Ծննդոց
2 Այսպիսով՝ ավարտին հասավ երկնքի, երկրի և դրանցում եղող ամեն բանի* արարումը:+ 2 Նախքան յոթերորդ օրը Աստված ավարտեց այն աշխատանքը, որ անում էր, և յոթերորդ օրը սկսեց հանգստանալ+ իր արած ողջ աշխատանքից:* 3 Աստված օրհնեց յոթերորդ օրը և այն սուրբ հայտարարեց, որովհետև այդ օրը սկսեց հանգստանալ իր ողջ ստեղծագործ աշխատանքից, որ արել էր իր նպատակի համաձայն:
4 Սա է պատմությունը այն ժամանակահատվածի, երբ ստեղծվեցին երկինքն ու երկիրը՝+ այն օրվա, երբ Եհովա* Աստված արարեց դրանք:
5 Երկրի վրա դեռ չկային թփեր և այլ բուսականություն. Եհովա Աստված երկրի վրա անձրև չէր բերել, և մարդ չկար, որ հողը մշակեր: 6 Բայց երկրից գոլորշի էր բարձրանում և խոնավացնում էր երկրի ողջ մակերեսը:
7 Եհովա Աստված հողից+ կազմավորեց մարդուն ու նրա քթանցքերի մեջ կյանքի շունչ+ փչեց, և մարդը կենդանի էակ* դարձավ:+ 8 Եհովա Աստված Եդեմում՝+ արևելյան կողմում, մի պարտեզ տնկեց և իր ստեղծած մարդուն+ բնակեցրեց այնտեղ: 9 Եհովա Աստված հողից աճեցրեց ամեն ծառ՝ գեղեցիկ տեսք ունեցող և ուտելու լավ պտուղներ տվող: Բացի այդ՝ նա պարտեզի մեջտեղում աճեցրեց կյանքի ծառը,+ ինչպես նաև բարին ու չարը որոշելու ծառը:*+
10 Եդեմից մի գետ էր դուրս գալիս ու ջրում պարտեզը և այնտեղից բաժանվում էր չորս ճյուղի: 11 Առաջինի անունը Փիսոն է: Այն եզերում է Եվիլայի ողջ երկիրը, որտեղ ոսկի կա: 12 Այդ երկրի ոսկին լավն է: Այնտեղ նաև անուշահոտ խեժ* և եղնգնաքար* կա: 13 Երկրորդի անունը Գեհոն է: Այդ գետը եզերում է Քուշի ողջ երկիրը: 14 Երրորդի անունը Տիգրիս*+ է: Այն հոսում է Ասորեստանից+ արևելք ընկած տարածքով: Իսկ չորրորդ գետը Եփրատն+ է:
15 Եհովա Աստված մարդուն բնակեցրեց Եդեմի պարտեզում, որ նա մշակի ու խնամի այն:+ 16 Եհովա Աստված նաև այսպիսի պատվեր տվեց մարդուն. «Պարտեզի բոլոր ծառերից կարող ես ուտել,+ ինչքան ուզում ես, 17 բայց բարին ու չարը որոշելու ծառից* չուտե՛ս, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ կմեռնես»:+
18 Հետո Եհովա Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա: Նրա համար իրեն համապատասխան* մի օգնական ստեղծեմ»:+ 19 Եհովա Աստված, որ հողից ստեղծել* էր բոլոր վայրի կենդանիներին ու երկնքի բոլոր թևավոր արարածներին, սկսեց նրանց բերել մարդու մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա ամեն մեկին: Եվ ինչ անուն որ մարդը տալիս էր յուրաքանչյուր կենդանի արարածի,* դա էլ լինում էր նրա անունը:+ 20 Այսպիսով՝ մարդը անուններ տվեց բոլոր ընտանի կենդանիներին, երկնքի թևավոր արարածներին և բոլոր վայրի կենդանիներին: Այդ ժամանակ մարդը իրեն համապատասխան ոչ մի օգնական չուներ: 21 Ուստի Եհովա Աստված խոր քուն բերեց մարդու վրա ու, մինչ նա քնած էր, վերցրեց նրա կողոսկրերից մեկը և փակեց այդ մասը: 22 Եհովա Աստված մարդուց վերցրած կողոսկրից կին ստեղծեց* ու նրան բերեց մարդու մոտ:+
23 Այդ ժամանակ մարդն ասաց.
«Ահա վերջապես ոսկոր՝ իմ ոսկրից,
Ահա մարմին՝ իմ մարմնից:
24 Դրա համար էլ տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը,* և նրանք մեկ մարմին կդառնան:+ 25 Երկուսն էլ՝ թե՛ տղամարդը, թե՛ կինը, մերկ էին,+ բայց չէին ամաչում: