Դուք մտե՞լ եք Աստծու հանգստի մեջ
«Ով մտնում է նրա հանգստի մէջ, նա հանգստանում է իր գործերից» (Եբրայեցիս 4։10)։
1. Ինչո՞ւ է հանգիստն այդքան ցանկալի։
ՀԱՆԳԻՍՏ... Ի՜նչ հաճելի ու գեղեցիկ բառ է սա։ Ապրելով այսօրվա արագ զարգացող ու հուզումնալից աշխարհում՝ մեզանից շատերը կհամաձայնվեն, որ մի փոքր հանգստանալը երբեմն խիստ ցանկալի է։ Լինենք երիտասարդ, թե ծեր, ամուսնացած թե ամուրի, կարող ենք ճնշվել և ուժասպառ լինել նույնիսկ առօրյա կյանքից։ Ֆիզիկական արատներ կամ թերություններ ունեցող մարդկանց համար ամեն օրն իրենից դժվարություն է ներկայացնում։ Իզուր չէ, որ Սուրբ գրություններում ասվում է. «Բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ» (Հռովմայեցիս 8։22)։ Հանգստացող անհատը պարտադիր չէ, որ ծույլ լինի։ Հանգիստը բնական պահանջ է, և այն պիտի բավարարվի։
2. Երբվանի՞ց է Եհովան հանգստանում։
2 Անգամ Եհովա Աստվածն է հանգստանում։ Ծննդոց գրքում կարդում ենք. «Կատարուեցան երկինքն ու երկիրը եւ նորանց բոլոր զարդերը, եւ Աստուած կատարեց եօթներորդ օրումն իր գործքը որ արաւ. եւ եօթներորդ օրը հանգստացավ իր բոլոր գործքիցը, որ արաւ»։ Եհովան առանձնահատուկ նշանակություն տվեց ‘յոթերորդ օրվան’, քանի որ Աստծուց ներշնչված արձանագրությունն ասում է. «Եւ Աստուած օրհնեց եօթներորդ օրը, եւ սրբեց նորան [«սրբազան դարձրեց», ՆԱ]» (Ծննդոց 2։1—3)։
Աստված հանգստացավ իր գործերից
3. Հանգստանալու ո՞ր հիմքերը չեն վերաբերվում Աստծուն։
3 Աստված ինչո՞ւ հանգստացավ «եօթներորդ օրը»։ Իհարկե, հոգնածության պատճառով չէր, որ նա հանգստացավ։ Եհովան «մեծ իշխանութիւն» ունի, «չի յոգնիր ու չի թուլնար» (Եսայիա 40։26, 28, Արևմտահայերեն թարգմանություն)։ Նա որոշեց հանգստանալ ոչ էլ նրա համար, որ ընդմիջման կամ ընթացքը դանդաղեցնելու կարիքն ուներ, այլ ինչպես Հիսուսը հայտնեց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ» (Յովհաննէս 5։17)։ Եվ, վերջապես, ‘Աստված Հոգի է’, նա կախված չէ ֆիզիկական պրոցեսներից ու նյութական արարածներին հատուկ պահանջներից (Յովհաննէս 4։24)։
4. «Եօթներորդ օրը» ի՞նչ իմաստով էր տարբերվում նախորդ վեց ‘օրերից’։
4 Ի՞նչը մեզ կօգնի կողմնորոշվելու, թե ինչո՞ւ Աստված հանգստացավ «եօթներորդ օրը». այն հանգամանքը, որ Աստված թեև հիանում էր ստեղծագործական վեց ‘օրերի’ երկար ժամանակաշրջանում կատարած գործերով, բայց հատկապես օրհնեց «եօթներորդ օրը» և «սրբազան» հայտարարեց այն։ Մի բառարանում «սրբազան» բառը բացատրվում է որպես (որևէ Աստծու կամ կրոնական ինչ–որ նպատակի) ամբողջովին նվիրված կամ հատկացված («Concise Oxford Dictionary»)։ Հետևաբար, «եօթներորդ օրը» օրհնելն ու սրբազան հայտարարելը ցույց է տալիս, որ այդ օրը և իր «հանգիստը» կապված պիտի լինեն ոչ թե Աստծու ունեցած որևէ պահանջի հետ, այլ իր սրբազան կամքի ու նպատակի հետ։ Ո՞րն է այդ կապը։
5. Ստեղծագործական առաջին վեց օրերի ընթացքում Աստված ի՞նչ բաներ շարժման մեջ դրեց։
5 Իրար հաջորդող վեց ստեղծագործական ‘օրերի’ ընթացքում Աստված կազմեց և շարժման մեջ դրեց երկրի և նրա շուրջբոլորը գտնվող ամեն բաների ընթացքը կառավարող օրենքներն ու բոլոր ցիկլերը։ Գիտնականները ներկայումս ուսումնասիրում են ու գնալով համոզվում, թե ի՜նչ զարմանալիորեն է կառուցված այս ամենը։ «Վեցերորդ օրը» դեռ չէր ավարտվել, երբ Աստված ստեղծեց առաջին մարդկային զույգին ու դրեց նրան «արեւելքի կողմը Եդէմի մէջ»։ Վերջում երկրի և մարդկային ընտանիքի հետ կապված իր նպատակի մասին նա հայտնեց հետևյալ մարգարեական խոսքերը. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։28, 31; 2։8)։
6. ա) «Վեցերորդ օրն» ավարտվելիս՝ Աստված ի՞նչ զգաց ամբողջ իր ստեղծագործությունների հանդեպ։ բ) «Եօթներորդ օրը» ի՞նչ իմաստով է սուրբ։
6 Հաղորդագրությունը հայտնում է մեզ, որ երբ «վեցերորդ օրն» իր ավարտին էր մոտենում, «Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր» (Ծննդոց 1։31)։ Աստված գոհացավ այն ամենով, ինչ որ արել էր։ Այսպիսով՝ նա հանգստացավ, այսինքն՝ դադարեց երկրի առնչությամբ նոր բաներ ստեղծելուց։ Չնայած անցյալում դրախտային պարտեզը գեղեցիկ ու կատարյալ էր, բայց այն զբաղեցնում էր միայն մի փոքր տարածք, և երկու մարդ արարած կար երկրի վրա։ Ժամանակ էր պահանջվում, մինչև որ երկիրն ու մարդկային ընտանիքը հասնեին այն վիճակին, որ Աստված էր ծրագրել։ Այդ իսկ պատճառով նա սահմանեց «եօթներորդ օրը», որպեսզի նախորդ վեց ‘օրերի’ ընթացքում ստեղծած ամեն բան կարողանա առաջ ընթանալ իր սուրբ կամքի հետ ներդաշնակ (համեմատեք Եփեսացիս 1։11)։ Երբ «եօթներորդ օրը» մոտենա իր ավարտին, երկիրը համաշխարհային դրախտի վերածված կլինի՝ կատարյալ մարդկային ընտանիքով մեկընդմիշտ բնակեցված (Եսայիա 45։18)։ Ուստի, «եօթներորդ օրը» հատկացված կամ նվիրված է երկրի և մարդկության հանդեպ ունեցած Աստծու կամքի առաջ ընթանալուն և իրագործմանը։ Այդ օրը այս իմաստով է «սրբազան»։
7. ա) Աստված ի՞նչ իմաստով հանգստացավ «եօթներորդ օրը»։ բ) Ամեն բան ինչպե՞ս կլինի «եօթներորդ օրվա» ավարտին։
7 Այսպիսով՝ «եօթներորդ օրը» Աստված հանգստացավ իր ստեղծագործական աշխատանքից։ Նա կարծես թե ետ քաշվեց և թույլ տվեց, որ գործողություններն իրենց հունով ընթանան։ Աստված լիովին վստահ է, որ, «եօթներորդ օրը» ավարտվելիս, արդեն ամեն ինչ ճիշտ իր մտադրածի պես կլինի։ Եթե նույնիսկ արգելքներ էլ հանդիպեցին, դրանք հաղթահարվեցին։ Ողջ հնազանդ մարդկությունն օգուտներ կքաղի՝ Աստծու կամքն իրականանալիս։ Ոչինչ չի կարող խանգարել Եհովայի կամքի իրականացմանը, որովհետև նրա օրհնությունը «եօթներորդ օրուայ» վրա է, ու նա «սրբազան» դարձրեց այն։ Հնազանդ մարդկության համար ի՜նչ հիանալի հեռանկար։
Իսրայելացիները չմտան Աստծու հանգստի մեջ
8. Ե՞րբ և ինչպե՞ս իսրայելացիները սկսեցին Շաբաթը պահել։
8 Իսրայել ազգն օգուտներ էր քաղում աշխատանքի և հանգստի մասին Եհովայի տված կարգադրությունից։ Նույնիսկ Սինայ սարի մոտ Օրենքը տալուց առաջ արդեն Աստված Մովսեսի միջոցով հայտնել էր նրանց. «Տեսէք որ Եհովան տուավ ձեզ շաբաթը, նորա համար վեցերորդ օրը ինքը ձեզ երկու օրուայ հաց է տալիս. ամեն մէկն իր տեղը թող նստէ. ոչ մէկն իր տեղիցը դուրս չ’գայ եօթներորդ օրը»։ Հետևանքը եղավ այն, որ ժողովուրդը հանգստացավ «եօթներորդ օրը» (Ելից 16։22—30)։
9. Ինչո՞ւ Շաբաթը պահելու կարգադրությունը, անկասկած, սրտանց ընդունված փոփոխություն էր իսրայելացիների համար։
9 Եգիպտոսից հենց նոր ազատագրված իսրայելացիների համար այս կարգադրությունը նոր էր։ Թեև եգիպտացիների և ուրիշ ազգերի համար շաբաթը հինգ կամ տասը օրից էր բաղկացած, բայց, հավանաբար, Եգիպտոսում իսրայելացիներին չէին թույլատրում հանգստյան օր պահել (համեմատեք Ելից 5։1—9)։ Հետևաբար, տրամաբանական է եզրակացնել, որ հրեա ազգը ողջունեց այս փոփոխությունը։ Շաբաթը պահելու կարգադրությունը որպես բեռ կամ սահմանափակում ընդունելու փոխարեն՝ նրանք, ըստ երևույթին, ուրախ էին դրան հետևելու։ Հետագայում Աստված նույնիսկ հայտնեց, որ Շաբաթը պահելը Եգիպտոսում անցկացրած գերության ժամանակը և իր ձեռքով նրանց ազատագրումը պիտի հիշեցներ (Բ Օրինաց 5։15)։
10, 11. ա) Հնազանդ լինելով՝ իսրայելացիներն ի՞նչ բան վայելելու ակնկալությունը կունենային։ բ) Ինչո՞ւ իսրայելացիները չմտան Աստծու հանգստի մեջ։
10 Եթե Մովսեսի հետ Եգիպտոսից դուրս եկած իսրայելացիները հնազանդ լինեին Աստծուն, ապա առանձնաշնորհում կունենային մտնել խոստացված «կաթ ու մեղր բղխող երկիրը» (Ելից 3։8)։ Այնտեղ նրանք ճշմարիտ հանգիստ կվայելեին ոչ միայն Շաբաթ օրը, այլև իրենց ողջ կյանքի ընթացքում (Բ Օրինաց 12։9, 10)։ Բայց այդպես չեղավ։ Նրանց մասին Պողոս առաքյալը գրեց. «Ովքե՞ր էին, որ լսեցին եւ դառնացրին նրան. չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր դուրս էին եկել Եգիպտոսից Մովսէսի միջոցով։ Ումի՞ց զզուանք զգաց քառասուն տարի. չէ՞ որ յանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ, անապատում։ Ո՞ւմ երդուեց, որ չպիտի մտնեն իր հանգստի մէջ, եթէ ոչ՝ անհնազանդներին։ Եւ տեսնում ենք, որ նրանք չկարողացան մտնել իրենց անհաւատութեան («թերահավատության», ՆԱ) պատճառով» (Եբրայեցիս 3։16—19)։
11 Ի՜նչ ազդեցիկ դաս է սա մեզ համար։ Եհովայի նկատմամբ ցուցաբերած իրենց թերահավատության պատճառով իսրայելացիների սերունդը ձեռք չբերեց իրեն խոստացված հանգիստը, այլ պատժվեց անապատում մնալ։ Իսրայելացիները չհասկացան, որ, լինելով Աբրահամի ժառանգներ, կարևոր դեր ունեին Աստծու կամքի իրագործման մեջ, այն է՝ երկրի ողջ ազգերին օրհնություններ բերելը (Ծննդոց 17։7, 8; 22։18)։ Աստվածային կամքի հետ ներդաշնակ գործելու փոխարեն՝ նրանք ամբողջությամբ տարված էին իրենց աշխարհիկ և եսասիրական ցանկություններով։ Թույլ չտանք, որ մենք էլ ընկնենք նման ընթացքի մեջ (Ա Կորնթացիս 10։6, 10)։
Դեռ մնում է մի հանգստանալ
12. Առաջին դարի քրիստոնյաներն ի՞նչ հեռանկար ունեին, և նրանք ինչպե՞ս կարող էին հասնել դրան։
12 Թերահավատության պատճառով Աստծու հանգստի մեջ չմտած իսրայելացիներին հիշատակելուց հետո Պողոսն ուշադրությունն ուղղեց իր հավատակից ընկերներին։ Եբրայեցիս 4։1—5 (ԱԹ) խոսքերում նա հավաստիացրեց, որ ‘նրա [Աստծու] հանգստի մեջ մտնելու խոստմունքը մնում է’։ Պողոսը հորդորեց նրանց հավատ ընծայել «աւետիքին», քանի որ «մենք հաւատացեալքս մտնում ենք այն հանգստի մէջ»։ Հանգիստ ասելով՝ Պողոսն այստեղ ի նկատի չուներ Շաբաթ օրվա ֆիզիկական հանգիստը, քանի որ Հիսուսի զոհաբերական փրկագնի միջոցով Մովսիսական օրենքն արդեն վերցվել էր իսրայելացիների վրայից (Կողոսացիս 2։13, 14)։ Մեջբերելով Ծննդոց 2։2 և Սաղմոս 95։11 խոսքերը՝ նա հորդորում էր եբրայեցի քրիստոնյաներին մտնել Աստծու հանգստի մեջ։
13. Մեջբերելով 95–րդ Սաղմոսը՝ Պողոսն ինչո՞ւ ուշադրությունը հրավիրեց «այսօր» բառի վրա։
13 Աստծու հանգիստը մտնելու հնարավորությունը «աւետիք» պիտի լիներ եբրայեցի քրիստոնյաների համար, ճիշտ ինչպես որ անցյալում Շաբաթ օրվա հանգիստը՝ իսրայելացիների համար։ Հետևաբար, Պողոսը զգուշացնում էր իր քրիստոնյա հավատակիցներին չկրկնել նույն սխալը, ինչ որ իսրայելացիները գործեցին անապատում։ Վկայակոչելով Սաղմոս 95։7, 8 խոսքերը՝ նա ուշադրությունը հրավիրեց «այսօր» բառի վրա, թեև Աստված վաղուց էր հանգստանում, այսինքն՝ դադարել էր ստեղծագործելուց (Եբրայեցիս 4։6, 7)։ Ո՞րն էր Պողոսի խոսքերի իմաստը։ Նա ուզում էր հասկացնել, որ «այսօրը» այն «եօթներորդ» օրն էր, որն Աստված առանձնացրել էր երկրի և մարդկության նկատմամբ իր նպատակն ամբողջովին կատարելու համար, իսկ այն դեռևս ընթացքի մեջ էր։ Հետևաբար անհրաժեշտ էր, որ Պողոսի հավատակիցները եսասիրական ցանկություններով տարվելու փոխարեն գործեին այդ նպատակի հետ համաձայն։ Նա կրկնեց նախկին զգուշացումը. «Մի՛ խստացնէք ձեր սրտերը»։
14. Պողոսն ինչպե՞ս ցույց տվեց, որ Աստծու «հանգստանալը» դեռ մնում է։
14 Բացի այդ, Պողոսը ցույց տվեց, որ խոստացված «հանգիստ» ասելով չպիտի հասկացվեր միայն Հեսուի առաջնորդությամբ Խոստացյալ երկրում հաստատվելը (Յեսու 21։44)։ «Որովհետեւ, եթէ Յեսուն նորանց հանգստի մէջ էր տարել, նորանից յետոյ ուրիշ օրի համար էլ չէր խօսիլ,— առարկում է Պողոսը և եզրակացնում,— Ուրեմն մնում է մի հանգստանալ Աստուծոյ ժողովրդի համար» (Եբրայեցիս 4։8, 9, ԱԹ)։ Իսկ ո՞րն է այդ «հանգստանալը»։
Մտնել Աստծու հանգստի մեջ
15, 16. ա) Ի՞նչ է իր մեջ բովանդակում «հանգստանալ» արտահայտությունը։ բ) Ի՞նչ է նշանակում «հանգստանալ իր գործերից»։
15 «Հանգստանալ» արտահայտությունը թարգմանված է հունարեն բառից, որը նշանակում է «շաբաթանալ» («Kingdom Interlinear»)։ Պրոֆեսոր Վիլյամ Լեյնը հետևյալ կարծիքին է. «Այս արտահայտությունն իր առանձնահատուկ երանգը ստացավ Շաբաթ օրվա կարգադրությունից, որը զարգացավ հուդայականության մեջ Ելից 20։8—10 խոսքերի հիման վրա, որտեղ շեշտվում էր հանգստի ու գովաբանության իրար զուգակցվելը։ [Արտահայտությունը] ընդգծում է հատկապես տոնակատարությունն ու ուրախ տրամադրությունը, որոնք դրսևորվում էին Աստծո երկրպագության և գովաբանության մեջ»։ Ուրեմն, խոստացյալ հանգիստը պարզապես աշխատելուց դադարելը չէր, այլ գործունեության փոփոխում, հոգնեցուցիչ, անօգուտ աշխատանքից դեպի Աստծուն պատիվ բերող ուրախ ծառայություն։
16 Սա երևում է Պողոսի հաջորդ խոսքերից. «Որովհետեւ նորա հանգիստը մտնողը, ինքն էլ հանգստացաւ իր գործերիցը. ինչպէս Աստուած էլ հանգստացաւ իրաններիցը» (Եբրայեցիս 4։10, ԱԹ)։ Հոգնելու պատճառով չէր, որ Աստված հանգստացավ յոթերորդ ստեղծագործական օրը։ Ավելի ճիշտ, նա երկրի վրա կատարած իր ստեղծագործական աշխատանքը դադարեցրեց, որպեսզի իր ձեռքի ստեղծագործությունները հասունանան ու փառահեղ գագաթնակետին հասնեն՝ փառավորելով իր անունը։ Որպես Աստծու ստեղծագործություն՝ այս կարգադրության մեջ մենք էլ պետք է բաժին ունենանք։ Անհրաժեշտ է, որ ‘հանգստանանք մեր գործերից’, այսինքն՝ դադարենք Աստծու առաջ ինքներս մեզ արդարացնել՝ փորձելով փրկություն շահել։ Դրա փոխարեն պիտի հավատանք, որ մեր փրկությունը Հիսուս Քրիստոսի զոհաբերական փրկանքից է կախված, որի միջոցով Աստված ամեն ինչ նորից ներդաշնակության մեջ կբերի իր նպատակի հետ (Եփեսացիս 1։8—14; Կողոսացիս 1։19, 20)։
«Աստուծոյ խօսքը զօրաւոր է»
17. Մարմնավոր իսրայելի հետևած ո՞ր ընթացքից պիտի խուսափենք։
17 Անհնազանդության և թերահավատության պատճառով իսրայելացիները չմտան Աստծու հանգստի մեջ։ Հետևաբար, Պողոս առաքյալը քաջալերեց եբրայեցի քրիստոնյաներին. «Ջանանք, ուրեմն, մտնել այդ հանգստի մէջ, որպէսզի որեւէ մէկը նոյնօրինակ անհնազանդութեան մէջ չընկնի» (Եբրայեցիս 4։11)։ Առաջին դարի հրեաների մեծամասնությունը հավատ չընծայեց Հիսուսին, և նրանցից շատերը մեծապես տառապեցին, երբ մ.թ. 70–ին հրեական իրերի դրությունը վերջ գտավ։ Որքա՜ն կարևոր է այսօր Աստծու խոստումներին հավատալը։
18. ա) Պողոսն ի՞նչ պատճառներ նշեց Աստծու խոսքի հանդեպ հավատ ցուցաբերելու համար։ բ) Ինչպե՞ս է Աստծու խոսքը «ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ»։
18 Մենք Եհովայի խոսքին հավատ ընծայելու հիմնավոր պատճառներ ունենք։ Պողոսը գրեց. «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները» (Եբրայեցիս 4։12, ԱԹ)։ Այո՛, Աստծու խոսքը կամ լուրը «ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է»։ Եբրայեցի քրիստոնյաները պետք է մտաբերեին, թե ի՞նչ պատահեց իրենց նախահայրերին, որոնք, դատապարտվելով անապատում ապրելու, արհամարհեցին Եհովայի վճիռն ու փորձեցին մտնել Խոստացյալ երկիր։ Մովսեսը զգուշացրեց նրանց. «Ամաղեկացիներն ու Քանանացիներն այնտեղ ձեր առաջին են, եւ դուք սրով կ’ընկնէք»։ Երբ իսրայելացիները համառորեն առաջ շարժվեցին, «այն սարին վերայ բնակուող Ամաղեկացիները եւ Քանանացիներն իջան եւ զարկեցին նորանց եւ հալածեցին մինչեւ Հօրմա» (Թուոց 14։39—45)։ Եհովայի խոսքը ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է, և այն գիտակցորեն արհամարհող ամեն անհատ անկասկած կքաղի իր արածի պտուղները (Գաղատացիս 6։7—9)։
19. Աստծու խոսքն ի՞նչ զորությամբ է ‘թափանցում’, և ինչո՞ւ է հարկավոր գիտակցել, որ հաշվետու ենք Աստծուն։
19 Ի՜նչ զորությամբ է Աստծու խոսքը ‘թափանցում մինչև շնչի և ոգու և հոդվածների և ծուծի բաժանվելը’։ Այն ներթափանցում է ընդհուպ մինչև մարդկանց մտածելակերպն ու շարժառիթները, պատկերավոր ասած, հասնում է մինչև ոսկորների ամենախորունկ տեղը՝ ողնածուծը։ Թեև իսրայելացիներն ազատագրվել էին Եգիպտոսի գերությունից ու համաձայնվել պահել Օրենքը, միևնույն է, Եհովան գիտեր, որ սրտի խորքում նրանք չէին գնահատում իր արածները և պահանջները (Սաղմոս 95։7—11)։ Աստծու կամքը կատարելու փոխարեն՝ նրանք մտահոգված էին իրենց մարմնական ցանկությունները բավարարելով։ Ուստի, նրանք չմտան Աստծու խոստացած հանգստի մեջ, այլ ցմահ մնացին անապատում։ Այս օրինակը պիտի հետաքրքրի մեզ, քանի որ «չկայ արարած մը որ անոր դէմ չերեւնայ, հապա ամէն բան բաց ու յայտնի է անոր աչքերուն առջեւ, որուն պիտի տրուի մեր հաշիւը» (Եբրայեցիս 4։13, Արևմտահայերեն թարգմանություն)։ Ուրեմն, թող որ մենք էլ մեր նվիրման համաձայն գործենք, ու ‘ետ քաշվողներից չլինենք որ կորչենք’ (Եբրայեցիս 10։39, ԱԹ)։
20. Ի՞նչ է սպասվում մեզ առաջիկայում, և ի՞նչ պիտի անենք հիմա Աստծու հանգստի մեջ մտնելու համար։
20 Եհովան հետևում է երկրի և մարդկության վերաբերյալ իր ունեցած նպատակի կատարման ընթացքին, թեև «եօթներորդ օրը»՝ նրա հանգստյան օրը, դեռ առաջ է ընթանում։ Շատ շուտով Մեսիական Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, երկիրը կազատի Աստծու կամքի բոլոր հակառակորդներից, այդ թվում նաև Բանսարկու Սատանայից։ Հիսուսը և իր 144 000 թագավորակիցները երկիրն ու մարդկությանը հասցնելու են այն վիճակին, որ Աստված էր նպատակադրել (Յայտնութիւն 14։1; 20։1—6)։ Հիմա է ժամանակը՝ ցույց տալու, որ Աստծու կամքը մեր կյանքի առանցքն է։ Ինքներս մեզ Աստծու առաջ արդարացնելու ու մեր հետաքրքրություններն առաջ մղելու փոխարեն՝ հիմա է ժամանակը, որ ‘հանգստանանք մեր գործերից’ և ամբողջ սրտով ծառայենք ի օգուտ Թագավորության շահերին։ Այսպես գործելով և հավատարիմ մնալով մեր երկնային հորը՝ Եհովային, նրա հանգստի օգուտները վայելելու առանձնաշնորհումը կունենանք հիմա և ապագայում։
Կարո՞ղ եք բացատրել
◻ Աստված ի՞նչ նպատակով հանգստացավ «եօթներորդ օրը»
◻ Իսրայելացիները ո՞ր հանգիստը կարող էին վայելել, բայց ինչո՞ւ չմտան դրա մեջ
◻ Ի՞նչ պիտի անենք մենք Աստծու հանգստի մեջ մտնելու համար
◻ Ինչպե՞ս է Աստծու խոսքը կենդանի, զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ
[նկար 14–րդ և 15–րդ էջերի վրա]
Թեև իսրայելացիները Շաբաթը պահում էին, բայց չմտան Աստծու հանգստի մեջ։ Գիտե՞ք, թե ինչու։