Գլուխ 30
«Բարի լուրը պաշտպանվում և օրինականապես հաստատվում է»
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ուժգին հալածանքներ կրելու պատճառով հաճախ կանգնել են ոստիկանների, դատավորների և կառավարիչների առաջ։ Վկաների հետ կապված դատական գործերի թիվը ամբողջ աշխարհում հասել է հազարների, և դրանցից շատերը բողոքարկվել են բարձր ատյանի դատարաններում։ Դա մեծ ազդեցություն է թողել տարբեր երկրների օրենսդրության վրա և հաճախ նպաստել է այն բանին, որ առհասարակ ամրապնդվեն մարդու հիմնարար ազատությունների իրավական երաշխիքները։ Սակայն դա Եհովայի վկաների հիմնական նպատակը չէ։
Նրանց գլխավոր նպատակը Աստծու Թագավորության մասին բարի լուրը հռչակելն է։ Նրանք չեն դիմում դատարանների այն պատճառով, որ ցանկանում են հասարակական խռովություններ առաջացնել կամ իրավական բարեփոխումներ կատարել։ Վկաները, Պողոս առաքյալի պես, ցանկանում են «բարի լուրը պաշտպանել և օրինականապես հաստատել» (Փիլիպ. 1։7)։ Նրանք վկայություն տալու առիթներ են համարում նաև պետական պաշտոնյաների առաջ դատական լսումները՝ լինեն դրանք իրենց նախաձեռնությամբ, թե այն պատճառով, որ ձերբակալվել են քրիստոնեական գործունեության համար։ Հիսուս Քրիստոսն իր հետևորդներին զգուշացրել էր. «Իմ պատճառով ձեզ քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ, որպեսզի վկայություն լինեք նրանց և ազգերին» (Մատթ. 10։18)։
Բազմաթիվ դատական գործեր՝ տարբեր երկրներում
Առաջին համաշխարհային պատերազմից դեռ շատ տարիներ առաջ հոգևորականությունը, իշխանությունների վրա ճնշումներ բանեցնելով, փորձում էր խոչընդոտներ ստեղծել, որ իր իշխանության տակ գտնվող տարածքներում Աստվածաշունչ ուսումնասիրողները գրականություն չտարածեին։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վկաների հանդեպ հակառակությունը սաստկացավ։ Տարբեր երկրներում մեկը մյուսի հետևից ամենատարբեր իրավական խոչընդոտներ էին ստեղծվում նրանց համար, ովքեր փորձում էին հնազանդվել Քրիստոսի մարգարեական պատվերին և քարոզել Աստծու Թագավորության բարի լուրը (Մատթ. 24։14)։
1922-ին Սիդար Փոյնթում (Օհայո) տեղի ունեցած համաժողովից հետո Աստվածաշունչ ուսումնասիրողները, սուրբգրային մի մարգարեության կատարման փաստերից տպավորված, վճռականությամբ լցվեցին ամբողջ աշխարհին հայտնելու, որ հեթանոսների ժամանակները ավարտվել են, որ Տերը ստացել է իր մեծ իշխանությունը և գահակալվել է երկնքում որպես Թագավոր։ Նրանց նշանաբանն էր՝ «հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին և նրա թագավորությունը»։ Այդ նույն տարի հոգևորականությունը դրդեց ոստիկանությանը ձերբակալել Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանց, երբ նրանք աստվածաշնչյան գրականություն էին տարածում։ Դա միակ դեպքը չէր։ 1926-ին Գերմանիայի դատարաններում արդեն քննվում էին 897 այդպիսի գործեր։ Դատական գործերն այնքան շատ էին, որ 1926-ին «Դիտարան ընկերությունը» հարկ համարեց իրավաբանական բաժին հիմնել Մագդեբուրգի մասնաճյուղում։ 1928-ի ընթացքում միայն Գերմանիայում Աստվածաշունչ ուսումնասիրողների դեմ հարուցված 1660 դատական գործ էր քննվում, և ճնշումները տարեցտարի ավելանում էին։ Հոգևորականությունը վճռել էր կանգնեցնել Աստվածաշունչ ուսումնասիրողների գործը և ուրախանում էր, երբ որևէ դատարան կայացնում էր որոշումներ, որոնք ցույց էին տալիս, որ իրենք որոշ չափով հաջողության են հասել։
1928-ին Միացյալ Նահանգների Սաութ Ամբոյ քաղաքում (Նյու Ջերսի) Աստվածաշունչ ուսումնասիրողներին ձերբակալեցին տնից տուն քարոզելու համար։ Մեկ տասնամյակում այդպիսի ձերբակալությունների թիվը Միացյալ Նահանգներում ամեն տարի անցնում էր 500-ից։ 1936-ին այդ թիվը կտրուկ ավելացավ՝ հասնելով 1149-ի։ Անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար հարկ եղավ իրավաբանական բաժին հիմնել նաև Ընկերության գլխավոր վարչությունում։
Ռումինիայի այդ ժամանակվա իշխանությունները նույնպես սկսեցին հակառակություն ցույց տալ Վկաների ակտիվ քարոզչական գործունեության դեմ։ Եհովայի վկաները, որ աստվածաշնչյան գրականություն էին տարածում, հաճախ ձերբակալվում էին և դաժան ծեծերի ենթարկվում։ 1933-ից 1939-ը այդ երկրում Վկաների դեմ 530 դատական գործ էր հարուցվել։ Սակայն երկրի օրենքով երաշխավորված էին մի շարք ազատություններ, ուստի Ռումինիայի Գերագույն դատարանին ներկայացվեցին բողոքներ և արդյունքում բազմաթիվ դրական վճիռներ կայացվեցին։ Այդ ժամանակ ոստիկանությունը սկսեց այլ կերպ գործել. թեև շարունակում էր բռնագրավել գրականությունը և վատ վերաբերվել Վկաներին, բայց ամեն բան անում էր, որ գործը դատարան չհասնի։ Երբ վերջապես Ընկերությունը թույլտվություն ստացավ Ռումինիայում գրանցվել որպես իրավաբանական միավորում, հակառակորդները ջանում էին այնպես անել, որ այդ պետական գրանցումը չծառայի իր նպատակին. նրանք դատարանի որոշում ձեռք բերեցին, որով արգելվում էր Ընկերության հրատարակությունները տարածել։ Այդ որոշումը բեկանվեց վերադաս դատարանում, բայց հոգևորականությունը դրդեց կրոնի հարցերով նախարարին քայլեր ձեռնարկել այդ վճիռը անվավեր ճանաչելու ուղղությամբ։
Իտալիայում և Հունգարիայում, ինչպես Ռումինիայի պարագայում, այն ժամանակվա կառավարությունների հսկողության ներքո ոստիկանությունը բռնագրավում էր Վկաների աստվածաշնչյան գրականությունը։ Նույնը տեղի էր ունենում Ճապոնիայում, Կորեայում և Ոսկե ափում (այժմ՝ Գանա)։ Իսկ Ֆրանսիայից արտաքսվում էին այն Վկաները, որոնք եկել էին այլ երկրներից։ Տարիներ շարունակ ոչ մի Եհովայի վկայի թույլ չէր տրվում մտնել Խորհրդային Միություն՝ Աստծու Թագավորության մասին քարոզելու նպատակով։
1933-ից մինչև 1940-ականները, երբ աշխարհը համակված էր ազգայնամոլության տենդով, տարբեր երկրների կառավարությունները մեկը մյուսի հետևից արգելքներ էին դնում Եհովայի վկաների գործունեության վրա։ Այդ ընթացքում հազարավոր Վկաներ կանգնում էին դատարանի առաջ, քանի որ խղճի թելադրանքով հրաժարվում էին դրոշին պատիվ տալուց և քրիստոնեական չեզոքություն էին պահում։ 1950-ի տեղեկությունների համաձայն՝ նախորդ 15 տարիների ընթացքում միայն Միացյալ Նահանգներում գրանցվել էր Վկաների ձերբակալության ավելի քան 10000 դեպք։
1946-ին Հունաստանում կարճ ժամանակահատվածում դատական գործեր հարուցվեցին ավելի քան 400 Վկաների դեմ։ Բայց մինչ այդ նման դեպքեր տեղի էին ունեցել տարիներ շարունակ։ Բացի բանտարկություններից, եղբայրներին ենթարկում էին նաև մեծ տուգանքների, ինչը նրանց զգալի ֆինանսական վնաս էր պատճառում։ Սակայն իրենց իրավիճակի վերաբերյալ Վկաները այսպիսի տեսակետ ունեին. «Տերը վկայություն տալու դուռ է բացել, որ Հունաստանի պետական պաշտոնյաները իմանան, որ հաստատվել է արդար թագավորություն։ Այդ մասին իմանալու հնարավորություն է տրվել նաև դատավորներին»։ Եհովայի վկաները այդ հարցին վերաբերվում էին այնպես, ինչպես որ պետք է վերաբերվեն Հիսուսի հետևորդները (Ղուկ. 21։12, 13)։
Պայքար անհաղթահարելի թվացող դժվարությունների դեմ
1940-ականներին և 1950-ականներին Կանադայի Քվեբեկ նահանգը իսկական «մարտադաշտ» էր դարձել։ Դեռևս 1924-ին Վկաներին սկսել էին ձերբակալել բարի լուրի քարոզչության համար։ 1931-ի ձմռանը որոշ Վկաների ոստիկանության բաժին էին տանում ամեն օր, երբեմն նույնիսկ օրվա մեջ երկու անգամ։ Կանադայում նրանք ստիպված էին մեծ գումարներ վճարել դատական ծախսերը հոգալու համար։ Իսկ 1947-ի սկզբներին Քվեբեկի դատարաններում արդեն քննվում էին Վկաներին առնչվող 1300 դատական գործեր։ Մինչդեռ այնտեղ Վկաները փոքրաթիվ էին։
Դա այնպիսի ժամանակաշրջան էր, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցին մեծ ազդեցություն ուներ, և յուրաքանչյուր քաղաքական գործիչ ու յուրաքանչյուր դատավոր ստիպված էր հաշվի նստել հոգևորականության հետ։ Քվեբեկում հոգևորականությունը մեծ հարգանք էր վայելում, և մարդիկ պատրաստակամորեն հնազանդվում էին տեղի քահանային։ «Պետություն և փրկություն» գրքում այսպես էր նկարագրվում իրավիճակը. «Օրենսդիր ժողովում Քվեբեկի կարդինալի աթոռը գտնվում էր անմիջապես գլխավոր նահանգապետի աթոռի կողքին։ Այսպես, թե այնպես Քվեբեկի մեծ մասը գտնվում էր եկեղեցու անմիջական հսկողության ներքո.... Եկեղեցու առաքելությունն իրականում այն էր, որ Քվեբեկի քաղաքական կյանքը ներդաշնակեցներ Հռոմի կաթոլիկ եկեղեցու գաղափարախոսությանը, համաձայն որի՝ կաթոլիկությունն է ճշմարտությունը, և ոչ կաթոլիկական ցանկացած այլ գաղափար սխալ է, իսկ ազատությունը ունենալը կաթոլիկ ճշմարտությունները դավանելն է և դրանցով ապրելը» (State and Salvation, 1989)։
Դժվարությունները, որ կրում էին Վկաները ոչ միայն Քվեբեկում, այլև ամբողջ աշխարհում, մարդկային տեսանկյունից՝ անհաղթահարելի էին թվում։
Զանազան մեղադրանքներ
Վկաների հակառակորդները մանրամասնորեն քննում էին օրենսգրքերը, որպեսզի հնարավոր ամեն պատրվակ գտնեին նրանց գործունեությանը վերջ դնելու համար։ Հաճախ նրանց մեղադրում էին առանց արտոնագրի մանրածախ առևտրով զբաղվելու մեջ՝ պնդելով, որ նրանց գործը կոմերցիոն բնույթ է կրում։ Իսկ դրան հակառակ՝ այլ վայրերում որոշ ռահվիրաների մեղադրում էին, որ իբրև նրանք չեն աշխատում և թափառաշրջիկի կյանքով են ապրում։
Տասնամյակներ շարունակ Շվեյցարիայի որոշ կանտոններում պետական պաշտոնյաները շարունակաբար փորձել են Վկաների կողմից աստվածաշնչյան գրականություն տարածելը ներկայացնել որպես կոմերցիոն գործունեություն։ Հատկապես ֆրանսալեզու Վո կանտոնի գլխավոր դատախազը ակտիվորեն քայլեր էր ձեռնարկում, որ ցածր ատյաններում Վկաների օգտին կայացրած բոլոր վճիռները բեկանվեին։
Տարբեր վայրերում Եհովայի վկաներին ասում էին, որ նրանք պետք է թույլտվություն ստանային իրենց գրականությունը տարածելու և կրոնական հանդիպումներ անցկացնելու համար։ Բայց իրականում այդպիսի թույլտվություն պե՞տք էր։ Վկաներն ասում էին՝ ոչ։ Իսկ ի՞նչ հիմքերով։
Նրանք բացատրում էին. «Եհովա Աստված է պատվիրում իր Վկաներին քարոզել Աստծու Թագավորության բարի լուրը, իսկ Աստծու պատվիրանները ավելի բարձր են, և նրա Վկաները պետք է հնազանդվեն դրանց։ Երկրի վրա գոյություն ունեցող ոչ մի օրենսդիր կամ գործադիր մարմին իրավունք չունի արգելելու Աստծու օրենքի կատարումը։ Իսկ քանի որ աշխարհի ոչ մի կառավարություն իրավունք չունի արգելելու բարի լուրի քարոզչությունը, նշանակում է, որ աշխարհի ոչ մի իշխանություն չի կարող թույլտվություն տալ բարի լուրի քարոզչության համար։ Այս հարցում աշխարհի կառավարությունները իշխանություն չունեն անելու ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Աստծու պատվիրածը անելու համար մարդկանցից թույլտվություն խնդրելը կնշանակի վիրավորել Աստծուն»։
Վկաների դեմ հարուցված մեղադրանքները հաճախ փաստում էին, որ դրանց պատճառը կրոնական ատելությունն է։ 1939-ին, երբ տարածվում էր «Ուղիղ նայենք փաստերին» և «Ապաքինում» գրքույկները, Նիդերլանդների մասնաճյուղի վերակացուն կանչվեց Հառլեմի դատարան։ Նա մեղադրվում էր մի խումբ հոլանդացիների վիրավորելու մեջ։ Օրինակ՝ դատախազը որպես փաստարկ նշեց, որ «Դիտարան ընկերության» գրականության մեջ ասվում է, որ Հռոմի կաթոլիկ հիերարխիան խաբեությամբ գումար է շորթում մարդկանցից՝ խոստանալով ազատել մահացածներին այնպիսի վայրից, որտեղ իրականում նրանք չեն գտնվում՝ քավարանից, որի գոյությունը, ինչպես նշվում էր գրականության մեջ, եկեղեցին չէր կարող ապացուցել։
Հիերարխիայի գլխավոր վկան՝ «հայր» Հենրի դը Գրիվը, վկայություն տալու ժամանակ դառնացած ասաց. «Ինձ ամենաշատը վրդովվեցնում է այն, որ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե մենք՝ քահանաներս, պարզապես սրիկաների և խաբեբաների մի խումբ ենք»։ Երբ ցուցմունք տալու հերթը հասավ Ընկերության մասնաճյուղի վերակացուին, նա բաց արեց կաթոլիկական Աստվածաշունչը և դատարանին ցույց տվեց, որ այն ինչ ասվում էր Ընկերության գրքույկում կաթոլիկների ուսմունքների մասին, ներդաշնակ է հենց իրենց՝ կաթոլիկների Աստվածաշնչին։ Երբ Ընկերության փաստաբանը հարցրեց Դը Գրիվին, թե արդյոք կարո՞ղ է դժոխքի կրակների և քավարանի ուսմունքները հիմնավորել Աստվածաշնչով, նա պատասխանեց. «Ես չեմ կարող հիմնավորել։ Ես պարզապես հավատում եմ դրանց»։ Դատավորը անմիջապես հասկացավ, որ գրքույկում հենց այդ մասին էր ասվում։ Գործը կարճվեց, և քահանան կատաղած դուրս եկավ դատարանի շենքից։
Անհանգստանալով, որ Չեխոսլովակիայի արևելյան հատվածում Եհովայի վկաների գործունեությունը ընդլայնվում է՝ հոգևորականները սկսեցին նրանց մեղադրել լրտեսության մեջ։ Իրավիճակը հիշեցնում էր այն դեպքը, երբ առաջին դարում հրեա հոգևորականները Պողոս առաքյալին մեղադրեցին խռովություն հրահրելու մեջ (Գործ. 24։5)։ 1933–1934թթ.-ին հարյուրավոր այդպիսի գործեր հարուցվեցին Վկաների դեմ, մինչև որ կառավարությունը համոզվեց, որ դրանք անհիմն մեղադրանքներ են։ Կանադայի Քվեբեկ նահանգում 1930-ականներին և 1940-ականներին Վկաների դեմ նաև գործեր էին հարուցվում՝ հակապետական դավադրության մեղադրանքով։ Ե՛վ կաթոլիկ, և՛ բողոքական հոգևորականները, հատկապես Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները նույնիսկ անձամբ դատարանում ներկայանում էին որպես վկաներ նրանց դեմ։ Սակայն ի՞նչ էին արել Եհովայի վկաները։ Հոգևորականները պնդում էին, որ նրանք սպառնում են ազգային միասնությանը՝ թողարկելով նյութեր, որոնք կարող էին դժգոհություն առաջացնել Հռոմի կաթոլիկ եկեղեցու նկատմամբ։ Սակայն Վկաները այդ մեղադրանքները հերքում էին՝ ասելով, որ իրականում նրանք տարածում են գրականություն, որը խոնարհ մարդկանց մխիթարություն է բերում Աստծու Խոսքից, իսկ դա զայրացնում է հոգևորականներին, քանի որ այդպիսով քողազերծվում են նրանց հակասուրբգրային ուսմունքներն ու գործերը։
Ի՞նչն էր օգնում Վկաներին չհանձնվելու՝ չնայած այդքան երկար շարունակվող հալածանքին։ Նրանց օգնում էր հավատը Աստծու և նրա ներշնչյալ Խոսքի հանդեպ, Եհովայի և նրա Թագավորության հանդեպ անշահախնդիր նվիրվածությունը և Աստծու ոգու տված զորությունը։ Ինչպես ասվում է Աստծու Խոսքում, «սովորականին գերազանցող ուժը Աստծուց է գալիս և ոչ թե մեզանից» (2 Կորնթ. 4։7)։
Եհովայի վկաները հակահարված են տալիս
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Աստվածաշունչ ուսումնասիրողները տարիներ շարունակ մեծ քանակության աստվածաշնչյան գրականություն են տարածել փողոցներում եկեղեցիների մոտակայքում և տնից տուն։ Բայց հետո Միացյալ Նահանգների մեծ ու փոքր շատ քաղաքներում իշխանությունները ընդունում էին որոշումներ, որոնց պատճառով մեծ խոչընդոտներ էին ստեղծվում այդ «կամավոր գործունեության» համար։ Ի՞նչ կարելի էր անել։
«Դիտարանի» 1919-ի դեկտեմբերի 15-ի համարում հետևյալն էր ասվում. «Մենք համոզված ենք, որ մեր պարտքն է անել հնարավոր ամեն բան Տիրոջ թագավորության մասին վկայելու համար և չթուլացնել մեր ձեռքերը, երբ տեսնում ենք, որ «դուռը» փակվում է։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս կամավոր գործունեությունը խոչընդոտելու համար շարունակական ջանքեր են գործադրվում՝ մենք սկսելու ենք գործածել մի պարբերագիր.... «ՈՍԿԵ ԴԱՐԸ»»a։
Որքան ընդլայնվում էր տնետուն ծառայության գործը, այնքան ավելի շատ փորձեր էին արվում կիրառելու այնպիսի օրենքներ, որոնցով կարելի էր սահմանափակել կամ արգելել այդ գործունեությունը։ Ոչ բոլոր երկրները ունեն օրենքներ, որոնք երաշխավորում են փոքրամասնությունների ազատությունները և հնարավորություն են տալիս նրանց պաշտպանվել պետական իշխանությունների հակառակությունից։ Բայց Եհովայի վկաները գիտեին, որ Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնի, խոսքի և մամուլի ազատություն։ Ուստի երբ դատավորները փորձում էին այնպես մեկնաբանել տեղական որոշումները, որ խոչընդոտեին Աստծու Խոսքի քարոզչությունը, Վկաները բողոքարկում էին նրանց վճիռները ավելի բարձր ատյաններում b։
Տեղի ունեցած դեպքերի մասին խոսելով՝ Հեյդեն Կ. Քովինգտոնը, որը մեծ ներդրում է ունեցել «Դիտարան ընկերության» իրավական հարցերում, հետագայում ասաց. «Եթե մենք չբողոքարկեինք հաշտարար դատարանների, ոստիկանության դատարանների և ցածր ատյանի այլ դատարանների կայացրած մեղադրական վճիռները, ապա նախադեպերի մի հսկայական կույտ կգոյանար, որը մեծ խոչընդոտ կհանդիսանար կրոնական դաշտում։ Բողոքարկման հայցեր ներկայացնելով՝ մենք թույլ չենք տվել, որ այդպիսի խոչընդոտ գոյանա։ Մեր կրոնը պետականորեն գրանցվել է Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, քանի որ մենք շարունակաբար բողոքարկել ենք անբարենպաստ որոշումները»։ Միացյալ Նահանգներում բազմաթիվ դատական գործեր, անցնելով տարբեր ատյաններով, հասել են Գերագույն դատարան։
Ամրապնդում են ազատության երաշխիքները
Եհովայի վկաների ծառայությանն առնչվող դատական գործերից մեկը, որը հասավ Միացյալ Նահանգների Գերագույն դատարան, հարուցվել էր Ջորջիա նահանգում։ Գերագույն դատարանը այդ գործը քննեց 1938-ի փետրվարի 4-ին։ Ջորջիա նահանգի Գրիֆինի դատարանը Ալմա Լովելին մեղավոր էր ճանաչել մի որոշման խախտման մեջ, համաձայն որի՝ արգելվում էր որևէ գրականություն տարածել՝ առանց քաղաքի իշխանություններից թույլտվություն ստանալու։ Քույր Լովելը մարդկանց առաջարկել էր տարբեր հրատարակություններ, այդ թվում «Ոսկե դար» պարբերագիրը։ 1938-ի մարտի 28-ին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը անվավեր համարեց այդ որոշումը, որովհետև այն խախտում էր մամուլի ազատությունը՝ ենթարկելով տպագիր նյութերը լիցենզավորման և գրաքննությանc։
Հաջորդ տարի Ջ. Ֆ. Ռադերֆորդը որպես հայցվորի փաստաբան փաստարկներով հանդես եկավ Գերագույն դատարանում «Կլարա Շնայդերն ընդդեմ Նյու Ջերսի նահանգի» դատական գործով d։ Դրանից հետո 1940-ին, երբ քննվում էր «Կանտուելն ընդդեմ Քոնեկտիկուտ նահանգի»e գործը, Ջ. Ֆ. Ռադերֆորդը կազմեց գործի վերաբերյալ գրավոր փաստարկները, իսկ Հեյդեն Քովինգտոնը դրանք ներկայացրեց դատարանի առաջ։ Այս դատական գործերի համար կայացված դրական վճիռները ամրապնդեցին կրոնի, խոսքի և մամուլի ազատության սահմանադրական երաշխիքները։ Բայց եղան նաև անհաջողություններ։
Դատարանները ուժգին հարված են հասցնում
Դրոշին պատիվ տալու հարցը, որն առնչվում էր Եհովայի վկաների դպրոցահասակ երեխաներին, առաջին անգամ Ամերիկայի դատարաններում քննվեց 1935-ին «Կարլտոն Բ. Նիկոլլսն ընդդեմ Լին քաղաքի (Մասաչուսեթս) քաղաքապետի և դպրոցական հանձնաժողովի» գործում f։ Գործն ուղարկվեց Մասաչուսեթսի Գերագույն դատարան։ 1937-ին դատարանը վճռեց, որ անկախ այն բանից, թե ինչ կրոնական համոզմունքներ ունեն Կարլետոն Նիկոլս կրտսերը և նրա ծնողները՝ հարկ չկա քննարկել դրանք, քանի որ, ինչպես նշվում էր վճռում, «դրոշին պատիվ տալը և հավատարմության երդում տալը, որոնց մասին խոսվում է տվյալ գործում, ոչ մի կապ չունեն կրոնի հետ.... և չեն առնչվում Ստեղծչի հանդեպ ունեցած հավատին։ Դրանք կապ չունեն նաև մարդու և Արարչի միջև եղած փոխհարաբերությունների հետ»։ Երբ պարտադիր կերպով դրոշին պատիվ տալու հարցը բողոքարկվեց Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում «Լեոլեսն ընդդեմ Լենդերսի» գործով (1937)g և «Հերինգն ընդդեմ նահանգի ժողովրդական կրթության բաժնի» գործով (1938)h, դատարանը կարճեց այդ գործերը, քանի որ համարում էր, որ քննվող հարցը սահմանադրական իրավունքներին առնչվող կարևոր հարց չէր։ 1939-ին դատարանը կրկին մերժեց նույն հարցին առնչվող բողոքը «Գաբրիելին ընդդեմ Նիկերբրոկերի» գործովi։ Այդ նույն օրը, առանց երկու կողմի փաստարկները լսելու, դատարանը հաստատեց ստորին ատյանի կայացրած որոշումը «Ջոնսոնն ընդդեմ Դիրֆիլդի» գործովj։
Վերջապես 1940-ին դատարանը ամբողջությամբ լսեց բոլոր փաստարկները «Մայներսվիլ շրջանի դպրոցն ընդդեմ Գոբայտիսի» գործովk։ Մի շարք նշանավոր իրավաբաններ երկու կողմերից ներկայացրին գործի վերաբերյալ գրավոր փաստարկները։ Ջ. Ֆ. Ռադերֆորդը ելույթ ունեցավ՝ ի պաշտպանություն Ուոլտեր Գոբայտասի և նրա երեխաների։ Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մի անդամ, հանդես գալով որպես Ամերիկայի իրավաբանների ընկերակցության և Քաղաքացիական ազատությունների պաշտպանության միության ներկայացուցիչ, ելույթ ունեցավ դրոշին պատիվ տալու պարտադիր պահանջի դեմ։ Սակայն նրանց փաստարկները մերժվեցին և Գերագույն դատարանը հունիսի 3-ին (միայն մեկ դեմ ձայնով) վճռեց, որ այն երեխաներին, ովքեր հրաժարվում էին դրոշին պատիվ տալուց, կարելի է հեռացնել հանրակրթական դպրոցներից։
Հաջորդ երեք տարիների ընթացքում Գերագույն դատարանը Եհովայի վկաների դեմ 19 վճիռ կայացրեց։ Ամենակարևոր վճիռը 1942-ին «Ջոնսն ընդդեմ Օպելայկա քաղաքի» գործովl կայացված անբարենպաստ վճիռն էր։ Ռոսկո Ջոնսը մեղավոր էր ճանաչվել այն բանի համար, որ Օպելայկայի (Ալաբամա) փողոցներում գրականություն էր առաջարկել՝ առանց արտոնագրային վճար վճարելու։ Գերագույն դատարանը հաստատեց մեղադրական վճիռը և ասաց, որ իշխանությունները իրավունք ունեն վճարներ գանձելու քարոզչության համար, և որ այդպիսի օրենքները չպետք է վիճարկվեն, նույնիսկ եթե տեղական իշխանությունները կամայականորեն հետ վերցնեն արտոնագիրը։ Դա ծանր հարված էր, քանի որ այժմ ցանկացած համայնքում իշխանությունները հոգևորականների կամ Վկաներին հակառակվող ցանկացած անհատի սադրանքով կարող էին օրենքի հիման վրա արգելել Վկաներին մտնել իրենց տարածք, և այդպիսով հակառակորդները, ըստ իրենց, կարող էին կանգնեցնել Եհովայի վկաների քարոզչական գործը։ Բայց տեղի ունեցավ անսպասելի մի բան։
Իրավիճակը փոխվում է
«Ջոնսն ընդդեմ Օպելայկա քաղաքի» գործի քննության ժամանակ, որի վերաբերյալ կայացված վճիռը մեծ հարված հասցրեց Եհովայի վկաների քարոզչական գործին, դատավորներից երեքն ասացին, որ իրենք ոչ միայն համաձայն չէին տվյալ գործում դատարանի մեծամասնության հետ, այլ նաև կարծում էին, որ նման վճռի համար հիմք էր դրվել «Գոբայտիսի» գործի քննության ժամանակ։ Նրանք նաև ավելացրին. «Քանի որ մենք համաձայն ենք եղել «Գոբայտիսի» գործով կայացված վճռին, ուստի մտածում ենք, որ սա հարմար առիթ ենք համարում ասելու, որ այժմ մենք կարծում ենք, որ այն ժամանակ նույնպես սխալ վճիռ է կայացվել»։ Եհովայի վկաները, համարելով դա ակնարկ, այդ գործը կրկին ներկայացրին դատարանի քննությանը։
Միջնորդություն ներկայացվեց «Ջոնսն ընդդեմ Օպելայկա քաղաքի» գործը վերստին քննելու համար։ Այդ միջնորդության մեջ ներկայացվեցին ծանրակշիռ իրավական փաստարկներ։ Այնտեղ այսպիսի վճռական խոսքեր էին ասվում. «Այս դատարանը պետք է հաշվի նստի այն կարևորագույն փաստի հետ, որ գործ ունի Ամենակարող Աստծու ծառաների հետ»։ Ներկայացվեցին նաև այդ մտքին թիկունք կանգնող աստվածաշնչյան դեպքեր։ Ուշադրություն հրավիրվեց առաջին դարի օրենքի ուսուցիչ Գամաղիելի խորհրդի վրա, որը նա տվել էր հրեական գերագույն դատարանին. «Ձեռք մի՛ տվեք այս մարդկանց և հանգի՛ստ թողեք նրանց.... այլապես միգուցե Աստծու դեմ կռվողներ էլ դառնաք» (Գործ. 5։34–39)։
Վերջապես 1943-ի մայիսի 3-ին «Մարդոկն ընդդեմ Փենսիլվանիա նահանգի»a վճռորոշ գործի քննության ժամանակ Գերագույն դատարանը բեկանեց «Ջոնսն ընդդեմ Օպելայկա քաղաքի» գործով իր կայացրած վճիռը։ Դատարանը հայտարարեց, որ կրոնական գրականություն տարածելու և այդպիսով կրոնական ազատության իրավունքը իրականացնելու համար որևէ մեկից արտոնագրային վճար պահանջելը դեմ է սահմանադրությանը։ Այդ գործը կրկին հնարավորություն տվեց Եհովայի վկաներին իրականացնելու իրենց գործունեությունը Միացյալ Նահանգներում, և դա նախադեպ հանդիսացավ հարյուրավոր այլ գործերի համար։ 1943-ի մայիսի 3-ը իսկապես հիշարժան օր է Եհովայի վկաների համար՝ կապված այն դատական գործերի հետ, որոնք քննվում էին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում։ Այդ օրը 13 գործերից 12-ի համար (բոլոր այդ գործերը միացվել էին դատաքննության համար, և դրանց վերաբերյալ պետք է 4 վճիռ կայացվեր) դատարանը վճիռ կայացրեց Վկաների օգտինb։
Մոտ մեկ ամիս անց հունիսի 14-ին պետական դրոշի տարեկան տոնին՝ Դրոշի օրը, Գերագույն դատարանը «Արևմտյան Վիրջինիա նահանգի ժողովրդական կրթության բաժինն ընդդեմ Բարնետի» գործի քննության ժամանակ կրկին բեկանեց իր կայացրած վճիռը այս անգամ «Գոբայտիսի» գործովc։ Դատարանը վճռեց, որ «ոչ մի պետական պաշտոնյա՝ լինի բարձրաստիճան, թե ոչ, չի կարող սահմանել՝ ինչն է ճիշտ քաղաքական, հայրենասիրական, կրոնական և այլ վիճելի հարցերում, և որևէ քաղաքացու չի կարող պարտադրել խոսքով կամ գործով հավատ դրսևորել դրանց վերաբերող հարցերում»։ Այդ վճռում բերված հիմնավորումների մեծ մասը հետագայում ընդունեց նաև Օնտարիոյի (Կանադա) վերաքննիչ դատարանը «Դոնալդն ընդդեմ Համիլտոն քաղաքի ժողովրդական կրթության բաժնի» գործի քննության ժամանակ, որի վերաբերյալ կայացրած վճիռը Կանադայի Գերագույն դատարանը անփոփոխ թողեց։
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը, «Բարնետի» գործով և նույն օրը «Թեյլորն ընդդեմ Միսիսիպի նահանգի»d գործով իր կայացրած վճիռների համաձայն, սահմանեց, որ Եհովայի վկաներին չէին կարող մեղադրել խռովության մեջ այն բանի համար, որ նրանք բացատրում էին, թե ինչ պատճառներով են հրաժարվում դրոշին պատիվ տալուց, ինչպես նաև այն բանի համար, որ սովորեցնում են, թե բոլոր պետությունները պարտվող կողմ են, որովհետև հակառակվում են Աստծու Թագավորությանը։ Այս վճիռները ճանապարհ հարթեցին այն բանի համար, որ այլ դատարաններում նույնպես դրական վճիռներ կայացվեն այն գործերով, որոնք առնչվում էին Վկա ծնողներին, որոնց երեխաները հրաժարվում էին դպրոցում դրոշին պատիվ տալուց, ինչպես նաև այլ գործերով, որոնք առնչվում էին աշխատանքին և երեխաների խնամակալությանը։ Իրավիճակը իսկապես փոխվել էրe։
Ազատության նոր ժամանակաշրջան Քվեբեկում
Եհովայի վկաները մեծ ջանքեր էին գործադրում նաև Կանադայում կրոնի ազատությունը պաշտպանելու համար։ 1944–1946թթ.-ին Քվեբեկում հարյուրավոր Վկաներ են ձերբակալվել քարոզչական ծառայությանը մասնակցելիս։ Թեև Կանադայի օրենքով երաշխավորված էր կրոնի ազատությունը, սակայն ամբոխները ընդհատում էին այն հանդիպումները, որոնց ժամանակ ուսումնասիրվում էր Աստվածաշունչը։ Կաթոլիկ հոգևորականները պահանջում էին դադարեցնել Եհովայի վկաների գործունեությունը, և ոստիկանությունը կատարում էր նրանց պահանջը։ Տեղի դատարանների դատավորները վիրավորում էին Վկաներին, իսկ նրանց վրա հարձակվող մարդկանց դեմ ոչ մի քայլ չէին ձեռնարկում։ Ի՞նչ կարելի էր անել։
1946-ի նոյեմբերի 2-ին և 3-ին հատուկ համաժողով կազմակերպվեց Մոնրեալում։ Ելույթներում հռետորները խոսեցին այն մասին, թե ինչ դիրքորոշում ունեն Եհովայի վկաները՝ համաձայն Աստվածաշնչի և երկրի օրենքի։ Այնուհետև հայտարարվեց 16-օրյա հատուկ քարոզարշավի մասին, որի ժամանակ ողջ երկրով մեկ պետք է տարածեին անգլերեն, ֆրանսերեն և ուկրաիներեն լեզուներով մի թերթիկ՝ «Քվեբեկի բուռն ատելությունն Աստծու, Քրիստոսի և ազատության հանդեպ խայտառակություն է ամբողջ Կանադայի համար» վերնագրով։ Այնտեղ մանրամասնորեն նկարագրվում էին ամբոխների հարձակումները և այն վայրագ վերաբերմունքը, որին ենթարկվում էին Եհովայի վկաները Քվեբեկում։ Դրանից հետո տարածվեց մեկ այլ թերթիկ՝ «Քվեբե՛կ, դու դավաճանել ես քո ժողովրդին» վերնագրով։
Քվեբեկում ձերբակալությունների թիվը կտրուկ աճեց։ Ստեղծված իրավիճակի պատճառով Կանադայի մասնաճյուղը հիմնեց իրավաբանական բաժին, որի ներկայացուցիչները գտնվում էին Տորոնտոյում և Մոնրեալում։ Երբ մամուլը հանրությանը տեղեկացրեց, որ Քվեբեկի վարչապետ Մորիս Դուպլեսին դիտմամբ խորտակել է մի Եհովայի վկայի՝ Ֆրենկ Ռոնկարելիի ռեստորանային բիզնեսը զուտ այն պատճառով, որ Ֆրենկը գրավ էր մուծում իր հավատակիցներին ազատելու համար, Կանադայի ժողովուրդը բողոքի ձայն բարձրացրեց։ Դրանից հետո 1947-ի մարտի 2-ին Եհովայի վկաները ողջ Կանադայում քարոզարշավ կազմակերպեցին՝ հրավիրելով մարդկանց միանալ իրենց և կառավարությանը մի խնդրագիր ներկայացնել իրավունքների օրինագիծ ընդունելու վերաբերյալ։ Հավաքվեց ավելի քան 500000 ստորագրություն։ Դա Կանադայի պառլամենտին երբևիցե ներկայացված ամենամեծ խնդրագիրն էր։ Հաջորդ տարի ներկայացվեց ավելի մեծ մի խնդրագիր՝ առաջինին թիկունք կանգնելու նպատակով։
Այդ ընթացքում Ընկերությունը ընտրեց երկու նախադեպային գործեր Կանադայի Գերագույն դատարանում բողոքարկելու համար։ Դրանցից մեկը «Էմե Բուշեն ընդդեմ նորին մեծություն թագավորի» գործն էր, որում քննվում էր խռովություն հրահրելու մեղադրանքը, որ պարբերաբար ներկայացվում էր Վկաների դեմ։
«Բուշեի» գործը հարուցվել էր այն պատճառով, որ Էմե Բուշեն՝ հանդարտ բնավորության տեր մի ֆերմեր, տարածել էր «Քվեբեկի բուռն ատելությունը» թերթիկը։ Արդյոք կարելի էր ասել, որ նա խռովություն էր հրահրում, երբ հանրությանը հայտնում էր, որ Քվեբեկում Վկաները ենթարկվում են ամբոխների հարձակումներին, որ պետական պաշտոնյաները, որոնց հետ իրենք առնչվել են, անտեսում են օրենքները, և որ կան փաստեր, որ այդ հարձակումների հետևում կաթոլիկ եպիսկոպոսը և այլ հոգևորականներ են կանգնած եղել։
Քննելով տարածված թերթիկի բովանդակությունը՝ Գերագույն դատարանի դատավորներից մեկն ասաց. «Փաստաթուղթը վերնագրված էր՝ «Քվեբեկի բուռն ատելությունն Աստծու, Քրիստոսի և ազատության հանդեպ խայտառակություն է ամբողջ Կանադայի համար». այնտեղ նախ և առաջ կոչ էր արվում հանդարտությամբ և խոհեմությամբ քննել այն փաստերը, որոնք ներկայացվում են՝ ի պաշտպանություն թերթիկի վերնագրի. այնուհետև ընդհանուր առմամբ նկարագրվում էր, թե Քվեբեկում ինչ հալածանքների են ենթարկվում Վկաները՝ որպես Քրիստոսի եղբայրներ. նաև մանրամասնորեն ներկայացվում էին հալածանքի կոնկրետ դեպքեր. և վերջում նահանգի ողջ ժողովրդին կոչ էր արվում բողոքի ձայն բարձրացնել ամբոխների բռնությունների և գեստապոյական մեթոդների դեմ, որպեսզի Աստծու Խոսքի ուսումնասիրության և նրա պատվիրաններին հնազանդվելու շնորհիվ հնարավոր լիներ «Աստծու, Քրիստոսի և ազատության հանդեպ սիրո բարի պտուղների առատ բերք» հավաքել»։
Դատարանը բեկանեց Էմե Բուշեի մեղադրական դատավճիռը, բայց հինգ դատավորներից երեքը նոր դատավարություն պահանջեցին։ Արդյոք այդ դեպքում ստորին ատյաններում անկողմնակալ վճիռ կկայացվե՞ր։ Եհովայի վկաների փաստաբանը միջնորդություն ներկայացրեց, որ գործը նորից քննվի Գերագույն դատարանում։ Զարմանալի էր, բայց միջնորդությունը բավարարվեց։ Մինչ գործը կքննվեր, դատավորների թիվը ավելացավ, իսկ սկզբնական կազմում եղած դատավորներից մեկը փոխեց իր տեսակետը։ Արդյունքում 1950-ին հինգ կողմ չորս դեմ ձայներով եղբայր Բուշեն ամբողջությամբ արդարացվեց։
Սկզբում Քվեբեկ նահանգի վարչապետը (որը նաև գլխավոր դատախազն էր) և գլխավոր դատախազի տեղակալը հրաժարվեցին ընդունել այդ որոշումը, բայց ժամանակի ընթացքում այն հարկադրաբար գործի դրվեց դատական կարգով։ Այդպիսով ամբողջությամբ վերջ դրվեց խռովություն հրահրելու մեղադրանքին, որը պարբերաբար հարուցվում էր Եհովայի վկաների դեմ Կանադայում։
Կանադայի Գերագույն դատարանում բողոքարկվեց նաև մեկ ուրիշ նախադեպային գործ՝ «Լորիե Սոմյուրն ընդդեմ Քվեբեկ քաղաքի» գործը։ Այն առնչվում էր լիցենզավորման մասին տեղական օրենքներին, որոնց հետ կապված բազմաթիվ մեղադրական վճիռներ էին կայացվել ստորին ատյաններում։ «Սոմյուրի» գործում Ընկերությունը ջանքեր էր գործադրում, որ անժամկետ դատական արգելք սահմանվի, ինչը թույլ չէր տա Քվեբեկ քաղաքի իշխանություններին խանգարել Եհովայի վկաներին կրոնական գրականություն տարածել։ 1953-ի հոկտեմբերի 6-ին Գերագույն դատարանը հայտարարեց իր վճիռը։ Դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Վկաների և ընդդեմ Քվեբեկ նահանգի։ Այդ վճիռը նպաստեց այն բանին, որ Վկաները հաղթանակ տարան նաև մոտ հազար այլ գործերում, որտեղ նույնպես առանցքային հարցը կրոնի ազատությունն էր։ Դրա շնորհիվ Քվեբեկում Եհովայի վկաների համար ազատ գործունեության նոր ժամանակաշրջան սկսվեց։
Գիտելիքներ օրինական իրավունքների և դատական ընթացակարգի վերաբերյալ
1920-ականներին վերջերին և դրանից հետո դատական գործերի թիվն ավելացավ, ուստի անհրաժեշտություն առաջացավ, որ Եհովայի վկաները գիտելիքներ ստանան դատական ընթացակարգերի վերաբերյալ։ Քանի որ Ջ. Ֆ. Ռադերֆորդը իրավաբան էր և երբեմն աշխատել էր որպես դատավոր, գիտակցում էր, որ Վկաները իսկապես կարիք ունեին առաջնորդություն ստանալու այդ հարցերում։ Հատկապես 1926-ից հետո Վկաները մեծ շեշտ էին դնում կիրակի օրերին տնից տուն ծառայելու վրա և ծառայության ընթացքում օգտագործում էին Աստվածաշունչը մեկնաբանող գրքեր։ Քանի որ կիրակի օրերին գրականություն տարածելու գործի պատճառով հակառակություն սկսվեց, եղբայր Ռադերֆորդը պատրաստեց մի գրքույկ՝ «Քարոզելու ազատություն» վերնագրով, որի նպատակն էր օգնել Միացյալ Նահանգների Վկաներին իմանալու օրենքով ամրագրված իրենց իրավունքները։ Սակայն նա անձամբ չէր կարող զբաղվել բոլոր իրավաբանական գործերով, ուստի հոգ տարավ, որ այլ փաստաբաններ հրավիրվեն ծառայելու գլխավոր վարչությունում։ Բացի այդ, նրանց հետ սերտորեն համագործակցում էին Միացյալ Նահանգների տարբեր մասերում ապրող այլ Վկա փաստաբաններ։
Այդ փաստաբանները չէին կարող ներկա լինել Եհովայի վկաների քարոզչական գործունեությանն առնչվող հազարավոր դատական գործերի բոլոր նիստերին, բայց կարող էին օգտակար խորհրդատվություն տրամադրել։ Ուստի միջոցներ ձեռնարկվեցին բոլոր Եհովայի վկաներին դատական հիմնական ընթացակարգերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։ Դա արվեց 1932-ին Միացյալ Նահանգներում անցկացված հատուկ համաժողովների ժամանակ, իսկ հետագայում գիտելիքներ էին տրվում նաև ժողովում՝ Ծառայողական հանդիպումների ժամանակ։ 1933-ի «Եհովայի վկաների տարեգրքում» տպագրվեց մանրամասն հրահանգներ պարունակող մի նյութ՝ «Դատավարական կարգ» վերնագրով, որը հետագայում լույս տեսավ որպես առանձին թերթիկ։ Այդ հրահանգները ըստ անհրաժեշտության հարմարեցվում էին եղած հանգամանքներին։ «Մխիթարություն» պարբերագրի 1937-ի նոյեմբերի 3-ի թողարկման մեջ հավելյալ իրավաբանական խորհրդատվություն էր ներկայացվում կոնկրետ իրավիճակների վերաբերյալ։
Այդ տեղեկությունների շնորհիվ Վկաները սովորաբար իրենք էին իրենց պաշտպանում տեղի դատարաններում՝ իրավաբանների ծառայություններից օգտվելու փոխարեն։ Նրանք նկատել էին, որ այդպիսով հաճախ կարողանում էին վկայություն տալ դատարանում և իրենց հետ առնչվող հարցը անձամբ ներկայացնել դատավորին, որպեսզի իրենց գործի վճիռը չկայացվի զուտ ընթացակարգային մանրամասների հիման վրա։ Երբ որևիցե գործով բացասական վճիռ էր կայացվում, այն սովորաբար բողոքարկվում էր, թեև որոշ Վկաներ բանտ էին նստում, քանի որ փաստաբան չէին վարձում, որի ծառայություններն անհրաժեշտ էին վերաքննիչ դատարաններ դիմելու համար։
Երբ նոր հանգամանքներ էին ստեղծվում, և դատարաններում կայացվում էին նախադեպային վճիռներ, եղբայրները ժողովներին ավելի թարմ տեղեկություններ էին տրամադրում։ Այսպիսով 1939-ին հրատարակվեց «Խորհուրդներ Թագավորության քարոզիչների համար» գրքույկը՝ եղբայրներին դատավարությունների հետ կապված օգնություն տրամադրելու համար։ Երկու տարի անց ավելի ծավալուն տեղեկություններ պարունակող մի գրքույկ լույս տեսավ, որի վերնագիրն էր «Եհովայի ծառաների պաշտպանությունը»։ Այնտեղ մեջբերվում կամ քննարկվում էին Ամերիկայի դատարաններում կայացված 50 տարբեր վճիռներ, որոնք առնչվում էին Եհովայի վկաներին, ինչպես նաև բազմաթիվ այլ դատական գործեր։ Գրքույկում նաև բացատրվում էր, թե ինչպես կարելի էր արդյունավետորեն օգտագործել այդ դատական նախադեպերը։ Այնուհետև 1943-ին բոլոր Վկաներին տրամադրվեց «Կրոնի ազատություն» գրքույկի մեկական օրինակ, որը նրանք մանրամասնորեն ուսումնասիրեցին ժողովներում Ծառայողական հանդիպումների ժամանակ։ Այդ գրքույկում ոչ միայն ընդգրկված էր դատական գործերի օգտակար ամփոփագիր, այլ նաև մանրամասնորեն բացատրվում էր, թե ինչ սուրբգրային հիմքեր կան տարբեր իրավիճակներում այս կամ այն քայլը ձեռնարկելու համար։ Դրանից հետո 1950-ին հրատարակվեց «Բարի լուրը պաշտպանվում և օրինականապես հաստատվում է» վերնագրով գրքույկը, որն ավելի թարմ տեղեկություններ էր պարունակում։
Այս ամենի շնորհիվ հետզհետե կրթություն էր տրամադրվում իրավաբանական հարցերի վերաբերյալ։ Սակայն դրա նպատակը ոչ թե այն էր, որ Վկաները դառնային իրավաբաններ, այլ որ դրա շնորհիվ կարողանային վերացնել խոչընդոտները և ազատորեն քարոզեին Աստծու Թագավորության բարի լուրը հանրորեն և տնից տուն։
Մորեխների երամի պես
Կային պետական պաշտոնյաներ, որոնք իրենց օրենքից բարձր էին դասում և երբեմն Վկաների հանդեպ անողոք վերաբերմունք էին դրսևորում։ Սակայն Եհովայի վկաները, անկախ այն բանից, թե ինչ մեթոդներ էին կիրառում հակառակորդները, հիշում էին Աստծու Խոսքում գրված հետևյալ խորհուրդը. «Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, այլ թողեք, որ ձեր փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը, որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»» (Հռոմ. 12։19)։ Այդուհանդերձ նրանք գիտակցում էին, որ պարտավոր էին վկայություն տալ։ Իսկ ինչպե՞ս էին նրանք անում դա, երբ բախվում էին իշխանությունների հակառակությանը։
Թեև 1930-ականների ընթացքում Եհովայի վկաների առանձին ժողովներ բավականին փոքր էին, սակայն նրանց միջև սերտ կապվածություն կար։ Երբ մի վայրում լուրջ խնդիրներ էին առաջանում, շրջակա տարածքի Վկաները պատրաստակամորեն օգնության էին հասնում։ Օրինակ՝ 1933-ին Միացյալ Նահանգներում կային 12600 Վկաներ, որոնք կազմել էին 78 «ջոկատներ»։ Երբ մի տարածքում անդադար ձերբակալություններ էին տեղի ունենում, կամ երբ հակառակորդների ճնշման ներքո ռադիոկայանները չեղյալ էին համարում Եհովայի վկաների հաղորդումները հեռարձակելու պայմանագրերը, այդ մասին տեղեկացնում էին Բրուքլինի գրասենյակին։ Մեկ շաբաթվա ընթացքում օգնական ուժեր էին ուղարկվում այդ տարածք՝ հիմնովին վկայություն տալու համար։
Ըստ անհրաժեշտության 50–1000 Վկաներ էին հավաքվում նշանակված ժամին մի տեղում՝ սովորաբար գյուղական շրջաններում, որոնք գտնվում էին այն տարածքի մոտ, որը պետք է քարոզվեր։ Նրանք բոլորը կամավորներ էին, և ոմանք հանդիպման վայր հասնելու համար անցնում էին մոտ 320 կմ։ Յուրաքանչյուր մեքենայով ժամանած խմբին տալիս էին մի տարածք, որը պետք է մշակեին 30 րոպեում կամ ամենաշատը երկու ժամում։ Երբ խմբերը սկսում էին քարոզել իրենց նշանակված տարածքներում, եղբայրների մի կոմիտե գնում էր ոստիկանություն և տեղեկացնում կատարվող գործի մասին, ինչպես նաև տալիս էր բոլոր Վկաների անունների ցուցակը, որ այդ առավոտյան քարոզում էին այդ տարածքում։ Շատ վայրերում իշխանությունները, տեսնելով, որ Վկաները թվով այնքան շատ են, որ իրենց ունեցած ուժերը բավական չեն նրանց կանգնեցնելու համար, թույլ էին տալիս, որ նրանք շարունակեն անարգել քարոզել։ Իսկ որոշ վայրերում իշխանությունները այնքան Վկաների էին ձերբակալում, որ իրենց բանտերում ազատ տեղ չէր լինում, սակայն ուրիշ ոչինչ նրանք չէին կարողանում անել։ Բոլոր ձերբակալված Վկաների համար կային փաստաբաններ, որոնք պատրաստ էին գրավ մուծել նրանց ազատելու համար։ Այդ քարոզարշավները հիշեցնում էին խորհրդանշական մորեխների երամի հարձակումը, որի մասին արձանագրված է Աստվածաշնչում՝ Հովել 2։7–11 և Հայտնություն 9։1–11 համարներում։ Այդպիսով հնարավոր էր լինում շարունակել բարի լուրի քարոզչությունը, անգամ երբ հակառակությունը ուժգին էր։
Մերկացվում են պաշտոնյաների կամայական գործերը
Որոշ վայրերում Վկաները օգտակար էին համարում մարդկանց տեղեկացնել տեղի իշխանությունների գործերի մասին։ Երբ Քվեբեկի դատարաններում Վկաների հանդեպ սկսեցին այնպիսի վերաբերմունք դրսևորել, որը հիշեցնում էր ինկվիզիցիայի մեթոդները, Քվեբեկի օրենսդիր ժողովի բոլոր անդամներին ուղարկվեց մի նամակ, որում ներկայացվում էին բոլոր փաստերը։ Երբ դա ոչ մի արդյունք չտվեց, Ընկերությունը այդ նամակի մեկական օրինակ ուղարկեց նահանգում ապրող 14000 բիզնեսմենների։ Այդ տեղեկությունը նաև ուղարկվեց թերթերի խմբագրություններ։
Միացյալ Նահանգների արևելյան մասում հանրությանը նման դեպքերի մասին տեղեկացնում էին ռադիոհեռարձակումների միջոցով։ Բրուքլինի Բեթելում հիմնվեց այսպես կոչված «Թագավորի թատրոնը», որի կազմում ընդգրկված էին մի քանի հմուտ Վկա դերասաններ, որոնք կարողանում էին հմտորեն նմանակել մարդկանց։ Երբ իշխանությունները Վկաներին կամակայանորեն դատի էին տալիս, ողջ դատավարության ընթացքը մանրամասնորեն սղագրվում էր։ Դերասանները ներկա էին լինում նիստերին, որպեսզի կարողանային ինչպես հարկն է մտապահել ոստիկանների, դատախազի և դատավորի ձայնի տոնը և խոսելաձևը։ Ռադիոհեռարձակման մասին լայնորեն ազդարարվում էր, որպեսզի շատերը լսեին այն, ապա «Թագավորի թատրոնի» դերասանները զարմանալի նմանությամբ դերերով ներկայացնում էին ամբողջ դատավարությունը, այնպես որ հանրությունը տեղեկանում էր, թե ինչպես էին վարվում իշխանությունները։ Ժամանակի ընթացքում այդ պաշտոնյաներից ոմանք, տեսնելով, որ իրենց արարքների մասին իմանում էին հասարակության լայն զանգվածները, սկսեցին ավելի զգույշ վարվել Վկաներին առնչվող դատավարությունների ժամանակ։
Միասնական ջանքեր ընդդեմ նացիստների հակառակության
Երբ նացիստական Գերմանիայի կառավարությունը արշավ ձեռնարկեց Եհովայի վկաների գործունեությունը դադարեցնելու համար, վերջիններս պարբերաբար ջանքեր էին թափում պետական պաշտոնյաների հետ հանդիպելու։ Սակայն ոչ մի արդյունքի չէին հասնում։ 1933-ի ամռանն արդեն նրանց գործունեության վրա արգելք էր դրվել Գերմանիայի երկրամասերի մեծ մասում։ Այդ պատճառով 1933-ի հունիսի 25-ին Բեռլինի համաժողովի ժամանակ Եհովայի վկաները ընդունեցին մի հռչակագիր, որը վերաբերում էր իրենց ծառայությանը և դրա նպատակներին։ Հռչակագրի մեկական օրինակ ուղարկեցին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, և միլիոնավոր օրինակներ էլ տարածեցին հանրության շրջանում։ Այնուամենայնիվ, 1933-ի հուլիսին դատարանները մերժեցին արգելքները հանելու հայցով դատական նիստ նշանակել։ Հաջորդ տարվա սկզբին Ջ. Ֆ. Ռադերֆորդը ստեղծված իրավիճակի վերաբերյալ անձամբ նամակ գրեց Ադոլֆ Հիտլերին և այն ուղարկեց հատուկ պատգամաբերի միջոցով։ Այնուհետև գործի անցավ համաշխարհային եղբայրությունը։
1934-ի հոկտեմբերի 7-ին՝ կիրակի օրը՝ ժամը 9-ին, Գերմանիայում Վկաների յուրաքանչյուր խումբ հավաքվեց հանդիպման։ Նրանք աղոթքով Եհովայից առաջնորդություն և օրհնություն խնդրեցին։ Այնուհետև յուրաքանչյուր խումբ նամակ ուղարկեց Գերմանիայի կառավարության ներկայացուցիչներին, որում Վկաները հայտնում էին Եհովային շարունակաբար ծառայելու իրենց վճռականության մասին։ Նախքան հանդիպումը ավարտելը խմբերը քննարկեցին Տիրոջ՝ Հիսուսի Քրիստոսի խոսքերը՝ գրված Մատթեոս 10։16–24-ում։ Դրանից հետո նրանք գնացին ու սկսեցին վկայություն տալ Եհովայի և նրա Թագավորության մասին, որի Թագավորը Քրիստոսն է։
Այդ նույն օրը աշխարհի այլ մասերում ապրող Եհովայի վկաները նույնպես հավաքվեցին առանձին խմբերով, աղոթքով դիմեցին Եհովային և Հիտլերի կառավարությանը ուղարկեցին հեռագրեր, որոնցում ասվում էր. «Ձեր վատ վերաբերմունքը Եհովայի վկաների հանդեպ ցնցում է երկրագնդի բոլոր ազնվաբարո մարդկանց և անպատվություն է բերում Աստծու անվանը։ Դադարե՛ք Եհովայի վկաներին հալածելուց. այլապես Աստված կոչնչացնի Ձեզ և Ձեր նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը»։ Բայց դա դեռ վերջը չէր։
Գեստապոն ավելի խիստ քայլեր ձեռնարկեց Եհովայի վկաների գործունեությունը դադարեցնելու համար։ 1936-ին զանգվածային ձերբակալություններից հետո գեստապոն կարծում էր, թե հաջողության է հասել։ Սակայն 1936-ի դեկտեմբերի 12-ին 3450 Վկաներ, որոնք դեռ ազատության մեջ էին, կայծակնային արագությամբ ողջ Գերմանիայում տարածեցին մի տպագիր բանաձև, որում հստակորեն նշվում էր, թե որն է Եհովայի նպատակը, և ասվում էր, որ Եհովայի վկաները վճռել են առաջին հերթին Աստծուն հնազանդվել որպես ղեկավարի և ոչ թե մարդկանց։ Հակառակորդները չէին կարողանում հասկանալ, թե ինչպես Վկաներին հաջողվեց այդպիսի արշավ իրականցնել։ Մի քանի ամիս անց, երբ գեստապոն հերքեց բանաձևում բերված մեղադրանքները, Եհովայի վկաները գրեցին մի բաց նամակ, որում բացահայտորեն նշեցին նացիստական պաշտոնյաների անունները, ովքեր գազանային վերաբերմունք էին դրսևորել Եհովայի վկաների հանդեպ։ 1937-ին այս նամակը նույնպես տարածվեց ողջ Գերմանիայով մեկ։ Այդպիսով չար մարդկանց գործերը հայտնի դարձան բոլորին։ Դա նաև հնարավորություն տվեց մարդկանց որոշելու, թե անձամբ իրենք ինչպիսի վերաբերմունք կդրսևորեին Բարձրյալի ծառաների հանդեպ (համեմատի՛ր Մատթեոս 25։31–46)։
Համաշխարհային հրապարակումը փոքր-ինչ թեթևացում է բերում
Այլ երկրների կառավարություններ նույնպես անբարյացակամորեն են վերաբերվել Եհովայի վկաներին՝ թույլ չտալով նրանց հանդիպումներ անցկացնել և քարոզել։ Որոշ վայրերում այս կառավարությունները այնպիսի հանգամանքներ են ստեղծել, որ Վկաներին հեռացրել են աշխատանքից, իսկ նրանց երեխաներին՝ դպրոցներից։ Որոշ երկրների կառավարություններ դիմել են բռնության։ Այնինչ գրեթե այդ բոլոր երկրների սահմանադրությամբ երաշխավորված է կրոնի ազատությունը։ «Դիտարան ընկերությունը» հաճախ ամբողջ աշխարհի հասարակությանը բացահայտորեն ներկայացրել է այդ վերաբերմունքի մասին մանրամասն տեղեկություններ՝ նպատակ ունենալով թեթևացում բերել հալածվող եղբայրներին։ Դա արվել է «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի միջոցով, նաև այդպիսի տեղեկություններ երբեմն հրատարակվել են մամուլում։ Դրանից հետո պետական պաշտոնյաները աշխարհի տարբեր անկյուններից հազարավոր նամակներ են ստացել, որոնց նպատակը եղել էր պաշտպանել Վկաներին։
1937-ին Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում այդպիսի մի արշավ կազմակերպվեց, որի արդյունքում նահանգապետը երկու օրվա ընթացքում 7000 նամակ ստացավ չորս երկրներից։ Հազարավոր նամակներ ստացավ նաև Լա Գրանժ քաղաքի (Ջորջիա) քաղաքապետը։ Ի պաշտպանություն Եհովայի վկաների՝ այդպիսի արշավներ անցկացվեցին նաև Արգենտինայում 1978-ին և 1979-ին, Բենինում 1976-ին, Բուրունդիում 1989-ին, Գաբոնում 1971-ին, Դոմինիկյան Հանրապետությունում 1950-ին և 1957-ին, Եթովպիայում 1957-ին, Իսպանիայում 1961-ին և 1962-ին, Կամերունում 1970-ին, Հորդանանում 1959-ին, Հունաստանում 1963-ին և 1966-ին, Մալայայում 1952-ին, Մալավիում 1968-ին, 1972-ին, 1975-ին և 1976-ին, Մոզամբիկում 1976-ին, Պորտուգալիայում 1964-ին և 1966-ին, Սինգապուրում 1972-ին և Սվազիլենդում 1983-ին։
Տեսնելու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկել Եհովայի վկաները ամբողջ աշխարհում, որպեսզի օգնեն ճնշումների ենթարկվող իրենց եղբայրներին, քննենք, օրինակ, Հունաստանում տեղի ունեցածը։ Քանի որ հունական ուղղափառ եկեղեցու հոգևորականների սադրանքով Եհովայի վկաները ուժգին հալածանքի էին ենթարկվում, 1986-ին «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում (երկու պարբերագրերը միասին ամբողջ աշխարհում տարածվում էին ավելի քան 22000000 օրինակով) մանրամասն տեղեկություններ ներկայացվեցին այդ հալածանքների վերաբերյալ։ Այլ երկրների Վկաներին հորդոր տրվեց նամակներ ուղղել Հունաստանի պետական պաշտոնյաներին՝ ի պաշտպանություն իրենց եղբայրների։ Նրանք այդպես էլ արեցին. ինչպես տեղեկացնում էր Աթենքի «Վրադինի» թերթը, արդարադատության նախարարը 106 լեզուներով ավելի քան 200000 նամակ ստացավ 200-ից ավելի երկրներից։
Հաջորդ տարի, երբ Խանիայի (Կրետե) վերաքննիչ դատարանում քննվում էր Վկաներին առնչվող մի գործ, Եհովայի վկաների կողմից կային ներկայացուցիչներ յոթ այլ երկրներից (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Իսպանիա և Միացյալ Նահանգներ), որոնք եկել էին աջակցելու իրենց քրիստոնյա եղբայրներին։ Նրանք բոլորը մասնակցում էին գործին։ Այնուհետև Հունաստանի Գերագույն դատարանում Վկաներին առնչվող գործով 1988-ին կայացված բացասական վճիռը հայտարարելուց հետո, գանգատ ներկայացվեց Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողով։ 1990-ի դեկտեմբերի 7-ին հանձնաժողովի 16 անդամներին՝ Եվրոպայի գրեթե բոլոր մասերից եկած իրավաբաններին, ներկայացվեց փաստաթղթերի մի հավաքածու, որում ներկայացված էին տեղեկություններ Հունաստանում տեղի ունեցած 2000 ձերբակալությունների և հարյուրավոր դատական գործերի մասին։ Այդ գործերը առնչվում էին Եհովայի վկաներին, որոնք դատապարտվել էին Աստվածաշնչի մասին խոսելու համար։ (1938-ից մինչև 1992-ը Հունաստանում գրանցվել է այդպիսի ձերբակալությունների 19147 դեպք։) Հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն որոշեցին, որ այդ գործը պետք է քննվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Որոշ դեպքերում մարդու իրավունքների խախտման նման քողազերծումը ինչ-որ չափով թեթևացում է բերել։ Սակայն անկախ այն բանից, թե ինչ քայլեր կձեռնարկեն դատավորները կամ կառավարիչները՝ Եհովայի վկաները շարունակում են հնազանդվել Աստծուն՝ որպես իրենց գերագույն Ղեկավարի։
Պետական գրանցում
Ակնհայտ է, որ ճշմարիտ երկրպագություն մատուցելու համար կարիք չկա թույլտվություն ստանալ որևիցե մարդուց կամ պետական իշխանությունից։ Դրա իրավունքը տալիս է Եհովա Աստված։ Սակայն շատ երկրներում օրենքով պաշտպանվելու համար նպատակահարմար է, որ Եհովայի վկաները պետականորեն գրանցվեն որպես կրոնական կազմակերպություն։ Իրավաբանական միավորումներ հիմնելու շնորհիվ ավելի հեշտ է լինում ձեռք բերել տարածք մասնաճյուղի համար և մեծ քանակության աստվածաշնչյան գրականություն տպագրել։ Ինչպես հնում Պողոս առաքյալը Փիլիպպեում «բարի լուրը օրինականապես հաստատելու» ջանքեր գործադրեց, այնպես էլ այսօր Եհովայի վկաները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ նույն նպատակով (Փիլիպ. 1։7)։
Երբեմն դա շատ դժվար է եղել։ Օրինակ՝ Ավստրիայում, որտեղ Վատիկանի և պետության միջև կնքված համաձայնագրի շնորհիվ կաթոլիկ եկեղեցին ֆինանսական աջակցություն է ստանում կառավարությունից, սկզբնական շրջանում պետական պաշտոնյաները հրաժարվում էին պետականորեն գրանցել Եհովայի վկաներին։ Այդ պաշտոնյաներն ասում էին. «Ձեր նպատակը կրոնական կազմակերպություն հիմնելն է, սակայն Ավստրիայի օրենքով չի թույլատրվում այդպիսի կազմակերպություն հիմնել»։ Բայց 1930-ին Վկաներին հաջողվեց պետականորեն գրանցել մի միավորում՝ Աստվածաշնչեր և աստվածաշնչյան գրականություն տարածելու համար։
Եհովայի վկաները Իսպանիայում սկսել են իրենց գործունեությունը դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Սակայն սկսած 15-րդ դարից՝ ինկվիզիցիայի ժամանակաշրջանի առաջին տարիներից՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին և Իսպանիայի իշխանությունը, բացառությամբ մի քանի դեպքերի, գործել են ձեռք ձեռքի։ Հետագայում քաղաքական և կրոնական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները հնարավորություն տվեցին, որ մարդիկ կարողանան այլ կրոն դավանել, սակայն արգելված էր հանրորեն խոսել իրենց հավատի մասին։ Չնայած այդ իրավիճակին՝ 1956-ին, ապա նաև 1965-ին Եհովայի վկաները փորձեցին պետական գրանցում ստանալ Իսպանիայում։ Սակայն նկատելի ոչ մի արդյունքի չհասան մինչև 1967 թվականը, երբ իսպանական պառլամենտը ընդունեց Կրոնի ազատության մասին օրենքը։ Վերջապես 1970-ի հուլիսի 10-ին, երբ Իսպանիայում Եհովայի վկաների թիվը արդեն անցնում էր 11000-ից, նրանք պետական գրանցում ստացան։
1948-ին Եհովայի վկաները պետական գրանցում ստանալու դիմում ներկայացրին Դահոմեայի (այժմ՝ Բենին)՝ ֆրանսիական գաղութի կառավարչին։ Սակայն նրանք պետական գրանցում ստացան միայն 1966-ին՝ անկախ հանրապետության ձևավորումից վեց տարի անց։ Բայց 1976-ին այդ գրանցումը անվավեր ճանաչվեց և վերահաստատվեց 1990-ին, երբ փոփոխություններ տեղի ունեցան կրոնական դաշտում, ինչպես նաև փոխվեց պետական պաշտոնյաների վերաբերմունքը կրոնի ազատության հանդեպ։
Թեև Եհովայի վկաները Կանադայում տարիներ շարունակ պետական գրանցում են ունեցել, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը առիթ տվեց հակառակորդներին համոզելու նոր գլխավոր նահանգապետին, որ Վկաների գործունեությունը անօրինական ճանաչի։ Դա տեղի ունեցավ 1940-ի հուլիսի 4-ին։ Երկու տարի անց, երբ Վկաներին հնարավորություն տրվեց դիմում ներկայացնելու Համայնքների պալատի հատուկ կոմիտեին, այդ կոմիտեն առաջարկեց հանել արգելքը Եհովայի վկաների և նրանց իրավաբանական միավորումների վրայից։ Սակայն արդարադատության նախարարը, որը կաթոլիկ էր, ստիպված եղավ լիովին հանել արգելքը միայն այն բանից հետո, երբ Համայնքների պալատում բազմաթիվ երկարատև բանավեճեր տեղի ունեցան, և եղբայրները մեծ ջանքեր գործադրեցին, որ երկու խնդրագրերի համար ստորագրություններ հավաքվեն երկրի ողջ բնակչությունից։
Արևելյան Եվրոպայում Եհովայի վկաները կարողացան պետական գրանցում ստանալ միայն այն բանից հետո, երբ արմատական փոփոխություններ տեղի ունեցան կառավարությունների հայեցակետերի մեջ։ Տասնամյակներ շարունակ կրոնի ազատության համար պայքարելուց հետո միայն Եհովայի վկաները վերջապես պետական գրանցում ստացան Լեհաստանում և Հունգարիայում (1989), Ռումինիայում և Արևելյան Գերմանիայում (նախքան այն կմիավորվեր Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հետ) (1990), Բուլղարիայում և Խորհրդային Միությունում (1991), ինչպես նաև Ալբանիայում (1992)։
Եհովայի վկաները ձգտում են պահել երկրի օրենքները։ Նրանք Աստվածաշնչի հիման վրա խրախուսում են հարգել պետական պաշտոնյաներին։ Բայց երբ երկրի օրենքները հակասում են Աստծու հստակ պատվերներին, նրանք ասում են. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործ. 5։29)։
Երբ վախի պատճառով մարդիկ մոռանում են հիմնարար ազատությունները
Միացյալ Նահանգներում Եհովայի վկաները ծառայության հետ կապված մի նոր խնդրի առաջ կանգնեցին, քանի որ ինֆլյացիայի պատճառով շատ ամուսիններ և կանայք ստիպված էին աշխատել, նաև այն պատճառով, որ մեծ տարածում էր գտել թմրամոլությունը։ Շատ վայրերում ցերեկային ժամերին գրեթե ոչ ոք տանը չէր լինում, և կողոպուտը սովորական բան էր դարձել։ Մարդիկ վախով էին լցված։ 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին ընդունվեցին մի շարք նոր որոշումներ, որոնք պահանջում էին արտոնագիր ունենալ նվիրաբերություններ հավաքելու և նման այլ գործունեություն իրականացնելու համար։ Դրա նպատակը համայնքներում անծանոթ մարդկանց մասին տեղեկություն ունենալն էր։ Որոշ քաղաքներում Եհովայի վկաներին սպառնում էին ձերբակալել, եթե նրանք թույլտվություն ձեռք չբերեցին։ Սակայն արդեն ամուր իրավաբանական հիմք էր դրվել, այնպես որ հնարավոր էր այդ խնդիրները լուծել առանց դատարանի։
Այն վայրերում, որտեղ դժվարություններ են ծագում, տեղի երեցները հանդիպում են իշխանությունների հետ, որպեսզի լուծեն խնդիրը։ Եհովայի վկաները հաստատակամորեն հրաժարվում են թույլտվություն խնդրել կատարելու համար այն գործը, որ Աստված է պատվիրել, և ԱՄՆ-ի սահմանադրությունը, ինչպես նաև Գերագույն դատարանի կողմից կայացված վճիռները երաշխավորում են կրոնի ազատություն և մամուլի ազատություն, որոնց իրականացման համար ոչ ոք իրավունք չունի որևիցե վճար պահանջելու։ Հասկանալով, որ մարդիկ վախով են լցված՝ անհրաժեշտության դեպքում Եհովայի վկաները թերևս համաձայնվեն նախքան որևէ տարածքում քարոզելը այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը։ Սակայն եթե չի հաջողվում փոխհամաձայնության գալ, այդ դեպքում Ընկերության գլխավոր վարչությունից մի փաստաբան նամակ է գրում այդ տեղական իշխանություններին։ Նամակում նա բացատրում է, թե ինչ գործունեություն են ծավալում Եհովայի վկաները, նաև նշում է սահմանադրության այն օրենքը, որով պաշտպանվում է իրենց քարոզելու իրավունքը։ Բացի այդ, տեղեկացնում է, որ Վկաները կարող են պաշտպանել այդ իրավունքը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնյաների դեմ ներկայացնելով վնասի փոխհատուցման հայտ քաղաքացիական իրավունքների խախտման համարf։
Որոշ երկրներում նույնիսկ անհրաժեշտություն է առաջանում դատարան դիմել պաշտպանելու համար այն հիմնարար ազատությունները, որոնք արդեն վաղուց երաշխավորված են օրենքով։ Այդպիսի քայլի դիմելու անհրաժեշտություն առաջացավ Ֆինլանդիայում 1976-ին, իսկ հետո նաև 1983-ին։ Բնակչության անդորրը պահպանելու պատրվակով տեղական պաշտոնյաները մի շարք որոշումներ ընդունեցին, որոնցով արգելվում էր կրոնական գործունեություն իրականացնել՝ գնալով տնետուն։ Սակայն Լովիսա և Ռաումա քաղաքների դատարաններում ուշադրություն հրավիրվեց այն փաստի վրա, որ տնետուն քարոզչությունը Եհովայի վկաների կրոնական գործունեության մասն է կազմում, և որ կառավարությունը հավանություն է տվել ավետարանելու այդ մեթոդին՝ հաստատելով Եհովայի վկաների կազմակերպության կանոնադրությունը։ Բացի այդ, ցույց տրվեց, որ շատ մարդիկ սիրով ընդունում էին Եհովայի վկաներին, և որ իրականում ազատության սահմանափակում է այդպիսի գործունեությունը արգելելը լոկ այն պատճառով, որ ոչ բոլորին է դա դուր գալիս։ Երբ այդ դատական գործերով դրական վճիռներ կայացվեցին, շատ մեծ ու փոքր քաղաքներ չեղյալ համարեցին արգելքի վերաբերյալ իրենց որոշումները։
Նպաստում են սահմանադրական օրենքի մշակմանը
Շատ երկրներում Եհովայի վկաների գործունեությունը մեծապես նպաստել է օրենքների մշակմանը։ Ամերիկայում իրավաբանություն ուսումնասիրող յուրաքանչյուր ուսանող քաջ տեղյակ է, թե ինչ մեծ ներդրում են ունեցել Եհովայի վկաները Միացյալ Նահանգներում քաղաքացիական իրավունքները պաշտպանելու հարցում։ Այդ մեծ ներդրման մասին են վկայում հետևյալ հոդվածները՝ «Սահմանադրական օրենքը պարտական է Եհովայի վկաներին» (տպագրվել է «Minnesota Law Review»-ի 1944-ի մարտի համարում), և «Սահմանադրական օրենքի զարգացման խթան. Եհովայի վկաները Գերագույն դատարանում» (տպագրվել է «University of Cincinnati Law Review»-ում 1987-ին)։
Եհովայի վկաներին առնչվող դատական գործերը մեծ դեր են ունեցել Ամերիկայում կրոնի, խոսքի և մամուլի ազատության մասին օրենքների մշակման հարցում։ Դրանք մեծապես նպաստել են ոչ միայն Եհովայի վկաների, այլև ողջ բնակչության ազատությունների պաշտպանությանը։ Հայտնի գրող և խմբագիր Իրվինգ Դիլյարդը Դրեյկի անվան համալսարանում ելույթ ունենալիս ասաց. «Ձեզ դուր գա, թե ոչ, պետք է ընդունել, որ մեր ազատությունները պաշտպանելու հարցում Եհովայի վկաները ավելի մեծ գործ են արել, քան ցանկացած այլ կրոնական խումբ»։
Կանադայում ստեղծված իրավիճակի մասին «Պետություն և փրկություն. Եհովայի վկաները և քաղաքացիական իրավունքների համար նրանց պայքարը» գրքում հետյալն էր ասվում. «Եհովայի վկաները սովորեցրել են պետությանը և Կանադայի ժողովրդին, թե գործնականում ինչպես պետք է իրականացվի այլախոհ խմբերի իրավական պաշտպանությունը։ Դեռ ավելին, [Քվեբեկ նահանգում Եհովայի վկաների կրած] հալածանքը պատճառ եղավ, որ հարուցվեն մի շարք դատական գործեր, որոնք 1940-ականներին և 1950-ականներին հասան մինչև Կանադայի Գերագույն դատարան։ Այդ դատական գործերը նույնպես մեծ ազդեցություն ունեցան քաղաքացիական իրավունքների հանդեպ կանադացիների ունեցած վերաբերմունքի վրա, և Կանադայում դրանք մինչև օրս հիմնաքար են հանդիսանում քաղաքացիական ազատությունների վերաբերյալ օրենքների համար»։ Կրոնի ազատության համար Վկաների մղած իրավաբանական պայքարի «արդյունքներից մեկը», ինչպես նշվում էր գրքում, «եղել է քննարկումների և բանավեճերի երկար պրոցեսը, որի արդյունքում ստեղծվել է Իրավունքների խարտիան», որն այժմ Կանադայի հիմնական օրենքի մի մասն է (State and Salvation—The Jehovah’s Witnesses and Their Fight for Civil Rights)։
Աստծու օրենքի գերակայությունը
Եհովայի վկաների իրավաբանական պայքարը նախևառաջ փաստում է, որ նրանք համոզված են, որ Աստծու օրենքը գերակա է մյուս բոլոր օրենքներից։ Եվ նրանց դիրքորոշման համար հիմք է հանդիսանում գերիշխանության հարցի վերաբերյալ նրանց ունեցած հասկացողությունը։ Նրանք համարում են, որ Եհովան միակ ճշմարիտ Աստվածն է և տիեզերքի Գերիշխանը։ Հետևաբար նրանք հաստատապես համոզված են, որ ցանկացած օրենք կամ դատարանի վճիռ, որը արգելում է անել այն, ինչ Եհովան է պատվիրում, անվավեր է, և համարում են, որ այն հաստատությունները, որոնք այդպիսի սահմանափակումներ են դնում, իրականում չարաշահում են իրենց իշխանությունը։ Նրանց դիրքորոշումը նման է Հիսուս Քրիստոսի առաքյալների դիրքորոշմանը, որոնք ասացին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործ. 5։29)։
Եհովայի վկաները վճռել են, ապավինելով Աստծուն, Թագավորության մասին բարի լուրը քարոզել ամբողջ երկրով մեկ բոլոր ազգերին վկայություն տալու համար նախքան վերջը (Մատթ. 24։14)։
[ծանոթագրություններ]
a Պարբերագրի առաջին համարը թվագրված է եղել 1919-ի հոկտեմբերի 1-ով։ Այս պարբերագիրը, որը հետագայում կոչվեց «Մխիթարություն», ապա «Արթնացե՛ք», տարածվել է շատ մեծ քանակությամբ։ 1992-ին «Արթնացե՛ք»-ը լույս էր տեսնում 13110000 տպաքանակով 67 լեզուներով։
b Երբ Եհովայի վկաների դեմ դատական գործ էր հարուցվում քարոզելու համար, նրանք որպես կանոն, տուգանք վճարելու փոխարեն, բողոքարկում էին կայացված վճիռը։ Եթե վճիռը բողոքարկելուց հետո, նրանք չէին շահում դատը, ապա տուգանքը վճարելու փոխարեն՝ բանտ էին նստում, եթե օրենքով դա հնարավոր էր։ Շնորհիվ այն բանի, որ Վկաները շարունակաբար հրաժարվում էին տուգանք վճարելուց, որոշ պաշտոնյաներ այլևս խոչընդոտներ չէին ստեղծում նրանց քարոզչական գործի համար։ Թեև որոշ հանգամանքներում Վկաները շարունակում էին նման դիրքորոշում պահել, սակայն «Դիտարանի» 1975-ի ապրիլի 1-ի համարում գրվեց, որ շատ դեպքերում տուգանքը կարելի է դիտել որպես դատավորի կողմից սահմանված տույժ, ուստի այն վճարելը չի նշանակում, որ անհատը ընդունում է, թե մեղավոր է, ինչպես որ բանտ նստելը չի կարող դիտվել որպես մեղավորության ապացույց։
c «Լովելն ընդդեմ Գրիֆին քաղաքի», 303 U.S. 444 (1938)։
d «Շնայդերն ընդդեմ Նյու Ջերսի նահանգի (Էրվինգթոն քաղաք)», 308 U.S. 147 (1939)։
e 310 U.S. 296 (1940)։
f 297 Mass. 65 (1935)։ Այս գործը վերաբերում էր ութամյա մի տղայի, որի անվան ճիշտ գրելաձևն է՝ Կարլետոն Նիկոլս։
g 302 U.S. 656 (1937), (Ջորջիայից)։
h 303 U.S. 624 (1938), (Նյու Ջերսիից)։
i 306 U.S. 621 (1939), (Կալիֆորնիայից)։
j 306 U.S. 621 (1939), (Մասաչուսեթսից)։
k 310 U.S. 586 (1940)։ Հայրը՝ Ուոլտեր Գոբայտասը (ճիշտ գրելաձևն է) իր երեխաների՝ Ուիլյամի և Լիլիանի հետ դատարան էր դիմել, քանի որ դպրոցի տնօրինությունը թույլ չէր տալիս այդ երկու երեխաներին հաճախել Մայներսվիլի հանրակրթական դպրոց այն պատճառով, որ նրանք հրաժարվում էին պետական դրոշին պատիվ տալուց։ Դաշնային շրջանի դատարանը և շրջանի վերաքննիչ դատարանը վճիռ կայացրին հօգուտ Եհովայի վկաների։ Այդ ժամանակ դպրոցի տնօրինությունը բողոքարկեց Գերագույն դատարան։
l 316 U.S. 584 (1942)։
a 319 U.S. 105 (1943)։
b 1943-ի ընթացքում Եհովայի վկաներին առնչվող 24 դատական գործերի վերաբերյալ միջնորդություններ և բողոքներ են ներկայացվել Միացյալ Նահանգների Գերագույն դատարան։
c 319 U.S. 624 (1943)։
d 319 U.S. 583 (1943)։
e 1919–1988թթ.-ին Եհովայի վկաներին առնչվող ընդհանուր հաշվով 138 գործերի վերաբերյալ միջնորդություններ և բողոքներ են ներկայացվել ԱՄՆ-ի Գերագույն դատարան։ Այդ գործերից 130-ի վերաբերյալ հայցեր են ներկայացրել Եհովայի վկաները, իսկ 8-ի վերաբերյալ՝ հակառակ կողմը։ Այդ գործերից 67-ը Գերագույն դատարանը հրաժարվեց քննել, քանի որ այդ ժամանակ համարում էր, որ դրանցում քննվող հարցերը պետական սահմանադրությանը կամ օրենքին առնչվող կարևոր հարցեր չէին։ Իսկ քննված գործերից 47-ի համար դատարանը վճիռ կայացրեց Եհովայի վկաների օգտին։
f «Ջեյն Մոլելն ընդդեմ Նյու Յորք քաղաքի սոցիալական ծառայությունների բաժնի», 436 U.S. 658 (1978)։
[մեջբերում 680-րդ էջի վրա]
Տարբեր երկրների կառավարությունները մեկը մյուսի հետևից արգելքներ էին դնում Վկաների գործունեության վրա
[մեջբերում 682-րդ էջի վրա]
Գործը կարճվեց, և քահանան կատաղած դուրս եկավ դատարանի շենքից
[մեջբերում 693-րդ էջի վրա]
Պաշտոնյաներից ոմանք սկսեցին ավելի զգույշ վարվել Վկաներին առնչվող դատավարությունների ժամանակ
[շրջանակ 684-րդ էջի վրա]
Վկայություն ԱՄՆ-ի Գերագույն դատարանին
Նյու Յորքի իրավաբանների ընկերակցության անդամ և «Դիտարան ընկերության» նախագահ Ջոզեֆ Ջ. Ռադերֆորդը Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի առաջ «Գոբայտիսի» գործով որպես իրավախորհրդատու ելույթ ունենալիս հստակորեն ընդգծեց Եհովա Աստծու գերիշխանությանը հնազանդվելու կարևորությունը։ Նա ասաց.
«Եհովայի վկաները վկայում են Ամենակարող Աստծու անվան մասին. միայն նա է կրում ԵՀՈՎԱ անունը....
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Եհովա Աստված ավելի քան վեց հազար տարի առաջ խոստացավ Մեսիայի միջոցով հաստատել մի արդար կառավարություն։ Նա կիրագործի այդ խոստումը ճիշտ ժամանակին։ Ներկայիս դեպքերը մարգարեությունների լույսի ներքո քննելով՝ տեսնում ենք, որ այդ ժամանակը մոտ է....
Եհովա Աստված կյանքի միակ աղբյուրն է։ Նրանից բացի, ուրիշ ոչ ոք չի կարող կյանք պարգևել։ Փենսիլվանիա նահանգի իշխանությունը չի կարող մեզ կյանք տալ։ Դա չի կարող անել նաև Ամերիկայի կառավարությունը։ Աստված տվել է այս օրենքը (որն արգելում է պատկերներին երկրպագելը), որպեսզի, ինչպես Պողոսն էր ասում, պաշտպանի իր ժողովրդին կռապաշտությունից։ Դուք ասում եք, որ դա չնչին բան է։ Այն, որ Ադամը կերավ արգելված պտուղը, նույնպես փոքր բան էր։ Բայց հարցը ոչ թե խնձորը ուտելն էր, այլ այն, որ նա չհնազանդվեց Աստծուն։ Հիմա էլ հարցն այն է, թե մարդը ում կհնազանդվի՝ Աստծո՞ւն, թե՞ ինչ-որ մարդկային հաստատության....
Ուզում եմ հիշեցնել դատարանին (թեև դրա անհրաժեշտությունը գուցե չկա), որ «Եկեղեցին ընդդեմ Միացյալ Նահանգների» գործը քննելիս այս դատարանը Ամերիկան անվանեց քրիստոնեական երկիր, իսկ դա նշանակում է, որ Ամերիկան պետք է հնազանդվի Աստծու օրենքներին։ Դա նաև ցույց է տալիս, որ դատարանը պաշտոնապես ընդունում է, որ Աստծու օրենքն ամենաբարձրն է։ Եվ եթե մարդն իր խղճի թելադրանքով ընդունում է, որ Աստծու օրենքները ամենաբարձրն են, և վարվում է դրանց համապատասխան, ոչ մի մարդկային իշխանություն չի կարող ղեկավարել նրա խիղճը կամ խանգարել նրան վարվելու իր խղճի համաձայն....
Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել նաև այն խոսքերի վրա, որ հայտարարում է դատարանի պաշտոնյան նախքան դատական նիստը սկսվելը. «Թող Աստված պահպանի Միացյալ Նահանգները և հարգելի դատարանը»։ Եվ ես այժմ ասում եմ. թող Աստված հետ պահի այս հարգելի դատարանին այնպիսի սխալներից, որոնց պատճառով Միացյալ Նահանգները կդառնա ամբողջատիրական պետություն, և կվերանան այն բոլոր ազատությունները, որոնք երաշխավորված են սահմանադրությամբ։ Այդ ազատությունները սուրբ են յուրաքանչյուր ամերիկացու համար, որը սիրում է Աստծուն և նրա Խոսքը»։
[շրջանակ 687-րդ էջի վրա]
Վճիռների բեկանմանը նախորդող քայլերը
1940թ.-ին, երբ Ամերիկայի Գերագույն դատարանը «Մայներսվիլ շրջանի դպրոցն ընդդեմ Գոբայտիսի» գործով վճռեց, որ դպրոցներում դրոշին պատիվ տալը պարտադիր է, ինը դատավորներից ութը կողմ քվեարկեցին։ Դեմ էր քվեարկել միայն դատավոր Սթոունը։ Երկու տարի անց երեք դատավորներ ևս (Բլեք, Դուգլաս, Մերֆի) «Ջոնսն ընդդեմ Օպելայկա քաղաքի» գործի առնչությամբ իրենց անհամաձայնության վերաբերյալ արձանագրություն կազմելիս միևնույն ժամանակ նշեցին, որ իրենց կարծիքով՝ «Գոբայտիսի» գործով սխալ վճիռ է կայացվել, քանի որ անտեսվել է կրոնի ազատությունը։ Դա նշանակում է, որ ինը դատավորներից չորսը կողմ էին, որ «Գոբայտիսի» գործով կայացված վճիռը բեկանվի։ Իսկ կրոնի ազատությունը անտեսած հինգ դատավորներից երկուսը պաշտոնաթող եղան։ Երբ Գերագույն դատարան ներկայացվեց դրոշին պատիվ տալու վերաբերյալ մեկ ուրիշ գործ, դատաքննությանը մասնակցում էին երկու նոր դատավորներ (Ռատլեջ և Ջեքսոն)։ 1943-ին «Արևմտյան Վիրջինիա նահանգի ժողովրդական կրթության բաժինն ընդդեմ Բարնետի» գործը քննելիս այդ երկու դատավորներն էլ քվեարկեցին պարտադիր կերպով դրոշին պատիվ տալու դեմ՝ ի պաշտպանություն կրոնի ազատության։ Այսպիսով՝ 6 կողմ և 3 դեմ ձայներով դատարանը փոխեց իր դիրքորոշումը նախկինում բողոքարկված հինգ գործերի («Գոբիտիս», «Լեոլես», «Հերինգ», «Գաբրիել» և «Ջոնսոն») առնչությամբ։
Հետաքրքիր է, որ դատավոր Ֆրանկֆուրտերը, արտահայտելով իր անհամաձայնությունը «Բարնետի» գործով կայացված վճռի առնչությամբ, ասաց. «Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա դատարանը ժամանակ առ ժամանակ կփոխի իր դիրքորոշումը։ Բայց որքանով ինձ հայտնի է, Եհովայի վկաներին առնչվող այս գործերից առաջ (բացառությամբ մի քանի փոքր շեղումների, որ բերված են ստորև) նախկինում դատարանը երբեք չի փոխել իր վճիռներն այնպես, որ այդ որոշումներով սահմանափակվեն ժողովրդավարական պետության լիազորությունները»։
[շրջանակ 688-րդ էջի վրա]
«Միսիոներական քարոզչության դարավոր մեթոդ»
1943թ.-ին «Մարդոկն ընդդեմ Փենսիլվանիայի» գործի քննության ժամանակ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հայտարարեց.
«Կրոնական գրականություն տարածելը միսիոներական քարոզչության դարավոր մեթոդ է։ Այն այնքան հին է, որքան տպագրության պատմությունը։ Տարիներ շարունակ այս մեթոդը արդյունավետ միջոց է եղել շատ կրոնական ուղղությունների համար։ Ավետարանելու այս մեթոդը այսօր լայնորեն օգտագործում են կրոնական բազմաթիվ ուղղություններ, որոնց ներկայացուցիչները հազարավոր տներ են այցելում ու քարոզում ավետարանը և անհատական այցելությունների միջոցով փորձում են իրենց հավատն ընդունող նոր անհատներ գտնել։ Այն ավելին է, քան քարոզչությունը կամ կրոնական գրականություն տարածելը։ Այն այդ երկուսի համակցությունն է։ Այս մեթոդի, ինչպես և կրոնական հավաքույթների նպատակը ավետարանը քարոզելն է։ Ըստ Սահմանադրության առաջին փոփոխության՝ կրոնական գործունեության այս մեթոդը նույնքան բարձր է դասվում, որքան եկեղեցական արարողությունները և ամբիոններից քարոզելը։ Այդ մեթոդը ունի պաշտպանության նույն իրավունքը, որ ունեն ավանդական և ընդունված կրոնական գործողությունները։ Այս մեթոդի վրա նույնպես տարածվում են խոսքի և մամուլի ազատության երաշխիքները»։
[շրջանակ 690-րդ էջի վրա]
«Հավասար իրավունքներ բոլորի համար»
1953թ.-ին կանադացի մի հայտնի հոդվածագիր «Հավասար իրավունքներ բոլորի համար» վերնագրով հոդվածում գրեց. ««Սոմյուրի» գործով [գործը հարուցվել էր Եհովայի վկաների հայցով] Կանադայի Գերագույն դատարանի վճիռը նշելու համար Պառլամենտական բլուրում պետք է մի մեծ խարույկ վառել, այնպիսի խարույկ, ինչպիսին կվառեին մի մեծ տոնի առթիվ։ Կանադայի արդարադատության պատմության մեջ քիչ են եղել այն դեպքերը, երբ դատարանը այսպիսի կարևոր որոշումներ է կայացրել։ Քիչ դատարաններ են այսպիսի մեծ ծառայություն մատուցել Կանադայի ժողովրդին, որքան այս դատարանը։ Եվ կանադացիները, որոնք բարձր են գնահատում իրենց ազատության ժառանգությունը, միշտ պարտական կլինեն այս դատարանին։ Այս որոշումը ըստ արժանվույն նշելու համար խարույկն էլ բավական չի լինի»։
[շրջանակ 694-րդ էջի վրա]
Վճռական հայտարարություն՝ ուղղված նացիստական կառավարությանը
1934թ. հոկտեմբերի 7-ին Գերմանիայում Եհովայի վկաների յուրաքանչյուր ժողով հետևյալ նամակը ուղարկեց Գերմանիայի կառավարությանը։
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ.
Եհովա Աստծու Խոսքը, որն արձանագրված է Աստվածաշնչում, գերագույն օրենքն է։ Մենք առաջնորդվում ենք միայն դրանով, քանի որ նվիրվել ենք Աստծուն և Քրիստոս Հիսուսի ճշմարիտ, անկեղծ հետևորդներն ենք։
Անցած տարի դուք, խախտելով Աստծու օրենքը և ոտնահարելով մեր իրավունքները, արգելեցիք մեզ՝ Եհովայի վկաներիս, հավաքվել Աստծու Խոսքն ուսումնասիրելու, ինչպես նաև Աստծուն երկրպագելու ու ծառայելու համար։ Իր Խոսքում նա պատվիրում է մեզ բաց չթողնել մեր հավաքույթները (Եբրայեցիներ 10։25)։ Եհովան մեզ այսպիսի պատվեր է տալիս. «Դուք իմ վկաներն եք, իսկ ես Աստված եմ։ Գնացեք ու հայտնեք մարդկանց իմ խոսքը» (Եսայիա 43։10, 12; 6։9; Մատթեոս 24։14)։ Ձեր օրենքը ուղղակիորեն հակասում է Աստծու օրենքին, և մենք, հետևելով հավատարիմ առաքյալների օրինակին, «պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» ու վճռել ենք հենց այդպես էլ վարվել (Գործեր 5։29)։ Ուստի մենք հայտնում ենք ձեզ, որ ինչ գնով էլ լինի, հնազանդվելու ենք Աստծու պատվիրաններին, հավաքվելու ենք նրա Խոսքը ուսումնասիրելու համար, երկրպագելու ենք ու ծառայելու ենք նրան, ինչպես որ նա է պատվիրել։ Եթե ձեր կառավարությունը կամ պաշտոնյաները բռնություն գործադրեն մեր նկատմամբ այն բանի համար, որ մենք հնազանդվում ենք Աստծուն, ապա մեր արյունը ձեզ վրա կլինի, և դուք պատասխան կտաք Ամենակարող Աստծուն։
Մենք չենք միջամտում քաղաքական գործերին, այլ լիովին նվիրված ենք Աստծու թագավորությանը, որի թագավորը Քրիստոսն է։ Մենք որևէ մեկին վնաս կամ չարիք չենք պատճառի։ Մենք ուզում ենք խաղաղություն ունենալ բոլոր մարդկանց հետ և հնարավորության սահմաններում բարիք անել բոլորին։ Բայց քանի որ ձեր կառավարությունը և պաշտոնյաները շարունակ փորձում են ստիպել մեզ չհնազանդվելու տիեզերքի բարձրագույն օրենքին, ուստի տեղեկացնում ենք ձեզ, որ մենք Եհովա Աստծու ողորմությամբ հնազանդվելու ենք նրան և ոչ մի կասկած չունենք, որ նա կազատի մեզ բոլոր նեղություններից ու բոլոր կեղեքիչներից»։
[շրջանակ 697-րդ էջի վրա]
Վկաները արգելքի տակ հստակորեն ցույց են տալիս իրենց դիրքորոշումը
Կանադայում Եհովայի վկաների կազմակերպության վրա արգելք դրվեց 1940թ.-ին։ Դրանից հետո նրանց դեմ ավելի քան 500 դատական գործ հարուցվեց։ Ի՞նչ կարող էին ասել Վկաները՝ ի պաշտպանություն իրենց։ Հարգանքով, բայց հաստատակամորեն նրանք մոտավորապես հետևյալն էին ասում դատարանում.
«Ես ներողություն չեմ խնդրում այս գրքերի բովանդակության համար։ Դրանք ցույց են տալիս հավիտենական կյանքի առաջնորդող ճանապարհը։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ դրանք բացատրում են, որ Ամենակարող Աստծու նպատակն է երկրի վրա արդար Թագավորություն հաստատել։ Իմ կյանքում դրանք ամենամեծ օրհնությունն են եղել։ Իմ կարծիքով՝ այդ գրքերը և դրանցում գրված Աստծու խոսքերը ոչնչացնելը մեղք է Ամենակարողի դեմ, այնպիսի մեղք, ինչպիսին որ Աստվածաշունչն այրելն է։ Յուրաքանչյուր մարդ պետք է ընտրություն կատարի՝ կորցնել մարդկանց հավանությունը, թե Ամենակարող Աստծու։ Ինչ վերաբերում է ինձ, ես Տիրոջ ու նրա Թագավորության կողմն եմ դիրք բռնել և ձգտում եմ պատվել Բարձրյալի Եհովա անունը։ Իսկ եթե ինձ պատժեն դրա համար, ապա ինձ պատժողները Աստծուն պատասխան կտան»։
[շրջանակ 698-րդ էջի վրա]
Ի՞նչ կարծիք ունեին Կանադայի կառավարության անդամները
Ստորև բերվում են Կանադայի Համայնքների պալատի որոշ անդամների խոսքերը, որ նրանք ասել են 1943-ին, երբ արդարադատության նախարարին հորդորում էին Եհովայի վկաների ու նրանց իրավաբանական միավորումների վրա դրված արգելքը հանել։
«Արդարադատության նախարարությունը հանձնաժողովին չի ներկայացրել որևէ փաստ, որը ցույց կտար, որ կարելի է Եհովայի վկաներին անօրինական կազմակերպություն համարել.... Կրոնական համոզմունքների համար հալածանքը, ինչպիսին որ կրում են այս խեղճ մարդիկ, խայտառակություն է Կանադայի դոմինիոնի համար»։ «Իմ կարծիքով՝ արգելքը չի հանվում զուտ կրոնական նախապաշարման պատճառով» (Անգես Մակ-Իննիս)։
«Ինչպես մեզնից շատերը անձամբ համոզվել են, այս մարդիկ վտանգավոր չեն և պետությանը վնասելու որևէ միտում չունեն.... Ինչո՞ւ մինչև հիմա արգելքը չի հանվել։ Դրա պատճառը չի կարող լինել այն մտավախությունը, թե տվյալ կազմակերպությունը վտանգավոր է պետության համար, կամ որ նրա գործունեությունը խանգարում է պատերազմական գործերին։ Այդպես մտածելու համար որևէ հիմք չկա» (Ջոն Ջ. Դիֆենբեյքեր)։
«Միակ եզրահանգումն այն է, որ Եհովայի վկաների դեմ հակառակության պատճառը հիմնականում նրանց վերաբերմունքն է կաթոլիկների հանդեպ և ոչ թե այն, որ նրանք պետության համար ինչ-որ վտանգավոր հայացքներ ունեն» (Վիկտոր Քուելչ)։
[շրջանակ 699-րդ էջի վրա]
«Նպաստում են կրոնի ազատությանը»
«Արդարացի չէր լինի պարզապես հակիրճ հիշատակել այն դժվարությունների մասին, որ Եհովայի վկաները կրել են պետության հետ առնչվելիս, և չնշել այն, որ նրանց հաստատակամությունը նպաստել է մեր սահմանադրությամբ երաշխավորված կրոնի ազատությանը։ Վերջին տարիներին նրանք ավելի շատ են եղել դատարաններում, քան մյուս կրոնական կազմակերպությունները, ու թեև հասարակությունը նրանց համարում էր սահմանափակ մտածելակերպ ունեցող մարդիկ, սակայն նրանք հավատարիմ են մնացել իրենց համոզմունքներին։ Արդյունքում դաշնային դատարանները մի շարք որոշումներ են կայացրել, որոնցով ապահովվել և ընդլայնվել են Ամերիկայի քաղաքացիների կրոնի ազատության երաշխիքները, ինչպես նաև պաշտպանվել և ընդլայնվել են նրանց քաղաքացիական ազատությունները։ Հինգ տարիների ընթացքում՝ 1938-ից մինչև 1943-ը, Գերագույն դատարանը քննել է առնվազն երեսունմեկ գործ։ Որոշումները, որոնք կայացվել էին այս և հետագայում հարուցված գործերով, մեծապես նպաստել են առհասարակ իրավունքների օրինագծով երաշխավորված ազատությունների ամրապնդմանը և մասնավորապես կրոնի ազատության իրավունքի պաշտպանությանը (Church and State in the United States, հատոր 3, Էնսոն Ֆելփս Ստոկս, 1950, էջ 546)։
[շրջանակ/նկարներ 700-րդ, 701-րդ էջերի վրա]
Ուրախ են, որ ազատորեն երկրպագում են Աստծուն
Շատ երկրներում, որտեղ նախկինում Վկաները ազատորեն չէին կարողանում երկրպագություն մատուցել, այժմ առանց խոչընդոտների անցկացնում են իրենց հանդիպումները և հռչակում են Թագավորության բարի լուրը։
Քվեբեկ, Կանադա
1940-ականներին Շաթոգե քաղաքի փոքրաթիվ Վկաները ենթարկվեցին ամբոխի հարձակմանը։ 1992-ին ավելի քան 21000 Վկաներ Քվեբեկ նահանգում առանց խոչընդոտների հավաքվում էին իրենց Թագավորության սրահներում
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
1992-ին Ռուսաստանում առաջին միջազգային համաժողովի ժամանակ ընդհանուր հաշվով 3256 մարդ մկրտվեց
Պալմա, Իսպանիա
1970-ին պետական գրանցում ստանալուց հետո հանդիպումների համար օգտագործվող շինությունների վրա ամրացված մեծ ցուցանակները արտահայտում էին Վկաների ուրախությունը ազատորեն հանդիպումներ անցկացնելու համար
Տարտու, Էստոնիա
Էստոնիայի Վկաները երախտապարտ են, որ 1990-ից ի վեր առանց որևէ արգելքի աստվածաշնչյան գրականություն են ստանում
Կոտոնու, Բենին
Շատերը, որ 1990-ին եկան մի հանդիպման, զարմացան տեսնելով մի ցուցապաստառ, որի վրա ողջույնի խոսքեր էին գրված՝ ուղղված Եհովայի վկաներին։ Այդպիսով նրանք իմացան, որ արգելքը հանված է
Մապուտու, Մոզամբիկ
Պետական գրանցում ստանալուց (1991) մեկ տարի էլ չէր անցել, ինչ Եհովայի վկաների ավելի քան 50 ակտիվ ժողովներ քարոզում էին մայրաքաղաքում և դրա շրջակայքում
Լուանդա, Անգոլա
1992-ին արգելքը հանվելուց հետո ավելի քան 50000 հոգի ցանկություն հայտնեց Վկաների օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը
Կիև, Ուկրաինա
Այստեղ ժողովի հանդիպումներին (հաճախ անցկացվում են վարձված շինություններում) շատ մարդիկ են ներկա լինում, հատկապես 1991-ից հետո, երբ Վկաները պետական գրանցում ստացան
Պրահա, Չեխոսլովակիա
Ներքևի լուսանկարում մի քանիսն են այն անհատներից, ովքեր ծառայել են Եհովային 40 տարի տևած արգելքի ժամանակ։ 1991-ին նրանք ուրախ էին միասին ներկա լինելու Պրահայում անցկացվող միջազգային համաժողովին
[նկարներ 679-րդ էջի վրա]
Ընդհանուր հաշվով՝ 138 գործերով միջնորդություններ և բողոքներ են ներկայացվել ԱՄՆ-ի Գերագույն դատարան։ 111 գործերի քննության ժամանակ 1939–1963-ը Հեյդեն Քովինգտոնը (նկարում) հանդես է եկել որպես փաստաբան
[նկար 681-րդ էջի վրա]
Քվեբեկի վարչապետ Մորիս Դուպլեսին հրապարակորեն ծնկի է գալիս կարդինալ Վիլինյովի առաջ 1930-ականների վերջերին և մատանի է դնում նրա մատին՝ ի նշան եկեղեցու և պետության միջև սերտ կապերի։ Վկաները ուժգին հալածանքի էին ենթարկվում հատկապես Քվեբեկում
[նկար 683-րդ էջի վրա]
Ու. Ք. Ջեքսոնը ծառայում էր գլխավոր վարչության իրավաբանական բաժնում և տասը տարի եղել է Կառավարիչ մարմնի անդամ
[նկար 685-րդ էջի վրա]
Ռոսկո Ջոնսի դեմ հարուցված գործը առնչվում էր քարոզչական ծառայությանը։ Նա երկու անգամ կանգնեց ԱՄՆ-ի գերագույն դատարանի առաջ
[նկարներ 686-րդ էջի վրա]
ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորները, որոնք «Բարնետի» գործի քննության ժամանակ վճիռ կայացրին (6 կողմ և 3 դեմ) պարտադիր կերպով դրոշին պատիվ տալու դեմ՝ ի պաշտպանություն կրոնի ազատության։ Դրանով դատարանը անվավեր ճանաչեց «Գոբայտիսի» գործով իր կայացրած վճիռը
Դատական գործերում ներգրավված երեխաները
Լիլիան և Ուիլյամ Գոբայտասները
Մերի և Գեյթի Բարնետները
[նկար 689-րդ էջի վրա]
Էմե Բուշեն արդարացվեց Կանադայի Գերագույն դատարանի կողմից, որն այդ վճռով չեղյալ համարեց Վկաների դեմ ներկայացված խռովություն հրահրելու մեղադրանքները
[նկարներ 691-րդ էջի վրա]
Այս թերթիկի միջոցով, որը լույս տեսավ երեք լեզվով, ողջ Կանադան իմացավ Քվեբեկում Վկաների հանդեպ դրսևորվող բարբարոսությունների մասին
[նկարներ 692-րդ էջի վրա]
Վկաներին գիտելիքներ տրվեցին դատական ընթացակարգերի մասին, որ նրանք դիմագրավեին քարոզչությունը խոչընդոտող հակառակությունը։ Իրավաբանական տեղեկություններ պարունակող հրատարակություններ