ԳԼՈՒԽ 10
Ամուսնություն՝ պարգև Աստծու կողմից
«Երեքտակ պարանը շուտ չի կտրվում» (ԺՈՂՈՎՈՂ 4։12)
1, 2. ա) Ի՞նչ ենք երբեմն մտածում նորապսակների հետ կապված և ինչո՞ւ։ բ) Ո՞ր հարցերի պատասխանները կգտնենք այս գլխում։
ՀԱՐՍԱՆԻՔ գնալ սիրո՞ւմ ես։ Շատերի համար դա հաճելի իրադարձություն է։ Այդ օրը հարսն ու փեսան անչափ գեղեցիկ են։ Նրանց դեմքը փայլում է երջանկությունից։ Նրանք լի են վառ հույսերով ու ակնկալիքներով։
2 Ցավոք, այսօր շատ ընտանիքներ են քայքայվում, ու դու ակամայից մտածում ես. «Տեսնես այս զույգը երջանիկ կլինի՞։ Տեսնես նրանց միությունը հարատև կլինի՞»։ Այս հարցերի պատասխանը կախված է այն բանից, թե ամուսինն ու կինը որքանով կկիրառեն ամուսնության վերաբերյալ Աստվածաշնչի խորհուրդները (կարդա՛ Առակներ 3։5, 6)։ Նրանք պետք է հետևեն այդ խորհուրդներին, որ մնան Աստծու սիրո մեջ։ Հիմա տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում հետևյալ չորս հարցերին։ Ինչո՞ւ են մարդիկ ամուսնանում։ Ինչպե՞ս կյանքի ընկեր ընտրել։ Ինչպե՞ս համոզվել՝ պատրա՞ստ ես ամուսնության, թե ոչ։ Ի՞նչը կօգնի, որ ամուսնական զույգը հարատև երջանկություն վայելի։
ԻՆՉՈՒ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ
3. Ինչո՞ւ խելամիտ չի լինի ամուսնանալ՝ ոչ էական պատճառներից ելնելով։
3 Ոմանք մտածում են, որ երջանիկ լինելու համար մարդը պետք է ամուսնանա։ Սակայն բոլորովին էլ այդպես չէ։ Հիսուսը ամուսնացած չէր և ամուրիության մասին խոսեց որպես պարգևի։ Նա հորդորեց. «Ով կարող է այսպես ապրել, թող ապրի» (Մատթեոս 19։11, 12)։ Պողոս առաքյալը նույնպես խոսեց ամուրիության առավելությունների մասին (1 Կորնթացիներ 7։32–38)։ Սակայն ո՛չ Հիսուսը և ո՛չ էլ Պողոսը չարգելեցին ամուսնությունը։ Իրականում, ըստ Աստվածաշնչի՝ ովքեր «արգելում են ամուսնանալ», հետևում են «դևերի ուսմունքներին» (1 Տիմոթեոս 4։1–3)։ Այդուհանդերձ, ամուրիությունը լայն հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ուզում են ծառայել Եհովային առանց շեղող հանգամանքների։ Հետևաբար, խելամիտ չի լինի ամուսնանալ՝ պարզապես տեղի տալով ուրիշների ճնշումներին կամ ուրիշ ոչ էական պատճառներից ելնելով։
4. Հաջող ամուսնությունը ինչի՞ համար է լավ հիմք ծառայում։
4 Իսկ որո՞նք են ամուսնանալու էական պատճառները։ Ամուսնությունը պարգև է մեր սիրառատ Աստծուց (կարդա՛ Ծննդոց 2։18)։ Այն ունի որոշ առավելություններ և կարող է ուրախության աղբյուր լինել։ Օրինակ՝ հաջող ամուսնությունը ընտանեկան կյանքի լավագույն հիմքն է։ Երեխաներին հարկավոր է կայուն միջավայր, որտեղ նրանք կմեծանան՝ զգալով ծնողների սերը և ստանալով նրանցից դաստիարակություն ու առաջնորդություն (Սաղմոս 127։3; Եփեսացիներ 6։1–4)։ Սակայն երեխա ունենալն ու մեծացնելը միակ պատճառը չէ, որի համար արժե ամուսնանալ։
5, 6. ա) Ժողովող 4։9–12-ի համաձայն՝ մտերիմ ընկերությունը ի՞նչ օգուտներ է բերում։ բ) Ո՞ր դեպքում ամուսնությունը կդառնա երեքտակ պարանի պես։
5 Նկատի առնենք այս գլխի սկզբում մեջբերված աստվածաշնչյան համարի համատեքստը. «Երկուսով ավելի լավ է, քան մենակ, որովհետև նրանք վարձատրություն ունեն իրենց տքնաջան աշխատանքից։ Եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կբարձրացնի։ Բայց ի՞նչ կպատահի, եթե մեկն ընկնի և նրան բարձրացնող չլինի։ Բացի դրանից, եթե երկուսով պառկեն, կտաքանան։ Բայց մարդը մենակ ինչպե՞ս կտաքանա։ Եվ եթե ինչ-որ մեկը ճնշի մենակ լինողին, ապա երկուսը միասին կդիմադրեն նրան։ Երեքտակ պարանը շուտ չի կտրվում» (Ժողովող 4։9–12)։
6 Այս խոսքերը հիմնականում վերաբերում են ընկերությանը։ Ամուսնությունն էլ, իրականում, երկու մարդու միջև ամենամտերիմ ընկերությունն է։ Այսպիսով՝ Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ ամուսնությունը մի կառույց է, որտեղ կողակիցները կարող են աջակցություն, մխիթարություն և պաշտպանություն գտնել։ Իսկ եթե Եհովային հաճեցնելը լինի և՛ ամուսնու, և՛ կնոջ գլխավոր նպատակը, ապա նրանց միությունը կդառնա երեքտակ պարանի պես, որն ավելի դժվար է կտրել, քան երկտակ պարանը, ինչպես երևում է աստվածաշնչյան համարից։
7, 8. ա) Ամուրի քրիստոնյաներին ի՞նչ խորհուրդ տվեց Պողոս առաքյալը։ բ) Աստվածաշունչն ինչպե՞ս է օգնում իրատես լինել ամուսնության հարցում։
7 Միայն ամուսնական կառույցում է թույլատրելի բավարարել սեռական ցանկությունները։ Այս դեպքում է միայն, որ դա կարող է բերկրանք պատճառել կողակիցներին (Առակներ 5։18)։ Ամուրի անհատն իր սեռական կարիքները բավարարելու մեծ ցանկություն կարող է ունենալ, նույնիսկ եթե անցել է նրա «երիտասարդության ծաղկուն շրջանը», երբ սեռական ցանկությունները հատկապես ուժեղ են լինում։ Եթե նա չտիրապետի իրեն, դրանք կմղեն անմաքուր ու անվայել արարքների։ Պողոսը, սուրբ ոգով ներշնչված, ամուրիների վերաբերյալ հետևյալը գրեց. «Եթե ինքնատիրապետում չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան թե կրքերով բորբոքվել» (1 Կորնթացիներ 7։9, 36; Հակոբոս 1։15)։
8 Ինչի համար էլ որ անհատը որոշի ամուսնանալ, նա պետք է իրատես լինի։ Պողոսը գրեց, որ «ամուսնացողները դժվարություններ կունենան իրենց կյանքում» (1 Կորնթացիներ 7։28)։ Ամուսնացածները ունենում են այնպիսի խնդիրներ, որոնք չունեն ամուրիները։ Եթե որոշում ես ամուսնանալ, ինչպե՞ս կարող ես նվազագույնի հասցնել խնդիրները և երջանիկ լինել ամուսնական կյանքում։ Դրա համար նախևառաջ հարկավոր է իմաստությամբ կյանքի ընկեր ընտրել։
ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՈՂԱԿԻՑ
9, 10. ա) Ի՞նչ օրինակով Պողոսը ցույց տվեց, որ իմաստուն չէ անհավատի հետ ամուսնանալը։ բ) Սովորաբար ի՞նչ է լինում, երբ անտեսվում է անհավատի հետ չամուսնանալու խորհուրդը։
9 Պողոսը գրեց մի կարևոր սկզբունք, որն անհրաժեշտ է հաշվի առնել կողակից ընտրելիս. «Անհավատների հետ անհավասար լծակից մի՛ եղեք» (2 Կորնթացիներ 6։14)։ Նրա բերած օրինակը վերցված էր հողագործությունից։ Եթե մի լծի տակ դնեն չափերով և ուժով իրարից բավականին տարբեր կենդանիների, երկուսն էլ կտանջվեն։ Նմանապես, եթե հավատացյալն ու անհավատը ամուսնանում են, նրանց միջև լարվածություն է լինում։ Երբ մի կողակիցն ուզում է մնալ Աստծու սիրո մեջ, իսկ մյուսին դա քիչ կամ բոլորովին էլ չի հետաքրքրում, ապա կյանքում նրանց դրած առաջնահերթությունները տարբեր են լինում, ինչի հետևանքով տարաձայնություններ են առաջանում։ Այդ իսկ պատճառով Պողոսը հորդորում է քրիստոնյաներին ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ» (1 Կորնթացիներ 7։39)։
10 Որոշ ամուրի քրիստոնյաներ սկսել են մտածել, որ ավելի լավ է՝ ամուսնանան թեկուզ անհավատի հետ, քան շարունակեն իրենց միայնակ զգալ։ Ոմանք անտեսում են աստվածաշնչյան խորհուրդը և ամուսնանում են մեկի հետ, ով չի ծառայում Եհովային։ Կրկին ու կրկին դա տխուր հետևանք է ունենում։ Հիմա էլ նրանք ամուսնացած են, բայց իրենց կողքին մեկն է, ում հետ չեն կարողանում կիսվել, կյանքի ամենակարևոր թեմաների շուրջ խոսել։ Այս անգամ արդեն միայնության զգացումն ավելի անտանելի է դառնում, քան ամուսնությունից առաջ էր։ Ուրախ ենք, սակայն, որ կան հազարավոր ամուրի քրիստոնյաներ, ովքեր ապավինելով Եհովային՝ հետևում են սուրբգրային խորհրդին (կարդա՛ Սաղմոս 32։8)։ Հույս ունենալով, որ մի օր կամուսնանան՝ նրանք ամուրի են մնում, մինչև որ Եհովային երկրպագողների մեջ գտնեն իրենց համապատասխան կողակից։
11. Ի՞նչը կօգնի քեզ, որ իմաստությամբ կյանքի ընկեր ընտրես (տես նաև «Ինչպիսին պետք է լինի իմ կողակիցը» շրջանակը)։
11 Ինչ խոսք, այն, որ անհատը Եհովայի ծառա է, դեռ չի նշանակում, թե քեզ համար լավ կողակից կլինի։ Եթե մտածում ես ամուսնանալու մասին, փնտրիր այնպիսի մեկին, ով բնավորությամբ համապատասխան է քեզ, ունի նույն հոգևոր նպատակները, ինչ որ դու ունես, և շատ է սիրում Եհովային։ Այս թեմայով հավատարիմ և իմաստուն ծառան շատ նյութեր է հրատարակել։ Իմաստնորեն կվարվես, եթե աղոթես այդ մասին, ուսումնասիրես այդ նյութերը և թույլ տաս, որ Աստծու Խոսքը առաջնորդի քեզ այդ կարևոր որոշումը կայացնելիսa (կարդա՛ Սաղմոս 119։105)։
12. Ամուսնության հետ կապված՝ շատ երկրներում ի՞նչ սովորություն է տարածված, և Աստվածաշնչից ո՞ւմ օրինակը կարող է այս հարցում օգտակար լինել։
12 Շատ երկրներում ընդունված է, որ ծնողները երեխաների համար կողակից ընտրեն։ Այդ մշակույթներում տարածված է այն տեսակետը, որ ծնողները փորձ ունեն և ավելի իմաստուն են այդպիսի ընտրության հարցում։ Նման ամուսնությունները հաճախ հաջող են լինում, ինչպես որ աստվածաշնչյան ժամանակներում էր։ Այս պարագայում ծնողների համար կարող է լավ օրինակ լինել Աբրահամը, ով իր ծառային ուղարկեց Իսահակի համար կին գտնելու։ Աբրահամին ոչ թե հետաքրքրում էր այն, թե իր որդու կինը որքան հարուստ կլինի և ինչ խավի կպատկանի, այլ այն, որ նա լինի Եհովային երկրպագող ժողովրդի միջիցb (Ծննդոց 24։3, 67)։
ԻՆՉՊԵՍ ՀԱՄՈԶՎԵԼ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ
13–15. ա) Ինչպե՞ս կարող է Առակներ 24։27-ի սկզբունքը օգնել տղամարդուն, որ պատրաստ լինի ամուսնությանը։ բ) Ինչպե՞ս կարող է կինը պատրաստ լինել ամուսնությանը։
13 Եթե ամուսնանալու լուրջ մտադրություն ունես, լավ կլինի՝ հարցնես քեզ. «Պատրա՞ստ եմ ամուսնության»։ Այս հարցին պատասխանելու համար չպետք է հիմնվել այն բանի վրա, թե ինչ ես մտածում սիրո, սեքսի, փոխհարաբերությունների և երեխաներ ունենալու մասին, այլ այն պատասխանատվությունների ու պարտականությունների, որ բերում է ամուսնությունը։
14 Ամուսնանալուց առաջ տղամարդը պետք է լրջորեն խորհի այս սկզբունքի շուրջ. «Դրսի գործերդ արա և դաշտում դրանք ավարտին հասցրու։ Դրանից հետո նաև տունդ շինիր» (Առակներ 24։27)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Հին Իսրայելում, երբ տղամարդը ուզում էր ընտանիք կազմել, պետք է հարցներ իրեն. «Կարո՞ղ եմ հոգ տանել կնոջս ու երեխաներիս մասին և ապահովել նրանց անհրաժեշտ բաներով»։ Դրա համար նա նախ պետք է մշակեր իր հողը ու եկամուտ ունենար։ Նույն սկզբունքը կիրառելի է նաև այսօր։ Ամուսնանալ ցանկացող տղամարդը պետք է պատրաստ լինի կատարելու ընտանիքին հոգ տանելու պարտականությունը։ Քանի դեռ նա ֆիզիկապես ի վիճակի է, պետք է աշխատի։ Աստվածաշունչն ասում է, որ այն մարդը, ով հոգ չի տանում իր ընտանիքի ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր կարիքները, անհավատից էլ վատն է (կարդա՛ 1 Տիմոթեոս 5։8)։
15 Ամուսնանալ ցանկացող կինն էլ պետք է պատրաստ լինի ստանձնելու մի շարք պարտականություններ։ Աստվածաշունչը գովեստով է խոսում այն կնոջ մասին, ով ունի որոշակի հատկություններ ու հմտություններ, ինչի շնորհիվ աջակցում է ամուսնուն և լավ տնտեսուհի է (Առակներ 31։10–31)։ Այն տղամարդիկ ու կանայք, ովքեր շտապում են ամուսնանալ՝ առանց պատրաստ լինելու այս պարտականությունները կրելուն, իրականում եսասեր են և չեն մտածում իրենց ապագա կողակցի բարօրության մասին։ Եվ ամենակարևորը՝ ամուսնացողները պետք է պատրաստ լինեն ամուսնական կյանքում կիրառելու Աստվածաշնչի սկզբունքները։
16, 17. Ո՞ր սկզբունքները կօգնեն պատրաստ լինել ամուսնանալու։
16 Ամուսնությանը պատրաստվելու համար հարկավոր է մտածել, թե ինչ դեր է Աստված տվել ամուսնուն ու կնոջը։ Տղամարդը պետք է իմանա, թե ինչ է նշանակում լինել քրիստոնեական ընտանիքի գլուխ։ Այս դերը նրան իրավունք չի տալիս ընտանիքում լինել բռնակալ։ Փոխարենը՝ նա իր գլխավորությունը պետք է գործադրի այնպես, ինչպես Հիսուսը (Եփեսացիներ 5։23)։ Նույն ձևով էլ կինը պետք է հասկանա, թե որն է իր դերը։ Պատրա՞ստ է ենթարկվելու իր «ամուսնու օրենքին» (Հռոմեացիներ 7։2)։ Կինն արդեն իսկ գտնվում է Եհովայի և Հիսուսի օրենքի տակ։ Ամուսնու գլխավորությունը ընտանիքում ներկայացնելու է ևս մեկ օրենք։ Պատրա՞ստ է կինը աջակցել ու հնազանդվել անկատար ամուսնու իշխանությանը։ Եթե ոչ, ապա ավելի լավ է, որ չամուսնանա։
17 Բացի դրանից, յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի հոգ տանելու մյուսի կարիքների մասին (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։4)։ Աստծուց ներշնչված՝ Պողոսը գրեց. «Ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։21–33)։ Նրա խոսքերը ցույց են տալիս, որ տղամարդը կարիք ունի զգալու, որ կինը հարգում է իրեն, իսկ կինը կարիք ունի զգալու, որ ամուսինը սիրում է իրեն (Եփեսացիներ 5։21–33)։
Մտերմության շրջանում շատերը խոհեմաբար միասին ժամանակ են անցկացնում երրորդ մարդու ներկայությամբ
18. Ինչո՞ւ է հարկավոր մտերմության շրջանում ինքնատիրապետում դրսևորել։
18 Մտերմության շրջանը զուտ լավ ժամանակ անցկացնելու համար չէ։ Այդ ընթացքում նրանք պետք է լավ ճանաչեն միմյանց ու տեսնեն, թե կկարողանան իրար հետ ապրել։ Նրանք պետք է նաև ինքնատիրապետում դրսևորեն, քանի որ ֆիզիկական մտերմություն կամ քնքշանք արտահայտելու ցանկությունը բնական է և կարող է ուժգին լինել։ Սակայն ովքեր իսկապես սիրում են իրար, այնպիսի բան չեն անի, որ հոգևորապես վնաս հասցնեն իրենց սիրելի անձնավորությանը (1 Թեսաղոնիկեցիներ 4։6)։ Ուստի եթե ինչ-որ մեկի հետ հանդիպում ես, ինքնատիրապետում դրսևորիր։ Այդ հատկությունը արժեքավոր է ամբողջ կյանքի համար, անկախ նրանից՝ կամուսնանաս, թե ոչ։
ԻՆՉՊԵՍ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՐԱՏԵՎ
19, 20. Ինչպե՞ս է ամուսնության վերաբերյալ քրիստոնյաների տեսակետը տարբերվում մյուս մարդկանց տեսակետից։
19 Եթե զույգը ուզում է, որ իրենց ամուսնությունը հարատև լինի, պետք է ճիշտ տեսակետ ունենա ամուսնական ուխտի վերաբերյալ։ Գրքերում և ֆիլմերում ամուսնությունը հաճախ ներկայացվում է որպես երջանիկ ավարտ, որին ձգտում է հասնել զույգը։ Սակայն իրական կյանքում ամուսնությունը ավարտ չէ, այլ սկիզբն է այն միության, որը, ինչպես Եհովան է նախատեսել, պետք է հարատև լինի (Ծննդոց 2։24)։ Ցավոք, այսօր մարդիկ այլ կերպ են նայում ամուսնությանը։ Որոշ մշակույթներում ամուսնությունը համեմատվում է կապի՝ հանգույցի հետ։ Դա շատ լավ համապատասխանում է մարդկանց մեջ տարածված տեսակետին, քանի որ հանգույցը թեև կարող է ամուր լինել, սակայն հարկ եղած դեպքում կարելի է քանդել։
20 Շատերն այսօր ամուսնությունը ժամանակավոր միություն են համարում։ Նրանք մտածում են, որ կամուսնանան, իսկ եթե չհարմարվեն, կբաժանվեն։ Սակայն հիշիր, որ ամուսնությունը Աստվածաշնչում համեմատվում է ոչ թե կապի, այլ պարանի հետ։ Սովորաբար պարանը, հատկապես նավերի համար նախատեսված պարանը, այնպես է պատրաստվում, որ երբեք չկտրվի, նույնիսկ ամենաուժգին փոթորիկների ժամանակ։ Նույն ձևով էլ ամուսնական միությունը պետք է լինի ամուր և հարատև։ Հիսուսն ասաց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6)։ Եթե ուզում ես ամուսնանալ, ապա նույն տեսակետը պետք է ունենաս։ Արդյո՞ք դա նշանակում է, որ այդպիսի ամուսնությունը բեռ է։ Բոլորովին։
21. Ամուսինն ու կինը ի՞նչ տեսակետ պետք է ունենան միմյանց վերաբերյալ, և ի՞նչը կօգնի նրանց։
21 Ամուսինն ու կինը պետք է դրական տեսակետ և ճիշտ վերաբերմունք ունենան միմյանց հանդեպ։ Եթե նրանցից յուրաքանչյուրը ձգտի ուշադրությունը կենտրոնացնել մյուսի լավ հատկությունների և ջանքերի վրա, ամուսնությունը երջանկություն ու թարմություն կպատճառի նրանց։ Արդյոք անիրատեսությո՞ւն կլինի դրական տեսակետ ունենալ անկատար կողակցի մասին։ Եհովան անիրատես չէ, սակայն մեր մասին դրական տեսակետ է պահպանում։ Սաղմոսերգուն գրեց. «Եթե դու, ո՛վ Յահ, անօրենությունները զննես, Եհո՛վա, ո՞վ կարող է կանգնել» (Սաղմոս 130։3)։ Նույն ձևով էլ ամուսնական զույգերը պետք է դրական տեսակետ ունենան միմյանց վերաբերյալ և լինեն ներող (կարդա՛ Կողոսացիներ 3։13)։
22, 23. Աբրահամն ու Սառան ի՞նչ օրինակ են այսօրվա ամուսնական զույգերի համար։
22 Տարիների ընթացքում, երբ ամուսինները միասին տարբեր դժվարություններ են հաղթահարում, նրանց ամուսնությունը ավելի շատ երջանկություն և բավարարվածություն է պատճառում։ Աստվածաշնչում կարդում ենք Աբրահամի և Սառայի մասին, ովքեր արդեն տարիքն առած էին։ Նրանց կյանքը զերծ չէր դժվարություններից ու խնդիրներից։ Պատկերացրու՝ Սառան, որն արդեն 60-ն անց էր, պիտի թողներ իր հարմարավետ տունը բարգավաճ Ուր քաղաքում և իր մնացած կյանքը ապրեր վրանների տակ։ Նա հնազանդվեց ամուսնու գլխավորությանը։ Լինելով իսկական օգնական ու լրացում իր ամուսնու համար՝ նա հարգալից կերպով աջակցեց նրան, որ իրականացնի իր որոշումները։ Նրա հնազանդությունը ցուցադրական չէր։ Սառան նույնիսկ իր մտքում էր Աբրահամին «տեր» կոչում (Ծննդոց 18։12; 1 Պետրոս 3։6)։ Ամուսնու հանդեպ նրա հարգանքը սրտից էր բխում։
23 Ինչ խոսք, դա չի նշանակում, որ Աբրահամն ու Սառան միշտ միևնույն կարծիքն են ունեցել։ Օրինակ՝ մի անգամ Սառան ամուսնուն խնդրեց անել մի բան, ինչը վերջինիս «հաճելի չէր»։ Սակայն Եհովայից առաջնորդություն ստանալով՝ Աբրահամը խոնարհությամբ արեց կնոջ ասածը, ինչը օրհնություն եղավ ընտանիքի համար (Ծննդոց 21։9–13)։ Ամուսնական զույգերը, նույնիսկ նրանք, ովքեր արդեն երկար տարիներ է՝ ամուսնացած են, շատ բան կարող են սովորել նրանցից։
24. Ինչպիսի՞ ամուսնությունն է փառք բերում Եհովային և ինչո՞ւ։
24 Քրիստոնեական ժողովում հազարավոր երջանիկ ընտանիքներ կան, որտեղ կինը խորապես հարգում է ամուսնուն, ամուսինը սիրում ու պատվում է կնոջը, և նրանք միասին Եհովայի կամքն անելը առաջին տեղում են դնում։ Եթե դու էլ ուզում ես ամուսնանալ, իմաստնորեն կողակից ընտրիր, նախապես պատրաստվիր ամուսնությանը և ձգտիր սիրո ու խաղաղության։ Այդ դեպքում քո ամուսնությունը փառք կբերի Եհովա Աստծուն և կնպաստի, որ մնաս Աստծու սիրո մեջ։
a Տես «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքի 2-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Վաղեմի ժամանակներում Աստծուն հավատարիմ նահապետներից ոմանք մեկից ավելի կին են ունեցել։ Սակայն Եհովան չէր հաստատել բազմակնությունը։ Այդ ժամանակներում նա պարզապես թույլ էր տալիս և որոշ օրենքների միջոցով կարգավորում էր դա։ Քրիստոնյաները պետք է հիշեն, որ Աստված այլևս թույլ չի տալիս, որ իրեն երկրպագողները մեկից ավելի կին ունենան (Մատթեոս 19։9; 1 Տիմոթեոս 3։2)։