Մարտ
1 մարտի, ուրբաթ
Ինչո՞ւ ես պարծենում (1 Կորնթ. 4։7)։
Պետրոսը հորդորեց քրիստոնյաներին օգտագործել իրենց պարգևներն ու հմտությունները հավատակիցներին քաջալերելու համար։ Նա գրեց. «Ինչ չափով որ ամեն մեկը պարգև է ստացել, այդ չափով էլ օգտագործեք այն՝ իրար ծառայելով որպես հիանալի տնտեսներ Աստծու անզուգական բարության» (1 Պետ. 4։10)։ Մենք չպետք է վարանենք լիարժեքորեն օգտագործել մեր ունեցած պարգևները՝ վախենալով, որ ինչ-որ մեկը կնախանձի մեզ կամ կվհատվի։ Բայց պետք է նաև զգույշ լինենք, որ չպարծենանք դրանցով (1 Կորնթ. 4։6)։ Ցանկացած բնածին կարողություն պարգև է Աստծուց։ Ուստի մենք պետք է օգտագործենք այդ պարգևները ի նպաստ ժողովի, ոչ թե ինքներս մեզ գովազդելու համար (Փիլիպ. 2։3)։ Եթե մեր ուժերը և ունակությունները օգտագործենք Աստծու կամքը կատարելու համար, ուրախանալու պատճառ կունենանք։ Մենք ուրախ կլինենք ոչ թե այն պատճառով, որ ավելին ենք արել, քան մյուսները, կամ փորձել ենք ցույց տալ, որ գերազանցում ենք ուրիշներին, այլ այն պատճառով, որ մեր ունեցած պարգևներով փառք ենք բերել Եհովային։ w22.04, էջ 11-12, պրբ. 7-9
2 մարտի, շաբաթ
Բա՛ց արա աչքերս, որ տեսնեմ քո օրենքի սքանչելիքները (Սաղ. 119։18)։
Հիսուսը սիրում էր Սուրբ Գրքերը։ Դա հստակ երևում է Սաղմոս 40։8-ում գրված մարգարեական հետևյալ խոսքերից. «Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքը իմ սրտում է»։ Նման վերաբերմունքն օգնում էր նրան լինել երջանիկ և կատարել Եհովայի կամքը։ Եթե թույլ տանք, որ Աստծու Խոսքը արմատներ գցի մեր սրտում, մենք էլ երջանիկ կլինենք և լիարժեքորեն կկատարենք մեր ծառայությունը (Սաղ. 1։1-3)։ Հետևելով Հիսուսի խոսքերին և օրինակին՝ եկեք բարելավենք Աստվածաշնչի մեր ընթերցանությունը։ Աստվածաշունչը կարող ենք ավելի լավ հասկանալ, եթե աղոթենք, կարդանք առանց շտապելու, հարցեր տանք և կարճ նշումներ անենք։ Մենք պետք է նաև խորաթափանցություն դրսևորենք և աստվածաշնչյան հրատարակությունների միջոցով վերլուծենք մեր ընթերցածը։ Եվ եթե ընթերցելիս ճիշտ տրամադրվածություն ունենանք, թույլ կտանք, որ Աստծու Խոսքը ձևավորի մեզ։ Այսպիսով՝ ավելի շատ օգուտներ կքաղենք ընթերցանությունից և ավելի կմտերմանանք Եհովայի հետ (Սաղ. 119։17; Հակ. 4։8)։ w23.02, էջ 13, պրբ. 15-16
3 մարտի, կիրակի
Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն (Առակ. 21։5)։
Կոնկրետ նպատակ դիր, այնուհետև գործնական քայլեր ձեռնարկիր, որ հասնես նպատակիդ։ Ենթադրենք՝ ցանկանում ես բարելավվել սովորեցնելու գործում։ Կարող ես հանգամանորեն ուսումնասիրել «Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ» գրքույկը։ Բացի այդ, երբ միջշաբաթյա հանդիպմանը ուսումնական առաջադրանք ես ստանում, խնդրիր մի եղբոր, որ նախօրոք լսի քո պատրաստած առաջադրանքը և խորհուրդ տա, թե ինչը կարելի է բարելավել։ Ձգտիր ոչ միայն հմուտ, այլև աշխատասեր ու վստահելի մարդու համբավ ձեռք բերել (2 Կորնթ. 8։22)։ Իսկ եթե նպատակ ես դրել զարգացնել այնպիսի հմտություն, որը քեզ հեշտ չի տրվում, թևաթափ մի՛ եղիր։ Տիմոթեոսը դարձա՞վ փայլուն հռետոր կամ ազդեցիկ ուսուցիչ։ Աստվածաշունչն այդ մասին ոչինչ չի ասում։ Բայց, անկասկած, հետևելով Պողոս առաքյալի տված խորհրդին՝ Տիմոթեոսը սկսեց ավելի լավ կատարել իր հանձնարարությունները (2 Տիմոթ. 3։10)։ w22.04, էջ 24, պրբ. 8-11
4 մարտի, երկուշաբթի
Տեսա մի գազան, որ դուրս էր գալիս ծովից։ Նա տասը եղջյուր և յոթ գլուխ ուներ (Հայտն. 13։1)։
Ի՞նչ է ներկայացնում յոթ գլուխ ունեցող գազանը։ Այս գազանը նման է ընձառյուծի, բայց ունի արջի ոտքեր, առյուծի երախ և տասը եղջյուր։ Նմանատիպ առանձնահատկություններ ունեն նաև Դանիել 7-րդ գլխում նկարագրված չորս գազանները։ Սակայն «Հայտնություն» գրքում այս առանձնահատկությունները բնորոշ են ոչ թե չորս առանձին գազանների, այլ մեկ գազանի։ Յոթ գլուխ ունեցող գազանը չի ներկայացնում մեկ կառավարություն կամ մեկ աշխարհակալ ուժ։ Հովհաննեսն ասում է, որ այն իշխանություն ունի «ամեն ցեղի, ժողովրդի, լեզվի ու ազգի վրա»։ Ուստի այս գազանը ներկայացնում է մեկ կառավարությունից շատ ավելի հզոր մի բան (Հայտն. 13։7)։ Այն խորհրդանշում է բոլոր քաղաքական ուժերը, որոնք ողջ պատմության ընթացքում իշխել են մարդկության վրա (Ժող. 8։9)։ Մեկ այլ ապացույց է այն որ «տասը» թիվը Աստվածաշնչում հաճախ ամբողջություն է նշանակում։ w22.05, էջ 9, պրբ. 6
5 մարտի, երեքշաբթի
Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի (Հայտն. 21։4)։
Ովքե՞ր են վայելելու այս հիանալի օրհնությունները։ Նախևառաջ՝ Արմագեդոնից վերապրած մեծ բազմությունը և այն երեխաները, որոնք հավանաբար կծնվեն նոր աշխարհում։ Բացի այդ՝ Հայտնություն 20-րդ գլխում ասվում է, որ մահացածների հարություն է լինելու (Հայտն. 20։11-13)։ Երկրի վրա հարություն կառնեն Աստծու հավատարիմ ծառաները՝ «արդարները», ինչպես նաև «անարդարները»՝ նրանք, ովքեր բավարար հնարավորություն չեն ունեցել սովորելու Եհովայի մասին (Գործ. 24։15; Հովհ. 5։28, 29)։ Սա նշանակում է, որ Հազարամյակի ընթացքում բոլո՞րն են հարություն առնելու։ Ո՛չ։ Նրանք, ովքեր նախքան մահանալը միտումնավոր մերժել են Եհովային ծառայելու հնարավորությունը, հարություն չեն առնի։ Նրանց տրվել է այդ հնարավորությունը, բայց նրանք փաստել են, որ արժանի չեն ապրելու դրախտային երկրի վրա (Մատթ. 25։46; 2 Թեսաղ. 1։9; Հայտն. 17։8; 20։15)։ w22.05, էջ 18, պրբ. 16-17
6 մարտի, չորեքշաբթի
Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դու ունես (Հովհ. 6։68)։
Մաքուր երկրպագությունը առաջ տանելու նպատակով Հիսուսը «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով մի հիանալի կազմակերպություն է հաստատել երկրի վրա (Մատթ. 24։45)։ Ի՞նչ տեսակետ ունես այդ կազմակերպության մասին։ Մտածելով այս հարցի շուրջ՝ թերևս միտքդ են գալիս Հիսուսին ասված Պետրոս առաքյալի խոսքերը, որ գրված են այսօրվա համարում։ Որտե՞ղ կլինեինք հիմա, եթե չիմանայինք Եհովայի կազմակերպության մասին։ Դրա միջոցով Քրիստոսը մեզ հոգևոր առատ սնունդ է տալիս։ Նա նաև կրթում է մեզ, որ արդյունավետորեն կատարենք մեր ծառայությունը, և օգնում է հագնել «նոր անձնավորությունը», որպեսզի կարողանանք հաճեցնել Եհովային (Եփես. 4։24)։ Հիսուսը իմաստուն առաջնորդություն է տալիս դժվարին ժամանակներում։ Մենք դա ակնհայտ կերպով տեսանք, երբ բռնկվեց COVID-19 համավարակը։ Աշխարհում շատերը չգիտեին՝ ինչ անել։ Բայց Հիսուսը հոգ տարավ, որ հստակ հրահանգներ ստանանք այն մասին, թե ինչպես ապահով ու պաշտպանված լինենք։ w22.07, էջ 12, պրբ. 13-14
7 մարտի, հինգշաբթի
Հավաստիանաք, թե ինչն է ավելի կարևոր (Փիլիպ. 1։10)։
Եհովան իսրայելացիներին պատվիրել էր, որ իրենց երեխաների հետ կանոնավորաբար խոսեին իր մասին (2 Օրենք 6։6, 7)։ Ծնողները օրվա ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ունեին իրենց երեխաների հետ խոսելու և նրանց սրտում Եհովայի հանդեպ սեր զարգացնելու։ Օրինակ՝ իսրայելացի տղան կարող էր ժամեր շարունակ օգնել հորը վարուցանքի և բերքահավաքի գործում։ Իսկ նրա քույրը գուցե օրվա մեծ մասը օգներ իրենց մորը կարելու, գործելու կամ այլ տնային գործերում։ Միասին աշխատելիս ծնողներն ու երեխաները կարող էին զրուցել բազմաթիվ թեմաների շուրջ, օրինակ՝ այն մասին, թե ինչ լավ բաներ է Եհովան արել իրենց համար, և թե ինչպես է աջակցում իրենց ընտանիքին։ Շատ երկրներում ծնողներին չի հաջողվում օրվա ընթացում ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ։ Նրանք գուցե աշխատանքի լինեն, իսկ երեխաները՝ դպրոցում։ Ուստի ծնողները պետք է առիթներ ստեղծեն, որպեսզի զրուցեն երեխաների հետ (Եփես. 5։15, 16)։ w22.05, էջ 28, պրբ. 10-11
8 մարտի, ուրբաթ
Ի՞նչ է, չգիտե՞ք, որ անարդար մարդիկ Աստծու թագավորությունը չեն ժառանգելու (1 Կորնթ. 6։9)։
Լուրջ մեղք գործելով՝ անհատը կոպտորեն ոտնահարում է Աստծու օրենքները։ Եթե քրիստոնյան այդպիսի մեղք է գործում, նա պետք է աղոթքով ներում խնդրի Եհովա Աստծուց և խոսի ժողովի երեցների հետ (Սաղ. 32։5; Հակ. 5։14)։ Իսկ ո՞րն է երեցների դերը։ Միմիայն Եհովան իշխանություն ունի ամբողջությամբ ներելու մեր մեղքերը, և նա դա անում է՝ կիրառելով փրկագինը։ Նա երեցներին է հանձնարարել Աստվածաշնչի հիման վրա որոշելու՝ արդյոք մեղք գործած անհատը կարող է մնալ ժողովում, թե ոչ (1 Կորնթ. 5։12)։ Դա անելու կերպերից մեկը հետևյալ հարցերը քննելն է. «Անհատը գիտակցաբա՞ր է մեղք գործել։ Արդյո՞ք նախօրոք է ծրագրել այդպես վարվել։ Երկա՞ր ժամանակ է գաղտնաբար մեղք գործել։ Իսկ որ ամենակարևորն է, արդյո՞ք երևում է, որ նա անկեղծորեն զղջում է։ Նշաններ կա՞ն, որ Եհովան ներել է նրան» (Գործ. 3։19)։ w22.06, էջ 9, պրբ. 4
9 մարտի, շաբաթ
Ճշմարտություն.... սիրեք (Զաք. 8։19)։
Հիսուսն իր հետևորդներին հորդորել է արդարության հետամուտ լինել (Մատթ. 5։6)։ Սա նշանակում է մեծ ցանկություն ունենալ անելու այն, ինչը ճիշտ է, բարի և մաքուր Եհովայի տեսանկյունից։ Իսկ դու արդարություն և ճշմարտություն սիրո՞ւմ ես։ Վստահ ենք, որ սիրում ես։ Բացի այդ՝ գիտենք, որ ատում ես անարդարությունն ու ստությունը (Սաղ. 119։128, 163)։ Նա, ով ստում է, ընդօրինակում է այս աշխարհի Իշխանին՝ Սատանային (Հովհ. 8։44; 12։31)։ Նրա նպատակներից մեկը Եհովա Աստծու սուրբ անունը վարկաբեկելն է։ Եդեմում տեղի ունեցած ապստամբությունից սկսած՝ Սատանան մեր Աստծու մասին ստեր է տարածում։ Նա Եհովային ներկայացնում է որպես եսասեր և խարդախ ղեկավարի, ով մարդկանց զրկում է լավ բաներից (Ծննդ. 3։1, 4, 5)։ Սատանան մարդկանց սրտում և մտքում շարունակ Եհովայի մասին ստեր է սերմանում։ Եվ երբ մարդիկ որոշում են չսիրել ճշմարտությունը, նա մղում է նրանց ամեն տեսակ անարդար և չար գործեր անելու (Հռոմ. 1։25-31)։ w23.03, էջ 2, պրբ. 3
10 մարտի, կիրակի
[Եհովայի] բարությունը հավերժական է (Սաղ. 100։5)։
Վատ սովորությունները հաղթահարելիս հնարավոր է՝ երբեմն սայթաքես, կամ էլ հիասթափվես՝ մտածելով, որ նպատակիդ հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունես անցնելու։ Եհովայի հանդեպ սերը կօգնի, որ դիմանաս։ Այդ սերը լավագույն բանն է, որ ունես (Առակ. 3։3-6)։ Աստծու հանդեպ ուժգին սերը կօգնի քեզ հաղթահարել կյանքի դժվարությունները։ Աստվածաշնչում հաճախ է խոսվում նվիրված սիրո մասին, որ Եհովան տածում է իր ծառաների հանդեպ։ Այն ուժգին կապվածություն է, որը երբեք չի անցնում։ Մենք ստեղծված ենք Աստծու պատկերով (Ծննդ. 1։26)։ Ուստի կարող ենք ընդօրինակել նրան։ Ինչպե՞ս։ Նախ՝ երախտագիտություն զարգացրու (1 Թեսաղ. 5։18)։ Ամեն օր ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս է Եհովան սեր ցուցաբերել իմ հանդեպ»։ Այնուհետև՝ աղոթքով շնորհակալություն հայտնիր նրան՝ նշելով կոնկրետ բաներ, որ նա արել է քեզ համար։ Ուշադիր եղիր և տես, թե ինչպես է Եհովան անձամբ քո հանդեպ սեր դրսևորում։ w23.03, էջ 12, պրբ. 17-19
11 մարտի, երկուշաբթի
[Հիսուսը] գիտեր, թե ինչ կա մարդու սրտում (Հովհ. 2։25)։
Հիսուսը 12 առաքյալների հետ բարությամբ և սիրով վարվեց։ Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ են անում ուրիշ մարդիկ, այլ նաև այն, թե ինչպես ենք մենք արձագանքում նրանց սխալներին։ Երբ նեղվում ենք մեր հավատակցից, կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ինչո՞ւ է նրա արածը այդքան ազդում ինձ վրա։ Գուցե պատճառն այն է, որ ինչ-որ բացասական հատկությո՞ւն ունեմ, որի վրա պետք է աշխատեմ, կամ գուցե ինձ վիրավորողը ինչ-որ դժվարության միջո՞վ է անցնում։ Նույնիսկ եթե վիրավորվելու արդարացի պատճառ ունեմ, կարո՞ղ եմ անձնազոհ սեր դրսևորել և անտեսել նրա սխալը»։ Եթե միմյանց հետ սիրով վարվենք, կփաստենք, որ Հիսուսի ճշմարիտ հետևորդներն ենք։ Հիսուսի օրինակից նաև սովորում ենք, որ պետք է ըմբռնումով մոտենանք մեր հավատակիցներին (Առակ. 20։5)։ Մենք չենք կարող սրտեր կարդալ, ինչպես որ Հիսուսն էր անում, բայց կարող ենք անտեսել մեր եղբայրների ու քույրերի թերացումները (Եփես. 4։1, 2; 1 Պետ. 3։8)։ Այդպես վարվելը ավելի հեշտ կլինի, եթե լավ ճանաչենք նրանց։ w23.03, էջ 30, պրբ. 14-16
12 մարտի, երեքշաբթի
Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի (Ղուկ. 20։38)։
Սատանան գուցե օգտվի այն հանգամանքից, որ մենք առողջական լուրջ խնդիր ունենք, և ստիպի մեզ փոխզիջումների գնալ։ Բժիշկները և մեր ոչ Վկա հարազատները թերևս ճնշում բանեցնեն, որ համաձայնվենք արյան փոխներարկման, ինչով, սակայն, կոտնահարենք Աստծու օրենքը։ Հնարավոր է նաև՝ մեզ համոզեն ընդունել մեկ այլ բուժմեթոդ, որը դեմ է աստվածաշնչյան սկզբունքներին։ Մենք չենք ցանկանում մահանալ, բայց վստահ ենք, որ եթե նույնիսկ կորցնենք մեր կյանքը, Եհովան երբեք չի դադարի մեզ սիրել (Հռոմ. 8։37-39)։ Երբ Եհովայի ընկերները մահանում են, նրանք մնում են նրա հիշողության մեջ, ասես դեռ կենդանի են (Ղուկ. 20։37)։ Նա փափագում է նորից կյանքի բերել նրանց (Հոբ 14։15)։ Եհովան շատ մեծ գին է վճարել, որ մենք «հավիտենական կյանք ունենանք» (Հովհ. 3։16)։ Մենք վստահ ենք, որ Եհովան ջերմորեն սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին։ Ուստի երբ հիվանդ ենք կամ մահվան սպառնալիքի տակ, Եհովային լքելու փոխարեն մենք նրան ենք դիմում մխիթարություն, իմաստություն և զորություն ստանալու համար (Սաղ. 41։3)։ w22.06, էջ 18, պրբ. 16-17
13 մարտի, չորեքշաբթի
Ճշմարիտ իմաստությունը բարձրաձայն կանչում է փողոցներում (Առակ. 1։20)։
Աստվածաշնչում կարդում ենք. «Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է, և Ամենասուրբի մասին գիտելիքն է հասկացողությունը» (Առակ. 9։10)։ Մենք ճշմարիտ իմաստություն ձեռք կբերենք, երբ կարևոր որոշումներ կայացնելիս առաջնորդվենք «Ամենասուրբի մասին գիտելիքով», այսինքն՝ Եհովայի մտածելակերպով։ Իսկ այդ գիտելիքները ստանալու համար մենք պետք է ուսումնասիրենք Աստվածաշունչը և դրա վրա հիմնված հրատարակությունները (Առակ. 2։5-7)։ Միայն Եհովան կարող է մեզ իսկապես իմաստուն դարձնել (Հռոմ. 16։27)։ Նա է ճշմարիտ իմաստության միակ Աղբյուրը։ Նախ՝ այն պատճառով, որ նա մեր Արարիչն է և ամեն բան գիտի իր ստեղծագործության մասին (Սաղ. 104։24)։ Երկրորդ՝ Եհովայի բոլոր գործերը վկայում են, որ նա իմաստուն է (Հռոմ. 11։33)։ Եվ երրորդ՝ Եհովայի իմաստուն խորհուրդները միշտ օգուտներ են բերում նրանց, ովքեր կիրառում են դրանք (Առակ. 2։10-12)։ Եթե ցանկանում ենք ճշմարիտ իմաստություն ձեռք բերել, պետք է ընդունենք այս երեք հիմնարար ճշմարտությունները և որևէ բան անելիս կամ որևէ որոշում կայացնելիս առաջնորդվենք դրանցով։ w22.10, էջ 19, պրբ. 3-4
14 մարտի, հինգշաբթի
Պատերազմ բռնկվեց երկնքում. Միքայելը և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ, և վիշապն ու նրա հրեշտակներն էլ պատերազմեցին, բայց վիշապը չկարողացավ դիմադրել, ու նրանց համար այլևս տեղ չեղավ երկնքում (Հայտն. 12։7, 8)։
Հայտնություն 12-րդ գլխում կարդում ենք, որ Սատանան պարտություն կրեց, և նա ու նրա դևերը ցած գցվեցին երկրի վրա։ Մեծ բարկությամբ լցված՝ Սատանան սկսեց իր զայրույթը թափել մարդկության վրա՝ «վայ [բերելով] երկրին» (Հայտն. 12։9-12)։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները և մարդկանց վարքագծի ակնհայտ փոփոխությունը օգնում են մեզ հասկանալ, որ Հիսուսը Թագավոր է դարձել։ Ուստի մարդկանց եսասիրությունն ու դաժանությունը տեսնելով՝ մենք չենք ընկճվում, քանի որ նրանց վարքագիծը հիշեցնում է մեզ, որ աստվածաշնչյան մարգարեությունը կատարվում է։ Այո՛, Աստծու Թագավորությունն իշխում է (Սաղ. 37։1)։ Մենք պետք է ակնկալենք, որ մինչ մոտենում է Արմագեդոնը, աշխարհի վիճակը ավելի է վատանալու (Մարկ. 13։8; 2 Տիմոթ. 3։13)։ Մի՞թե երախտապարտ չես մեր սիրառատ երկնային Հորը այն բանի համար, որ օգնում է մեզ հասկանալ այս անհանգիստ ժամանակների նշանակությունը։ w22.07, էջ 3-4, պրբ. 7-8
15 մարտի, ուրբաթ
Արդար մարդու աղաչանքը իր ազդեցությամբ մեծ ուժ ունի (Հակ. 5։16)։
Մենք կարող ենք խնդրել Եհովային, որ օգնի մեր հավատակիցներին դիմանալ այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են առողջական խնդիրները, բնական աղետները, պատերազմը, հալածանքը և այլն։ Կարող ենք աղոթել նաև այն անձնազոհ եղբայրների ու քույրերի համար, ովքեր օգնում են կարիքի մեջ եղողներին։ Գուցե անհատապես ճանաչում ես որոշ հավատակիցների, ովքեր նմանատիպ դժվարությունների միջով են անցնում։ Կարո՞ղ ես քո անձնական աղոթքներում խնդրել նրանց համար՝ նշելով նրանց անունները։ Մենք իսկական եղբայրական սեր կդրսևորենք, եթե խնդրենք Եհովային, որ օգնի նրանց դիմանալ։ Ժողովում առաջնորդություն վերցնող եղբայրները մեծապես գնահատում են իրենց համար արված աղոթքները և օգուտներ են քաղում դրանցից։ Պողոսը հասկանում էր, որ իր հավատակիցների աղոթքների կարիքն ունի։ Նա գրեց. «Աղաչանք արեք.... նաև ինձ համար, որպեսզի կարողանամ խոսելու ազատությամբ խոսել՝ հայտնի դարձնելով բարի լուրի սրբազան գաղտնիքը» (Եփես. 6։18, 19)։ Այսօր էլ շատ ջանասեր եղբայրներ կան, ովքեր առաջնորդություն են վերցնում կազմակերպության մեջ։ Մենք սեր դրսևորած կլինենք նրանց հանդեպ, եթե խնդրենք Եհովային, որ օրհնի նրանց ջանքերը։ w22.07, էջ 23-24, պրբ. 14-16
16 մարտի, շաբաթ
Եկեք.... կրենք.... իբրև սաղավարտ՝ փրկության հույսը (1 Թեսաղ. 5։8)։
Զինվորը պատերազմի ժամանակ սաղավարտ է կրում, որ իր գլուխը պաշտպանի։ Այսօր մենք հոգևոր պատերազմ ենք մղում և կարիք ունենք պաշտպանելու մեր միտքը Սատանայի հարձակումներից։ Նա հեղեղում է մեզ գայթակղություններով և այնպիսի գաղափարներով, որոնց նպատակն է ապականել մեր միտքը։ Եվ ինչպես սաղավարտն է պաշտպանում զինվորի գլուխը, այնպես էլ հույսն է պաշտպանում մեր միտքը, որ կարողանանք հավատարիմ մնալ։ Եթե թույլ տանք, որ մեր հույսը խամրի, և մարմնավոր մտածելակերպը գլուխ բարձրացնի, կարող ենք հեշտությամբ մեր տեսադաշտից կորցնել հավիտյան ապրելու հեռանկարը։ Հին Կորնթոսում ապրող որոշ քրիստոնյաներ կորցրին հավատը հարության հույսի հանդեպ, որը Աստծու տված գլխավոր խոստումներից է (1 Կորնթ. 15։12)։ Ինչպես Պողոսը գրեց, նրանք, ովքեր ապագա կյանքի հույս չունեն, ապրում են միայն ներկայով (1 Կորնթ. 15։32)։ Այսօր Աստծու խոստումներին չհավատացող շատ մարդիկ ապրում են միայն տվյալ պահով՝ ձգտելով օգտվել բոլոր հաճույքներից։ Բայց մենք այդպես չենք վարվում, քանի որ հավատում ենք ապագայի վերաբերյալ Աստծու խոստումներին։ w22.10, էջ 25-26, պրբ. 8-9
17 մարտի, կիրակի
Անդադար աղոթեք (1 Թեսաղ. 5։17)։
Եհովան ցանկանում է, որ աղոթես իրեն։ Նա տեսնում է, թե ինչերի միջով ես անցնում, և հավաստիացնում է, որ ցանկացած պահի կլսի քո աղոթքները։ Նրան հաճելի է լսել իրեն պաշտողներին (Առակ. 15։8)։ Իսկ ինչի՞ մասին կարող ես աղոթել, երբ քեզ միայնակ ես զգում։ Դատարկիր սիրտդ Եհովայի առաջ և ասա նրան, թե ինչ ես զգում (Սաղ. 62։8)։ Պատմիր, թե ինչ անհանգստություններ ունես և թե ինչ ապրումներ ես ունենում դրանց պատճառով։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ հասկանալ, թե ինչպես ձերբազատվես բացասական զգացումներից, և քաջություն տա, որ կարողանաս խոսել։ Նաև իմաստություն խնդրիր, որ նրբանկատորեն բացատրես համոզմունքներդ (Ղուկ. 21։14, 15)։ Եթե պայքարում ես բացասական զգացումների դեմ, աղոթիր Եհովային, որ օգնի քեզ խոսել որևէ հասուն քրիստոնյայի հետ։ Նաև խնդրիր, որ այդ հավատակցին օգնի ուշադրությամբ լսել քեզ ու հասկանալ։ Տես, թե ինչպես է նա պատասխանում քո աղոթքներին, և ընդունիր ուրիշների օգնությունը։ Այդպես կկարողանաս հաղթահարել միայնության զգացումը։ w22.08, էջ 10, պրբ. 6
18 մարտի, երկուշաբթի
Սրանք բոլորը կայսրի հրահանգներին հակառակ են վարվում (Գործ. 17։7)։
Թեսաղոնիկեի նոր կազմավորված ժողովը բախվեց ուժեղ հակառակության։ Թշնամիների կատաղի ամբոխը քարշ տվեց «մի քանի եղբայրների.... քաղաքի իշխանների մոտ» (Գործ. 17։6)։ Կարելի է պատկերացնել, թե որքան էին վախեցել այդ նորահավատ քրիստոնյաները։ Դա կարող էր պատճառ դառնալ, որ ծառայության հանդեպ նրանց եռանդը թուլանար, բայց Պողոս առաքյալը չէր ցանկանում, որ նման բան լիներ։ Նա քայլեր ձեռնարկեց, որ ինչ-որ մեկը հոգ տանի այդ նորաստեղծ ժողովի մասին։ Դա իմանում ենք Պողոսի՝ թեսաղոնիկեցիներին գրած հետևյալ խոսքերից. «Տիմոթեոսին՝ մեր եղբորը.... ուղարկեցինք, որպեսզի նա հաստատի ու մխիթարի ձեզ հօգուտ ձեր հավատի, որ ոչ մեկի հավատը չսասանվի այս նեղություններից» (1 Թեսաղ. 3։2, 3)։ Տիմոթեոսը ականատես էր եղել, թե ինչպես է Պողոսը զորացնում Լյուստրայի եղբայրներին։ Տիմոթեոսը տեսել էր, թե ինչպես է Եհովան աջակցում իր ծառաներին, ուստի կարող էր հավաստիացնել իր նորահավատ եղբայրներին ու քույրերին, որ նրանց հետ էլ ամեն բան լավ կլինի (Գործ. 14։8, 19-22; Եբր. 12։2)։ w22.08, էջ 21, պրբ. 4
19 մարտի, երեքշաբթի
Նրա միջոցով կյանք [ենք] ստան[ում] (1 Հովհ. 4։9)։
19-րդ դարի վերջում մի խումբ Աստվածաշունչ ուսումնասիրողներ Չարլզ Թեյզ Ռասելի գլխավորությամբ սկսեցին մանրամասնորեն ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Նրանք ցանկանում էին իմանալ, թե իրականում ինչ նշանակություն ունի Հիսուսի զոհագործությունը, և թե ինչպես է հարկավոր նշել նրա մահը։ Այսօր մենք մեծ օգուտներ ենք քաղում նրանց հետազոտություններից։ Մենք հասկացել ենք Հիսուսի զոհագործության մասին ճշմարտությունը, և այն, թե ինչ է իրագործվում դրա շնորհիվ (1 Հովհ. 2։1, 2)։ Մենք նաև իմացել ենք, որ Աստվածաշունչը երկու տեսակի հույս է տալիս այն մարդկանց, ովքեր հաճեցնում են Աստծուն. ոմանց սպասում է անմահ կյանք երկնքում, իսկ ոմանց էլ՝ հավիտենական կյանք երկրի վրա։ Երբ խորհում ենք այն մասին, թե որքան շատ է Եհովան մեզ սիրում, և թե ինչ մեծ օգուտներ է բերում Հիսուսի փրկագինը անձամբ մեզ, մտերմանում ենք Եհովայի հետ (1 Պետ. 3։18)։ Ուստի անցյալում ապրած մեր հավատարիմ եղբայրների ու քույրերի նման մենք մարդկանց հրավիրում ենք նշելու Հիշատակի երեկոն ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն է հաստատել։ w23.01, էջ 21, պրբ. 6-7
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյից առաջ (նիսանի 9-ի դեպքերը՝ մայրամուտից հետո) Մարկոս 14։3-9
20 մարտի, չորեքշաբթի
Նա մահացավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ (2 Կորնթ. 5։15)։
Հիսուսը մարդկանց պատմում էր Աստծու Թագավորության և այն օրհնությունների մասին, որ բերելու է այդ Թագավորությունը։ Մենք երախտապարտ ենք Հիսուսի տված փրկագնի համար, քանի որ այն հնարավորություն է տալիս մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի և Հիսուսի հետ։ Բացի այդ՝ նրանք, ովքեր հավատում են Հիսուսին, հույս ունեն հավիտյան ապրելու և կրկին տեսնելու իրենց մահացած հարազատներին (Հովհ. 5։28, 29; Հռոմ. 6։23)։ Մենք ոչինչ չենք արել, որ արժանանանք այս օրհնություններին, և երբեք չենք կարողանա փոխհատուցել Աստծուն և Քրիստոսին այն ամենի դիմաց, ինչ նրանք արել են մեզ համար (Հռոմ. 5։8, 20, 21)։ Բայց կարող ենք մեր խոր գնահատանքը արտահայտել նրանց հանդեպ՝ օգտագործելով մեր միջոցները Թագավորության գործն առաջ տանելու համար։ Օրինակ՝ կարող ենք մասնակցել աստվածապետական շինություններ կառուցելու և դրանք տեխսպասարկելու աշխատանքներին։ w23.01, էջ 26, պրբ. 3; էջ 28, պրբ. 5
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյից առաջ (նիսանի 9-ի ցերեկվա դեպքերը) Մարկոս 11։1-11
21 մարտի, հինգշաբթի
Ես տեսա, ահա Գառը.... ու նրա հետ հարյուր քառասունչորս հազար հոգի (Հայտն. 14։1)։
Հիսուսն ու 144 000-ը հոգ են տանելու երկրագնդով մեկ սփռված միլիարդավոր մարդկանց մասին։ Հիսուսի նման՝ օծյալները ծառայելու են որպես թագավորներ ու քահանաներ (Հայտն. 5։10)։ Ըստ Մովսիսական օրենքի՝ քահանաների հիմնական պարտականությունն էր հոգ տանել ժողովրդի ֆիզիկական և հոգևոր առողջության մասին։ Եվ քանի որ Օրենքը «ուներ գալիք օրհնությունների ստվերը», տրամաբանական է եզրակացնել, որ Հիսուսի իշխանակիցները առանձնահատուկ դեր կունենան Աստծու ժողովրդի ֆիզիկական և հոգևոր կարիքները հոգալու հարցում (Եբր. 10։1)։ Իսկ ինչպե՞ս են այս թագավորներն ու քահանաները հաղորդակցվելու Աստծու Թագավորության հպատակների հետ։ Պետք է սպասենք ու տեսնենք։ Մենք կարող ենք համոզված լինել, որ նոր աշխարհում ապրողները կստանան անհրաժեշտ առաջնորդությունը (Հայտն. 21։3, 4)։ w22.12, էջ 11, պրբ. 11-13
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյից առաջ (նիսանի 10-ի ցերեկվա դեպքերը) Մարկոս 11։12-19
22 մարտի, ուրբաթ
[Դուք] հռչակում եք Տիրոջ մահը, մինչև որ նա գա (1 Կորնթ. 11։26)։
Պատճառներից մեկը, որ մարդկանց հրավիրում ենք Հիշատակի երեկոյին այն է, որ միջոցառմանը առաջին անգամ ներկա լինողները իմանան, թե Եհովան ու Հիսուսը ինչ են արել բոլորիս համար (Հովհ. 3։16)։ Մենք հույս ունենք, որ այն, ինչ նրանք կտեսնեն ու կլսեն այդ երեկոյի ընթացքում, կմղի նրանց ավելին իմանալու և դառնալու Եհովայի ծառաներից մեկը։ Մենք նաև հրավիրում ենք նրանց, ովքեր ոչ ակտիվ են դարձել Եհովային ծառայելու գործում։ Այդպես ուզում ենք հիշեցնել նրանց, որ Աստված դեռ սիրում է իրենց։ Մենք անչափ ուրախանում ենք՝ տեսնելով նրանց այդ միջոցառմանը։ Հիշատակի երեկոյին ներկա լինելով՝ այդ եղբայրներն ու քույրերը վերհիշում են այն ուրախությունը, որ մի ժամանակ վայելում էին Եհովային ծառայելիս (Սաղ. 103։1-4)։ Անկախ նրանից՝ մարդիկ ընդունում են մեր հրավերը, թե ոչ, մենք շարունակում ենք նրանց հրավիրել Հիշատակի երեկոյին, քանի որ գիտենք, որ Եհովայի համար կարևորը մարդիկ են (Ղուկ. 15։7; 1 Տիմոթ. 2։3, 4)։ w23.01, էջ 20, պրբ. 1; էջ 22-23, պրբ. 9-11
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյից առաջ (նիսանի 11-ի ցերեկվա դեպքերը) Մարկոս 11։20-12։27, 41-44
23 մարտի, շաբաթ
Եհովայի աչքը իրենից վախեցողների վրա է (Սաղ. 33։18)։
Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը մի հատուկ խնդրանքով դիմեց Եհովային։ Նա խնդրեց, որ Նա «պահպանի» իր հետևորդներին (Հովհ. 17։15, 20)։ Եհովան միշտ էլ պաշտպանել է իր ծառաներին և հոգ է տարել նրանց մասին։ Բայց Հիսուսը գիտեր, որ Սատանան կատաղի կերպով հալածելու էր իր հետևորդներին, և որ նրանք Եհովայի օգնության կարիքն էին ունենալու Սատանայի նենգ հարձակումներին դիմադրելու համար։ Այսօր Սատանայի աշխարհը մեծ ճնշում է բանեցնում ճշմարիտ քրիստոնյաների վրա։ Մեր կյանքում այնպիսի դժվարություններ են լինում, որոնք կարող են վհատեցնել մեզ և նույնիսկ փորձել Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը։ Բայց մենք վախենալու պատճառ չունենք։ Եհովան իր աչքը մեզ վրա է պահում. նա տեսնում է, թե ինչ դժվարությունների ենք բախվում և միշտ պատրաստ է օգնելու։ Այո՛, «Եհովայի աչքը իրենից վախեցողների վրա է.... որպեսզի նրանց հոգին փրկի» (Սաղ. 33։18-20)։ w22.08, էջ 8, պրբ. 1-2
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյից առաջ (նիսանի 12-ի ցերեկվա դեպքերը) Մարկոս 14։1, 2, 10, 11; Մատթեոս 26։1-5, 14-16
ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՆ
մայրամուտից հետո
24 մարտի, կիրակի
Սա արեք ինձ հիշելու համար (Ղուկ. 22։19)։
Ամեն տարի Հիշատակի երեկոյի շրջանում մենք արտահայտում ենք մեր երախտագիտությունը Հիսուսի զոհագործության հանդեպ՝ խորհելով և աղոթելով այն մասին, թե ինչ նշանակություն ունի նրա մահը մարդկանց համար։ Նաև հնարավորինս շատ մարդկանց ենք հրավիրում այդ հատուկ միջոցառմանը և ամեն ինչ անում ենք, որպեսզի ոչինչ չխանգարի մեզ ներկա լինել։ Հիշատակի երեկոյին իմանում ենք, թե ինչու մարդիկ փրկագնի կարիք ունեն, և թե ինչպես կարող է մեկ մարդու մահը ծածկել շատերի մեղքերը։ Նաև վերհիշում ենք, թե ինչ են խորհրդանշում հացն ու գինին, և ովքեր պետք է օգտվեն դրանցից (Ղուկ. 22։19, 20)։ Բացի այդ՝ խորհրդածում ենք այն օրհնությունների շուրջ, որ սպասում են այն մարդկանց, ովքեր հույս ունեն ապրելու երկրի վրա (Ես. 35։5, 6; 65։17, 21-23)։ Այս ճշմարտություններն իմանալը երբեք չպետք է սովորական բան համարենք։ w23.01, էջ 20, պրբ. 2, 4
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյի օրը (նիսանի 13-ի ցերեկվա դեպքերը) Մարկոս 14։12-16; Մատթեոս 26։17-19 (նիսանի 14-ի դեպքերը՝ մայրամուտից հետո) Մարկոս 14։17-72
25 մարտի, երկուշաբթի
Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ.... հավիտենական կյանք ունենա (Հովհ. 3։16)։
Իր Որդուն որպես փրկագին տալով՝ Աստված հավիտյան ապրելու հնարավորություն տվեց մեզ (Մատթ. 20։28)։ Պողոսը գրեց. «Ինչպես որ մահն է մարդու միջոցով, այնպես էլ մահացածների հարությունն է մարդու միջոցով, որովհետև ինչպես Ադամով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (1 Կորնթ. 15։21, 22)։ Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել, որ գա Աստծու Թագավորությունը, և որ Աստծու կամքը կատարվի երկրի վրա (Մատթ. 6։9, 10)։ Իսկ Աստծու կամքի մեջ մտնում է այն, որ մարդիկ հավիտյան ապրեն երկրի վրա։ Այդ նպատակն իրագործելու համար Եհովան իր Որդուն նշանակել է Մեսիական Թագավորության Թագավոր։ Բացի այդ՝ նա երկրի վրայից հավաքում է 144 000 հոգու, որպեսզի նրանք Հիսուսի հետ իրականացնեն իր կամքը (Հայտն. 5։9, 10)։ w22.12, էջ 5, պրբ. 11-12
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյից հետո (նիսանի 14-ի ցերեկվա դեպքերը) Մարկոս 15։1-47
26 մարտի, երեքշաբթի
Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ.... որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար (2 Կորնթ. 5։14, 15)։
Երբ մահանում է մեր հարազատներից մեկը, մենք շատ ենք կարոտում նրան։ Սկզբում գուցե միայն ցավ ենք զգում, հատկապես եթե մեր սիրելին տառապել է մահանալուց առաջ։ Բայց որոշ ժամանակ անց հիշելով, թե նա ինչեր է սովորեցրել մեզ, ինչեր է ասել ու արել մեզ քաջալերելու և ժպիտ պարգևելու համար՝ մեր սիրտը ուրախությամբ է լցվում։ Նմանապես, մենք տխրում ենք, երբ կարդում ենք Հիսուսի տառապանքների և մահվան մասին։ Հիշատակի երեկոյի շրջանում մենք հատուկ ժամանակ ենք տրամադրում, որ խորհենք նրա տված քավիչ զոհի կարևորության մասին (1 Կորնթ. 11։24, 25)։ Բայց մենք նաև մեծ ուրախությամբ ենք լցվում, երբ մտածում ենք, թե ինչեր է Հիսուսն արել ու ասել երկրի վրա եղած ժամանակ։ Բացի այդ՝ մենք անչափ քաջալերվում ենք, երբ մտածում ենք, թե ինչեր է նա անում մեզ համար այժմ և ինչեր է անելու ապագայում։ w23.01, էջ 26, պրբ. 1-2
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյից հետո (նիսանի 15-ի ցերեկվա դեպքերը) Մատթեոս 27։62-66 (նիսանի 16-ի դեպքերը՝ մայրամուտից հետո) Մարկոս 16։1
27 մարտի, չորեքշաբթի
Նախ թագավորությունը [փնտրեք] (Մատթ. 6։33)։
Աշակերտները շատ տխրեցին, երբ Հիսուսը մահացավ։ Նրանք ոչ միայն կորցրել էին իրենց սիրելի ընկերոջը, այլ նաև ասես կորցրել էին իրենց հույսը (Ղուկ. 24։17-21)։ Բայց Հիսուսը հայտնվեց նրանց և օգնեց հասկանալ իր դերը աստվածաշնչյան մարգարեությունների կատարման մեջ։ Բացի այդ՝ նա նրանց մի կարևոր հանձնարարություն տվեց (Ղուկ. 24։26, 27, 45-48)։ Իսկ երբ Հիսուսը համբարձվեց երկինք, աշակերտների տխրությունը վերածվեց ուրախության։ Այն, որ իրենց Տերը ողջ է և պատրաստ է օգնել, որ կատարեն իրենց նոր հանձնարարությունը, նրանց մեծ ուրախությամբ լցրեց։ Դա էլ մղեց, որ նրանք առանց դադարի փառաբանեն Եհովային (Ղուկ. 24։52, 53; Գործ. 5։42)։ Հիսուսի աշակերտներին ընդօրինակելու համար մենք պետք է Աստծու Թագավորությունը մեր կյանքում առաջնային դարձնենք։ Թեև Եհովային շարունակաբար ծառայելու համար տոկունություն է պետք, բայց նա խոստանում է առատապես օրհնել մեզ, եթե այդպես վարվենք (Առակ. 10։22)։ w23.01, էջ 30-31, պրբ. 15-16
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյից հետո (նիսանի 16-ի ցերեկվա դեպքերը) Մարկոս 16։2-8
28 մարտի, հինգշաբթի
Դեպի հողը պիտի դառնաս (Ծննդ. 3։19)։
Մենք չենք ցանկանում կրկնել Ադամի ու Եվայի սխալը։ Դրա համար պետք է շարունակենք սովորել Եհովայի մասին, գնահատենք նրա հատկությունները և ձգտենք հասկանալ նրա մտածելակերպը։ Արդյունքում Եհովայի հանդեպ մեր սերը կաճի։ Աբրահամը իսկապես սիրում էր Եհովային և նույնիսկ երբ դժվարանում էր հասկանալ նրա որոշումները, չէր ըմբոստանում, այլ փորձում էր ավելի լավ ճանաչել նրան։ Օրինակ, երբ Աբրահամը իմացավ, որ Եհովան որոշել է կործանել Սոդոմ և Գոմոր քաղաքները, սկզբում վախեցավ, որ «ողջ երկրի Դատավորը» արդարներին չարերի հետ կկործանի։ Բայց նա չէր կարողանում համակերպվել այդ մտքի հետ, ուստի խոնարհաբար սկսեց հարցեր տալ Եհովային։ Եհովան էլ համբերատար կերպով պատասխանեց նրա հարցերին։ Ի վերջո Աբրահամը հասկացավ, որ Աստված քննում է յուրաքանչյուրի սիրտը և երբեք անմեղ մարդուն մեղավորի հետ չի պատժում (Ծննդ. 18։20-32)։ w22.08, էջ 28, պրբ. 9-10
29 մարտի, ուրբաթ
Ոգով հավատարիմը ծածկում է գործը (Առակ. 11։13)։
Մ.թ.ա. 455 թ.-ին, երբ կառավարիչ Նեեմիան ավարտեց Երուսաղեմի պարիսպների վերակառուցումը, ընտրեց վստահելի տղամարդկանց, ովքեր հոգ կտանեին քաղաքի մասին։ Նրանց թվում էր Ամրոցի իշխան Հանանիան։ Աստվածաշնչում ասվում է, որ Հանանիան «վստահելի մարդ էր և ավելի շատ էր վախենում ճշմարիտ Աստծուց, քան շատերը» (Նեեմ. 7։2)։ Եհովայի հանդեպ սերը և նրան տհաճեցնելու վախը մղեցին Հանանիային պատասխանատվությամբ մոտենալու իրեն տրված ցանկացած հանձնարարության։ Սերն ու աստվածավախությունը մեզ էլ կօգնեն վստահելի լինել Աստծուն մատուցվող մեր ծառայության մեջ։ Տյուքիկոսը վստահելի համագործակից էր Պողոսի համար։ Պողոսը լիովին վստահում էր Տյուքիկոսին՝ նրան անվանելով «հավատարիմ ծառա» (Եփես. 6։21, 22)։ Առաքյալը նրան վստահեց ոչ միայն իր նամակները Եփեսոսի և Կողոսայի եղբայրներին փոխանցելու գործը, այլև նրանց քաջալերելն ու մխիթարելը։ Տյուքիկոսի մասին մտածելիս մեր միտքն են գալիս այն հավատարիմ և հուսալի եղբայրները, որոնք այսօր հոգ են տանում մեր հոգևոր կարիքների մասին (Կող. 4։7-9)։ w22.09, էջ 9-10, պրբ. 5-6
30 մարտի, շաբաթ
Սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը (1 Պետ. 4։8)։
Հովսեփը ծանր փորձությունների բախվեց, որոնք շարունակվեցին մոտ 13 տարի։ Նա կարող էր մտածել, թե Եհովան իրականում չի սիրում իրեն և լքել է նեղության պահին։ Բայց նա չդառնացավ, փոխարենը՝ սթափ դատեց և հանդարտ մնաց։ Իսկ երբ առիթ ստեղծվեց վրեժ լուծելու իր եղբայրներից, նա չօգտվեց այդ հնարավորությունից, այլ սեր դրսևորեց ու ներեց նրանց (Ծննդ. 45։4, 5)։ Հովսեփն այդպես վարվեց, քանի որ առողջ դատողություն ուներ։ Իր խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն նա տեսնում էր ամբողջական պատկերը՝ այն, թե որն էր իր դերը Եհովայի նպատակներում (Ծննդ. 50։19-21)։ Եթե քեզ հետ վատ են վարվում, մի՛ նեղացիր Եհովայից և մի՛ մտածիր, թե նա լքել է քեզ։ Խորհրդածիր այն մասին, թե ինչպես է նա օգնում, որ դիմանաս այդ փորձությանը։ Բացի այդ, եթե հավատակիցդ քեզ հետ վատ է վարվում, փորձիր սեր դրսևորել և ծածկել նրա անկատարությունը։ w22.11, էջ 21, պրբ. 4
31 մարտի, կիրակի
Բոլոր իշխանությունները կծառայեն ու կհնազանդվեն նրանց (Դան. 7։27)։
Դանիել մարգարեին տրված տեսիլքներից երևում է, որ Եհովայի իշխանությունը ամենաբարձրն է։ Նա սկզբում տեսավ չորս հսկա գազանների, որոնք խորհրդանշում են անցյալի և ներկայիս աշխարհակալ ուժերը՝ Բաբելոնը, Մարա-Պարսկաստանը, Հունաստանը և Հռոմը, ինչպես նաև Անգլո-Ամերիկան, որն իշխում է այսօր (Դան. 7։1-3, 17)։ Հետո Դանիելը տեսավ Եհովա Աստծուն՝ երկնային դատավորական աթոռին նստած (Դան. 7։9, 10)։ Աստված մարդկային իշխանություններից վերցնում է ամբողջ իշխանությունը և տալիս նրանց, ովքեր ավելի հզոր են և արժանի դրան։ Խոսքը «մարդու որդու նման մեկի»՝ Հիսուս Քրիստոսի և «Ամենաբարձրյալի սրբերի»՝ 144 000-ի մասին է։ Նրանք կղեկավարեն «դարեդար» (Դան. 7։13, 14, 18)։ Միմիայն Եհովան է «Ամենաբարձրյալը»։ Դանիելի տեսածը ներդաշնակ է այն ամենին, ինչ նա նշել էր ավելի վաղ։ Մարգարեն ասել էր, որ երկնքի Աստվածը «թագավորներ է գահընկեց անում ու նշանակում» (Դան. 2։19-21)։ w22.10, էջ 14-15, պրբ. 9-11