Մոնղոլ–թաթարներ. արյունարբու քոչվորների զավթողական արշավանքները
Ռուսաստանը ահ ու սարսափի մեջ էր։ Արևելքից ներխուժած քոչվոր ցեղերը մահ ու ավերածություն էին սփռում։ Այդ հրոսակախմբերը անխնա կոտորում էին բոլոր նրանց, ովքեր համարձակվում էին կանգնել իրենց ճանապարհին։ Միակ վայրը, որը զերծ էր մնացել ասպատակությունից, Նովգորոդի իշխանությունն էր։ Ինչպես նշում է մի պատմագիր, քոչվորները տարօրինակ լեզվով խոսող «անհայտ ցեղեր» էին։
ՌՈՒՍԱՍՏԱՆ ներխուժած քոչվորները մոնղոլներն էին, որոնք եկել էին Կենտրոնական և Հյուսիս–արևելյան Ասիայի բարձրավանդակներից։ Նրանք կայծակնային արագությամբ զավթեցին հսկայական տարածքներ և իրենց արշավանքներով 13–րդ դարից ի վեր փոխեցին Ասիայի ու Եվրոպայի պատմությունը։ Ընդամենը 25 տարում մոնղոլները ավելի շատ հողեր գրավեցին, քան հռոմեացիները՝ չորս դարերի ընթացքում։ Նրանց տերությունը ձգվում էր Կորեայից մինչև Հունգարիա, Սիբիրից մինչև Հնդկաստան։ Դա ամենամեծ կայսրությունն էր, որի տարածքի մեջ մտնում էին հարակից երկրներ։
Մոնղոլական տերության պատմությունը, որը համեմատաբար կարճ ժամանակաշրջան է ընդգրկում, արժեքավոր է ոչ միայն պատմական տեսանկյունից, այլև հոգևոր։ Ուսումնասիրելով այն՝ տեսնում ենք, որ մարդու փառքը ունայն է և անցողիկ. մի բան, որ ասում է նաև Աստվածաշունչը (Սաղմոս 62։9; 144։4)։ Բացի այդ, համոզվում ենք, որ «մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար» (Ժողովող 8։9)։ Ավելին, Աստվածաշնչում հզոր պետությունները այլաբանորեն ներկայացվում են իբրև վայրի գազաններ, քանզի նրանք տարբեր գազանությունների միջոցով միշտ ձգտել են հպատակեցնել ուրիշ ազգերի, ինչը պարզ երևում է մոնղոլների պատմությունիցa։
Սարսափազդու զինվորներ
Մոնղոլները քոչվոր ցեղեր էին։ Նրանք հմուտ ձիավորներ էին ու հիմնականում զբաղվում էին ձիաբուծությամբ, որսորդությամբ և առևտրով։ Յուրաքանչյուր մոնղոլ տղամարդ սարսափազդու զինվոր էր, ուներ ձի, նետ ու աղեղ։ Ավելին, յուրաքանչյուր ցեղ անվերապահորեն նվիրված էր իր ղեկավարին՝ խանին։ Այս ամենով մոնղոլները տարբերվում էին շատ ազգերից։
Խաներից մեկը՝ Թեմուչինը (1162–1227 թթ.), 20 տարի պատերազմելուց հետո միավորեց մոտ 27 մոնղոլական ցեղերի։ Հետագայում մոնղոլներին միացան թաթարները, որոնք թուրքական ծագում ունեին և մահմեդականություն էին դավանում։ Հետաքրքրական է, որ երբ անպարտելի մոնղոլական հրոսակները արշավեցին դեպի Եվրոպա, սարսափած եվրոպացիները նրանց սկսեցին տարտարներ անվանելb։ 1206 թ.–ին, երբ Թեմուչինն արդեն 40–նն անց էր, մոնղոլները նրան տվեցին Չինգիս–խան տիտղոսը, որը հավանաբար նշանակում է «ուժեղ տիրակալ» կամ «տիեզերքի տիրակալ»։ Նրան կոչում էին նաև մեծ խան։
Չինգիս–խանի հրոսակները աներևակայելի արագությամբ հազարավոր կիլոմետրեր էին անցնում ու կատաղի մարտեր էին մղում, ընդ որում մի քանի ուղղություններով միաժամանակ։ Ինչպես նշվում է մի հանրագիտարանում, մեծ խանը «իր ռազմավարական ունակություններով հավասար էր Ալեքսանդր Մակեդոնացուն և Նապոլեոն I-ին» («Encarta Encyclopedia»)։ Իսկ պարսիկ պատմիչ Ջուզիանին, որը Չինգիս–խանի ժամանակակիցն է, նրան անվանում է «անսպառ եռանդ ունեցող, խորաթափանց, հանճարեղ, խելացի», բայցև «արնախում» անձնավորություն։
Մոնղոլների նվաճումները
Չինգիս–խանի օրոք մոնղոլները արշավեցին դեպի մանջուրական Ցին («ոսկյա») կայսրությունը, որը գտնվում էր Հյուսիսային Չինաստանում։ Այս նպատակով նրանք կտրեցին–անցան վտանգավոր Գոբի անապատը, որն, իրականում, մեծ խնդիր չէր մոնղոլների համար։ Նրանց զինվորները սովոր էին նման պայմանների և կարող էին իրենց գոյությունը պահել ձիու կաթով և արյունով։ Չինգիս–խանի այս արշավանքը հաջողվեց, և նա հպատակեցրեց Մանջուրիան։ Սակայն դրանով պատերազմական գործողությունները չավարտվեցին։ Դրանք դեռ 20 տարի շարունակվելու էին։ Մեծ խանը զորագրում էր չինացի գիտնականներին, արհեստավորներին, վաճառականներին, ինչպես նաև ճարտարապետներին, որոնք քաղաքները պաշարող սարքեր, քարաձիգներ և վառոդի ռումբեր էին ստեղծում։
Մոնղոլներն իրենց հսկողության տակ վերցրին «Մետաքսի ճանապարհը»՝ Եվրոպան Ասիայի հետ կապող առևտրական ուղիները։ Չինգիս–խանի նպատակն էր առևտրական հարաբերություններ հաստատել թուրքական սուլթան Մուհամեդի հետ։ Վերջինս մի հսկայական տերություն էր ղեկավարում, որն ընդգրկում էր ժամանակակից Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Իրանի տարածքները։
1218 թ.–ին մոնղոլական մի պատվիրակություն ժամանեց թուրքական տերության սահմանը՝ իբրև թե բանակցությունների։ Սակայն տեղի կառավարիչը մահապատժի ենթարկեց նրանց։ Սա պատճառ եղավ, որ մոնղոլները ներխուժեն թուրքական տարածքներ։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Չինգիս–խանի հրոսակները, որ մրջյունների չափ շատ էին, կողոպտում և այրում էին թուրքահպատակ քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև կոտորում սուլթան Մուհամեդի ժողովրդին՝ բացառությամբ այն անհատների, ովքեր մոնղոլներին պետքական հմտություններ ունեին։
Հաջորդ տարիների ընթացքում 20 000–անոց մոնղոլական բանակը ասպատակեց ներկայիս Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի տարածքները՝ հասնելով մինչև Հյուսիսային Կովկաս։ Նրանք պարտության մատնեցին իրենց դեմ դուրս եկած բոլոր զորքերին, այդ թվում նաև ռուսական 80 000–անոց բանակին։ Մոնղոլները անցան 13 000 կիլոմետր՝ գրավելով Կասպից ծովի ամբողջ ափը։ Ոչ մի պետության հեծելազոր երբևէ այսպիսի հաղթանակ չի տարել։ Սակայն նրանք այսքանով չսահմանափակվեցին։ Մոնղոլները շարունակեցին ասպատակել Արևելյան Եվրոպան նույնիսկ Չինգիս–խանի մահից հետո։
Չինգիս–խանի հետնորդները
Հաջորդ մեծ խանը Ուգեդեյն էր՝ Չինգիս–խանի առաջին կնոջ չորս որդիներից մեկը։ Նա ամրապնդեց մոնղոլների իշխանությունը արդեն գրավված տարածքների վրա, սկսեց հարկեր գանձել հպատակ կառավարիչներից և վերջնականապես ջախջախեց Ցին դինաստիային։
Ցանկանալով պահպանել իր կայսրությունը, ինչպես նաև այն ճոխ ապրելակերպը, որին մոնղոլներն արդեն սովորել էին՝ Ուգեդեյը նոր արշավանքներ ձեռնարկեց, այս անգամ՝ այն երկրների դեմ, որոնք դեռ չէին ասպատակվել։ Նրանք շարժվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Եվրոպա և Հարավային Չինաստան՝ ընդդեմ Սուն դինաստիայի։ Եվրոպական արշավանքը հաջողությամբ պսակվեց, մինչդեռ չինականը՝ ոչ։ Թեպետ Չինաստանում մոնղոլները որոշ հաղթանակներ տարան, սակայն հիմնականում չկարողացան գրավել Սուների տարածքը։
Արշավանքներ դեպի Եվրոպա
1236 թ.–ին 150 000–անոց մոնղոլական բանակը արշավեց դեպի Եվրոպա։ Սկզբում նրանք գրավեցին Վոլգա գետի մերձափնյա տարածքները, ապա սկսեցին հարձակումներ գործել ռուսական քաղաք–պետությունների վրա, և հիմնահատակ այրեցին Կիևը։ Մոնղոլները խնայում էին այն քաղաքները, որոնց բնակիչները համաձայնվում էին իրենց տալ ամեն ինչի տասներորդ մասը։ Սակայն ռուսները հիմնականում նախընտրում էին պատերազմել։
Քաղաքները պաշարելիս մոնղոլները սովորաբար քարաձիգների միջոցով քարեր, այրվող նավթ կամ բորակ էին նետում պարիսպների վրա։ Երբ պարիսպները ջարդվում էին, նրանք ներս էին լցվում և արյունալի կոտորած էին սկսում։ Ինչպես նշում է մի պատմաբան, այդ սոսկալի ջարդերից հետո ողբի ձայն սովորաբար չէր լսվում, որովհետև «ոչ ոք կենդանի չէր մնում»։
Ավերելով Լեհաստանն ու Հունգարիան՝ մոնղոլները հասան Գերմանիայի սահմանին։ Արևմտյան Եվրոպան հարվածի տակ էր։ Բայց այդ հարվածը մոնղոլներն այդպես էլ չհասցրին։ 1241 թ. դեկտեմբերին Ուգեդեյ խանը մահացավ սաստիկ հարբած վիճակում։ Ուստի մոնղոլները շտապեցին վերադառնալ Կարակորում՝ իրենց մայրաքաղաքը, որը գտնվում էր 6 000 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք պետք է նոր խան ընտրեին։
Ուգեդեյին հաջորդեց նրա որդի Գույուքը։ Վերջինիս գահակալությանը ներկա էր մի իտալացի կուսակրոն, որը 15 ամիս ճանապարհորդել էր մոնղոլահպատակ տարածքներով, որպեսզի տեղ հասցներ Հռոմի պապ Իննովկենտիոս IV–ի նամակը։ Վերջինս կոչ էր անում խանին հարձակումներ չգործել Եվրոպայի վրա և քրիստոնեություն ընդունել։ Սակայն Գույուքը ոչ մի խոստում չտվեց և առաջարկեց պապին եվրոպական թագավորներից բաղկացած մի պատվիրակության հետ գալ իր մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Խանին։
Կրկին արշավանքներ
Հաջորդ մեծ խանը Մունքեն էր, որը գահ բարձրացավ 1251 թ.–ին։ Նա իր եղբոր Խուբիլայի հետ նորից արշավանք ձեռնարկեց երկու ուղղություններով. մեկը՝ դեպի Հարավային Չինաստան, մյուսը՝ դեպի արևմուտք։ Մոնղոլները փլատակների վերածեցին Բաղդադը և հպատակեցրին Դամասկոսը՝ ի ուրախություն այնտեղի «քրիստոնյաների»։ Առիթից օգտվելով՝ Բաղդադում ապրող «քրիստոնյաները» սկսեցին սպանել ու թալանել իրենց մահմեդական հարևաններին։
Այս վճռական պահին, երբ թվում էր, թե մոնղոլները վերացնելու են մահմեդական աշխարհը, պատմությունը կրկնվեց։ Նրանք լուր ստացան Մունքեի մահվան մասին։ Եվ կրկին, քոչվորները ստիպված տուն վերադարձան։ Սահմանագլխին նրանք թողեցին ընդամենը 10 000 զինվոր։ Սակայն որոշ ժամանակ անց վերջիններս ջախջախվեցին մի եգիպտական բանակի կողմից, որը թվով անհամեմատ ավելի մեծ էր։
Ինչ վերաբերում է չինական Սուն դինաստիայի դեմ ձեռնարկված արշավանքին, այս անգամ այն հաջողվեց։ Խուբիլայ խանը իրեն հռչակեց չինական նոր դինաստիայի հիմնադիր։ Այն կոչվեց Յուան։ Խուբիլայի նոր մայրաքաղաքը գտնվում էր ժամանակակից Բեյջինի տեղում։ 1270–ականների վերջում խանը ամբողջովին ջախջախեց Սուների աջակիցներին և դարձավ ամբողջ Չինաստանի տիրակալ։ Նրան հաջողվեց վերամիավորել երկիրը. մի բան, որը չինական Տան դինաստիայի անկումից հետո (907 թ.) չէր եղել։
Մոնղոլական տերության անկումը
14–րդ դարի սկզբում հզոր մոնղոլական տերությունը սկսեց պառակտվել։ Դրա համար շատ պատճառներ կային։ Չինգիս–խանը բազմաթիվ հետնորդներ ուներ, որոնք անընդհատ պայքարում էին իշխանության համար, ինչի հետևանքով մոնղոլների հսկայական կայսրությունը ի վերջո մասնատվեց բազմաթիվ խանությունների։ Բացի այդ, մոնղոլները սկսեցին ձուլվել այն ժողովուրդներին, որոնց նվաճել էին։ Իշխանության համար մղվող պայքարը թուլացրեց նաև Խուբիլայի դինաստիայի ազդեցությունը Չինաստանում։ 1368 թ.–ին չինացիները, կաշառակերությունից, ծանր հարկերից, ինչպես նաև Յուանների սխալ ղեկավարումից հոգնած, տապալեցին նրանց և ստիպեցին հեռանալ։
Մոնղոլները սաստիկ փոթորկի պես եկան ու անցան՝ իրենց ճանապարհին ավերելով ամեն ինչ։ Նրանք անջնջելի հետք թողեցին Եվրոպայի ու Ասիայի պատմության մեջ։ Մյուս կողմից՝ նպաստեցին Չինաստանի միավորմանը և ստեղծեցին հզոր պետություն։ Զարմանալի չէ, որ առ այսօր մոնղոլները մեծարում են իրենց պետականության հիմնադրին՝ Չինգիս–խանին։
[Ծանոթագրություններ]
a Ուշադրություն դարձրեք, թե ինչ զուգահեռ է տարվում գազանների ու պետությունների միջև հետևյալ աստվածաշնչյան համարներում՝ Դանիէլ 7։6, 12, 17, 23; 8։20–22; Հայտնություն 16։10; 17։3, 9–12։
b Եվրոպացիները թաթարներին համարում էին «տարտարոսից» դուրս եկած դևեր (2 Պետրոս 2։4, ԱԹ)։ Ուստի նրանց տարտարներ էին անվանում։
[Շրջանակ/նկար 13–րդ էջի վրա]
Նվաճումներ առևտրի բնագավառում
Յուան դինաստիայի կառավարման օրերում վերելք ապրեց առևտուրը։ Այդ ժամանակաշրջանում, որը համընկավ վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոյիc (1254–1324 թթ.) ուղևորությունների հետ, «կոմերցիան զարգացման այնպիսի աստիճանի էր հասել, որպիսին երբեք չի եղել Եվրասիայի պատմության մեջ»։ Արաբ, պարսիկ, հնդիկ ու եվրոպացի առևտրականները ծովով թե ցամաքով երկար ճանապարհներ էին անցնում՝ իրենց հետ տանելով ձիեր, գորգեր, թանկագին քարեր և համեմունքներ։ Այդ ամենը նրանք փոխանակում էին կավից պատրաստված կամ լաքապատ իրերի, ինչպես նաև մետաքսի հետ։
1492 թ.–ին Քրիստափոր Կոլումբոսը, առաջնորդվելով Մարկո Պոլոյի գրքով, ծովային ճանապարհորդություն սկսեց դեպի արևմուտք։ Նա հույս ուներ, թե կկարողանա վերականգնել առևտուրը մոնղոլական արքունիքի հետ՝ անտեղյակ այն բանից, որ վերջիններիս կայսրությունն արդեն մեկ դար էր, ինչ գոյություն չուներ։ Մոնղոլական տերության անկումից հետո մահմեդականները փակեցին Եվրոպա տանող առևտրական ճանապարհները։
[Ծանոթագրություն]
c Մարկո Պոլոյի ճանապարհորդության մասին տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2004 թ. հուլիս–սեպտեմբեր համարը։
[Շրջանակ/նկար 14–րդ էջի վրա]
Կրոնական հանդուրժողականություն
Թեպետ մոնղոլները ոգեպաշտներ էին, սակայն հանդուրժողական էին մյուս կրոնների հանդեպ։ Ինչպես նշվում է մի գրքում, մոնղոլների մայրաքաղաք Կարակորումը եվրոպացիներին տպավորել էր ոչ միայն իր հարստությամբ, այլև կրոնի հանդեպ բնակիչների հանդուրժողականությամբ։ Այնտեղ կողք կողքի կարելի էր տեսնել եկեղեցիներ, մզկիթներ և ուրիշ տաճարներ («The Devil’s Horsemen»)։
Կեղծ քրիստոնեությունը Մոնղոլիա էր մտել նեստորականների՝ բյուզանդական եկեղեցուց պառակտված մի ուղղության միջոցով։ Նեստորականները «քրիստոնյա» էին դարձրել թուրքական ծագում ունեցող բազմաթիվ մարդկանց, որոնք հպատակ էին մոնղոլներին։ Նրանցից ոմանք ամուսնացել էին մոնղոլական թագավորական ընտանիքի անդամների հետ։
Առ այսօր մոնղոլները տարբեր կրոններ են դավանում։ Երկրի բնակչության 30 տոկոսը հավատարիմ է մնացել ոգեպաշտությանը, 23 տոկոսը դավանում է լամայականություն և 5 տոկոսը՝ իսլամ։ Մնացածները հիմնականում կրոնապաշտ չեն։
[Քարտեզ 15–րդ էջի վրա]
Մոնղոլական տերություն
ՀՈՒՆԳԱՐԻԱ
Նովգորոդ
Կիև
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Վոլգա
ՍԻԲԻՐ
Դամասկոս
Կասպից ծով
Բաղդադ
ԻՐԱՆ
ՈՒԶԲԵԿՍՏԱՆ
ՄՈՆՂՈԼԻԱ
Կարակորում
Գոբի
Բեյջին
ԿՈՐԵԱ
ՉԻՆԱՍՏԱՆ
ՀՆԴԿԱՍՏԱՆ
[Նկար 15–րդ էջի վրա]
Ձիերի երամակ (Մոնղոլիա)
[Նկար 15–րդ էջի վրա]
Չինգիս–խան
[Նկար/թույլտվությամբ 12–րդ էջի վրա]
Bildarchiv Preussischer Kulturbesitz/Art Resource, NY
[Նկար/թույլտվությամբ 15–րդ էջի վրա]
Scenic: © Bruno Morandi/age fotostock; Genghis Khan: © The Stapleton Collection/The Bridgeman Art Library