Ինչպես է Եհովան մեզ առաջնորդում
«Առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհում» (ՍԱՂՄՈՍ 27։11)։
1, 2. ա) Ինչպե՞ս է Եհովան առաջնորդում այսօր իր ժողովրդին։ բ) Ի՞նչ է իր մեջ ընդգրկում հանդիպումներին լիարժեք կերպով մասնակցելը։
ԻՆՉՊԵՍ տեսանք նախորդ հոդվածից, Եհովան է լույսի և ճշմարտության Աղբյուրը։ Քանի դեռ շարժվում ենք արդարության ուղիղ ճանապարհով, նրա Խոսքը լուսավորում է մեր ուղին։ Եհովան առաջնորդում է մեզ՝ խրատելով իր ճանապարհների համաձայն (Սաղմոս 119։105)։ Հին ժամանակների սաղմոսերգուի նման մենք էլ ենք երախտագիտորեն արձագանքում Աստծո առաջնորդությանը և աղոթում. «Սովորեցրու ինձ, Տէր, քո ճանապարհը, եւ առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհում» (Սաղմոս 27։11)։
2 Եհովան այսօր մեզ հրահանգներ է տալիս տարբեր միջոցներով, որոնցից մեկն էլ քրիստոնեական հանդիպումներն են։ Արդյոք լիարժեք կերպով օգտվո՞ւմ ենք այդ սիրալիր կարգադրությունից՝ 1) կանոնավորաբար հաճախելով, 2) ծրագիրն ուշադրությամբ լսելով և 3) պատրաստակամորեն մասնակցելով թե՛ ծրագրի առանձին մասերին և թե՛ դահլիճում նստած։ Բացի այդ, ուրախությա՞մբ ենք արձագանքում խորհուրդներ ստանալիս, որոնք օգնում են «ուղիղ ճանապարհի» վրա մնալ։
Ինչպե՞ս ես հաճախում հանդիպումներին
3. Ինչպե՞ս է մի լիաժամ քարոզչուհի հանդիպումներին կանոնավորաբար հաճախելու լավ սովորություն մշակել։
3 Թագավորության քարոզիչներից ոմանք մանկուց ի վեր հանդիպումների կանոնավոր հաճախողներից են։ «Հիշում եմ, 1930–ականներն էին»,— պատմում է մի լիաժամ քարոզիչ։ —«Մենք քույրերով մեր ծնողներին երբեք չէինք հարցնում՝ գնալո՞ւ ենք ժողովի. բոլորս էլ գիտեինք, որ եթե հիվանդ չենք, ուրեմն գնում ենք։ Մեր ընտանիքը երբեք առանց հարգելի պատճառի բաց չէր թողնում հանդիպումները»։ Ինչպես Աննա մարգարեուհին, այս քույրն էլ երբեք չի «հեռանում» Եհովայի երկրպագության վայրից (Ղուկաս 2։36, 37)։
4-6. ա) Ինչո՞ւ են Թագավորության քարոզիչներից ոմանք բաց թողնում հանդիպումները։ բ) Ինչո՞ւ ժողովի հանդիպումներին հաճախելը կենսական կարևորություն ունի։
4 Արդյոք պատկանո՞ւմ ես այն անհատների շարքին, որոնք քրիստոնեական հանդիպումներին կանոնավորաբար են հաճախում, թե՞ հատուկենտ ես ներկա գտնվում։ Քրիստոնյաներից ոմանք, որոնց թվում էր, թե համարյա բաց չեն թողնում հանդիպումները, որոշեցին ստուգել իրենք իրենց։ Մի քանի շաբաթ շարունակ նրանք իրենց մոտ նշում էին հաճախած օրերը։ Մի որոշ ժամանակ անցնելուց հետո, իրենց գրառումներն աչքի անցկացնելով, նրանք զարմացած էին մնացել՝ տեսնելով բաց թողած հանդիպումների քանակը։
5 «Զարմանալու ոչինչ չկա,— կարող են ասել ոմանք,— մարդիկ այսօր այնքան զբաղված են, որ հեշտ չէ հանդիպումներին կանոնավորաբար հաճախելը»։ Իսկապես որ անչափ լարված ժամանակներում ենք ապրում։ Դեռ ավելին, այդ ճնշումն ավելի ու ավելի է սաստկանալու (Բ Տիմոթէոս 3։13)։ Բայց մի՞թե դա ավելի կենսական չի դարձնում ժողովի հանդիպումներին կանոնավորաբար հաճախելը։ Առանց մշտական հոգևոր կերակուրի, որը մեզ կանգուն է պահում, չենք կարող այս համակարգից եկող ճնշմանը դիմանալ։ Իսկ առանց միմյանց հետ մշտական ընկերակցության՝ ինքներս մեզ փորձության ենք ենթարկում՝ ‘արդար ճանապարհը’ ընդհանրապես լքելու փորձության (Առակաց 4։18)։ Ճիշտ է, ծանր օրվա վերջում տուն հասնելուց հետո միշտ չէ, որ տրամադրված ենք լինում գնալու ժողովի։ Սակայն, երբ, հաղթահարելով մեր հոգնածությունը, այնուամենայնիվ գնում ենք, նախ՝ օգուտ ենք տալիս ինքներս մեզ, ապա նաև քաջալերում ենք մեր քրիստոնյա հավատակիցներին։
6 Եբրայեցիս 10։25 խոսքում մեկ ուրիշ կարևոր պատճառ է բերվում, թե ինչո՛ւ ժողովներին մեր հաճախումները պետք է կանոնավոր լինեն։ Այս համարում Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորում է հավաքվել մեկտեղ «այնքան աւելի, որքան տեսնում [են] Տիրոջ օրուայ մօտենալը»։ Այո՛, չպետք է աչքաթող անենք այն իրողությունը, որ «Տիրոջ օրը» մոտենում է (Բ Պետրոս 3։12)։ Եթե մտածենք, որ այս համակարգի վախճանը դեռ շատ հեռու է, դրանով թույլ կտանք, որ մեր անձնական հետաքրքրությունները կարևոր հոգևոր գործունեությունների, ինչպես օրինակ, ժողովի հանդիպումների տեղը զբաղեցնեն։ Եվ այն ժամանակ, ինչպես զգուշացրեց Հիսուսը, ‘այն օրը հանկարծակի կհասնի մեզ վրա’ (Ղուկաս 21։34)։
Եղիր լավ լսող
7. Ինչո՞ւ է կարևոր, որ ժողովի հանդիպումների ժամանակ երեխաներն ուշադիր լինեն։
7 Բավական չէ ընդամենը հաճախել հանդիպումներին։ Հարկավոր է ուշադիր լինել և լսել ասված բոլոր բաները (Առակաց 7։24)։ Դա վերաբերվում է նաև երեխաներին։ Երբ երեխան դպրոց է գնում, նրանից սպասվում է ուշադիր լսել ուսուցչին, նույնիսկ այն դեպքում, եթե որոշ բաներ իրեն չեն հետաքրքրում կամ էլ վեր են իր հասկացողությունից։ Ուսուցիչը գիտի, որ եթե երեխան փորձում է ուշադիր լսել, համենայն դեպս, որոշ օգուտներ քաղում է դասից։ Մի՞թե ավելի լավ չի լինի, որ դպրոցական տարիքի երեխան, հանդիպումը սկսվելուն պես քուն մտնելու փոխարեն, ուշադիր լինի տրվող խրատների հանդեպ։ Ճիշտ է, Գրություններում պարունակվող անգին ճշմարտությունների մեջ կան և «դժուարիմաց բաներ» (Բ Պետրոս 3։16)։ Սակայն չպետք է թերագնահատել երեխայի սովորելու կարողությունը, քանի որ Աստված այդպես չի վարվում։ Դեռևս աստվածաշնչյան ժամանակներում նա իր երիտասարդ ծառայողներին պատվիրել էր, որ ‘լսեն և սովորեն և վախենան Եհովա Աստծուց և պահեն ու կատարեն այդ օրենքի բոլոր խոսքերը’, որոնցից մի մասն, ինչ խոսք, երեխաների համար դժվար էր հասկանալ (Բ Օրինաց 31։12; համեմատեք Ղեւտացոց 18։1—30)։ Արդյո՞ք Եհովան այսօրվա երեխաներից ավելի քիչ սպասելիքներ ունի։
8. Ինչպե՞ս են ծնողներն օգնում իրենց երեխաներին, որպեսզի ժողովի հանդիպումներին ուշադիր լինեն։
8 Քրիստոնյա ծնողները գիտակցում են, որ իրենց երեխաների հոգևոր կարիքները մասամբ բավարարվում են ժողովի հանդիպումներում իրենց սովորածներով։ Դրա համար էլ ոմանք հոգ են տանում, որ երեխաները հանդիպումից առաջ մի փոքր քնեն, այնպես որ լիովին թարմացած և սովորելու պատրաստ գնան Թագավորության սրահ։ Որոշ ծնողներ էլ խիստ սահմանափակումներ են դնում կամ էլ ողջամտորեն արգելում են հեռուստացույց դիտել ժողովի հանդիպման երեկոներին (Եփեսացիս 5։15; 16)։ Այդ ծնողներն աշխատում են հնարավոր ամեն բան անել, որպեսզի երեխաները չշեղվեն ծրագրից. հորդորում են նրանց լսել, սովորել՝ իհարկե, այդ ամենի հետ միասին հաշվի առնելով նրանց տարիքն ու կարողությունը (Առակաց 8։32)։
9. Ի՞նչպես կարող ենք լսելու կարողություն զարգացնել։
9 Հիսուսը դիմեց մեծահասակներին՝ ասելով. «Զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում» (Ղուկաս 8։18)։ Մեր օրերում հաճախ ավելի հեշտ է դա ասել, քան՝ անել։ Համաձայնվեք, որ ուշադրությամբ լսելն այնքան էլ հեշտ գործ չէ, սակայն լսելու կարողությունը կարելի է զարգացնել։ Անկախ այն բանից՝ հանրային ելույթ եք լսում, թե՝ հանդիպման ծրագրի որևէ հատված՝ փորձեք առանձնացնել գլխավոր մտքերը։ Համբերատար կերպով սպասեք, թե որն է լինելու հաջորդ միտքը։ Աշխատեք հիշողության մեջ պահել այն մտքերը, որոնք կարող եք կիրառել ծառայության ժամանակ կամ էլ ձեր կյանքում։ Մտովի վերլուծեք քննարկվող մտքերը և, միաժամանակ, համառոտակի նշումներ կատարեք։
10, 11. Ինչպե՞ս են որոշ ծնողներ օգնել իրենց երեխաներին ավելի լավ լսողներ լինել։ Անձամբ դուք ո՞ր մեթոդներն եք արդյունավետ համարում։
10 Ուշադրությամբ լսելու սովորությունը կարելի է մշակել վաղ տարիքից։ Նույնիսկ նախադպրոցական տարիքի երեխաներին, որոնք դեռ գրել–կարդալ չգիտեն, որոշ ծնողներ հորդորում են հանդիպումների ժամանակ «նշումներ» կատարել։ Երբ իրենց ծանոթ բառ են լսում, օրինակ՝ «Եհովա», «Հիսուս» կամ «Թագավորություն», նրանք նշան են դնում իրենց թղթիկի վրա։ Վերջինիս շնորհիվ՝ երեխաները սովորում են կենտրոնանալ ու լսել, թե ի՛նչ է ասվում բեմահարթակից։
11 Նույնիսկ ավելի մեծ տարիքի երեխաներին է պետք քաջալերել, որպեսզի ուշադիր լսեն։ Նկատելով, որ համաժողովի ժամանակ իր տասնմեկամյա որդին բաց աչքերով երազում է՝ հայրը տղային Աստվածաշունչ է մեկնում և հանձնարարում բաց անել զեկուցողի վկայակոչած համարները։ Նշումներ կատարելու ընթացքում նա հետևում է, թե ինչպես է տղան գտնում Աստվածաշնչի համարները։ Դրանից հետո երեխան ավելի մեծ ոգևորությամբ է սկսում հետևել ծրագրին։
Թող քո ձայնը լսվի
12, 13. Ինչո՞ւ է կարևոր ժողովի անդամների հետ միասին երգելը։
12 Դավիթ թագավորը երգեց. «Քո սեղանի չորս կողմովը պտոյտ եմ տալիս, ով Տէր, որ օրհնութեան ձայնը հնչեցնեմ» (Սաղմոս 26։6, 7)։ Եհովայի վկաների ժողովի հանդիպումները մեր հավատը բարձրաձայն արտահայտելու շատ լավ հնարավորություն են ընձեռում։ Հնարավորություններից մեկը երգեցողությանը մասնակցելն է։ Երգը մեր երկրպագության կարևոր մասն է կազմում, մի հանգամանք, որը, սակայն, հեշտությամբ աչքաթող է արվում։
13 Դեռևս կարդալ չիմացող երեխաներից ոմանք կարողանում են մտապահել շաբաթվա ընթացքում ծրագրում ընդգրկված երգերի բառերը։ Նրանք ցնծում են ուրախությունից՝ համոզվելով, որ կարող են երգել մեծահասակների հետ միասին։ Տարիքի հետ զուգահեռ, երեխաները, թերևս, սկսում են նվազ ոգևորությամբ երգել Թագավորության երգերը։ Մեծահասակներից ոմանք նույնպես անհարմար են զգում հանդիպումների ժամանակ երգել։ Սակայն երգեցողությունը, ինչպես և քարոզչությունը, մեր երկրպագության մի մասն է (Եփեսացիս 5։19)։ Մենք մեր ուժերից եկածն անում ենք, որպեսզի ծառայության ժամանակ փառաբանենք Եհովային։ Մի՞թե չենք կարող նրան փառաբանել նաև երգերով, անկախ նրանից՝ մեր ձայնը երգեցիկ է հնչում, թե՝ ոչ (Եբրայեցիս 13։15)։
14. Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ժողովի հանդիպումներին քննարկվելիք նյութը նախապես ուշադրությամբ պատրաստվի։
14 Մենք Աստծուն փառաբանում ենք նաև հանդիպման ընթացքում ոգևորիչ մեկնաբանություններ տալով։ Իսկ դրա համար հարկավոր է նախօրոք պատրաստվել և ժամանակ հատկացնել Աստծո Խոսքի ավելի խորիմաստ հատվածների շուրջը խորհելուն։ Սուրբ գրությունների ժրաջան ուսումնասիրողներից մեկը՝ Պողոս առաքյալը, լիովին գիտակցելով այդ բանի անհրաժեշտությունը, գրեց. «Օ՜, խորութիւն Աստծու հարստութեան, իմաստութեան եւ գիտութեան» (Հռովմայեցիս 11։33)։ Ընտանիքի գլուխնե՛ր, Սուրբ գրություններում բացահայտվող Աստծո իմաստությունը որոնելու հարցում անչափ կարևոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամին ձեր կողմից ցուցաբերված օգնությունը։ Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրության ընթացքում ժամանակ հատկացրեք դժվարըմբռնելի հատվածները բացատրելուն և օգնեք ձեր ընտանիքին պատրաստվել ժողովի հանդիպումներին։
15. Ո՞ր առաջարկությունները կիրառելով կարող եք հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալ։
15 Եթե ցանկանում եք ձեր մեկնաբանություններով ավելի հաճախակի մասնակցել հանդիպումներին, ինչո՞ւ նախապես չմտածեք ձեր պատասխանների շուրջը։ Մի կենտրոնացեք բարդ նախադասություններ կազմելու վրա։ Բոլորի կողմից հավանության կարժանանան տեղին ընթերցված Աստվածաշնչի համարը կամ էլ ճիշտ ընտրված ու սրտից բխած մեկ–երկու խոսքը։ Հնարավոր է, որ քարոզիչներից ոմանք հատուկ խնդրանքով դիմեն ուսումնասիրությունը վարողին, որ որոշակի պարբերության հարցի առաջին պատասխանն իրենք տան, որպեսզի չկորցնեն իրենց հավատն արտահայտելու հնարավորությունը։
Անփորձն իմաստություն է ձեռք բերում
16, 17. Ի՞նչ խորհուրդ է տալիս երեցը մի ծառայողական օգնականի, և ինչո՞վ էր այդ խորհուրդն արդյունավետ։
16 Եհովայի վկաների հանդիպումների ընթացքում հաճախ ենք Աստծո Խոսքն ամեն օր կարդալու հիշեցումներ ստանում։ Այդպես վարվելը շատ կազդուրիչ է այն առումով, որ օգնում է իմաստուն որոշումներ կայացնել, շտկել մեր անձնավորության թերի կողմերը, դիմադրել փորձություններին և, որևէ սխալ քայլ կատարելու դեպքում, մեր հոգևոր հավասարակշռությունը վերագտնել (Սաղմոս 19։7)։
17 Ժողովներում փորձառու երեցները պատրաստ են մեր կարիքներին համապատասխան և Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդներ տալ։ «Խելոք մարդը նորան [այսինքն՝ խորհուրդը] կ’հանէ»՝ դիմելով նրանց (Առակաց 20։5)։ Մեկ անգամ մի ժրաջան ծառայողական օգնական հարցնում է երեցներից մեկին, թե ինչպե՞ս վարվի, որ ժողովին ավելի օգտակար լինի։ Երիտասարդին բավականին լավ ճանաչող այդ երեցը բաց է անում Աստվածաշունչը և ընթերցում Ա Տիմոթէոս 3։3 խոսքը, որտեղ ասվում է, որ ժողովում նշանակված տղամարդիկ պետք է լինեն «հանդարտաբարոյ» («ողջամիտ», ՆԱ)։ Նա սիրալիր կերպով ցույց է տալիս, թե ո՛ր դեպքերում այդ երիտասարդը կարող է ողջամտություն ցուցաբերել ուրիշների հետ շփվելիս։ Արդյոք այդ եղբայրը վիրավորվե՞ց իրեն տրված անկեղծ խորհրդից։ Ոչ։ «Երեցը դիմեց Աստվածաշնչի օգնությանը,— բացատրեց նա,— ուստի հասկացա, որ այդ խորհուրդը Եհովայից է»։ Այդ ծառայողական օգնականը երախտագիտության զգացումով լցված՝ սկսում է կիրառել իրեն տրված խորհուրդը և արդյունքում հիանալի հաջողությունների է հասնում։
18. ա) Ի՞նչն էր մի քրիստոնյա երիտասարդուհու օգնել՝ դիմագրավելու դպրոցում հանդիպած փորձությունները։ բ) Աստվածաշնչի ո՞ր համարներն եք հիշում, երբ փորձության մեջ եք ընկնում։
18 Աստծո Խոսքի օգնությամբ երիտասարդները կարող են նաև ‘փախչել երիտասարդական ցանկություններից’ (Բ Տիմոթէոս 2։22)։ Վերջերս դպրոցն ավարտած մի Եհովայի վկա պատմում է, թե ինչպես էր իրեն հաջողվել դպրոցական տարիների ընթացքում Աստվածաշնչի համարների շուրջը խորհելու և դրանք կյանքում կիրառելու շնորհիվ բազում փորձություններ հաղթահարել։ Այդ հարցում նրան շատ է օգնել Առակաց 13։20–ում ամփոփված խրատը. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ»։ Հետևելով այդ խրատին՝ նա ընկերներ ընտրելիս մեծ զգուշություն է ցուցաբերել և մտերմացել է միայն Աստվածաշնչի սկզբունքները հարգող անհատներին։ Իր վարմունքը նա բացատրում է հետևյալ կերպ. «Ես ոչ ոքից լավը չեմ. եթե ընկնեմ սխալ վարքագիծ ունեցող «ամբոխի» մեջ, ինչ խոսք, ամեն կերպ կցանկանամ գոհացնել ընկերներիս, իսկ դա միայն խնդիրների առաջ ինձ կկանգնեցնի»։ Պողոսի խորհուրդը՝ արձանագրված Բ Տիմոթէոս 1։8–ում, նույնպես օգնել է նրան. «Ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը.... այլ մասնակի՛ց եղիր աւետարանի համար եղած չարչարանքներին»։ Կիրառելով այդ խորհուրդն իր առօրյա կյանքում՝ նա իր առջև բացված ցանկացած հնարավորություն օգտագործել է՝ Աստվածաշնչի վրա հիմնված իր հավատի մասին համարձակորեն պատմելով համադասարանցիներին։ Ամեն անգամ որևէ բանավոր հանձնարարություն ստանալիս աշխատել է ընտրել այնպիսի թեմա, որտեղ կարողանա նրբանկատորեն վկայություն տալ Աստծո Թագավորության մասին։
19. Ինչո՞ւ էր վերոհիշյալ երիտասարդը մի ժամանակ անկարող եղել հաղթահարելու աշխարհի կողմից եկած փորձությունները, սակայն ի՞նչն էր նրան հետագայում հոգևորապես զորացրել։
19 Եթե երբևիցե շեղվելու լինենք ‘արդար ճանապարհից’, Աստծո Խոսքը կօգնի մեզ շտկելու մեր քայլերը (Առակաց 4։18)։ Հենց դրա մասին է վկայում աֆրիկացի մի պատանու օրինակը։ Երբ Եհովայի վկաներից մեկն այցելում է իրեն, նա անմիջապես համաձայնվում է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Նրան անչափ դուր են գալիս իր սովորած բաները, սակայն, շատ չանցած, դպրոցում վատ ընկերակցությունների մեջ է ընկնում։ Ժամանակի ընթացքում սկսում է անբարո կյանք վարել։ «Խիղճս սաստիկ տանջում էր, ուստի ստիպված էի դադարեցնել ժողովներին հաճախելը»,— պատմում է այդ պատանին։ Ավելի ուշ նա կրկին վերականգնում է իր հաճախումները։ Ահա թե նա ինչ է պատմում. «Ես հասկացա, որ այդ ամենի պատճառն այն էր, որ ինքս ինձ հոգևոր սովի էի մատնել։ Անձնական ուսումնասիրությամբ բոլորովին չէի զբաղվում, դրա համար էլ չկարողացա ժամանակին դիմադրել փորձությանը։ Հետո սկսեցի կարդալ «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Աստիճանաբար վերականգնեցի հոգևոր ուժերս ու կյանքս կարգի բերեցի։ Դա շատ լավ վկայություն էր նրանց համար, ովքեր տեսան իմ կյանքում կատարված փոփոխությունները։ Մկրտվեցի ու այժմ շատ երջանիկ եմ»։ Ի՞նչն էր այս երիտասարդին զորացրել, որպեսզի հաղթահարեր մարմնի տկարությունները։ Նա վերականգնել էր իր հոգևոր ուժերը Աստվածաշնչի կանոնավոր անձնական ուսումնասիրության շնորհիվ։
20. Ինչպե՞ս կարող է երիտասարդը դիմադրել Սատանայի հարձակումներին։
20 Երիտասա՛րդ քրիստոնյաներ, դուք իսկական թիրախ եք Սատանայի համար և եթե ուզում եք դիմադրել նրա հարձակումներին, պետք է կանոնավորաբար հոգևորապես սնվեք։ Սաղմոսերգուներից մեկը՝ ամենայն հավանականությամբ նույնպես երիտասարդ, լավ հասկացել էր դրա կարևորությունը։ Նա երախտապարտ էր Եհովային նրա տված Խոսքի համար, քանի որ, ինչպես ինքն է գրում, դրանով երիտասարդը կարող է «իստակ» անել իր ճանապարհը (Սաղմոս 119։9)։
Կգնանք, ուր էլ որ Աստված մեզ առաջնորդի
21, 22. Ինչո՞ւ պետք չէ եզրակացնել, որ ճշմարտության ճանապարհը չափազանց դժվար է։
21 Եհովան իսրայել ազգին Եգիպտոսից առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր։ Նրա ընտրած ճանապարհը ոմանց համար, թերևս, կարող էր թվալ ավելորդ դժվարություններով լի։ Ավելի հեշտ թվացող՝ Միջերկրական ծովի ուղղությամբ գնացող ճանապարհը ընտրելու փոխարեն, Եհովան իր ժողովրդին առաջնորդեց անապատի միջով։ Սակայն դրանով նա ժողովրդի հանդեպ իր սերն արտահայտեց։ Ծովով ճանապարհը թեև կարճ էր, բայց իսրայելացիները ստիպված էին լինելու անցնել իրենց հանդեպ թշնամաբար տրամադրված փղշտացիների երկրի միջով։ Այլ ճանապարհ ընտրելով՝ Եհովան իր ժողովրդին ետ պահեց փղշտացիների հետ ժամանակից շուտ բախվելուց։
22 Նույնը կարելի է ասել և մեր օրերի համար։ ճանապարհը, որով Աստված առաջնորդում է այսօր, կարող է երբեմն դժվար թվալ։ Մեզանից յուրաքանչյուրն ունի քրիստոնեական գործունեության շաբաթական խիտ գրաֆիկ, ներառյալ ժողովի հանդիպումները, անձնական ուսումնասիրությունն ու քարոզչական ծառայությունը։ Մյուս ուղիները, գուցե, ավելի հեշտ թվան, սակայն միայն Աստծո առաջնորդությանը հետևելու դեպքում կհասնենք մեր նպատակին, որին այդքան փափագում ենք։ Ուստի, եկե՛ք շարունակենք Եհովայից ընդունել մեզ համար կենսական կարևորություն ունեցող հրահանգները ու հավիտյան մնանք «ուղիղ ճանապարհի» վրա (Սաղմոս 27։11)։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչո՞ւ է հատկապես կարևոր քրիստոնեական ժողովի հանդիպումներին կանոնավորաբար հաճախելը։
• Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին, որպեսզի նրանք հանդիպումների ժամանակ ուշադիր լինեն։
• Ի՞նչ ենք հասկանում լավ լսող ասելով։
• Ի՞նչը մեզ կօգնի հանդիպումներին մեկնաբանություններ տալ։
[նկարներ 15–րդ էջի վրա]
Քրիստոնեական ժողովի հանդիպումներին հաճախելը օգնում է մեր մտքում պահել Եհովայի օրը։
[նկար 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Քրիստոնեական ժողովի հանդիպումների ժամանակ Եհովային փառաբանելու տարբեր ձևեր կան։