Փետրվար
1 փետրվարի, հինգշաբթի
Սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի (Հովհ. 15։12)։
Ի՞նչ են նշանակում այսօրվա համարի խոսքերը։ Հիսուսը բացատրեց, որ խոսքը անձնազոհ սիրո մասին է, այնպիսի սիրո, որը մղելու էր քրիստոնյային անհրաժեշտության դեպքում նույնիսկ մահանալ հավատակցի համար։ Աստծու Խոսքում ընդգծվում է սիրո կարևորությունը։ Շատերի սիրած աստվածաշնչյան համարների թվում են 1 Հովհաննես 4։8-ը՝ «Աստված սեր է», Մատթեոս 22։39-ը՝ «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես», 1 Պետրոս 4։8-ը՝ «Սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը» և 1 Կորնթացիներ 13։8-ը՝ «Սերը երբեք չի վերջանում»։ Այս և նմանատիպ այլ համարներ հստակ ցույց են տալիս, թե որքան կարևոր է դրսևորել այդ գեղեցիկ հատկությունը՝ սերը։ Իսկական սիրո աղբյուրը Եհովան է։ Միմյանց հանդեպ իսկական սեր կարող են դրսևորել միայն նրանք, ովքեր ունեն Եհովայի ոգին և օրհնությունը (1 Հովհ. 4։7)։ Ահա թե ինչու Հիսուսն ասաց, որ ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշելու է անկեղծ սերը։ Ինչպես և Հիսուսը մարգարեացել էր, այսօր ճշմարիտ քրիստոնյաները հայտնի են միմյանց հանդեպ ունեցած անկեղծ սիրով։ w23.03, էջ 27-28, պրբ. 5-8
2 փետրվարի, ուրբաթ
Քո մեղքերը ներված են (Ղուկ. 7։48)։
Կարիք կա՞, որ ավելի ներողամիտ լինես ուրիշների հանդեպ։ Այդ դեպքում կարդա և խորհրդածիր աստվածաշնչյան այն կերպարների մասին, ովքեր ներել են ուրիշներին, ինչպես նաև նրանց մասին, ովքեր ներողամիտ չեն եղել։ Հիսուսը մեծահոգաբար ներում էր մարդկանց (Ղուկ. 7։47)։ Սխալների վրա կենտրոնանալու փոխարեն նա տեսնում էր նրանց պոտենցիալը։ Ի տարբերություն Հիսուսի՝ նրա օրերում ապրող փարիսեցիները «ուրիշներին ոչինչ էին համարում» (Ղուկ. 18։9)։ Աստվածաշնչյան կերպարների մասին խորհելիս ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչ եմ տեսնում ուրիշների մեջ։ Նրանց ո՞ր հատկությունների վրա եմ կենտրոնանում»։ Եթե դժվարանում ես ներել ինչ-որ մեկին, փորձիր տեսնել, թե ինչ լավ հատկություններ ունի այդ անհատը, և գրի առ դրանք։ Այնուհետև մտածիր. «Ի՞նչ կարծիք ունի Հիսուսը այս անհատի մասին։ Նա կներե՞ր նրան»։ Այս ամենը կօգնի, որ շտկես մտածելակերպդ։ Սկզբում գուցե դժվարանաս ներել քեզ վիրավորողին, բայց եթե շարունակես այդ ուղղությամբ ջանքեր թափել, ժամանակի ընթացքում ավելի ներողամիտ կդառնաս։ w22.04, էջ 23, պրբ. 6
3 փետրվարի, շաբաթ
Նա ուղարկեց իր հրեշտակին ու նրա միջոցով խորհրդանշաններով.... ներկայացրեց [հայտնությունը] (Հայտն. 1։1)։
«Հայտնություն» գրքում կարդում ենք մի քանի գազանների մասին, որոնք խորհրդանշում են Աստծու թշնամիներին։ Օրինակ՝ խոսվում է «մի գազանի» մասին, «որ դուրս է գալիս ծովից»։ Նա ունի «տասը եղջյուր և յոթ գլուխ» (Հայտն. 13։1)։ Դրանից հետո կարդում ենք «մեկ ուրիշ գազանի» մասին, «որ դուրս է ելնում երկրից»։ Այդ գազանը խոսում է վիշապի նման և «երկնքից կրակ է իջեցնում» (Հայտն. 13։11-13)։ Հետո գրված է «ալ կարմիր մի գազանի» մասին, որի վրա նստած է մի անբարո կին։ Այս երեք գազանները խորհրդանշում են Եհովա Աստծու և նրա Թագավորության դարավոր թշնամիներին։ Ուստի անչափ կարևոր է իմանալ նրանց ինքնությունը (Հայտն. 17։1, 3)։ Մենք պետք է հասկանանք գրքում օգտագործված խորհրդանշական լեզուն։ Դրա համար պետք է թույլ տանք, որ Աստվածաշունչը բացատրի ինքն իրեն։ «Հայտնություն» գրքի խորհրդանշաններից շատերի նշանակության մասին արդեն իսկ գրված է Աստվածաշնչի մյուս գրքերում։ w22.05, էջ 8-9, պրբ. 3-4
4 փետրվարի, կիրակի
Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով (Մատթ. 22։37)։
Եհովայի ծառաներից ոմանք դժվարանում են հարմարվել այն մտքին, որ տարիքի կամ վատ առողջության պատճառով այլևս չեն կարողանում անել այնքան, որքան կուզեին։ Եթե դու էլ ես երբեմն վհատվում սահմանափակ կարողություններիդ պատճառով, ապա մտածիր, թե ինչ է Եհովան ակնկալում քեզանից։ Քո լավագույնը՝ այն, ինչ կարող ես տալ հիմա։ Ութսունն անց մի քույր վհատված է, քանի որ ծառայության մեջ չի կարողանում անել այնքան, որքան քառասուն տարեկանում։ Նա մտածում է, որ չի հաճեցնում Աստծուն, անգամ եթե իր լավագույնն է անում։ Բայց մի՞թե դա այդպես է։ Եթե քույրը քառասուն տարեկանում իր լավագույնն է տվել Եհովային, և այժմ՝ ութսուն տարեկանում, շարունակում է անել այն, ինչ կարող է, նշանակում է, որ նա երբեք չի դադարել իր լավագույնը տալուց։ Եթե մեր լավագույնն անենք, Եհովան կասի մեզ. «Ապրե՛ս» (համեմատիր Մատթեոս 25։20-23)։ Մենք չենք կորցնի մեր ուրախությունը, եթե կենտրոնանանք այն բանի վրա, ինչ կարողանում ենք անել, ոչ թե այն բանի, ինչ չենք կարողանում։ w22.04, էջ 10, պրբ. 2, 4; էջ 11, պրբ. 5-6
5 փետրվարի, երկուշաբթի
Տեսա սուրբ քաղաքը՝ Նոր Երուսաղեմը (Հայտն. 21։2)։
Հայտնություն 21-րդ գլխում 144 000-ը համեմատվում է մի շատ գեղեցիկ քաղաքի հետ, որը կոչվում է «Նոր Երուսաղեմ»։ Այն ունի 12 հիմնաքար, որոնց վրա գրված են «Գառան տասներկու առաքյալների տասներկու անունները» (Հայտն. 21։10-14; Եփես. 2։20)։ Այս խորհրդանշական քաղաքը նման չէ որևէ այլ քաղաքի։ Դրա գլխավոր փողոցը մաքուր ոսկուց է։ Այն ունի 12 դարպաս, որոնցից յուրաքանչյուրը մեկ մարգարիտ է։ Քաղաքի երկարությունը, լայնությունն ու բարձրությունը իրար հավասար են, իսկ պարիսպներն ու հիմքերը զարդարված են թանկարժեք քարերով (Հայտն. 21։15-21)։ Բայց Հովհաննեսը նկատում է, որ ինչ-որ բան պակաս է։ Նա գրում է. «Ես այնտեղ տաճար չտեսա, քանի որ նրա տաճարը Ամենակարող Եհովա Աստվածն էր, նաև Գառը։ Քաղաքը արևի կամ լուսնի լույսի կարիք չուներ, որովհետև Աստծու փառքն էր լուսավորում նրան, և նրա ճրագը Գառն էր» (Հայտն. 21։22, 23)։ Նրանք, ովքեր կկազմեն Նոր Երուսաղեմը, Եհովայի հետ երես առ երես կհաղորդակցվեն, ուստի տաճարի կարիք այլևս չի լինի (Եբր. 7։27; Հայտն. 22։3, 4)։ w22.05, էջ 17, պրբ. 14-15
6 փետրվարի, երեքշաբթի
Շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք (Կող. 3։13)։
Եհովան ոչ միայն մեր Արարիչն է, Օրենսդիրը և Դատավորը, այլև մեր սիրառատ երկնային Հայրը (Սաղ. 100։3; Ես. 33։22)։ Մեզ ներելու իշխանություն ունենալուց բացի՝ նա նաև այդպես վարվելու մեծ ցանկություն ունի, եթե, իհարկե, անկեղծորեն զղջում ենք մեր արածի համար (Սաղ. 86։5)։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան հետևյալ ջերմ հավաստիացումն է տալիս. «Նույնիսկ եթե ձեր մեղքերը որդան կարմիրի պես լինեն, ձյան պես սպիտակ կդառնան» (Ես. 1։18)։ Անկատարության պատճառով բոլորս էլ ասում կամ անում ենք բաներ, որոնք վիրավորում են ուրիշներին (Հակ. 3։2)։ Սակայն մենք կարող ենք մտերիմ փոխհարաբերություններ պահպանել նրանց հետ, եթե սովորենք ներողամիտ լինել (Առակ. 17։9; 19։11; Մատթ. 18։21, 22)։ Եթե ինչ-որ մեկը վիրավորում է մեզ, և դա այդքան էլ լուրջ բան չէ, Եհովան ուզում է, որ ներենք այդ անհատին։ Դրա համար մենք հիմնավոր պատճառ ունենք. չէ՞ որ Եհովան էլ մեզ է «մեծահոգաբար ներում» (Ես. 55։7)։ w22.06, էջ 8, պրբ. 1-2
7 փետրվարի, չորեքշաբթի
Ընդօրինակեք նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները (Եբր. 6։12)։
Ճիշտ է, մենք չպետք է համեմատվենք ուրիշների հետ, բայց կարող ենք ընդօրինակել Աստծու հավատարիմ ծառաներին, օրինակ՝ Հիսուսին։ Մենք նրա պես կատարյալ չենք, բայց շատ բան կարող ենք սովորել նրա գեղեցիկ հատկություններից և գործերից (1 Պետ. 2։21)։ Եթե ձգտենք մեր հնարավորության սահմաններում սերտորեն հետևել Հիսուսին, ավելի լավ ծառաներ կդառնանք Եհովայի համար։ Աստվածաշնչում խոսվում է բազմաթիվ հավատարիմ տղամարդկանց ու կանանց մասին, ովքեր, թեև անկատար էին, բայց ընդօրինակման են արժանի։ Հիշենք Դավիթ թագավորին, ում մասին Եհովան ասաց. «Իմ սրտին հաճելի մարդ» (Գործ. 13։22)։ Դավիթը որոշ լուրջ սխալներ էր գործել։ Բայց նա լավ օրինակ է մեզ համար։ Քանի որ նա չփորձեց արդարացնել ինքն իրեն։ Փոխարենը՝ ընդունեց խիստ խորհուրդը և անկեղծորեն զղջաց։ Արդյունքում Եհովան ներեց նրան (Սաղ. 51։3, 4, 10-12)։ w22.04, էջ 13, պրբ. 11-12
8 փետրվարի, հինգշաբթի
Մարդն իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու փոխարեն (Հոբ 2։4)։
Աստվածաշնչում ասվում է, որ մահը թշնամի է (1 Կորնթ. 15։25, 26)։ Մահվան մասին մտածելն անգամ սարսափելի է, հատկապես եթե մենք կամ մեր հարազատը լուրջ հիվանդություն ունենք։ Բայց ինչո՞ւ ենք վախենում մահից։ Քանի որ Եհովան մեզ ստեղծել է կյանքը հավիտյան վայելելու փափագով (Ժող. 3։11)։ Մահվան հանդեպ հավասարակշռված վախը կարող է օգնել մեզ պաշտպանել մեր կյանքը։ Այն կարող է մղել մեզ, որ հետևենք մեր սննդակարգին և ֆիզիկական վարժություններ անենք, անհրաժեշտության դեպքում դիմենք բժշկի, դեղեր ընդունենք, ինչպես նաև մեր կյանքը անտեղի վտանգի չենթարկենք։ Սատանան գիտի, որ մենք սիրում ենք կյանքը։ Նա պնդում է, որ կզոհենք ամեն ինչ, անգամ Եհովայի հետ մտերմությունը, միայն թե պահպանենք մեր կյանքը (Հոբ 2։5)։ Բայց նա չարաչար սխալվում է։ Այդուհանդերձ, Սատանան, ով «կարող է մահ պատճառել», փորձում է մահվան հանդեպ վախի միջոցով ստիպել մեզ, որ թողնենք Եհովային (Եբր. 2։14, 15)։ w22.06, էջ 18, պրբ. 15-16
9 փետրվարի, ուրբաթ
Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք (Եփես. 4։26)։
Արգելքի ժամանակ գուցե ստիպված լինենք հավաքվել փոքր խմբերով։ Ուստի անչափ կարևոր է, որ խաղաղ փոխհարաբերություններ ունենանք իրար հետ։ Պետք է պայքարել Սատանայի, ոչ թե միմյանց դեմ։ Եվ ձգտենք անտեսել եղբայրների սխալները կամ էլ անհապաղ հարթենք մեր միջև առաջացած տարաձայնությունները (Առակ. 19։11)։ Լավ կլինի, որ ուրիշներին օգնելու հարցում նախաձեռնող լինենք (Տիտոս 3։14)։ Երբ մի քարոզչական խումբ օգնեց մի քրոջ, դա լավ ազդեցություն ունեցավ քարոզչական ողջ խմբի վրա։ Նրանք այնքան մտերմացան իրար հետ, որ ասես մեկ ընտանիք դարձան (Սաղ. 133։1)։ Տասնյակ հազարավոր եղբայրներ ու քույրեր հավատարմորեն ծառայում են Եհովային՝ չնայած կառավարության սահմանած արգելքներին։ Այսօր նրանցից ոմանք ազատազրկված են իրենց հավատի համար։ Մենք կարող ենք աղոթել նրանց, նրանց ընտանիքների և այն հավատակիցների համար, ովքեր վտանգում են իրենց ազատությունը, որպեսզի նրանց հոգևոր, ֆիզիկական և իրավաբանական աջակցություն տրամադրեն (Կող. 4։3, 18)։ Երբեք մի՛ թերագնահատիր աղոթքի ուժը (2 Թեսաղ. 3։1, 2; 1 Տիմոթ. 2։1, 2)։ w22.12, էջ 26, պրբ. 15-16
10 փետրվարի, շաբաթ
Դու, որ, սովորեցնում ես ուրիշին, ինքդ քեզ չե՞ս սովորեցնում (Հռոմ. 2։21)։
Երեխաները հաճախ ընդօրինակում են իրենց ծնողներին։ Իսկ ոչ մի ծնող կատարյալ չէ (Հռոմ. 3։23)։ Այդուհանդերձ, իմաստուն ծնողները ամեն կերպ ձգտում են օրինակ լինել իրենց երեխաների համար։ Մի հայր ասում է. «Երեխաները ասես սպունգ լինեն, նրանք ամեն ինչ կլանում են։ Երբ մեր գործերը հակասում են մեր սովորեցրածներին, նրանք միշտ ասում են մեզ այդ մասին»։ Եթե ուզում ենք, որ մեր երեխաները սիրեն Եհովային, նախ ինքներս պետք է նրան շատ սիրենք և մեր գործերով փաստենք դա։ Շատ կերպեր կան, որոնցով ծնողները կարող են սովորեցնել իրենց երեխաներին սիրել Եհովային։ 17-ամյա մի եղբայր, ում անունը Էնդրյու է, ասում է. «Ծնողներս միշտ ընդգծում էին աղոթքի կարևորությունը։ Ամեն գիշեր հայրս աղոթում էր ինձ հետ, նույնիսկ եթե ես առանձին արդեն աղոթել էի.... Այժմ ես անկաշկանդ աղոթում եմ Եհովային և նրան իմ սիրառատ Հայրը համարում»։ Սիրելի՛ ծնողներ, երբեք մի՛ թերագնահատեք այն զորեղ ազդեցությունը, որ Եհովայի հանդեպ ունեցած ձեր սերը կարող է թողնել ձեր երեխաների վրա։ w22.05, էջ 28, պրբ. 7-8
11 փետրվարի, կիրակի
Մկրտությունը.... հիմա.... ձեզ փրկում [է] (1 Պետ. 3։21)։
Մկրտությանը պատրաստվելու կարևոր քայլերից մեկը մեղքերի համար անկեղծորեն զղջալն է (Գործ. 2։37, 38)։ Անկեղծ զղջումը մղում է մարդուն արմատական փոփոխություններ անելու։ Իսկ դու հրաժարվե՞լ ես Եհովային տհաճ այնպիսի սովորություններից, ինչպիսիք են անբարո ապրելակերպը, ծխելը և հայհոյանքներ ու վիրավորական բառեր օգտագործելը (1 Կորնթ. 6։9, 10; 2 Կորնթ. 7։1; Եփես. 4։29)։ Փորձիր կատարել այդ փոփոխությունները։ Աջակցության և առաջնորդության համար դիմիր քեզ Աստվածաշունչ ուսուցանող անհատին կամ ժողովի երեցներին։ Եթե պատանի ես և դեռ ծնողներիդ հետ ես ապրում, խնդրիր նրանց, որ օգնեն քեզ ձերբազատվել այն վատ սովորություններից, որոնք խանգարում են, որ մկրտվես։ Հոգևոր լավ գրաֆիկ ունենալը նույնպես կարևոր է։ Այն ներառում է քրիստոնեական հանդիպումներին հաճախելը և դրանց մասնակցելը (Եբր. 10։24, 25)։ Իսկ երբ համապատասխանես քարոզիչ դառնալու պահանջներին, քարոզչական գործին մասնակցելը նույնպես ընդգրկիր քո գրաֆիկում։ w23.03, էջ 10-11, պրբ. 14-16
12 փետրվարի, երկուշաբթի
Եհովա Աստված օձին ասաց. «Քանի որ արեցիր այս բանը, անիծյալ ես» (Ծննդ. 3։14)։
Ծննդոց 3։14, 15 համարներում նշված մարգարեության կերպարներից են «օձը» ու օձի «սերունդը»։ Բառացի օձը չէր կարող հասկանալ, թե ինչ էր ասել Եհովան Եդեմի պարտեզում։ Ուստի ակնհայտ է, որ Եհովայի դատաստանը ինչ-որ բանական էակի է վերաբերում։ Հայտնություն 12։9-ում հստակ ասվում է, որ «առաջին օձը» Բանսարկու Սատանան է։ Երբեմն Աստվածաշնչում «սերունդ» բառը վերաբերում է նրանց, ովքեր այնքան սերտորեն են ընդօրինակում ինչ-որ մեկի, որ ասես նրա զավակները լինեն։ Ուստի օձի սերունդը բաղկացած է այն ոգեղեն էակներից ու մարդկանցից, ովքեր Սատանայի նման հակառակվում են Եհովա Աստծուն և նրա ժողովրդի դեմ են գործում։ Նրանց թվում են այն հրեշտակները, որոնք Նոյի օրերում թողեցին երկնքում ունեցած իրենց դիրքը, ինչպես նաև այն չար մարդիկ, ովքեր վարվում են իրենց հոր՝ Սատանայի նման (Ծննդ. 6։1, 2; Հովհ. 8։44; 1 Հովհ. 5։19; Հուդա 6)։ w22.07, էջ 15, պրբ. 4-5
13 փետրվարի, երեքշաբթի
Հավաստիա[ցեք], թե ինչն է ավելի կարևոր (Փիլիպ. 1։10)։
Պողոսը շատ էր սիրում իր եղբայրներին։ Նա շատ դժվարությունների միջով էր անցել, ուստի կարողանում էր հասկանալ ու կարեկցել նրանց, ովքեր դժվարություններ ունեին։ Օրինակ՝ առաքյալի կյանքում լինում էին իրավիճակներ, երբ նա փող չէր ունենում և ստիպված էր աշխատել իր և իր համագործակիցների կարիքները հոգալու համար (Գործ. 20։34)։ Պողոսը վրանագործ էր։ Երբ նա եկավ Կորնթոս, սկզբում աշխատում էր Ակյուղասի և Պրիսկիղայի հետ, ովքեր նույնպես վրանագործներ էին։ Բայց ամեն շաբաթ օր նա ժամանակ էր տրամադրում, որպեսզի քարոզեր հրեաներին ու հույներին։ Իսկ երբ Շիղան ու Տիմոթեոսը եկան, նա «իր անձը ամբողջությամբ տրամադրեց խոսքին» (Գործ. 18։2-5)։ Առաքյալը երբեք չէր շեղվում իր հիմնական նպատակից՝ Եհովային ծառայելուց։ Նա հոգում էր իր ֆիզիկական կարիքները, բայց միևնույն ժամանակ ակտիվ էր ծառայության մեջ։ Իր հավատակիցներին մխիթարելու հարցում Պողոսը խոսելու ազատություն ուներ։ Նա հորդորում էր նրանց չտրվել կյանքի հոգսերին և հիշեցնում էր, որ ընտանիքի մասին հոգ տանելը չպետք է պատճառ դառնա, որ անտեսվեն «ավելի կարևոր» բաները՝ այն ամենը, ինչ կապ ունի Եհովային պաշտելու հետ։ w22.08, էջ 20, պրբ. 3
14 փետրվարի, չորեքշաբթի
Բոլոր ազգերի մեջ.... բարի լուրը պիտի քարոզվի (Մարկ. 13։10)։
Այսօր Աստծու կամքն է, որ Թագավորության բարի լուրը քարոզվի ամբողջ երկրով մեկ (1 Տիմոթ. 2։3, 4)։ Եհովան է նախաձեռնել այս գործը, և դա այնքան կարևոր է, որ նա իր սիրելի Որդուն է նշանակել այն ղեկավարելու համար։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Հիսուսի հմուտ առաջնորդության ներքո նախքան աշխարհի վերջը քարոզչական գործը ավարտին կհասցվի, ճիշտ այնպես, ինչպես Եհովան է ուզում (Մատթ. 24։14)։ Երկինք համբարձվելուց կարճ ժամանակ առաջ Գալիլեայում Հիսուսը լեռան վրա հանդիպեց իր հավատարիմ հետևորդներին և նրանց ասաց. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել»։ Այդ խոսքերից անմիջապես հետո նա ասաց. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (Մատթ. 28։18, 19)։ Այստեղից տեսնում ենք, որ Հիսուսին իշխանություն է տրվել նաև առաջնորդելու քարոզչական գործը։ Այս գործը Հիսուսի առաջնորդության ներքո շարունակվելու է մինչև մեր օրերը։ w22.07, էջ 8, պրբ. 1, 3; էջ 9, պրբ. 4
15 փետրվարի, հինգշաբթի
Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարության (Հովհ. 5։28, 29)։
Արդարները, ովքեր նախքան մահանալը բարի գործեր են արել, կստանան «կյանքի հարություն», քանի որ նրանց անունները արդեն գրված կլինեն կյանքի գրքում։ Սա նշանակում է, որ Հովհաննես 5։29-ում նշված հարություն առածները, «ովքեր բարի գործեր են արել», Գործեր 24։15-ում նշված «արդարներն» են։ Նկատի առնենք, որ Հռոմեացիներ 6։7-ում ասվում է. «Նա, ով մահանում է, ազատվում է մեղքից»։ Այսինքն, երբ այս արդարները մահացել են, Եհովան ջնջել է նրանց մեղքերը, սակայն նրա հիշողության մեջ մնացել է նրանց հավատարիմ ընթացքը։ Դրա համար էլ նրանց անունները գրված են կյանքի գրքում (Եբր. 6։10)։ Բայց, ինչ խոսք, նոր աշխարհում արդարները պետք է շարունակեն հավատարիմ լինել, որպեսզի իրենց անունները մնան այդ գրքում։ w22.09, էջ 17-18, պրբ. 13, 15
16 փետրվարի, ուրբաթ
[Եհովայի] բոլոր գործերը հավատարմությամբ են արվում (Սաղ. 33։4)։
Վստահելի լինելու հարցում գերազանց օրինակ է Դանիել մարգարեն։ Նա գերության էր տարվել Բաբելոն, բայց շատ չանցած՝ վստահելի մարդու համբավ ձեռք բերեց։ Դանիելի համբավը էլ ավելի տարածվեց, երբ Եհովայի օգնությամբ նա բացատրեց Նաբուգոդոնոսոր թագավորի երազները (Դան. 4։20-22, 25)։ Դրանից երկար տարիներ հետո նա կրկին փաստեց, որ վստահելի է, երբ Բաբելոնում ճշգրտորեն հայտնեց այն խորհրդավոր գրության նշանակությունը, որը հայտնվել էր արքայական պալատի պատին (Դան. 5։5, 25-29)։ Հետագայում մարաց Դարեհը և նրա բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես նկատեցին, որ Դանիելի մեջ «բացառիկ ոգի» կա։ Նրանք տեսնում էին, որ Դանիելը «վստահելի էր, և նրանում ոչ մի անփութություն կամ արատավոր բան չկար» (Դան. 6։3, 4)։ Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Արդյո՞ք ինձ ճանաչում են որպես պատասխանատու և վստահելի մարդ»։ Վստահելի լինելով՝ փառք կբերենք Եհովային։ w22.09, էջ 8-9, պրբ. 2-4
17 փետրվարի, շաբաթ
Ընդօրինակեք Աստծուն որպես սիրելի զավակներ (Եփես. 5։1)։
Մենք օգուտներ ենք քաղում՝ կառչած մնալով ճշտի ու սխալի վերաբերյալ Եհովայի սահմանած չափանիշներին։ Պատկերացրու՝ ինչ կլիներ, եթե յուրաքանչյուր բանկ ունենար արտարժույթի փոխարժեքը սահմանելու իր չափանիշները։ Կամ եթե յուրաքանչյուր շինարարական ընկերություն սահմաներ սեփական չափման միավորները։ Արդյունքում քաոս կտիրեր։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե բժշկական անձնակազմը չհետևեր բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ կոնկրետ չափանիշների։ Այդ դեպքում որոշ հիվանդներ գուցե մահանային։ Իրոք որ, վստահելի չափանիշները պաշտպանություն են։ Նմանապես ճշտի ու սխալի վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշները պաշտպանություն են մեզ համար։ Եհովան օրհնում է նրանց, ովքեր ձգտում են ապրել իր չափանիշներով։ Նա խոստանում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղ. 37։29)։ Պատկերացնո՞ւմ ես՝ որքա՜ն խաղաղ, միասնական ու երջանիկ կլինի մարդկությունը, երբ բոլորը ապրեն Եհովայի սահմանած չափանիշներով։ Եհովան ցանկանում է, որ դու հենց այդպիսի աշխարհում ապրես։ Այո՛, մենք բոլորս հիմնավոր պատճառներ ունենք սիրելու արդարությունը։ w22.08, էջ 27-28, պրբ. 6-8
18 փետրվարի, կիրակի
Ամեն ինչում պահպանիր զգոնությունդ (2 Տիմոթ. 4։5)։
Երբեմն բախվում ենք այնպիսի դժվարությունների, որոնք փորձում են մեր վստահությունը Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ։ Նման դեպքերում մենք պետք է «առողջ մտածողություն» ունենանք, հոգևորապես արթուն մնանք և ամուր պահենք մեր հավատը։ Մենք առողջ մտածողություն, կամ՝ դատողություն կունենանք, եթե հանդարտ մնանք, սթափ դատենք և ձգտենք հարցերին նայել Եհովայի տեսանկյունից։ Այդպես վարվելով՝ թույլ չենք տա, որ մեր զգացմունքները իշխեն մեր մտքերի վրա։ Գուցե վիրավորվես հավատակցիցդ, թերևս պատասխանատվություններ ունեցող ինչ-որ մեկից։ Ամենայն հավանականությամբ, նա մտադրություն չի ունեցել քեզ նեղացնելու (Հռոմ. 3։23; Հակ. 3։2)։ Բայց նրա վարվելակերպը ցավ է պատճառել քեզ։ Հնարավոր է՝ անգամ մտածել ես. «Եթե սա իրոք Աստծու կազմակերպությունն է, ապա նա ինչպե՞ս է իրեն նման բան թույլ տալիս»։ Իրականում, Սատանան է ուզում, որ այդպես մտածենք (2 Կորնթ. 2։11)։ Նման բացասական մտածելակերպը կարող է պատճառ դառնալ, որ հեռանանք Եհովայից ու նրա կազմակերպությունից։ Ուստի մի՛ դառնացիր։ w22.11, էջ 20, պրբ. 1, 3; էջ 21, պրբ. 4
19 փետրվարի, երկուշաբթի
Հույսդ Եհովայի վրա դիր (Սաղ. 27։14)։
Եհովան հավիտյան ապրելու հիանալի հույս է տվել մեզ։ Ոմանք հույս ունեն հավիտյան ապրելու երկնքում որպես անմահ ոգեղեն էակներ (1 Կորնթ. 15։50, 53)։ Բայց շատերը հույս ունեն հավիտյան ապրելու երկրի վրա, որտեղ կունենան կատարյալ առողջություն և երջանիկ կլինեն (Հայտն. 21։3, 4)։ Անկախ նրանից, թե ինչ հույս ունենք՝ այն անչափ թանկ է մեզ համար։ Ապագայի մեր հույսը հիմնավոր է ու իրական, քանի որ Եհովան է այն մեզ տվել (Հռոմ. 15։13)։ Մենք գիտենք, թե ինչ է նա խոստացել, և վստահ ենք, որ նա միշտ պահում է իր խոստումները (Թվեր 23։19)։ Նաև համոզված ենք, որ Եհովան ոչ միայն ցանկություն ունի իրականացնելու իր ասածները, այլև զորություն։ Մեր երկնային Հայրը սիրում է մեզ, և ուզում է, որ վստահենք իրեն։ Եթե Եհովայի հանդեպ մեր վստահությունը ամուր լինի, մենք կկարողանանք դիմանալ փորձություններին և ուրախությամբ ու քաջությամբ կնայենք ապագային։ w22.10, էջ 24, պրբ. 1-3
20 փետրվարի, երեքշաբթի
Սա ապստամբ ժողովուրդ է.... [որը չի] ցանկանում լսել Եհովայի օրենքը (Ես. 30։9)։
Քանի որ ժողովուրդը չէր ցանկանում լսել, Եսայիան մարգարեացավ, որ Եհովան թույլ է տալու, որ նրանց գլխին փորձանք գա (Ես. 30։5, 17; Երեմ. 25։8-11)։ Եվ հենց այդպես էլ եղավ. բաբելոնացիները գերի վերցրին հրեաներին։ Սակայն հրեաների մեջ Եհովային հավատարիմ մարդիկ կային, և Եսայիան ասաց, որ մի օր Եհովան նրանց վերադարձնելու է Երուսաղեմ (Ես. 30։18, 19)։ Մարգարեի խոսքերը կատարվեցին. Եհովան ազատեց հրեաներին Բաբելոնի գերությունից։ Բայց ազատագրումը անմիջապես չեղավ։ Եսայիան գրել էր. «Եհովան կսպասի, որպեսզի բարեհաճություն դրսևորի ձեր հանդեպ»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ մի որոշ ժամանակ պետք է անցներ, մինչև որ հավատարիմ հրեաները ազատվեին գերությունից։ Այդպես էլ եղավ։ 70 տարի գերության մեջ մնալուց հետո միայն իսրայելացիների մնացորդին թույլ տրվեց վերադառնալ Երուսաղեմ (Ես. 10։21; Երեմ. 29։10)։ Երբ նրանք հասան իրենց հայրենի երկիր, տառապանքի արցունքները փոխարինվեցին ուրախության արցունքներով։ w22.11, էջ 9, պրբ. 4
21 փետրվարի, չորեքշաբթի
Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են արդարության համար (Մատթ. 5։10)։
Այսօր մի շարք երկրներում մեր եղբայրների ու քույրերի կրած դժվարությունները նման են այն դժվարություններին, որ առաջին դարում կրել են առաքյալները, ովքեր հալածվում էին Հիսուսի մասին քարոզելու պատճառով։ Հրեական բարձրագույն ատյանի դատավորները մի քանի անգամ նրանց խստորեն հրամայեցին, որ «այլևս չխոսեն Հիսուսի անունով» (Գործ. 4։18-20; 5։27, 28, 40)։ Բայց նրանք հասկանում էին, որ նա, ով «պատվիրել է [իրենց], որ ժողովրդին քարոզեն ու հիմնովին վկայություն տան», ավելի մեծ իշխանություն ունի (Գործ. 10։42)։ Ուստի առաքյալների ներկայացուցիչները՝ Պետրոսն ու Հովհաննեսը, խիզախորեն ասացին, որ իրենք Աստծուն են հնազանդվելու, այլ ոչ թե մարդկանց, և շարունակելու են քարոզել (Գործ. 5։29)։ Նրանք իրենց անարատությունը պահելու համար ծեծի ենթարկվեցին, բայց «ուրախանալով գնացին Սինեդրիոնի առաջից, որովհետև արժանի եղան [Հիսուսի] անվան համար անարգանքի ենթարկվելու»։ Դրանից հետո նրանք չդադարեցին քարոզել (Գործ. 5։41, 42)։ w22.10, էջ 12-13, պրբ. 2-4
22 փետրվարի, հինգշաբթի
Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը (Սաղ. 73։28)։
Երբ նոր ենք սկսում սովորել Եհովայի մասին, մենք նախ ծանոթանում ենք Աստվածաշնչի հիմնական ուսմունքներին։ Եբրայեցիներին գրած իր նամակում Պողոս առաքյալը դրանք անվանեց «տարրական բաներ»։ Նա նկատի չուներ, որ «սկզբնական ուսմունքները» կարևոր չեն։ Նա պարզապես դրանք համեմատեց կաթի հետ, որով երեխան է սնվում (Եբր. 5։12; 6։1)։ Սակայն Պողոսը բոլոր քրիստոնյաներին հորդորեց սովորել ոչ միայն հիմնական ուսմունքները, այլև Աստծու Խոսքի ավելի խոր ճշմարտությունները։ Իսկ դու փափագ զարգացրե՞լ ես Աստվածաշնչի խոր ճշմարտությունների հանդեպ։ Ուզո՞ւմ ես հոգևորապես աճել և ավելին սովորել Եհովայի և նրա նպատակների մասին։ Մեզանից շատերը, սակայն, դժվարանում են սովորել։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Դպրոցում սիրե՞լ ես կարդալ և ուսումնասիրություններ անել։ Հաճույքո՞վ ես սովորել, թե՞ եկել ես այն եզրակացության, որ գիրք կարդալը քեզ համար չէ։ Եթե դժվարանում ես սովորել, հիշիր, որ շատերի համար է դժվար։ Բայց Եհովան կարող է օգնել քեզ. չէ՞ որ նա լավագույն Ուսուցիչն է։ w23.03, էջ 9-10, պրբ. 8-10
23 փետրվարի, ուրբաթ
Հեզությամբ ընդունեք սերմանվող խոսքը, որը կարող է փրկել ձեր հոգիները (Հակ. 1։21)։
Եթե հեզ ենք, թույլ կտանք, որ Աստծու Խոսքը արմատներ գցի մեր սրտում։ Ողորմածություն, կարեկցանք և սեր դրսևորելու վերաբերյալ աստվածաշնչյան դասերը կձևավորեն մեզ միայն այն դեպքում, եթե խոնարհ լինենք և խուսափենք քննադատական ոգուց։ Ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքից նույնպես երևում է, թե արդյոք թույլ տալիս ենք, որ Աստծու Խոսքը ձևավորի մեզ։ Փարիսեցիները թույլ չէին տալիս, որ Աստծու Խոսքը հասնի իրենց սրտին, և դրա պատճառով «դատապարտում էին անմեղներին» (Մատթ. 12։7)։ Ինչ տեսակետ ունենք ուրիշների մասին և ինչպես ենք վերաբերվում նրանց, ցույց է տալիս, թե արդյոք թույլ տալիս ենք, որ Աստծու Խոսքը ձևավորի մեզ։ Օրինակ՝ հակվա՞ծ ենք ուրիշների մեջ լավը տեսնելու, թե՞ հիմնականում կենտրոնանում ենք նրանց թերությունների վրա։ Ողորմած ու ներողամի՞տ ենք, թե՞ քննադատող ու ոխակալ։ Ինքնաքննություն անելը կարող է բացահայտել, թե արդյոք թույլ տալիս ենք, որ մեր ընթերցածը ազդի մեր մտքերի, զգացմունքների և գործերի վրա (1 Տիմոթ. 4։12, 15; Եբր. 4։12)։ w23.02, էջ 12, պրբ. 13-14
24 փետրվարի, շաբաթ
Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ» (Ես. 41։13)։
Արիմաթեացի Հովսեփը հրեաների շրջանում շատ հարգված մարդ էր։ Նա Սինեդրիոնի՝ հրեական գերագույն ատյանի անդամ էր։ Սակայն Հիսուսի երկրային կյանքի ընթացքում Հովսեփը աչքի չէր ընկնում քաջությամբ։ Հովհաննեսը գրել է, որ նա «Հիսուսի աշակերտներից էր (բայց դա գաղտնի էր պահում, քանի որ վախենում էր հրեաներից)» (Հովհ. 19։38)։ Թեև Հովսեփը հետաքրքրված էր Թագավորության մասին լուրով, բայց մյուսներից թաքցնում էր, որ հավատում է Հիսուսին։ Հավանաբար նա վախենում էր, որ կկորցնի հասարակության մեջ ունեցած իր պատվավոր դիրքը։ Բայց Հիսուսի մահից հետո Հովսեփը վերջապես քաջությամբ լցվեց և «համարձակվեց Պիղատոսի մոտ մտնել ու նրանից խնդրեց Հիսուսի մարմինը» (Մարկ. 15։42, 43)։ Նա այլևս չէր փորձում թաքցնել, որ Հիսուսի աշակերտներից է։ Եղե՞լ է այնպես, որ Հովսեփի նման դու էլ վախենաս մարդկանցից։ w23.01, էջ 30, պրբ. 13-14
25 փետրվարի, կիրակի
Ի՜նչ երջանիկ են քո մարդիկ, և ի՜նչ երջանիկ են քո ծառաները, որ միշտ կանգնում են քո առաջ ու քո իմաստությունն են լսում (1 Թագ. 10։8)։
Սողոմոնի ղեկավարման տարիներին իսրայելացիների խաղաղ և բարգավաճ կյանքի մասին լուրերը հասել էին Սաբայի թագուհուն։ Նա երկար ճանապարհ էր անցել, որպեսզի գար Երուսաղեմ և սեփական աչքերով տեսներ այդ ամենը (1 Թագ. 10։1)։ Սողոմոնի թագավորությունը տեսնելուց հետո Սաբայի թագուհին ասաց այսօրվա համարի խոսքերը։ Բայց կյանքի այն պայմանները, որ կային Սողոմոնի օրոք, ընդամենը ստվերն էին այն բանի, ինչ Եհովան անելու է մարդկանց համար իր Որդու՝ Հիսուսի իշխանության ժամանակ։ Հիսուսը բոլոր առումներով գերազանցում է Սողոմոնին, ով անկատար մարդ էր և լուրջ սխալներ գործեց ու Աստծու ժողովրդին խնդիրների մեջ գցեց։ Բայց Հիսուսը կատարյալ Ղեկավար է, ով երբեք չի սխալվում (Ղուկ. 1։32; Եբր. 4։14, 15)։ Նա փաստեց, որ երբեք մեղք չի գործի ու չի անի այնպիսի բան, ինչը կվնասի իր նվիրված հպատակներին։ Նման Թագավոր ունենալը, անկասկած, մեծ պատիվ է։ w22.12, էջ 10-11, պրբ. 9-10
26 փետրվարի, երկուշաբթի
Հնազանդվեք ու հպատակվեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, որովհետև նրանք անդադար հոգ են տանում ձեր հոգիների մասին (Եբր. 13։17)։
Եթե մեր բնակության վայրում վարակիչ հիվանդություն է տարածվում, մենք պետք է հետևենք արտակարգ իրավիճակների հետ կապված իշխանությունների տված հրահանգներին, ինչպիսիք են ձեռքերը լվանալը, սոցիալական հեռավորություն պահելը, դիմակ կրելը և ինքնամեկուսանալը։ Այդպես ցույց կտանք, որ մեծապես գնահատում ենք Աստծու տված պարգևը՝ կյանքը։ Բայց հնարավոր է՝ մեր ընկերները, հարևանները և լրատվամիջոցները ապատեղեկատվություն տարածեն։ Մեր լսած «ամեն խոսքի» հավատալու փոխարեն մենք պետք է հետևենք ամենավստահելի աղբյուրներին, ինչպիսիք, օրինակ, կառավարության և առողջապահության ոլորտի մասնագետների տրամադրած տեղեկություններն են (Առակ. 14։15)։ Կառավարիչ մարմինը և մասնաճյուղերը նախքան ժողովների և քարոզչական գործի վերաբերյալ առաջնորդություն տալը ամեն ջանք թափում են, որ հավաստի տեղեկություններ ձեռք բերեն։ Հետևելով այդ առաջնորդությանը՝ մենք պաշտպանում ենք ինքներս մեզ և ուրիշներին։ Այդպիսով նաև բարձր ենք պահում ժողովի համբավը (1 Պետ. 2։12)։ w23.02, էջ 23, պրբ.11-12
27 փետրվարի, երեքշաբթի
Լսե[ք] ու սովորե[ք] վախենալ ձեր Աստված Եհովայից (2 Օրենք 31։13)։
Երբ իսրայելացիները մտան Ավետյաց երկիր, սփռվեցին այդ ողջ տարածքով մեկ։ Նրանք հեշտությամբ կարող էին մոռանալ երկրի մեկ այլ մասում ապրող իրենց ազգակիցների մասին և այլևս չհետաքրքրվել նրանցով։ Ուստի Եհովան քայլեր ձեռնարկեց, որ իր ժողովուրդը տարբեր առիթներով հավաքվի և լսի իր գրավոր Խոսքի ընթերցանությունն ու բացատրությունը (2 Օրենք 31։10-12; Նեեմ. 8։2, 8, 18)։ Պատկերացրու, թե ինչ էր զգում իսրայելացին, երբ գալով Երուսաղեմ՝ տեսնում էր երկրի բոլոր մասերից եկած միլիոնավոր այլ իսրայելացիների, որոնք նույնպես եկել էին պաշտելու Աստծուն։ Այդպես Եհովան օգնում էր իր ժողովրդին միավորված լինել։ Իսկ հետագայում, երբ կազմավորվեց քրիստոնեական ժողովը, այն բաղկացած էր տարբեր լեզվի ու մշակույթի պատկանող տղամարդկանցից ու կանանցից, որոնք ապրում էին տարբեր տնտեսական պայմաններում։ Բայց նրանք միավորված էին Աստծուն ճշմարիտ երկրպագություն մատուցելու հարցում։ Իսկ նրանք, ովքեր նոր էին հավատացյալ դառնում, Աստծու Խոսքը կարողանում էին հասկանալ միայն իրենց հավատակիցների օգնության և միասին հավաքվելու շնորհիվ (Գործ. 2։42; 8։30, 31)։ w23.02, էջ 3, պրբ. 7
28 փետրվարի, չորեքշաբթի
Սա է հավիտենական կյանքը (Հովհ. 17։3)։
Եհովան խոստանում է, որ իրեն հնազանդվող մարդիկ «հավիտենական կյանք» կունենան (Հռոմ. 6։23)։ Երբ խորհրդածում ենք այս խոստման շուրջ, ավելի շատ ենք սկսում սիրել Եհովային։ Մեր երկնային Հայրը այնքան շատ է սիրում մեզ, որ հնարավորություն է ընձեռում հավիտյան իր հետ լինելու։ Հավիտյան ապրելու հեռանկարը օգնում է մեզ դիմանալ դժվարություններին։ Նույնիսկ եթե մեր թշնամիները սպառնան խլել մեր կյանքը, միևնույն է, մենք փոխզիջումների չենք գնա և հավատարիմ կմնանք Եհովային։ Որովհետև եթե անգամ մահանանք էլ, գիտենք, որ Եհովան կարող է մեզ հարություն տալ, և մենք հնարավորություն կունենանք ապրելու հավիտյան (Հովհ. 5։28, 29; 1 Կորնթ. 15։55-58; Եբր. 2։15)։ Եհովան կյանքի Աղբյուրն է, և քանի որ նա հավիտյան է ապրում, կարո՛ղ է հավիտենական կյանք տալ մեզ (Սաղ. 36։9)։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Եհովան միշտ եղել է ու կլինի (Սաղ. 90։2; 102։12, 24, 27)։ w22.12, էջ 2, պրբ. 1-3
29 փետրվարի, հինգշաբթի
Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց. նեղությո՞ւնը, վի՞շտը, հալածա՞նքը (Հռոմ. 8։35)։
Որպես Եհովայի ժողովուրդ՝ մենք չենք զարմանում, երբ բախվում ենք փորձությունների։ Մենք Աստվածաշնչից գիտենք, որ «բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը» (Գործ. 14։22)։ Նաև հասկանում ենք, որ որոշ խնդիրներ լիովին չեն լուծվելու, քանի դեռ չի եկել նոր աշխարհը, որտեղ «մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտն. 21։4)։ Եհովան չի կանխում մեր փորձությունները, սակայն օգնում է, որ դիմանանք դրանց։ Պողոս առաքյալը Հռոմում ապրող քրիստոնյաներին սկզբում ասաց մի շարք փորձությունների մասին, որոնց բախվում էին իր հավատակիցները, այնուհետև գրեց. «Այս բոլոր բաներից մենք լիովին հաղթանակած ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ» (Հռոմ. 8։36, 37)։ Սա նշանակում է, որ Եհովան կարող է օգնել քեզ հաջողության հասնել, նույնիսկ երբ քո փորձությունը ընթացքի մեջ է։ w23.01, էջ 14, պրբ. 1-2