Աստվածաշնչի գիրք համար 57. Փիլիմոն
Գրողը՝ Պողոս
Գրվելու վայրը՝ Հռոմ
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 60–61թթ.
1. Որո՞նք են «Փիլիմոն» նամակի մի քանի առանձնահատկությունները։
ՊՈՂՈՍԻ այս նրբանկատ և սիրով լեցուն նամակը անչափ հետաքրքրական է այսօրվա քրիստոնյաների համար։ Այն «ազգերի առաքյալի» պահպանված նամակներից ամենակարճն է. ամբողջ Աստվածաշնչում միայն «2 Հովհաննես» և «3 Հովհաննես» նամակներն են ավելի կարճ։ Բացի այդ, «Փիլիմոն» նամակը Պողոսի միակ «անձնական» նամակն է, քանի որ ուղղված չէ որևէ ժողովի կամ պատասխանատու վերակացուի, այլ հասցեագրված է մի անհատի և նվիրված է կոնկրետ խնդրի, որը Պողոսն ուզում է քննարկել քրիստոնյա այդ եղբոր հետ։ Ըստ ամենայնի, Փիլիմոնը նյութապես ապահով մարդ էր։ Նա ապրում էր փռյուգիական Կողոսա քաղաքում, որը Փոքր Ասիայի հենց կենտրոնում էր (Հռոմ. 11։13)։
2. Ինչպե՞ս գրվեց «Փիլիմոն» նամակը և ի՞նչ նպատակով։
2 Նամակի նպատակը շատ պարզ է։ Հռոմում իր առաջին բանտարկության ժամանակ (մ.թ. 59–61թթ.) Պողոսը մեծ ազատություն ուներ քարոզելու Աստծու Թագավորության մասին։ Նրա քարոզած լուրը լսեց նաև Օնեսիմոսը՝ մի ծառա, որը փախել էր իր տիրոջից՝ Փիլիմոնից. վերջինս Պողոսի ընկերն էր։ Օնեսիմոսը դարձավ քրիստոնյա և համաձայնվեց, որ Պողոսը հետ ուղարկի իրեն Փիլիմոնի մոտ։ Այդ ժամանակ էր, որ առաքյալը նամակներ գրեց Եփեսոսի և Կողոսայի ժողովներին։ Այդ երկու նամակներում նա գործնական խորհուրդներ տվեց քրիստոնյա ծառաներին ու նրանց տերերին իրենց փոխհարաբերությունների վերաբերյալ (Եփես. 6։5–9; Կող. 3։22–4։1)։ Սակայն միևնույն ժամանակ նամակ գրեց Փիլիմոնին, որում Օնեսիմոսի հետ կապված խնդրանք էր ներկայացնում։ Այդ նամակը նա գրեց իր ձեռքով, մի բան, որը Պողոսի համար անսովոր բան էր (Փիլիմ. 19)։ Անշուշտ, այս հանգամանքը մեծ կշիռ հաղորդեց նրա խնդրանքին։
3. Ակներևաբար ե՞րբ է գրվել «Փիլիմոն» նամակը, և ինչպե՞ս է այն ուղարկվել։
3 Ամենայն հավանականությամբ, նամակը գրվել է մ.թ. մոտ 60–61թթ.-ին, քանի որ Պողոսը պետք է բավականին երկար ժամանակ քարոզած լիներ Հռոմում, որ ուրիշներին քրիստոնյա դարձներ։ Նաև քանի որ 22-րդ համարում նա հույս է հայտնում ազատվելու մասին, կարող ենք եզրակացնել, որ նամակը գրել է բանտում որոշ ժամանակ անցկացնելուց հետո։ Ակներևաբար, այս երեք նամակները՝ մեկը ուղղված Փիլիմոնին, իսկ մյուսները՝ Եփեսոսի ու Կողոսայի ժողովներին, ուղարկվել են Տյուքիկոսի և Օնեսիմոսի միջոցով (Եփես. 6։21, 22; Կող. 4։7–9)։
4. Ի՞նչն է փաստում նամակի վավերականությունը։
4 Այն, որ Պողոսն է գրել «Փիլիմոն» նամակը, երևում է առաջին համարից, որտեղ նա հիշատակվում է անունով։ Այս փաստն ընդունել են Օրիգենեսն ու Տերտուլիանոսըa։ Գրքի վավերականությանը թիկունք է կանգնում այն, որ նամակը Պողոսի մյուս թղթերի հետ նշվել է Մուրատորիի ֆրագմենտում, որը վերագրվում է մ.թ. երկրորդ դարին։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
5. ա) Ողջույնի և գովեստի ի՞նչ խոսքերով է սկսվում նամակը։ բ) Ի՞նչ է Պողոսը ասում Փիլիմոնին նրա ծառա Օնեսիմոսի մասին։
5 Օնեսիմոսը հետ է ուղարկվում իր տիրոջ մոտ, բայց «ոչ թե որպես ստրուկ, այլ ավելին, քան ստրուկ» (1–25)։ Պողոսը ջերմ ողջույններ է ուղարկում Փիլիմոնին, «մեր քույր» Ապպիային, «մեր զինվորակից» Արքիպոսին և Փիլիմոնի տան մեջ եղող ժողովին։ Նա գովում է Փիլիմոնին (որի անունը նշանակում է «սիրող») նրա սիրո և հավատի համար, որ ունի Տեր Հիսուսի ու բոլոր սրբերի հանդեպ։ Փիլիմոնի սիրո մասին լուրը մեծապես ուրախացնում է Պողոսին ու մխիթարում։ Պողոսը, որն արդեն տարիքն առած մարդ է ու բանտարկյալ, խոսելու մեծ ազատությամբ արտահայտում է իր մտքերը «որդու»՝ Օնեսիմոսի մասին, որի համար նա դարձել է «հոր պես» իր բանտի կապանքների մեջ։ Օնեսիմոսը (որի անունը նշանակում է «շահութաբեր») նախկինում պիտանի չէր եղել Փիլիմոնին, սակայն հիմա պիտանի է ինչպես Փիլիմոնին, այնպես էլ Պողոսին (Փիլիմ. 2, 10)։
6. Փիլիմոնն ինչպե՞ս պետք է ընդունի Օնեսիմոսին և ինչո՞ւ։
6 Առաքյալը կուզենար Օնեսիմոսին իր մոտ պահել, որպեսզի նա ծառայեր իրեն բանտի կապանքներում, բայց չի ուզում ինչ-որ բան անել առանց Փիլիմոնի համաձայնության։ Ուստի նա հետ է ուղարկում նրան, բայց «ոչ թե որպես ստրուկ, այլ ավելին, քան ստրուկ, որպես սիրելի եղբայր»։ Պողոսը խնդրում է, որ նա Օնեսիմոսին գրկաբաց ընդունի, ինչպես որ իրեն կընդուներ։ Եթե Օնեսիմոսը որևէ սխալ է գործել Փիլիմոնի դեմ, Պողոսը ասում է, որ իր վրա հաշվի դա՝ նշելով. «Դու նույնիսկ քո անձն ես ինձ պարտական» (Փիլիմ. 16, 19)։ Պողոսը հույս ունի, որ ազատ կարձակվի ու կայցելի Փիլիմոնին, և իր նամակը ավարտում է՝ ողջույնի խոսքեր հղելով։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
7. Ինչպե՞ս Պողոսը հավատարիմ մնաց առաքյալի իր բարձր կոչմանը։
7 Ինչպես երևում է այս նամակից, Պողոսը «սոցիալական ավետարան» չի քարոզել՝ փորձելով ոչնչացնել գոյություն ունեցող համակարգը և նրանում հաստատված կարգերը, օրինակ՝ ստրկատիրությունը։ Նա նույնիսկ չէր պնդում, որ քրիստոնյա ստրուկները պետք է ազատ արձակվեն, ընդհակառակը՝ հետ ուղարկեց իր տիրոջից փախած Օնեսիմոսին, որը Հռոմից պիտի ավելի քան 1400 կիլոմետր ճանապարհ անցներ Կողոսա հասնելու համար, որպեսզի վերադառնար իր տիրոջ՝ Փիլիմոնի մոտ։ Փաստորեն, Պողոսը հավատարիմ մնաց առաքյալի իր բարձր կոչմանը՝ կատարելով իրեն տրված հանձնարարությունը՝ «Աստծու թագավորությունը քարոզել ու սովորեցնել Տեր Հիսուս Քրիստոսի մասին» (Գործ. 28։31; Փիլիմ. 8, 9)։
8. Փիլիմոնին ուղղված նամակում ինչպե՞ս է ընդգծվում քրիստոնեական սկզբունքների գործնական կիրառությունը։
8 Փիլիմոնին ուղղված նամակը ցույց է տալիս, թե ինչ սեր և միասնություն գոյություն ուներ առաջին դարի քրիստոնյաների միջև։ Դրանից իմանում ենք, որ վաղ քրիստոնյաները իրար անվանում էին «եղբայր» և «քույր» (Փիլիմ. 2, 20)։ Ավելին, այն ցույց է տալիս, թե գործնականում ինչպես կարող են ներկայիս քրիստոնյաները իրենց եղբայրների հանդեպ կիրառել քրիստոնեական սկզբունքները։ Տեսնում ենք, որ Պողոսը եղբայրների հանդեպ սեր է արտահայտել ու հարգանք՝ հասարակական կարգի և ուրիշների սեփականության նկատմամբ։ Նա նաև դրսևորել է մեծ նրբանկատություն և գովեստի արժանի խոնարհություն։ Պողոսը քրիստոնեական ժողովի հեղինակավոր վերակացուի իր դիրքը չօգտագործեց Փիլիմոնին պարտադրելու, որ ների Օնեսիմոսին, այլ խոնարհաբար դիմեց նրան քրիստոնեական սիրո և անձնական ընկերության հիման վրա։ Վերակացուներն այսօր կարող են օգուտներ քաղել՝ ընդօրինակելով Պողոսին, որը նրբանկատորեն վարվեց Փիլիմոնի հետ։
9. Փիլիմոնին ուղղված Պողոսի խնդրանքը ինչո՞ւ է հետաքրքրական այսօրվա քրիստոնյաների համար։
9 Ակներևաբար, Պողոսն ակնկալում էր, որ Փիլիմոնը կկատարեր իր խնդրանքը։ Եթե Փիլիմոնն այդպես վարվեր, ապա կիրառած կլիներ այն, ինչ Հիսուսն ասաց Մատթեոս 6։14-ում, և այն, ինչ Պողոսն ասաց Եփեսացիներ 4։32-ում։ Ներկայիս քրիստոնյաներից նույնպես ակնկալվում է, որ լինեն բարի և ներեն իրենց եղբորը։ Եթե Փիլիմոնը կարող էր ներել իրեն պատկանող ստրուկին, որի հետ իրավունք ուներ վարվելու ինչպես կամենար, ապա քրիստոնյաները պետք է ներեն իրենց վիրավորած եղբորը, ինչը շատ ավելի հեշտ է։
10. Ինչպե՞ս է Եհովայի սուրբ ոգու ազդեցությունը ակնհայտ Փիլիմոնին ուղղված նամակում։
10 Եհովայի սուրբ ոգու դրսևորումը շատ ակնհայտ է Փիլիմոնին ուղղված նամակում։ Այն արտահայտված է նրանում, թե որքան հմտորեն Պողոսը լուծեց շատ նուրբ մի խնդիր։ Դա երևում է Պողոսի կարեկցանքից, ջերմ զգացմունքներից և վստահությունից, որ նա արտահայտեց իր քրիստոնյա եղբոր հանդեպ։ Դա կարելի է տեսնել նաև այն փաստից, որ Փիլիմոնին ուղղված նամակը, Աստվածաշնչի մյուս գրքերի նման, սովորեցնում է քրիստոնեական սկզբունքներ, քաջալերում է լինել միասնական և գովաբանում է սերն ու հավատը, որ առատապես գոյություն ունեն «սրբերի մեջ», որոնց հույսը Աստծու Թագավորությունն է, և որոնց վարքում արտահայտված է Եհովայի սիրառատ բարությունը (Փիլիմ. 5)։
[ծանոթագրություն]
a «The International Standard Bible Encyclopedia», 1986, Ջ. Ու. Բրոմիլիի խմբագրությամբ, հատ. 3, էջ 831։