեց «ձեռքերը դնելու» մասին։ Նա նկատի ուներ երեցներ նշանակե՞լը, թե՞ մեկ ուրիշ բան (Եբր. 6։2)։
Հիմքեր չկան միանշանակ ասելու, թե ինչ էր ուզում ասել Պողոսը, բայց նա, հավանաբար, նկատի ուներ ձեռքերը անհատի վրա դնելու միջոցով ոգու պարգևներ փոխանցելը։
Աստվածաշնչում իրոք որ ձեռքերը դնելը կապվում է աստվածապետական նշանակումներ տալու հետ։ Օրինակ՝ Մովսեսը «իր ձեռքերը Հեսուի վրա դրեց» և դրանով նրան նշանակեց Իսրայել ազգի հաջորդ առաջնորդ (Բ Օրին. 34։9)։ Քրիստոնեական ժողովում համապատասխան որակներ ունեցող որոշ տղամարդիկ նշանակում ստացան ձեռնադրումով (Գործ. 6։6; 1 Տիմոթ. 4։14)։ Իսկ Պողոսը խորհուրդ տվեց Տիմոթեոսին չշտապել ձեռքերը դնել որևէ մեկի վրա (1 Տիմոթ. 5։22)։
Սակայն հետաքրքիր է, թե Պողոսը ինչ հորդորեց եբրայեցի քրիստոնյաներին։ Նա ասաց. «Սկզբնական ուսմունքները թողած լինելով՝ եկեք շտապենք դեպի հասունություն»։ Հետո նշեց «մեռած գործերի համար զղջալը և Աստծու հանդեպ հավատը, մկրտությունների, ձեռքերը դնելու.... մասին ուսմունքները» (Եբր. 6։1, 2)։ Բայց արդյոք երեց նշանակվելը սկզբնակա՞ն բան է, որից հետո միայն քրիստոնյան սկսում է «շտապել դեպի հասունություն»։ Ո՛չ։ Ժողովի երեց լինելը մի նպատակ է, որին հասուն եղբայրները ձգտում են հասնել, իսկ հասնելուց հետո շարունակում են գնահատել այդ առանձնաշնորհումը (1 Տիմոթ. 3։1)։
Փաստորեն, «ձեռքերը դնել» արտահայտությունը, բացի աստվածապետական նշանակում տալու իմաստից, ունի նաև այլ իմաստ։ Առաջին դարում Եհովան մերժեց Իսրայել ազգին և որպես իր հաճությունը վայելող ժողովրդի՝ ընտրեց հոգևոր Իսրայելին՝ օծյալ քրիստոնյաների ժողովին (Մատթ. 21։43; Գործ. 15։14; Գաղ. 6։16)։ Դրա մասին էին փաստում ոգու գերբնական պարգևները, օրինակ՝ լեզուներով խոսելը (1 Կորնթ. 12։4–11)։ Դառնալով հավատացյալներ՝ Կոռնելիոսը և նրա ընտանիքի անդամները ընդունեցին սուրբ ոգին, ինչը երևաց այն բանից, որ նրանք սկսեցին «լեզուներով խոսել» (Գործ. 10։44–46)։
Այդ գերբնական պարգևները երբեմն փոխանցվում էին անհատին՝ ձեռքերը դնելով նրա վրա։ Երբ Փիլիպպոսը բարի լուրը քարոզեց Սամարիայում, արդյունքում շատերը մկրտվեցին։ Կառավարիչ մարմինը այնտեղ ուղարկեց Պետրոս և Հովհաննես առաքյալներին։ Ինչո՞ւ։ Կարդում ենք. «Այն ժամանակ [նրանք] իրենց ձեռքերը դրեցին [նոր մկրտվածների] վրա, և նրանք սուրբ ոգի ստացան»։ Դա թերևս նշանակում էր, որ նրանք ստացան ոգու պարգևները։ Այդ պարգևները տեսանելի էին։ Որտեղի՞ց գիտենք։ Սիմոնը, որը նախկինում մոգությամբ էր զբաղվում, երբ տեսավ ոգու միջոցով կատարվող նշաններն ու գործերը, ագահությունից դրդված՝ փորձեց գնել ձեռքերը դնելու միջոցով ուրիշներին սուրբ ոգի փոխանցելու պարգևը (Գործ. 8։5–20)։ Իսկ հետագայում, երբ Եփեսոսում 12 մարդ մկրտվեց, և «Պողոսն իր ձեռքերը նրանց վրա դրեց, սուրբ ոգին եկավ նրանց վրա, և սկսեցին լեզուներով խոսել ու մարգարեանալ» (Գործ. 19։1–7; համեմատի՛ր 2 Տիմոթեոս 1։6)։
Այսպիսով՝ Եբրայեցիներ 6։2–ում Պողոսը ակներևաբար նկատի ուներ ձեռքեր դնելու միջոցով նոր աշակերտներին ոգու պարգևներ փոխանցելը։