Աստծուն երկրպագել նրա կամքին համաձայն
ՀԻՍՈՒՍԸ, Աստծուն աղոթելով, ասաց. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3, Արարատ)։ Ինչպիսի՞ ճանաչման մասին է խոսքը։ «[Աստուած] կամենում է որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը» (Ա Տիմոթէոս 2։4)։ The Amplified Bible («Ընդլայնված Աստվածաշունչ»)–ը վերջին արտահայտությունը ներկայացնում է հետևյալ կերպ. «ճշգրիտ և ստույգ իմանան [աստվածային] Ճշմարտությունը»։
Այսպես ուրեմն, Աստված կամենում է, որ իրեն ու իր նպատակները ճիշտ իմանանք՝ աստվածային ճշմարտության համապատասխան։ Եվ այդ ճշմարտության աղբյուրը Աստծո խոսքն է՝ Սուրբ գիրքը (Յովհաննէս 17։17; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Ով ճիշտ տեղեկանա, թե ինչ է Ասվածաշունչն ասում Աստծո մասին, նա չի նմանվի նրանց, որոնք ըստ Հռովմայեցիս 10։2, 3–ի «նախանձախնդրութիւն ունեն Աստուծոյ հանդէպ, բայց անգիտութեամբ». կամ էլ սամարացիներին, որոնց Հիսուսն ասաց. «Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք» (Յովհաննէս 4։22)։
Ուստի, եթե ցանկանում ենք Աստծո հավանությունը ունենալ, պետք է մենք մեզ հարցնենք. ի՞նչ է Աստված իր մասին ասում. ինչպե՞ս է ինքը ուզում, որ իրեն երկրպագեն. ի՞նչ են նրա նպատակները և ի՞նչ պիտի անենք մենք, որպեսզի համապատասխանենք դրանց։ Ճշմարտության ճշգրիտ գիտությունն այդպիսի հարցերի ճիշտ պատասխանը կտա։ Այն ժամանակ մենք կկարողանանք Աստծուն երկրպագել նրա կամքին համաձայն։
Աստծո անարգումը
«ԵՍ ԻՆՁ փառաւորողներին կ’փառաւորեմ», ասում է Աստված (Ա Թագաւորաց 2։30)։ Աստծուն, արդյոք, փառավորո՞ւմ են, երբ մեկին կոչում են նրան հավասար։ Մի՞թե փառավորում են նրան, երբ Մարիամին կոչում են «Աստվածամայր», «Աստվածածին» և «Միջնորդ... Արարչի և Նրա արարածների միջև», ինչպես դա անում է «Նոր կաթոլիկական հանրագիտարան»–ը (անգլ.)։ Ոչ, այդպիսի գաղափարներն անարգում են Աստծուն։ Ոչ ոք իրեն հավասար չէ. և նա մարդկային մայր չի ունեցել, քանի որ Հիսուսը Աստված չէր։ Եվ անհնարին է, որ Մարիամը «Միջնորդ» լինի, որովհետև Աստծո կողմից նշանակվել է միայն «մէ՛կ միջնորդ՝ Աստուծոյ եւ մարդկանց միջև»՝ Յիսուսը (Ա Տիմոթէոս 2։5; Ա Յովհաննէս 2։1, 2)։
Անկասկած է, որ Երրորդության դավանանքը շփոթեցրել է մարդկանց ու թուլացրել նրանց ըմբռնումը Աստծո իրական դիրքի մասին։ Այն խանգարել է մարդկանց ճիշտ իմանալու Տիեզերքի Գերիշխան Եհովա Աստծուն և նրան երկրպագելու իր կամքին համաձայն։ Ըստ վերը հիշատակված աստվածաբան Հանս Կյունգի խոսքերի՝ «Ինչի՞ համար Աստծո միակության և եզակիության գաղափարին ավելացնել մի բան, որը միայն կարող է նվաստացնել կամ զրոյի հավասարեցնել այդ միակությունն ու եզակիությունը»։ Սակայն հենց այդ է անում Երրորդության դավանանքը։
Երրորդությանը հավատացողները ‘չեն պահում Աստուծոյ ճանաչողութիւնը’ (Հռովմայեցիս 1։28)։ Այդ համարը նաև ասում է. «Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ գործեն անվայել բաներ»։ 29—31–րդ համարներում թվարկվում են այդ «անվայել» բաներից մի քանիսը՝ ‘սպանութիւն, կռուազանութիւն, ուխտադրուժ, անգութ, անողորմ լինելը’։ Հենց այդ ամենով էլ աչքի ընկան Երրորդությունն ընդունող կրոնները։
Օրինակ, Երրորդության պաշտպանները հաճախ հալածել և նույնիսկ սպանել են այդ դավանանքը չընդունողներին։ Եվ դեռ ավելին արեցին՝ պատերազմներում սպանելով Երրորդության ուրիշ կողմնակիցների։ Ի՞նչը կարող է ավելի ‘անվայել’ լինել, քան այն, երբ կաթոլիկները սպանում են ուրիշ կաթոլիկների, ուղղափառները՝ ուրիշ ուղղափառների, բողոքականները՝ ուրիշ բողոքականների, բոլորն էլ նույն, երրորդություն հանդիսացող, Աստծո անունով։
Սակայն Հիսուսը պարզորեն ասաց. «Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Յովհաննէս 13։35)։ Աստծո Խոսքը զարգացնում է այդ միտքը, ասելով՝ «Սրանո՛վ են տարբերւում միմեանցից Աստուծոյ որդիները եւ Սատանայի որդիները։ Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս նա՝ ով չի սիրում իր եղբօրը»։ Նրանց, ովքեր սպանում են իրենց հոգևոր եղբայրներին, նա նմանեցնում է Կայենին, «որ չարից [Սատանայից] էր եւ սպանեց իր եղբօրը» (Ա Յովհաննէս 3։10—12)։
Այսպիսով, Աստծո մասին շփոթեցնող ուսմունքներ սովորեցնելը հասցրեց Աստծո օրենքները խախտող գործողությունների։ Իսկապես, ամբողջ քրիստոնեական աշխարհում պատահել է այն, ինչ դանիացի աստվածաբան Սյորեն Կիերկեգորը նկարագրել է. «Քրիստոնեական աշխարհը ոչնչացրեց քրիստոնեությունը՝ առանց իսկ գիտակցելու»։
Քրիստոնեական աշխարհի հոգևոր վիճակը համապատասխանում է Պողոս առաքյալի գրածին. «Խոստովանում են, որ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան. պիղծ են եւ անհնազանդ եւ ամէն բարի գործի համար՝ անպէտք» (Տիտոս 1։16)։
Շուտով, երբ Աստված այս իրերի չար դրությանը վերջ տա, Երրորդությունը դավանող քրիստոնեական աշխարհը պատասխանատվության կկանչվի։ Այն կդատապարտվի Աստծուն անարգող իր գործերի և ուսմունքների համար (Մատթէոս 24։14, 34; 25։31—34, 41, 46; Յայտնութիւն 17։1—6, 16; 18։1—8, 20, 24; 19։17—21)։
Երրորդությունը մերժե՛ք
Աստծո ճշմարտությունների հանդեպ ոչ մի փոխզիջում չի կարող լինել։ Ուստի, Աստծուն իր կամքին համաձայն երկրպագելը նշանակում է Երրորդության դավանանքը մերժել։ Դա հակասում է նրան, ինչին հավատում ու սովորեցնում էին Հիսուսը, առաքյալներն ու վաղ քրիստոնյաները։ Այդ հակասում է նրան, ինչ Աստված ասաց իրեն մասին իր ներշնչած Խոսքում։ Աստված հանձնարարում է. «Յիշեցէք... ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ աստուած. եւ ինձ պէս մի ջոկը չ’կայ» (Եսայիա 46։9)։
Աստծո մասին շփոթեցնող և խորհրդավոր պատկերացումները իր օգտին չեն ծառայում։ Փոխարեն, որքան շատ են մարդիկ Աստծո և նրա նպատակների նկատմամբ մոլորվում, այնքան ավելի շահավետ է ‘այս աշխարհի աստծուն’՝ Աստծո հակառակորդին, Բանսարկու Սատանային։ Նա է, որ նպաստում է այդպիսի սխալ ուսմունքներին՝ ‘անհաւատների մտքերը կուրացնելու’ նպատակով (Բ Կորնթացիս 4։4)։ Երրորդության ուսմունքը ծառայում է նաև հոգևորականների շահերին, որոնք ուզում են պահել իրենց ազդեցությունը ժողովրդի վրա՝ այդ ուսմունքը ներկայացնելով այնպես, կարծես թե միայն աստվածաբանները կարող են այն հասկանալ (տեսե՛ք Յովհաննէս 8։44)։
Աստծո մասին ճշգրիտ գիտությունը մեծ թեթևացում է բերում։ Դա մեզ ազատում է Աստծո Խոսքին հակասող ուսմունքներից և ուրացած կազմակերպություններից։ Ինչպես Հիսուսն ասաց. «Կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի» (Յովհաննէս 8։32)։
Աստծուն հարգանք մատուցելով իբրև Բարձրյալի և նրան երկրպագելով նրա կամքին համաձայն, մենք կարող ենք խուսափել այն դատավճռից, որը նա շուտով ի կատար կածի ուրացող քրիստոնեական աշխարհի վրա։ Դրա փոխարեն, կարող ենք Աստծո բարեհաճությանը արժանանալու հույսն ունենալ, երբ ներկա դրությունը վերջանա. «Աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17, Արարատ)։
[նկար 31-րդ էջի վրա]
Սույն ֆրանսիական դարավոր խմբաքանդակը ներկայացնում է «կույս» Մարիամի թագադրումը Երրորդության կողմից։ Երրորդությանը հավատալը հանգեցրեց Մարիամի մեծարանքին իբրև «Աստվածամոր» կամ «Աստվածածնի»։