Ուշադրություն դարձրեք Աստծո մարգարեական խոսքին
«Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը,— որին եթէ անսաք, լաւ կ’անէք» (Բ ՊԵՏՐՈՍ 1։19)։
1, 2. Ինքնակոչ մեսիայի ի՞նչ օրինակներ կարող եք պատմել։
ԴԱՐԵՐ շարունակ ինքնակոչ մեսիաները փորձել են գուշակել ապագան։ Մ.թ. հինգերորդ դարում իրեն Մովսես կոչող մեկը Կրետե կղզում ապրող հրեաներին համոզեց, որ ինքն է մեսիան և որ եկել է նրանց ազատելու կեղեքումից։ Իրենց ազատագրման համար նշանակված օրը նրանք, հետևելով այդ ինքնակոչին, ուղղվեցին դեպի Միջերկրական ծովին նայող բարձունքներից մեկը։ «Մեսիան» իր հետևորդներին հայտարարեց, որ բավական է միայն ծովը նետվել, և այն կբացվի իրենց առաջ։ Իրենց ծովը նետած բազմությունից շատերը խեղդվեցին, իսկ այսպես կոչված մեսիան անհայտացավ։
2 Մ.թ. XII դարում մի «մեսիա» էլ հայտնվեց, բայց այս անգամ՝ Եմենում։ Այն օրերում իշխող խալիֆան նրանից մեսիա լինելը հաստատող նշան պահանջեց։ Որպես պատասխան՝ այդ մեսիա կոչվածը առաջարկեց խալիֆային, որ վերջինս հրամայի գլխատել իրեն, և, որպես «մեսիա» լինելու նշան, նա անմիջապես հարություն կառնի։ Խալիֆան համաձայնվեց կատարել այդ առաջարկը, որով էլ վերջ դրվեց «մեսիայի» կյանքին։
3. Ո՞վ է ճշմարիտ Մեսիան, և ի՞նչ փաստեց նրա ծառայությունը։
3 Ի տարբերություն ինքնակոչ մեսիաներին և ամբողջովին ձախողված նրանց կանխագուշակումներին՝ Աստծո մարգարեական խոսքին ուշադրություն դարձնելը երբեք հուսախաբ չի արել և չի անում։ Աստվածաշնչի բազում մարգարեություններ կատարվեցին ճշմարիտ Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի վրա։ Օրինակ՝ մեջբերելով Եսայիայի մարգարեությունը՝ Մատթեոս ավետարանագիրը գրում է. ««Երկի՛ր Զաբուղոնի եւ երկի՛ր Նեփթաղէմի, ճանապա՛րհ ծովի, միւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների, խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ»։ Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»» (Մատթէոս 4։15—17; Եսայիա 9։1, 2)։ Հիսուսն էր այդ «մեծ լույսը», իսկ նրա ծառայությունը փաստեց, որ նա Մովսեսի նախագուշակած Մարգարեն էր։ Բոլոր նրանք, ովքեր կմերժեն Հիսուսին լսել, պիտի բնաջնջվեն (Բ Օրինաց 18։18, 19; Գործք 3։22, 23)։
4. Հիսուսն ինչպե՞ս կատարեց Եսայիա 53։12–ում արձանագրված մարգարեությունը։
4 Հիսուսը կատարեց նաև Եսայիա 53։12–ում արձանագրված մարգարեական խոսքերը. «Իր անձը մատնեց մահուան, եւ յանցաւորների հետ հաշուեցաւ. եւ նա շատերի մեղքը վեր առաւ, եւ յանցաւորների համար միջնորդեց»։ Գիտենալով, որ շուտով իր մարդկային կյանքը որպես փրկանք է տալու, Հիսուսը զորացրեց իր առաքյալների հավատը. նա այդ արեց բավականին աչքի ընկնող ձևով, այն է՝ պայծառակերպությամբ (Մարկոս 10։45)։
Պայծառակերպությունը ամրապնդում է հավատը
5. Ձեր բառերով ինչպե՞ս կնկարագրեիք պայծառակերպությունը։
5 Պայծառակերպությունը մարգարեական նշանակություն ուներ։ Հիսուսն ասաց. «Մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին... Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ» (Մատթէոս 16։27, 28)։ Առաքյալներից ոմանք իրո՞ք տեսան Հիսուսին իր թագավորությունով գալիս։ Մատթէոս 17։1—7 խոսքերում կարդում ենք. «Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ եւ նրանց առաջ պայծառակերպուեց»։ Ինչպիսի՜ ցնցող երևույթ։ «Նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը։ Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ»։ Նաև «մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ», և նրանք Աստծո ձայնը լսեցին, որն ասում էր. ««Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»։ Երբ աշակերտներն այս բառերը լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան։ Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»»։
6. ա) Հիսուսն ինչո՞ւ պայծառակերպությունը տեսիլք անվանեց։ բ) Ապագա ի՞նչ բանի արտացոլանքն էր այն։
6 Ակնածանք ներշնչող այս երևույթը հավանաբար տեղի է ունեցել Հերմոն լեռան գագաթներից մեկի վրա, որտեղ Հիսուսն ու իր երեք առաքյալները անց են կացրել այդ գիշերը։ Ակներևաբար, պայծառակերպությունը տեղի է ունեցել գիշերը. մի հանգամանք, որն ավելի վառ է դարձրել այլակերպումը։ Հիսուսը պայծառակերպությունը տեսիլք անվանեց, քանի որ վաղուց մահացած Մովսեսն ու Եղիան բառացիորեն չէին կարող այնտեղ գտնվել։ Իրականում միայն Հիսուսն էր այնտեղ (Մատթէոս 17։8, 9)։ Այդ շլացնող ներկայացումով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին տպավորիչ կերպով ցույց տրվեց թագավորական իշխանությամբ լիազորված Հիսուսի փառահեղ ներկայության արտացոլանքը։ Իսկ Մովսեսն ու Եղիան պատկերում էին Հիսուսի օծյալ ժառանգակիցներին։ Այսպիսով, տեսիլքը Թագավորության և ապագա իր իշխանության մասին Հիսուսի վկայության փայլուն հաստատումն էր։
7. Որտեղի՞ց ենք իմանում, որ Պետրոսը պայծառակերպության մասին վառ հիշողություններ ուներ։
7 Պայծառակերպությունը օգնեց զորացնելու երեք առաքյալների հավատը, որոնք քրիստոնեական ժողովում առաջատար դեր էին կատարելու։ Քրիստոսի փայլատակող դեմքը, նրա առկայծող հանդերձները և հենց իր՝ Աստծո ձայնը (որը հայտարարեց, թե Հիսուսն է իր հավանած Որդին, որին նրանք պետք է լսեն)՝ այս բոլորը ազդեցին, որպեսզի պայծառակերպությունն իր նպատակին հասնի։ Սակայն առաքյալները տեսիլքի մասին մինչև Հիսուսի հարություն առնելը ոչ ոքի չպետք է պատմեին։ Այս դեպքից մոտ 32 տարի անց Պետրոսի հիշողության մեջ տեսիլքը դեռևս վառ էր մնացել։ Մատնանշելով տեսիլքի ու վերջինիս նշանակության մասին՝ նա գրեց. «Ոչ թէ հնարովի առասպելների ետեւից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տէր Յիսուսի Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծութեանը. քանի որ նա Հայր Աստծուց ստացաւ փառք եւ պատիւ, երբ մեծավայելուչ փառքից եկաւ այս ձայնը, թէ՝ «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճութիւնը»։ Եւ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ նրա հետ էինք սուրբ լերան վրայ» (Բ Պետրոս 1։16—18)։
8. ա) Իր Որդու վերաբերյալ Աստծո հայտարարությունն ինչի՞ վրա է կենտրոնացնում մեր ուշադրությունը։ բ) Պայծառակերպության տեսիլքում հայտնված ամպը ի՞նչ էր ցույց տալիս։
8 Տեսիլքում ամենանշանավոր պահը Աստծո հայտարարությունն էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»։ Այս հայտարարությունը ուշադրությունը Հիսուսի վրա է կենտրոնացնում որպես Աստծո կողմից գահ բարձրացված Թագավորի, որին բոլոր ստեղծվածները պետք է հնազանդվեն։ Նրանց վրա հովանի եղող ամպը ցույց էր տալիս, որ տեսիլքը անտեսանելի ձևով էր կատարվելու։ Նրա կատարումը նկատելի կլիներ միայն հասկացողության «աչքերով», և նրանց համար, ովքեր կճանաչեին թագավորական իշխանությամբ լիազորված Հիսուսի անտեսանելի ներկայության «նշանը» (Մատթէոս 24։3)։ Իրականում, նախքան իր հարություն առնելը տեսիլքի մասին ոչ ոքի չպատմելու Հիսուսի հրահանգը ցույց է տալիս, որ նրա բարձրացումն ու փառավորումը տեղի էին ունենալու հարությունից հետո միայն։
9. Պայծառակերպությունն ինչո՞ւ պետք է զորացնի մեր հավատը։
9 Ավարտելով պայծառակերպության մասին խոսելը՝ Պետրոսը եզրակացնում է. «Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը, – որին եթէ անսաք, լաւ կ’անէք, – իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում՝ մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի ձեր սրտերում։ Բայց նախ այս բանն իմացէք, որ Գրքերի ամէն մի մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չունի, քանի որ մարգարէութիւնը ոչ թէ ըստ մարդկանց կամքի տրուեց երբեւէ, այլ Սուրբ Հոգուց մղուած է, որ խօսեցին Աստծու սուրբ մարդիկ» (Բ Պետրոս 1։19—21)։ Պայծառակերպությունն ընդգծում է Աստծո մարգարեական խոսքի վստահելի լինելը։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք ա՛յդ խոսքին, և ոչ թե «հնարովի առասպելներին», որոնք Աստծո հաճությունը չունեն։ Պայծառակերպությունը մարգարեական խոսքի նկատմամբ մեր հավատը պետք է զորացնի, որովհետև տեսիլքում նախապես ցույց տրված Հիսուսի փառքն ու թագավորական իշխանությունն արդեն իրականություն են դարձել։ Այո՛, մենք անհերքելի փաստեր ունենք, որ Քրիստոսն այսօր ներկա է որպես երկնային հզոր Թագավոր։
Ինչպես է ծագում Արուսյակը
10. Ո՞վ է կամ ի՞նչ է Պետրոսի նշած «արուսյակը». բացատրեցեք։
10 Կանգ առնենք Պետրոսի հետևյալ խոսքերի վրա. «Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը, – որին եթէ անսաք, լաւ կ’անէք, – իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում՝ մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի ձեր սրտերում»։ Ո՞վ է կամ ի՞նչ է «արուսյակը»։ «Արուսյակ» թարգմանված բառն Աստվածաշնչի բնագրում ընդամենը մեկ անգամ է հանդիպում, և այն «առավոտյան աստղի» հոմանիշն է։ Յայտնութիւն 22։16–ում (ԱԹ) Հիսուս Քրիստոսն անվանվում է «առաւօտեան պայծառ աստղ»։ Տարվա որոշ եղանակներին այսպիսի աստղերն ամենավերջինն են երևում երկնակամարում։ Հայտնվելով արևածագից քիչ առաջ՝ նրանք ավետում են նոր օրվա արշալույսը։ Արուսյակ ասելով՝ Պետրոսն ի նկատի ուներ Հիսուսին իր թագավորական իշխանությունը ստանալուց հետո։ Այդ ժամանակ Հիսուսը «ծագեց» ամբողջ տիեզերքի վրա, ներառյալ նաև մեր Երկրի։ Որպես Մեսիական Արուսյակ, նա ավետում է հնազանդ մարդկության համար նոր օրվա՝ նոր ժամանակաշրջանի արշալույսը։
11. ա) Ինչո՞ւ մարդկանց ֆիզիկական սիրտ–օրգաններում չի կարող ծագել Բ Պետրոս 1։19–ում նշված «արուսյակը»։ բ) Ինչպե՞ս կբացատրեիք վերոհիշյալ համարը։
11 Աստվածաշնչի շատ թարգմանություններ այն միտքն են ներշնչում, թե Բ Պետրոս 1։19–ում արձանագրված առաքյալի խոսքերը վերաբերում են մարդու սիրտ–օրգանին։ Չափահաս մարդու սիրտը կշռում է ընդամենը 250—300 գ։ Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսը, որն այժմ երկնքում բնակվող փառավորված, անմահ, ոգեղեն էակ է, ծագել այս փոքր, մարդկային սրտերում (Ա Տիմոթէոս 6։16)։ Անշուշտ, խոսքը մեր այլաբանական սրտերի մասին է, քանի որ դրանցով ենք ուշադրություն դարձնում Աստծո մարգարեական խոսքին։ Սակայն, եթե կարդաք Բ Պետրոս 1։19–ը անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանության մեջ, կտեսնեք, որ «մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի» նախադասությունները երկու կողմերից՝ նախորդող խոսքերից ու հաջորդող «ձեր սրտերում» արտահայտությունից բաժանված են ստորակետներով՝ որպես միջանկյալ նախադասություններ։ Տվյալ համարում ամփոփված միտքը կարելի է այսպես արտահայտել. «Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը, – որին եթէ անսաք, լաւ կ’անէք, – իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում՝ ձեր սրտերում, մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի»։
12. Ընդհանուր առմամբ ի՞նչ վիճակ է տիրում մարդկանց սրտերում. իսկ ո՞րն է ճշմարիտ քրիստոնյաների պարագան։
12 Ընդհանուր առմամբ, մեղավոր մարդկանց այլաբանական սրտերում ի՞նչ վիճակ է տիրում։ Մի՞թե նրանց սրտերը հոգևոր խավարի մեջ չեն։ Իսկ եթե մենք ճշմարիտ քրիստոնյաներ ենք, ապա, կարծես թե, լույս տվող ճրագ ունենք մեր սրտերում, այլապես խավար կտիրեր այնտեղ։ Ինչպես ցույց են տալիս Պետրոսի խոսքերը, Աստծո լուսավորող մարգարեական խոսքին ուշադրություն դարձնելով է, որ ճշմարիտ քրիստոնյաները արթուն և իրազեկ էին լինելու, երբ նոր օրը լուսանար։ Նրանք տեղյակ էին լինելու այն իրողությանը, որ Արուսյակն արդեն ծագել է ոչ թե մարդկանց ֆիզիկական սրտերում, այլ՝ ամբողջ տիեզերքում։
13. ա) Ինչո՞ւ կարող ենք համոզված ասել, որ Արուսյակն արդեն ծագել է։ բ) Ինչո՞ւ են քրիստոնյաներն ի վիճակի դիմանալու մեր օրերի համար Հիսուսի կանխագուշակած դժվարություններին։
13 Արուսյակն արդեն ծագել է։ Դրանում կարող ենք համոզվել, եթե ուշադրություն դարձնենք իր ներկայության մասին Հիսուսի նշանավոր մարգարեությանը։ Այսօր մենք այդ իրադարձությունների՝ աննախադեպ պատերազմների, սովերի, երկրաշարժների ու աշխարհով մեկ բարի լուրի ավետման ականատեսներն ենք (Մատթէոս 24։3—14)։ Չնայած Հիսուսի կանխագուշակած դժվարություններից զերծ չենք նաև մենք՝ քրիստոնյաներս, սակայն այդ ամենին ի վիճակի ենք դիմանալ՝ պահպանելով մեր ներքին խաղաղությունն ու ուրախությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք ուշադրություն ենք դարձնում Աստծո մարգարեական խոսքին և հավատում ենք ապագայի համար տված իր խոստումներին։ Գիտենք, որ ժամանակներից լավագույնի շեմին ենք գտնվում, քանի որ բավականին մոտեցել ենք «վերջի ժամանակի» ավարտին (Դանիէլ 12։4)։ Աշխարհն այսօր նույնպիսի հուսահատության մեջ է, ինչպես որ կանխագուշակված է Եսայիա 60։2–ում. «Ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը»։ Իսկ ինչպե՞ս կարող է ինչ–որ մեկը այս խավարում գտնել իր ճանապարհը։ Քանի դեռ շատ ուշ չէ, անհատը այժմ ևեթ պետք է խոնարհաբար ուշադրություն դարձնի Աստծո մարգարեական խոսքին։ Ազնվասիրտ մարդիկ պետք է դառնան դեպի կյանքի և լույսի Աղբյուրը՝ Եհովան (Սաղմոս 36։9; Գործք 17։28)։ Հնազանդ մարդիկ միայն այսպես վարվելով կարող են ճշմարտապես լուսավորվել և Աստծո խոստացած հիասքանչ ապագան վայելելու հույսն ունենալ (Յայտնութիւն 21։1—5)։
«Լոյսը եկաւ աշխարհ»
14. Աստվածաշնչի հրաշալի մարգարեությունների կատարումը տեսնելու համար ի՞նչ պետք է անենք։
14 Աստվածաշնչից պարզորոշ երևում է, որ Հիսուս Քրիստոսն այժմ իշխում է որպես Թագավոր։ Քանի որ նա 1914 թ.–ից սկսած իշխանության գլուխ է անցել, դա նշանակում է, որ դեռ կատարվելիք հրաշալի մարգարեություններ կան։ Դրանց կատարումը տեսնելու համար հեզություն է պետք դրսևորել՝ հավատ ընծայելով Հիսուս Քրիստոսին ու զղջալով մեր մեղավոր գործերի և անգիտակցորեն կատարած մեղքերի համար։ Իհարկե, նրանք, ովքեր սիրում են խավարը, հավիտենական կյանք չեն ստանա։ Հիսուսն ասաց. «Դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործերը չար էին. որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին» (Յովհաննէս 3։19—21)։
15. Ի՞նչ տեղի կունենա, եթե արհամարհենք Աստծո՝ իր Որդու միջոցով հնարավոր դարձրած փրկությունը։
15 Հոգևոր լույսն աշխարհ է եկել Հիսուսի միջոցով, ուստի, նրան լսելը կենսական է մեզ համար։ Պողոսը գրում է. «Աստուած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի» (Եբրայեցիս 1։1, 2)։ Ի՞նչ տեղի կունենա, եթե արհամարհանքով մերժենք Աստծո՝ իր Որդու միջոցով հնարավոր դարձրած փրկությունը։ Պողոսը շարունակում է. «Եթէ այն խօսքը, որ հրեշտակների միջոցով ասուեց, հաստատուն մնաց, եւ ամէն յանցանք ու անհնազանդութիւն արդար պատիժ ստացան, մենք ինչպէ՞ս պիտի ազատուենք, եթէ անհոգ գտնվենք այնպիսի փրկութեան հանդէպ, որ նախ հռչակուեց Տիրոջ կողմից եւ ապա հաստատուեց մեզ համար նրանց միջոցով, որ լսել էին այն. Աստուած էլ այն վկայեց նշաններով, զօրաւոր գործերով, ամէն տեսակ զօրութիւններով եւ Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրուեցին իր կամքի համաձայն» (Եբրայեցիս 2։2—4)։ Այո՛, ազդարարվող մարգարեական խոսքում Հիսուսն առանցքային դեր է կատարում (Յայտնութիւն 19։10)։
16. Ինչո՞ւ կարող ենք լիովին վստահել Եհովա Աստծո բոլոր մարգարեություններին։
16 Այժմ եկեք անցնենք Պետրոսի հաջորդ խոսքին. «Գրքերի ամէն մի մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չունի»։ Մարդիկ չեն կարող ինքնուրույն ճշգրտորեն մարգարեանալ, իսկ Աստծո բոլոր մարգարեություններին կարելի է լիովին վստահել, որովհետև դրանք սկիզբ են առնում հենց Եհովա Աստծուց։ Սուրբ ոգու միջոցով նա իր ծառաներին օգնում է հասկանալ, թե ինչպես են աստվածաշնչյան մարգարեությունները կատարվելու։ Իսկապես որ, անչափ շնորհակալ ենք Եհովային, որ 1914–ից ի վեր տեսնում ենք նման շատ մարգարեությունների կատարումը։ Եվ մենք լիովին վստահ ենք, որ իրերի այս չար համակարգի վախճանին վերաբերող մնացած բոլոր մարգարեություններն էլ կիրագործվեն։ Թույլ տալով, որ մեր լույսը փայլի, խիստ կարևոր է աստվածային կանխագուշակումներին շարունակ ուշադրություն ընծայել (Մատթէոս 5։16)։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ այսօր ամբողջ երկիրը պատող թանձր խավարի մեջ մեզ համար լույս է ծագեցնում (Եսայիա 58։10)։
17. Ինչո՞ւ ենք Աստծո ուղարկած հոգևոր լույսի կարիքը զգում։
17 Ֆիզիկական լույսի շնորհիվ կարողանում ենք տեսնել։ Այն նաև հնարավոր է դարձնում տարբեր կուլտուրաների աճը, որոնք մեզ բազմատեսակ սննդով են ապահովում։ Առանց ֆիզիկական լույսի մենք չենք կարող գոյատևել։ Իսկ ի՞նչ դեր է խաղում հոգևոր լույսը մեր կյանքում։ Այն առաջնորդում է մեզ և ցույց տալիս այն ապագան, որը կանխագուշակված է Աստծո Խոսքում՝ Աստվածաշնչում (Սաղմոս 119։105)։ Եհովա Աստված սիրով է ‘ուղարկում իր լույսը և իր ճշմարտությունը’ (Սաղմոս 43։3)։ Վստահաբար, մենք պետք է խորապես գնահատենք այդպիսի շնորհները։ Ուստի, եկե՛ք մեր լավագույնն անենք «Աստծու փառքի գիտութեան լոյսը» ընդունելու, որպեսզի այն լուսավորի մեր այլաբանական սրտերը (Բ Կորընթացիս 4։6; Եփեսացիս 1։18)։
18. Եհովայի Արուսյակն այսօր ի՞նչ անելու է պատրաստ։
18 Ինչպիսի՜ օրհնություն է իմանալ, որ 1914 թ.–ին Արուսյակը՝ այսինքն Հիսուս Քրիստոսը, ծագել է ամբողջ տիեզերքում և սկսել է իրականացնել պայծառակերպության տեսիլքը։ Եհովայի Արուսյակն այսօր ներկա է՝ պատրաստ կատարելու նրա կամքը և ամբողջացնելու պայծառակերպության տեսիլքը «Ամենակալ Տիրոջ մեծ օրուայ» պատերազմով (Յայտնութիւն 16։14, 16)։ Այս հին համակարգի ոչնչացումից հետո Եհովան կկատարի «նոր երկինք և նոր երկիր» հաստատելու իր խոստումը, որտեղ կարող ենք հավիտյան գովաբանել նրան որպես տիեզերքի Ամենակալ Տիրոջ և ճշմարիտ մարգարեությունների Աստծո (Բ Պետրոս 3։13)։ Իսկ մինչ այդ փառահեղ օրվա գալը, եկե՛ք շարունակենք քայլել աստվածային լույսի մեջ՝ ուշադրություն դարձնելով Աստծո մարգարեական խոսքին։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս կնկարագրեիք Հիսուսի պայծառակերպությունը։
• Պայծառակերպությունն ինչպե՞ս է ամրապնդում հավատը։
• Ո՞ւմ կամ ի՞նչ է ներկայացնում Եհովայի Արուսյակը, և ե՞րբ է այն ծագել։
• Ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնենք Աստծո մարգարեական խոսքին։
[նկար 21–րդ էջի վրա]
Կարո՞ղ ես բացատրել պայծառակերպության տեսիլքի նշանակությունը։
[նկար 23–րդ էջի վրա]
Արուսյակն արդեն ծագել է։ Գիտե՞ս, թե երբ և ինչպես։