Ա3
Ինչպե՞ս է Աստվածաշունչը հասել մեզ
Աստվածաշնչի հեղինակը հոգ է տարել, որ այն պահպանվի մինչև մեր օրերը: Նրա կամքով Աստվածաշնչում արձանագրվել են հետևյալ խոսքերը.
«Մեր Աստծու խոսքը հավիտյան է մնում»(Եսայիա 40:8):
Թեև Աստվածաշնչի Եբրայերեն և Արամերեն Գրվածքների,a ինչպես նաև Քրիստոնեական Հունարեն Գրվածքների բնագրերը չեն պահպանվել, սակայն կարող ենք վստահ լինել, որ այս խոսքերը ճիշտ են, և Աստվածաշնչի մեզ հասանելի տեքստը ճշգրտությամբ է փոխանցում բնագրում տեղ գտած խոսքերը, որոնք Աստծու ներշնչմամբ են գրվել: Ի՞նչ հիմքեր ունենք այսպես ասելու համար:
ԳՐԱԳԻՐՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ
Եբրայերեն Գրվածքները պահպանվել են հիմնականում շնորհիվ մի սովորույթի, որն Աստված էր սահմանել. նա պատվիրել էր արտագրել իր Խոսքը:b Եհովան կարգադրել էր, որ Իսրայելի յուրաքանչյուր թագավոր արտագրի Օրենքը և ունենա իր անձնական կրկնօրինակը (2 Օրենք 17:18): Բացի այդ՝ Աստված ղևտացիներին պատասխանատվություն տվեց Օրենքը պահպանել և այն սովորեցնել ժողովրդին (2 Օրենք 31:26; Նեեմիա 8:7): Հրեաների՝ Բաբելոնի գերությունից վերադառնալուց հետո ի հայտ եկան գրագիրներ կամ դպիրներ՝ սոփերիմները (Եզրաս 7:6, ծանոթագրություններ): Ժամանակի ընթացքում նրանք Եբրայերեն Գրվածքների 39 գրքերի բազմաթիվ կրկնօրինակներ արեցին:
Դարերի ընթացքում դպիրները մանրախնդրորեն արտագրեցին այդ գրքերը: Միջնադարում այդ գործը շարունակեց հրեա դպիրների մի խումբ՝ մասորեթները: Մասորեթական տեքստի ամենահին ամբողջական ձեռագիրը Լենինգրադյան ձեռագիրն է, որը թվագրվում է մ.թ. 1008 կամ 1009 թվականներով: 20-րդ դարի կեսերին հայտնաբերվեցին Մեռյալ ծովի ձեռագրերը, ինչպես նաև աստվածաշնչյան 220 ամբողջական և պատառիկ ձեռագրեր: Դրանք Լենինգրադյան ձեռագրից հազար տարով հին են: Մեռյալ ծովի ձեռագրերի համեմատությունը Լենինգրադյան ձեռագրի հետ մի կարևոր եզրահանգման է բերում. թեև այս ձեռագրերի միջև առկա են չնչին տարբերություններ, սակայն դրանք ոչ մի կերպ չեն ազդում իմաստի վրա:
Իսկ ի՞նչ կարելի է ասել Հունարեն Գրվածքների 27 գրքերի մասին: Դրանք գրել են Հիսուս Քրիստոսի առաքյալներից մի քանիսը և վաղ շրջանի այլ քրիստոնյաներ: Հետևելով դպիրների օրինակին՝ վաղ շրջանի քրիստոնյաները արտագրում էին այդ գրքերը (Կողոսացիներ 4:16): Չնայած որ հռոմեական կայսր Դիոկղետիանոսը և ուրիշները փորձել են վերացնել վաղ շրջանի քրիստոնեական գրվածքները, այնուամենայնիվ, մինչ օրս պահպանվել են հազարավոր հնագույն ձեռագրեր ու պատառիկներ:
Ավելին՝ Հունարեն Գրվածքները թարգմանվել են մի շարք լեզուներով: Աստվածաշնչի վաղ թարգմանություններն արվել են այնպիսի հնագույն լեզուներով, ինչպիսիք են հայերենը, ղպտիերենը, եթովպերենը, վրացերենը, լատիներենը և ասորերենը:
ԵԲՐԱՅԵՐԵՆ ԵՎ ՀՈՒՆԱՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐ, ՈՐՈՆՔ ՀԻՄՔ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ԱՅՍ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Աստվածաշնչյան հին ձեռագրերի ոչ բոլոր կրկնօրինակներն են նույնական: Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե իրականում ինչ է գրված եղել բնագրում:
Բերենք մի օրինակ: Ենթադրենք՝ ուսուցիչը 100 աշակերտի հանձնարարում է որևէ գրքից մի գլուխ արտագրել: Հնարավոր է, որ յուրաքանչյուր աշակերտ ինչ-որ սխալ թույլ տա, սակայն խիստ անհավանական է, որ բոլորը միևնույն սխալը անեն: Անգամ եթե բնագրային տեքստը հետագայում կորչի, 100 կրկնօրինակների համեմատության շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե ինչ է գրված եղել բնագրում: Այդ նույն ձևով էլ գիտնականները, Աստվածաշնչի առկա հնագույն գրքերի հազարավոր պատառիկներն ու կրկնօրինակները համեմատելով, կարողանում են հայտնաբերել գրագիրների թույլ տված սխալները և իմանալ, թե ինչպիսին է եղել բնագիրը:
«Վստահությամբ կարող ենք ասել, որ ուրիշ ոչ մի հին աշխատություն այդքան ճշգրտությամբ չի պահպանվել մինչև մեր օրերը»
Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մեզ հասած աստվածաշնչյան տեքստը ճշգրտորեն է փոխանցում բնագրում գրված մտքերը: Խոսելով Եբրայերեն Գրվածքների մասին՝ աստվածաշնչագետ Ուիլյամ Գրինն ասում է. «Վստահությամբ կարող ենք ասել, որ ուրիշ ոչ մի հին աշխատություն այդքան ճշգրտությամբ չի պահպանվել մինչև մեր օրերը»: Իսկ Քրիստոնեական Հունարեն Գրվածքների կամ, ինչպես այն հաճախ կոչում են, Նոր Կտակարանի վերաբերյալ աստվածաշնչագետ Ֆրեդերիկ Բրուսը գրել է. «Նոր Կտակարանի վստահարժանությանը թիկունք կանգնող փաստերն ավելի ծանրակշիռ են, քան դասական հեղինակների բազմաթիվ աշխատություններինը, որոնց վավերականությունը ոչ ոք հարցականի տակ չի դնում»: Նա նաև ավելացրել է. «Եթե Նոր Կտակարանը լիներ ոչ կրոնական գրվածքների ժողովածու, ապա շատ մասնագետներ, առանց կասկածի նշույլ անգամ ունենալու, այն վավերական կհամարեին»:
Եբրայերեն տեքստը: Եբրայերեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը (1953-1960, անգլ.) հիմնված էր Ռուդոլֆ Կիթելի «Բիբլիա հեբրաիկա» հրատարակության վրա: Այդ ժամանակվանից սկսած՝ լույս են տեսել եբրայերեն տեքստի նոր հրատարակություններ՝ «Բիբլիա հեբրաիկա Շտուտգարտենզիան» և «Բիբլիա հեբրաիկա քվինտան», որոնց մեջ արտացոլված են Մեռյալ ծովի և այլ հին ձեռագրերի հիման վրա արված ուսումնասիրությունների արդյունքները: Այս հրատարակություններում վերարտադրված է Լենինգրադյան ձեռագրի տեքստը, իսկ ծանոթագրություններում նշված են ձևակերպումներ, որոնք հանդիպում են այլ աղբյուրներում, ինչպիսիք են, օրինակ, «Սամարական Հնգամատյանը», Մեռյալ ծովի ձեռագրերը, հունարեն «Յոթանասնից»-ը, լատիներեն «Վուլգատան», արամերեն թարգումները և ասորերեն «Պեշիթոն»: Աստվածաշնչի այս հրատարակությունը պատրաստելիս «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն օգտվել է «Բիբլիա հեբրաիկա Շտուտգարտենզիայից» և «Բիբլիա հեբրաիկա քվինտայից»:
Հունարեն տեքստը: 19-րդ դարի վերջերին գիտնականներ Բ. Ֆ. Վեստկոտը և Ֆ. Ջ. Ա. Հորտը, ցանկանալով պատրաստել Հունարեն Գրվածքների այնպիսի մի տեքստ, որը բնագրին ամենամոտը կլիներ, համեմատել են աստվածաշնչյան ամբողջական և պատառիկ առկա բոլոր ձեռագրերը: 20-րդ դարի կեսին Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը պատրաստելիս սույն թարգմանության կոմիտեն հիմք է ընդունել նրանց թողարկած հրատարակությունը: Կոմիտեն նաև օգտվել է հնագույն պապիրուսներից, որոնք, ինչպես ընդունված է, թվագրվում են 2-րդ և 3-րդ դարերով: Դրանից հետո շատ այլ պապիրուսներ են հայտնաբերվել: Բացի այդ՝ լույս են տեսել Նեսթլեի և Ալանդի, ինչպես նաև Միացյալ աստվածաշնչյան ընկերությունների թողարկած հրատարակությունները, որոնցում արտացոլված են տեքստաբանական վերջին ուսումնասիրությունների արդյունքները: «Նոր աշխարհ» թարգմանության այս հրատարակության մեջ արտահայտված են այդ ուսումնասիրություններից որոշները:
Վերոնշյալ հրատարակությունները հիմք ընդունելով՝ պարզ է դառնում, որ Հունարեն Գրվածքներում որոշ համարներ, որոնք հանդիպում են մի շարք հին թարգմանություններում (օրինակ՝ «Ջեյմս թագավորի թարգմանությունում» և «Արարատ» թարգմանությունում), իրականում ավելի ուշ շրջանի գրագիրներն են ավելացրել, և դրանք երբեք Աստծու ներշնչմամբ գրված Խոսքի մաս չեն կազմել: Այդ համարներն են՝ Մատթեոս 17:21; 18:11; 23:14; Մարկոս 7:16; 9:44, 46; 11:26; 15:28; Ղուկաս 17:36; 23:17; Հովհաննես 5:4; Գործեր 8:37; 15:34; 24:7; 28:29 և Հռոմեացիներ 16:24: Աստվածաշնչի մի շարք թարգմանություններում այս համարների տեքստը բացակայում է, սակայն 16-րդ դարում ընդունված համարակալման կարգը պահպանվել է: Սույն հրատարակության մեջ վերոնշյալ աստվածաշնչյան համարների կողքին դրված է ծանոթագրություն:
Իսկ ինչ վերաբերում է Մարկոս 16-րդ գլխի (9-20-րդ համարներ) երկար և կարճ վերջաբաններին, ինչպես նաև որոշ թարգմանություններում տեղ գտած Հովհաննես 7:53-8:11 համարներին, փաստ է, որ դրանք բնագրային տեքստում չեն եղել: Ուստի վերանայված այս թարգմանության մեջ այդ հատվածները չեն ներառվել:c
Որոշ համարների ձևակերպումներում շտկումներ են արվել, որպեսզի դրանք համապատասխանեցվեն այն տեքստին, որն աստվածաշնչագետները համարում են բնագրին ամենամոտը: Օրինակ՝ Մատթեոս 7:13 համարը որոշ ձեռագրերում այսպես է հնչում. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն դուռն ու ընդարձակ ճանապարհը դեպի կործանում են տանում»: «Նոր աշխարհ» թարգմանության նախորդ հրատարակություններում երկրորդ «դուռ» բառը բացակայում է: Սակայն ձեռագրերի ավելի խոր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ այն առկա է եղել բնագրում: Ուստի և այդ բառը ներառվել է սույն հրատարակության մեջ: Նմանատիպ փոփոխություններ արվել են նաև այլ հատվածներում, բայց դրանք շատ աննշան են, ուստի դրանցից ոչ մեկը չի ազդել Աստվածաշնչի հիմնական ասելիքի վրա:
a Այսուհետ՝ Եբրայերեն Գրվածքներ:
b Պատճառներից մեկը, թե ինչու էր հարկավոր արտագրել ձեռագրերը, այն էր, որ դրանք գրվում էին քայքայվող նյութերի վրա:
c Ավելին իմանալու համար այն մասին, թե ինչու այս հատվածները Աստվածաշնչի մաս չեն կազմում, տես 2010 թ. «Նոր աշխարհ» թարգմանության մեջ տեղ գտած տեղեկությունները: