«Սիրտդ ուղղիր» դեպի Աստծո տաճարը
«Մարդի որդի.... ուշադրութիւն արա [«սիրտդ ուղղիր», ՆԱ] այն ամենին ինչ որ ես քեզ ցոյց եմ տալիս.... ամեն ինչ որ տեսնում ես պատմիր Իսրայէլի տանը» (Եզեկիէլ 40։4)։
1. Ի՞նչ պայմաններում էր գտնվում Աստծո ընտրյալ ժողովուրդը մ.թ.ա. 593 թ.–ին։
ԻՍՐԱՅԵԼԻ գերության տասնչորսերորդ տարին էր՝ մ.թ.ա. 593 թ.–ը։ Բաբելոնում ապրող հրեաների համար իրենց հայրենիքն այնքա՜ն հեռու էր թվում։ Նրանցից շատերը վերջին անգամ Երուսաղեմը տեսել էին այրվելիս, նրա պարիսպներն ու վեհ շինությունները փլատակների վերածված։ Եհովայի տաճարը, որը մի ժամանակ քաղաքի թագն ու պսակն էր, ամբողջ աշխարհում մաքուր երկրպագության միակ կենտրոնը, այժմ ավերակ էր դարձել։ Իսրայելին դեռ երկար տարիների գերություն էր սպասվում։ Դեռ 56 տարի կար մինչև խոստացված ազատագրումը (Երեմիա 29։10)։
2. Աստծո տաճարի մասին հիշողությունները ինչո՞ւ էին վիշտ պատճառում Եզեկիելին։
2 Անկասկած, հավատարիմ Եզեկիել մարգարեին վշտացնում էր այն միտքը, որ հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ Աստծո տաճարը ավերակի էր վերածվել ու թերևս վայրի գազանների ապաստարան էր դարձել (Երեմիա 9։11)։ Բուզին՝ նրա հայրը, ժամանակին քահանայություն էր արել տաճարում (Եզեկիէլ 1։3)։ Եզեկիելը միևնույն առանձնաշնորհումը կունենար, եթե մ.թ.ա. 617 թ.–ին, երբ դեռ երիտասարդ էր, Երուսաղեմի ողջ ընտրանու հետ միասին չաքսորվեր երկրից։ Այժմ՝ հիսուն տարեկան հասակում, նա, հավանաբար, կարծում էր, որ այլևս երբեք չի տեսնի Երուսաղեմը, ոչ էլ կմասնակցի տաճարի վերակառուցմանը։ Ուստի կարող ենք պատկերացնել, թե ի՜նչ էր նշանակում փառահեղ տաճարի տեսիլքի ստանալը Եզեկիելի համար։
3. ա) Ո՞րն էր Եզեկիելին տրված տաճարի տեսիլքի նպատակը։ բ) Որո՞նք էին տեսիլքի չորս բաղկացուցիչ մասերը։
3 Տեսիլքում, որի նկարագրությունը կարող ենք գտնել Եզեկիելի գրքի ինը գլուխներում, տրվում է մի խոստում, որը ժամանակին ամրացրել է աքսորված հրեաների հավատը։ Այն ցույց էր տալիս, որ ճշմարիտ պաշտամունքը վերականգնվելու էր։ Դարեր շարունակ, անգամ մինչև մեր օրերը, այս տեսիլքը խրախուսանքի աղբյուր է եղել Եհովային սիրողների համար։ Ինչպե՞ս։ Եկեք նախ տեսնենք, թե Եզեկիելի մարգարեական տեսիլքը ի՞նչ է նշանակել աքսորված իսրայելացիների համար։ Այն բաղկացած էր երեք հիմնական մասերից՝ տաճար, քահանայություն, իշխան և երկիր։
Տաճարը վերակառուցված
4. Տեսիլքում ո՞ւր է նախ առաջնորդվում Եզեկիելը, ի՞նչ է տեսնում, և ո՞վ է նրա ուղեկցորդը։
4 Սկզբում Եզեկիելը առաջնորդվում է «մի շատ բարձր սարի վերայ»։ Սարի հարավային կողմում պարսպապատ քաղաքի նմանվող հսկայական տաճարն է։ Մի հրեշտակ, «որի երեւոյթը պղնձի երեւոյթի պէս էր», մարգարեի հետ միասին սկսում է շրջել շինության ներսում (Եզեկիէլ 40։2, 3)։ Տեսիլքում Եզեկիելը նկատում է հրեշտակի, որը հանգամանորեն տաճարի դռների ու դրանց խուցերի երեք կողմերի, դրսի և ներսի գավիթների, սրահների, զոհասեղանի, տաճարի սրբավայրի չափսերն է վերցնում, ներառյալ նաև Սրբությունը և Սրբությունների Սրբությունը։
5. ա) Ինչո՞ւմ է Եհովան հավաստիացնում Եզեկիելին։ բ) Ի՞նչ էին իրենցից ներկայացնում «իրանց թագաւորների դիակները», որոնք պետք է հեռացվեին տաճարից, և ինչո՞ւ էր դա կարևոր։
5 Ապա տեսիլքում հայտնվում է ինքը Եհովան։ Նա մտնում է տաճար և հավաստիացնում Եզեկիելին, որ բնակվելու է այնտեղ։ Բայց պահանջում է, որ իր տունը մաքրեն. «Հիմա թող հեռացնեն իրանց պոռնկութիւնը եւ իրանց թագաւորների դիակները ինձանից,— ասում է Եհովան,— եւ ես կ’բնակուեմ նորանց մէջ յաւիտեան» (Եզեկիէլ 43։2—4, 7, 9)։ «Իրանց թագաւորների դիակները» արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, վերաբերվում էր կուռքերին։ Երուսաղեմի ըմբոստ կառավարիչներն ու ժողովուրդը պղծել էին Աստծո տաճարը կուռքերով և նրանց թագավորներ կարգել իրենց համար (համեմատեք Ամովս 5։26, ՆԱ)։ Այդ կուռքերը կենդանի աստվածներ չէին և Եհովայի աչքում մեռած, պիղծ բաներ էին, որոնք անպայման պետք է հեռացվեին տաճարից (Ղեւտացոց 26։30; Երեմիա 16։18)։
6. Ի՞նչ էր նշանակում տաճարի չափսերը վերցնելը։
6 Ո՞րն էր տեսիլքի այս մասի իմաստը։ Այն աքսորյալներին վստահեցնում էր, որ ճշմարիտ պաշտամունքն ամբողջովին վերականգնվելու է Աստծո տաճարում։ Իսկ տաճարի չափումները ցույց էին տալիս Աստծո երաշխավորությունը, որ տեսիլքը հուսալի է և անշուշտ կատարվելու է (համեմատեք Երեմիա 31։39, 40; Զաքարիա 2։2—8)։ Կռապաշտությունն արմատապես պիտի մաքրվեր։ Եհովան դարձյալ օրհնելու էր իր տունը։
Քահանայությունը և իշխանը
7. Ի՞նչ տեղեկություն է տրվում ղևտացիների և քահանաների մասին։
7 Քահանայությունը նույնպես մաքրման ենթակա էր։ Ղևտացիները հանդիմանություն էին ստանալու կռապաշտությանը տրվելու պատճառով, մինչդեռ Սադովկ քահանայի որդիները գովասանքի էին արժանանալու և վարձատրվելու էին իրենց մաքուր մնալու համար։a Այնուհանդերձ, երկու խմբերն էլ ծառայելու էին Աստծո վերականգնված տանը, ինչը, անշուշտ, կախված էր լինելու նրանցից յուրաքանչյուրի հավատարմությունից։ Ապա Եհովան կարգադրում է. «Իմ ժողովրդին սովորեցնեն սուրբի եւ անսուրբի տարբերութիւնը, եւ պիղծի ու մաքուրի տարբերութիւնը պիտի հասկացնեն նորանց» (Եզեկիէլ 44։10—16, 23)։ Այսպիսով՝ քահանայությունը վերականգնվելու էր, իսկ քահանաները պարգևատրվելու էին համբերությամբ իրենց հավատարմությունը պահելու համար։
8. ա) Ովքե՞ր էին հին Իսրայելի իշխանները։ բ) Ինչի՞ց էր երևում, որ Եզեկիելի տեսիլքում իշխանն ակտիվ էր մաքուր երկրպագությանը վերաբերող հարցերում։
8 Տեսիլքում հիշատակվում է նաև ոմն իշխանի մասին։ Մովսեսի օրերից ի վեր ժողովուրդն իշխաններ էր ունեցել։ Իշխան թարգմանված եբրայերեն «նասի՛» բառը կարող էր վերաբերվել հայրական տան գլխին, տոհմի և նույնիսկ ժողովրդի առաջնորդին։ Եզեկիելի տեսիլքում Իսրայելի իշխանների դասը կշտամբվում է ժողովրդին կեղեքելու համար, և նրանց կոչ է արվում լինել անկողմնակալ ու արդար։ Իշխանը թեպետև չի պատկանում քահանաների դասակարգին, սակայն բավականին ակտիվ է ճշմարիտ երկրպագության գործում։ Ոչ քահանայական ցեղերի հետ միասին նա ելումուտ է անում դրսի գավիթը, նստում է արևելյան դռան սրահում և մատակարարում է ժողովրդի համար մատուցվող զոհերի մի մասը (Եզեկիէլ 44։2, 3; 45։8—12, 17)։ Տեսիլքն, այսպիսով, վստահեցնում է Եզեկիելի ժողովրդին, որ վերահաստատված ազգն օրինակելի առաջնորդներ է ստանալու, մարդիկ, որոնք աջակցելու են քահանաներին Աստծո ժողովրդին կազմակերպելու գործում և հիանալի օրինակ են ծառայելու հոգևոր հարցերում։
Երկիրը
9. ա) Ինչպե՞ս էր բաժանվելու երկիրը, բայց ո՞վ ժառանգություն չպետք է ստանար։ բ) Ի՞նչ էր իրենից ներկայացնում սրբարանի ընծան և ի՞նչ էր այն իր մեջ ընդգրկում։
9 Եզեկիելի տեսիլքի եզրափակիչ մասը վերաբերվում էր Իսրայել երկրին։ Այն պետք է բաժանվեր Իսրայելի ցեղերի միջև։ Իշխանը նույնպես պետք է ինչ–որ մաս ժառանգեր։ Քահանաներին երկրից բաժին չէր հասնելու, քանի որ Եհովան ասել էր, թե՝ «ես եմ նորանց ժառանգութիւնը» (Եզեկիէլ 44։10, 28; Թուոց 18։20)։ Տեսիլքում ցույց է տրվում, որ իշխանը երկրից բաժին կստանա սրբարանի ընծա կոչվող հատուկ տարածքի երկու կողմերում։ Սա մի քառակուսի հողակտոր էր, բաժանված նեղ մասերի՝ վերին մասը ապաշխարած ղևտացիների, կենտրոնը՝ քահանաների, իսկ ներքևի մասը՝ բերրի հողատարածքների հետ միասին քաղաքի համար։ Եհովայի տաճարը կանգնեցվելու էր քահանաներին բաժին հասած հողակտորի տարածքում՝ ընծայված քառակուսի հողակտորի կենտրոնում (Եզեկիէլ 45։1—7)։
10. Ի՞նչ էր նշանակում երկրի բաժանման մասին մարգարեությունը աքսորում գտնվող հրեաների համար։
10 Այս ամենը որքա՜ն պետք է ամրապնդած լիներ աքսորյալների սրտերը։ Յուրաքանչյուր ընտանիքին երկրում ժառանգություն ունենալու երաշխավորություն էր տրվել (համեմատեք Միքիա 4։4)։ Մաքուր պաշտամունքը բարձր, կենտրոնական դիրք էր գրավելու այնտեղ։ Նկատեցեք նաև, որ, տեսիլքում տրված տեղեկության համաձայն, իշխանը քահանաների նման ապրելու էր ժողովրդի ընծայած հողատարածքում (Եզեկիէլ 45։16)։ Ուստի, վերականգնված երկրում ժողովուրդը օժանդակություն էր ցույց տալու Եհովայի նշանակած առաջնորդներին՝ աջակցելով ու նրանց հրահանգների համաձայն գործելով։ Ամբողջությամբ վերցրած՝ երկրի այս պատկերը խոսում էր կազմակերպվածության, համագործակցության և անվտանգության մասին։
11, 12. ա) Ինչպե՞ս Եհովան մարգարեությամբ հավաստիացրեց իր ժողովրդին, որ օրհնելու է նրանց վերականգնված հայրենիքը։ բ) Ի՞նչ էին պատկերում գետափի երկայնքով վեր խոյացած ծառերը։
11 Օրհնելո՞ւ էր Եհովան այդ երկիրը։ Մարգարեությունը տալիս է այս հարցի պատասխանը սիրտ ջերմացնող մի նկարագրությամբ։ Տաճարից ջրեր էին հոսում ու գնալով շատանում էին և, մեծ հեղեղ դառնալով, լցվում Մեռյալ ծովը։ Այնտեղ կյանք էին տալիս անկենդան ջրերին, ջրափնյա տարածքում առատացնում էին ձուկը։ Գետափի երկայնքով ծառեր կային կանգնած, որոնք տարին բոլոր պտուղ էին տալիս, կերակրում էին ու բուժում (Եզեկիէլ 47։1—12)։
12 Աքսորյալների համար այս խոստումը կրկնում էր վերականգնման մասին անցյալում ասված մարգարեությունները, որոնք շատ թանկ էին նրանց համար։ Բազմիցս անգամներ Եհովայից ներշնչված մարգարեները նկարագրել էին դրախտային պայմաններում վերաբնակեցված Իսրայելը։ Այն, որ անկենդան վայրերը կյանք էին ստանում, կրկնվող մարգարեական բնույթ էր կրում (Եսայիա 35։1, 6, 7; 51։3; Եզեկիէլ 36։35; 37։1—14)։ Ուստի, ժողովուրդը կարող էր ակնկալել, որ կենսատու օրհնությունները Եհովայից բխելու էին ինչպես վերականգնված տաճարից հոսող այն գետը։ Որպես հետևանք, հոգևորապես մեռած ժողովուրդը կենդանություն էր ստանալու։ Վերականգնված երկրում ժողովուրդը օրհնվելու էր նաև արդար, հոգևորապես ամուր մարդկանցով, որոնք նմանեցվում են տեսիլքի մեջ գետափի ծառերին, մարդիկ, որոնք առաջնորդություն էին վերցնելու ավերված երկիրը վերականգնելու գործում։ Եսայիան նույնպես գրել էր «արդարութեան բեւեկնիների» (խեժատու մշտադալար ծառ) մասին, որոնք «պիտի շինեն այն աւերակները որ ի վաղուց կան» (Եսայիա 61։3, 4)։
Երբ կատարվեց մարգարեությունը
13. ա) Ի՞նչ իմաստով Եհովան օրհնեց իր ժողովրդին «արդարութեան բեւեկնիներով»։ բ) Ինչպե՞ս կատարվեց Մեռյալ ծովի վերաբերյալ մարգարեությունը։
13 Իրականացա՞ն արդյոք աքսորյալների հույսերը։ Անշո՛ւշտ։ Ողջ մնացած ժողովուրդը հայրենիք վերադարձավ մ.թ.ա. 537 թ.–ին։ Ժամանակի ընթացքում, «արդարութեան բեւեկնիների» հսկողության ներքո, որոնք էին դպիր Եզրասը, Անգե և Զաքարիա մարգարեները և քահանայապետ Հեսուն, վերականգնվեցին երկար տարիներ ավերակ մնացած վայրերը։ Իշխանները՝ Նեեմիան և Զորաբաբելը, երկիրը կառավարում էին անաչառորեն ու արդարությամբ։ Եհովայի տաճարը վերակառուցվեց, և կրկին բխեցին կենսատու օրհնությունները, օրհնություններ, որոնք բխում էին միայն Աստծո հետ իրենց կապած ուխտի հետ ներդաշնակ ապրելու դեպքում (Բ Օրինաց 30։19; Եսայիա 48։17—20)։ Օրհնություններից մեկը գիտությունն էր։ Քահանաներն անցան իրենց պարտականություններին և սկսեցին ժողովրդին Օրենքը սովորեցնել (Մաղաքիա 2։7)։ Արդյունքում ժողովուրդը հոգևոր առումով կենդանացավ ու կրկին դարձավ Եհովայի արդյունավետ ծառան, ինչպես տեսիլքում պատկերված Մեռյալ ծովը, որը կյանք ստացավ ու ավելացավ նրա ձկան պաշարը։
14. Ինչո՞ւ պետք է Եզեկիելի մարգարեությունն ավելի մեծ կատարում ունենար, քան այն, ինչը տեղի ունեցավ Բաբելոնի աքսորից հրեաների վերադարձից հետո։
14 Բայց այս ամենը Եզեկիելի տեսիլքի միա՞կ կատարումն էր։ Ոչ. այն մատնանշում էր ավելի մեծ մի բանի։ Նախ՝ Եզեկիելի տեսած տաճարը հնարավոր չէր կառուցել նկարագրվածի համաձայն։ Ճիշտ է, հրեաները բառացի էին ընկալել տեսիլքը և հետագայում նույնիսկ կիրառեցին դրա որոշ մանրամասնությունները, սակայն տեսիլքում պատկերված տաճարը չափազանց մեծ էր Մորիա լեռան վրա՝ նախկին տաճարի տեղում կառուցելու համար։b Բացի այդ, Եզեկիելը տաճարը քաղաքում չէր տեսել, այլ այնտեղից հեռու, առանձին վայրում, մինչդեռ երկրորդ տաճարը կառուցվեց նախորդի տեղում՝ Երուսաղեմ քաղաքում (Եզրաս 1։1, 2)։ Չկար նաև գետը, որը տեսիլքում դուրս էր գալիս Երուսաղեմի տաճարից։ Ուստի, հին Իսրայելը տեսավ Եզեկիելի մարգարեության կատարման միայն մի փոքր մասը։ Սա նշանակում է, որ տեսիլքը պետք է ավելի մեծ, հոգևոր կատարում ունենար։
15. ա) Ե՞րբ սկսեց գործել Եհովայի հոգևոր տաճարը։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Եզեկիելի տեսիլքը չիրականացավ այն ժամանակ, երբ Քրիստոսը երկրի վրա էր։
15 Պարզ է դառնում, որ Եզեկիելի տեսիլքի հիմնական կատարումը պետք է փնտրել Եհովայի փառահեղ հոգևոր տաճարում, որի մասին մանրամասնորեն խոսում է Պողոս առաքյալը «Եբրայեցիս» գրքում։ Այդ տաճարը սկսեց գործել այն ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսը մ.թ. 29 թ.–ին քահանայապետ օծվեց։ Բայց արդյոք Եզեկիելի տեսիլքը իրականացա՞վ Հիսուսի օրերում։ Ինչպես երևում է, ոչ։ Հիսուսը՝ որպես քահանայապետ, իրականացրեց քավության օրվա մարգարեական նշանակությունը՝ մկրտվելով, անձնազոհաբար մահանալով և Սրբությունների Սրբություն մտնելով, այսինքն՝ երկինք համբարձվելով (Եբրայեցիս 9։24)։ Սակայն հետաքրքրական է, որ Եզեկիելի տեսիլքում չի հիշատակվում ո՛չ քահանայապետի, ո՛չ էլ քավության օրվա մասին։ Ուստի անհավանական է թվում, որ այս տեսիլքը վերաբերվեր մ.թ. առաջին դարին։ Այդ դեպքում ո՞ր ժամանակահատվածին էր այն վերաբերվում։
16. Եզեկիելի տեսած տեսիլքի շրջակայքը ո՞ր մեկ այլ մարգարեության մասին է հիշեցնում, և այդ հանգամանքն ինչպե՞ս է օգնում որոշելու տեսիլքի հիմնական կատարման ժամանակը։
16 Պատասխանի համար եկեք անդրադառնանք տեսիլքին։ Եզեկիելը գրում է. «Աստուծոյ տեսիլքներովը ինձ տարաւ Իսրայէլի երկիրը եւ ինձ մի շատ բարձր սարի վերայ դրաւ. եւ նորա վերայ մի քաղաքի շինութեան պէս բան կար դէպի հարաւին կողմը» (Եզեկիէլ 40։2)։ Տեսիլքում հիշատակված «շատ բարձր սարը» հիշեցնում է Միքիա 4։1 համարը. «Վերջի օրերը պիտի լինի, որ Տիրոջ տան սարը հաստատուն պիտի լինի սարերի գլխին, եւ բարձր պիտի լինի բլուրներից, եւ ժողովուրդները հոսելով նորա մօտ պիտի գնան»։ Ե՞րբ է կատարվում այս մարգարեությունը։ Միքիա 4։5–ը ցույց է տալիս, որ դա ընթացք է առնում այն ժամանակ, երբ ժողովուրդները դեռ կեղծ աստվածներ են պաշտում։ Իրողությունն այն է, որ հենց մեր ժամանակներում՝ «վերջին օրերում» է, որ մաքուր երկրպագությունը բարձրացվում է, վերագտնում իր պատշաճ տեղը Աստծո ծառաների կյանքում։
17. Ինչպե՞ս է Մաղաքիա 3։1—5 համարներում արձանագրված մարգարեությունն օգնում որոշելու, թե ե՛րբ է մաքրվել Եզեկիելի տեսած տաճարը։
17 Ի՞նչը նպաստեց վերականգնմանը։ Հիշենք, որ տեսիլքի ամենանշանակալից պահին Եհովան մոտենում է տաճարին և պահանջում, որ իր տունը մաքրվի կռապաշտությունից։ Ե՞րբ մաքրվեց Աստծո հոգևոր տաճարը։ Մաղաքիա 3։1—5–ում Եհովան կանխագուշակում է այն ժամանակի մասին, երբ նա «գալու [է] իր տաճարի մօտ» «ուխտի հրեշտակի»՝ Հիսուս Քրիստոսի հետ միասին։ Ի՞նչ նպատակով։ «Նա հալեցնողի կրակին պէս է, եւ թափիչների օճառին պէս»։ Այս մաքրումն իր ընթացքն է ստացել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից սկսած։ Արդյո՞ւնքը։ 1919 թ.–ից ի վեր Եհովան բնակվում է իր տանը և օրհնել է իր ժողովրդի հոգևոր երկիրը (Եսայիա 66։8)։ Հետևապես, կարող ենք հանգել այն եզրակացության, որ Եզեկիելի տաճարի մարգարեությունն իր կարևոր կատարումն է ունենում այս վերջին օրերի ընթացքում։
18. Տաճարի վերաբերյալ մարգարեությունը ե՞րբ կունենա իր վերջնական կատարումը։
18 Վերականգնման մասին ուրիշ մարգարեությունների նման, Եզեկիելի տեսիլքը նույնպես ունի իր հետագա կատարումը՝ վերջնականը՝ Դրախտի պայմաններում։ Միայն այդ ժամանակ արդարամիտ մարդիկ լիովին կօրհնվեն Աստծո տաճարում կատարվող ծառայություններից։ Քրիստոսն իր 144 000 երկնային քահանաների հետ միասին կօգտագործի իր քավիչ զոհաբերության արժեքը։ Նրա իշխանությանը ենթարկվող բոլոր հնազանդ մարդիկ կառաջնորդվեն դեպի կատարելություն (Յայտնութիւն 20։5, 6)։ Սակայն ճիշտ չի լինի ասել, որ Դրախտի պայմաններում է տեղի ունենալու Եզեկիելի մարգարեության հիմնական կատարումը։ Իսկ ինչո՞ւ։
Տեսիլքը կենտրոնանում է մեր օրերի վրա
19, 20. Տեսիլքի հիմնական կատարումը ինչո՞ւ պետք է տեղի ունենա հիմա, և ոչ թե Դրախտում։
19 Եզեկիելի տեսած տաճարը կռապաշտությունից և հոգևոր առումով պոռնկությունից մաքրվելու կարիք ուներ (Եզեկիէլ 43։7—9)։ Այս իրողությունը հնարավոր չէ կիրառել այն երկրպագության նկատմամբ, որը մատուցվելու է Եհովային Դրախտում։ Բացի այդ, տեսիլքում պատկերված քահանաները ներկայացնում են ոչ թե երկնքում հարություն ստացած և Հազարամյակի ընթացքում գործող, այլ դեռ երկրի վրա գտնվող քահանայական օծյալ դասակարգին։ Ինչո՞ւ։ Որովհետև քահանաները ներկայացված են ներսի գավիթում ծառայելիս։ Իսկ «Դիտարանի» նախորդ համարների հոդվածներում բացատրվել էր, որ այս գավիթը ներկայացնում է Քրիստոսի ընկերակից քահանաների բացառիկ հոգևոր դիրքը, երբ նրանք դեռ երկրի վրա են գտնվում։c Նկատեցեք նաև, որ տեսիլքում շեշտվում է այդ քահանաների անկատար վիճակը։ Նրանց ասված է, որ զոհեր մատուցեն սեփական մեղքերի համար։ Նրանց զգուշացվում է հոգևորապես և բարոյապես պղծվելու վտանգի մասին։ Այսպիսով՝ նրանք չեն ներկայացնում հարություն ստացած օծյալներին, որոնց մասին Պողոս առաքյալը գրեց. «Փողը պիտի հնչի, եւ մեռելները յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան» (Ա Կորնթացիս 15։52; Եզեկիէլ 44։21, 22, 25, 27)։ Տեսիլքի քահանաները ժողովրդի հետ են և անմիջականորեն նրանց են ծառայում։ Այդպես չի լինելու Դրախտում, քանի որ քահանայական դասակարգը գտնվելու է երկնքում։ Տեսնում ենք, որ տեսիլքում հրաշալիորեն նկարագրված է, թե ինչպես են օծյալները երկրի վրա սերտորեն աշխատում «մեծ բազմության» հետ միասին (Յայտնութիւն 7։9; Եզեկիէլ 42։14)։
20 Ուստի, կարող ենք ասել, որ Եզեկիելի՝ տաճարի տեսիլքը կանխագուշակում էր հոգևոր մաքրման այն օգտակար հետևանքները, որոնք մենք տեսնում ենք այսօր։ Սակայն ի՞նչ առնչություն ունի դա ձեզ հետ։ Տեսիլքն ինչ–որ վերացական, աստվածաբանական հանելուկ չէ։ Այն խիստ կապված է ձեր առօրյա կյանքում միակ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային տրվելիք երկրպագության հետ։ Իսկ թե ինչպե՛ս՝ կլուսաբանվի հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Այս տեղեկությունը պետք է, որ խորը տպավորություն գործած լիներ Եզեկիելի վրա, քանի որ հայտնի է նրա՝ Սադովկի քահանայական ընտանիքից սերվելը։
b Օրինակ՝ հին Միշնայում ասվում է, որ վերակառուցված տաճարի զոհասեղանը, երկփեղկանի դռները և կերակուր պատրաստելու սենյակները կառուցվել էին Եզեկիելի տեսիլքի համապատասխան։
c Տես «Դիտարան» 1996, հոկտեմբերի 1, էջ 13, 14 և 1972, դեկտեմբերի 1, էջ 718 (անգլ.)։
Հիշո՞ւմ եք
◻ Ինչպե՞ս տեղի ունեցավ տաճարի և նրա քահանայության մասին Եզեկիելի տեսիլքի նախնական կատարումը։
◻ Երկրի բաժանման մասին Եզեկիելի տեսիլքն ինչպե՞ս գտավ իր սկզբնական կատարումը։
◻ Վերականգնված հին Իսրայելում ովքե՞ր էին հավատարիմ իշխանները, և ովքե՞ր էին «արդարութեան բեւեկնիները»։
◻ Ինչո՞ւ պետք է տաճարի վերաբերյալ Եզեկիելի տեսիլքը իր հիմնական կատարումն ունենար մեր օրերում։