Մատթեոս
28 Շաբաթից հետո՝ շաբաթվա առաջին օրը՝ լուսաբացին, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը գնացին գերեզմանը տեսնելու:+
2 Ուժեղ երկրաշարժ էր եղել, որովհետև Եհովայի* հրեշտակը իջել էր երկնքից: Նա մոտեցել, քարը մի կողմ էր գլորել ու նստել էր դրա վրա:+ 3 Նրանից ճառագող փայլը ասես կայծակի փայլատակում լիներ, իսկ հագուստը ձյան պես սպիտակ էր:+ 4 Նրան տեսնելով՝ պահակները վախից ահուդողի մեջ էին ընկել ու մեռելի պես քարացել:
5 Հրեշտակը, դիմելով կանանց, ասաց. «Մի՛ վախեցեք: Գիտեմ, որ Հիսուսին եք փնտրում, որին սյանը գամեցին:+ 6 Նա այստեղ չէ. հարություն է առել, ինչպես որ ասել էր:+ Եկեք տեսեք այն տեղը, որտեղ դրված էր նրա մարմինը: 7 Ապա շտապ գնացեք ու ասեք նրա աշակերտներին, որ նա հարություն է առել և Գալիլեա է գնում:+ Երբ հասնեք այնտեղ, կտեսնեք նրան: Ես եկել եմ, որ ասեմ ձեզ դա»:+
8 Կանայք վախի և ցնծության խառը զգացումներով անմիջապես հեռացան գերեզմանից ու գնացին, որ այդ լուրը հայտնեն աշակերտներին:+ 9 Ճանապարհին Հիսուսը հանդիպեց նրանց ու ասաց. «Ողջո՛ւյն»: Նրանք էլ, մոտ գալով, փարվեցին Հիսուսի ոտքերին ու խոնարհվեցին նրա առաջ: 10 Հիսուսն ասաց. «Մի՛ վախեցեք: Գնացեք և ասեք իմ եղբայրներին, որ գան Գալիլեա: Այնտեղ կտեսնեն ինձ»:
11 Մինչ կանայք ճանապարհին էին, պահապան զինվորներից մի քանիսը+ գնացին քաղաք և ավագ քահանաներին պատմեցին ողջ եղելությունը: 12 Նրանք էլ երեցների հետ հավաքվեցին և խորհրդակցելուց հետո բավականին շատ փող* տվեցին զինվորներին 13 ու պատվիրեցին. «Մարդկանց ասեք. «Նրա աշակերտները գիշերով եկան ու գողացան նրան, մինչ մենք քնած էինք»:+ 14 Եվ եթե դա ընկնի կուսակալի ականջը, մի՛ անհանգստացեք, մենք ամեն ինչ կբացատրենք* նրան»: 15 Նրանք էլ վերցրին փողը և արեցին, ինչ որ իրենց կարգադրեցին: Եվ այսպես՝ մինչ օրս հրեաների մեջ այդ պատմությունն է պտտվում:
16 Իսկ 11 աշակերտները ճանապարհ ընկան դեպի Գալիլեա+ և գնացին այն սարը, որտեղ Հիսուսը պայմանավորվել էր հանդիպել նրանց հետ:+ 17 Նրան տեսնելով՝ աշակերտները խոնարհվեցին նրա առաջ, սակայն ներկաներից ոմանք կասկածում էին, որ դա Հիսուսն է: 18 Հիսուսը մոտեցավ ու խոսեց նրանց հետ՝ ասելով. «Երկնքում և երկրի վրա ողջ իշխանությունը ինձ է տրվել:+ 19 Ուստի գնացեք և բոլոր ազգերի մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ՝+ նրանց մկրտելով+ Հոր, Որդու, սուրբ ոգու անունով* 20 և սովորեցնելով պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի:+ Ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև այս աշխարհի վախճանի ժամանակները»:*+