Քո ամբողջ սրտով Եհովային ապավինիր
«Քեզ կ’յուսան քո անունը ճանաչողները» (ՍԱՂՄՈՍ 9։10)։
1, 2. Ինչերի՞ վրա են մարդիկ ապարդյուն հույս դնում՝ փորձելով ապահովություն գտնել։
ՄԵՐ օրերում, երբ այսքան շատ բաներ են սպառնում մեր բարօրությանը, բնական է փնտրել ինչ–որ բան կամ ինչ–որ մեկի, որը մեզ ապահովություն կտա։ Ոմանք կարծում են, թե շատ փող ունենալը կարող է անվտանգ դարձնել իրենց ապագան, բայց իրականում փողը շատ անհուսալի «ապաստան» է։ Աստվածաշունչն ասում է. «Իր հարստութեան յուսացողը վայր կ’ընկնի» (Առակաց 11։28)։ Մյուսներն էլ հույսները դնում են մարդկային ղեկավարների վրա, բայց նույնիսկ ամենալավ ղեկավարը սխալներ է գործում։ Բացի այդ, նրանք բոլորն էլ ի վերջո մահանում են։ Աստվածաշունչն իրավացիորեն ասում է. «Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ» (Սաղմոս 146։3)։ Աստծո ներշնչումով գրված այս խոսքերը մեզ նաև զգուշացնում են, որ չապավինենք ինքներս մեզ, քանի որ մենք էլ ենք «մարդի որդի»։
2 Իսրայել ազգի ղեկավարները քննադատության արժանացան Եսայիա մարգարեի կողմից, քանի որ իրենց հույսները դրել էին ‘ստության պատսպարանի’ վրա (Եսայիա 28։15–17)։ Ցանկանալով անվտանգ պահել իրենց երկիրը՝ նրանք քաղաքական դաշինքներ էին կնքում հարևան ազգերի հետ։ Բայց նման դաշինքների վրա հույս դնել չէր կարելի. դրանք ‘ստություն’ էին։ Նման ձևով՝ մեր օրերում բազմաթիվ կրոնական առաջնորդներ փոխհարաբերություններ են պահպանում քաղաքական ղեկավարների հետ։ Սակայն այս դաշինքները նույնպես ‘ստություն’ են դուրս գալու (Յայտնութիւն 17։16, 17)։ Նրանց բերած անվտանգությունը երկարատև չի լինի։
Հեսուի և Քաղեբի օրինակը
3, 4. Ինչո՞վ էր Հեսուի ու Քաղեբի բերած լուրը տարբերվում մյուս տասը հետախույզների բերած լուրից։
3 Ուրեմն, ո՞ւմ վրա կամ ինչի՞ վրա պետք է հույս դնենք, որպեսզի մեզ ապահով զգանք։ Մեր ապավինության աղբյուրը նույնն է, ինչ որ Հեսուի ու Քաղեբի համար էր Մովսեսի ժամանակներում։ Եգիպտոսի գերությունից ազատվելուց կարճ ժամանակ անց իսրայելացիներն արդեն պատրաստ էին մտնելու Քանան՝ Ավետյաց երկիր։ Տասներկու մարդ ուղարկվեց հետազոտելու այդ երկիրը։ Նրանք վերադարձան 40 օր հետո և հայտնեցին իրենց տեղեկությունները։ Նրանցից միայն երկու հոգի՝ Հեսուն և Քաղեբը, դրականորեն արտահայտվեցին այն մասին, թե ինչ է իրենց սպասում Քանանի երկրում։ Մնացած տասը հոգին թեև հաստատեցին, որ երկիրը լավն է, բայց նաև ասացին. «Միայն թէ այն երկրի մէջ բնակուող ժողովուրդը զօրաւոր է, եւ քաղաքները պարսպաւոր եւ խիստ մեծ են.... Մենք չենք կարող այն ժողովրդի վերայ ելնել, որովհետեւ նորանք մեզանից զօրաւոր են» (Թուոց 13։28, 29, 32)։
4 Իսրայելացիները ականջ դրեցին տասը հետախույզների խոսքերին ու սկսեցին վախենալ, մինչև որ նույնիսկ Մովսեսի դեմ տրտնջացին։ Այդժամ Հեսուն և Քաղեբը խոր զգացումով ասացին. «Այն երկիրը, որի միջովը անցանք նորան լրտեսելու համար, շատ շատ բարի երկիր է։ Եթէ Եհովան մեզ վերայ հաճէ, նա մեզ այն երկիրը կ’տանէ եւ այն մեզ կ’տայ, որ կաթ ու մեղր բղխող երկիր է։ Միայն թէ Եհովայի դէմ մի ապստամբիք, եւ այն երկրի ժողովրդիցը մի վախենաք» (Թուոց 14։6–9)։ Բայց իսրայելացիները չցանկացան լսել, և որպես արդյունք՝ այդ ժամանակ նրանց թույլ չտրվեց մտնել Ավետյաց երկիր։
5. Ինչո՞ւ Հեսուն և Քաղեբը դրականորեն արտահայտվեցին։
5 Ինչո՞ւ Հեսուն և Քաղեբը դրականորեն արտահայտվեցին, իսկ մյուս տասը՝ բացասականորեն։ Բոլոր տասներկու հետախույզներն էլ տեսան նույն ամրացված քաղաքներն ու նրանց բնակիչներին։ Տասը հետախույզները ճիշտ էին ասում, որ Իսրայելը բավականաչափ ուժեղ չէր այդ երկիրը նվաճելու համար, ինչը հասկանում էին նաև Հեսուն և Քաղեբը։ Սակայն նրանք իրերին նայում էին մարդկային տեսանկյունից, մինչդեռ Հեսուն և Քաղեբը Եհովային էին ապավինում։ Նրանք տեսել էին Աստծո զորավոր գործերը Եգիպտոսում, Կարմիր ծովի մոտ և Սինա լեռան ստորոտում։ Այս դեպքերի մասին լսելն անգամ բավական էր, որ տասնամյակներ անց երիքովցի Ռախաբը պատրաստակամորեն իր կյանքը վտանգի ենթարկեր հանուն Եհովայի ժողովրդի (Յեսու 2։1–24; 6։22–25)։ Հեսուն և Քաղեբը՝ Եհովայի գործերի ականատեսները, լիովին վստահ էին, որ Աստված շարունակելու էր կռվել հանուն իր ժողովրդի։ Քառասուն տարի անց նրանց հույսերը արդարացան, երբ իսրայելացիների նոր սերունդը Հեսուի գլխավորությամբ մտավ Քանան ու նվաճեց այդ երկիրը։
Ինչու պետք է լիովին ապավինենք Եհովային
6. Ինչո՞ւ են քրիստոնյաներն այսօր ճնշումների ենթարկվում, և ո՞ւմ պետք է նրանք ապավինեն։
6 Այս ‘չար ժամանակներում’ մենք իսրայելացիների պես պայքարում ենք մեզանից ուժեղ հակառակորդների դեմ (Բ Տիմոթէոս 3։1)։ Նրանք փորձում են բարոյապես, հոգևորապես ու որոշ դեպքերում՝ նաև ֆիզիկապես ճնշել մեզ։ Մենք չէինք կարողանա ինքնուրույն դիմանալ այդ ճնշումներին, քանի որ դրանք բխում են գերբնական աղբյուրից՝ Բանսարկու Սատանայից (Եփեսացիս 6։12; Ա Յովհաննէս 5։19)։ Այդ դեպքում ումի՞ց կարող ենք օգնություն ակնկալել։ Վաղեմի հավատարիմներից մեկը, աղոթելով Եհովային, ասաց. «Քեզ կ’յուսան քո անունը ճանաչողները» (Սաղմոս 9։10)։ Եթե իսկապես ճանաչում ենք Եհովային ու հասկանում, թե ինչ է նշանակում նրա անունը, ապա կվստահենք նրան նույնպիսի համոզվածությամբ, ինչպիսին որ դրսևորեցին Հեսուն և Քաղեբը (Յովհաննէս 17։3)։
7, 8. ա) Եհովային ապավինելու ի՞նչ հիմքեր է մեզ տալիս արարչագործությունը։ բ) Իսկ ի՞նչ հիմքեր է մեզ տալիս Աստվածաշունչը՝ ապավինելու Եհովային։
7 Ինչո՞ւ պետք է Եհովային ապավինենք։ Հեսուն և Քաղեբը ապավինեցին Եհովային մասնավորապես այն պատճառով, որ տեսել էին նրա զորության դրսևորումները։ Մենք նույնպես տեսել ենք Աստծո զորության դրսևորումները։ Կարելի է քննել, օրինակ, Եհովայի արարչագործությունները, այդ թվում՝ տիեզերքը, որտեղ միլիարդավոր գալակտիկաներ կան։ Թե ինչպիսի վիթխարի ֆիզիկական ուժեր է Եհովան իր ձեռքում պահում, խոսում է այն մասին, որ նա իրոք Ամենակարող է։ Խորհրդածելով արարչագործության հրաշքների շուրջ՝ մենք համաձայնվում ենք Հոբի հետ։ Նա Եհովայի մասին հետևյալն ասաց. «Ո՞վ նորան ետ կ’պահէ. ով կ’ասէ նորան թէ Ի՞նչ ես անում» (Յոբ 9։12)։ Եվ իսկապես, եթե Եհովան մեր կողմն է, ապա մենք չպետք է վախենանք տիեզերքի և ոչ մի արարածից (Հռովմայեցիս 8։31)։
8 Ուշադրություն դարձնենք նաև Եհովայի Խոսքին՝ Աստվածաշնչին։ Աստվածային իմաստության այս անսպառ աղբյուրը ի զորու է օգնել մեզ, որ հաղթահարենք վատ սովորությունները ու ապրենք Եհովայի կամքին համապատասխան (Եբրայեցիս 4։12)։ Աստվածաշնչի միջոցով է, որ Աստծուն ճանաչում ենք անունով ու հասկանում նրա անվան նշանակությունը (Ելից 3։14, ՆԱ)։ Մենք իմանում ենք, որ Եհովան իր նպատակներն իրագործելու համար կարող է դառնալ այն, ինչ որ ուզենա՝ սիրառատ Հայր, արդար Դատավոր, հաղթական Ռազմիկ։ Բացի այդ, տեսնում ենք, թե ինչպես է նրա խոսքը միշտ իրականանում։ Ուսումնասիրելով Աստծո Խոսքը՝ մենք սրտանց ցանկանում ենք կրկնել սաղմոսերգուի ասածը. «Քո խօսքին եմ յուսացած» (Սաղմոս 119։42; Եսայիա 40։8)։
9. Ինչպե՞ս են քավիչ զոհաբերությունը և Հիսուսի հարությունը զորացնում մեր վստահությունը Եհովայի հանդեպ։
9 Մենք պետք է Եհովային ապավինենք նաև այն պատճառով, որ նա մեզ համար փրկանք է տվել (Մատթէոս 20։28)։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ Աստված իր սեփական Որդուն ուղարկեց մեռնելու ու փրկանք լինելու մեզ համար։ Հիսուսի քավիչ զոհաբերությունն իրոք մեծ ուժ ունի։ Փրկանքը քավում է բոլոր այն մարդկանց մեղքերը, ովքեր սրտանց զղջում են ու դեպի Եհովան են դառնում (Յովհաննէս 3։16; Եբրայեցիս 6։10; Ա Յովհաննէս 4։16, 19)։ Հիսուսը պետք է հարություն առներ, որպեսզի փրկանքը վճարեր։ Այդ հրաշքը, որի կատարվելը վկայել են հարյուրավոր մարդիկ, մեկ այլ հիմք է տալիս մեզ ապավինելու Եհովային։ Սա երաշխիք է, որ մեր հույսերը ի դերև չեն լինի (Գործք 17։31; Հռովմայեցիս 5։5; Ա Կորնթացիս 15։3–8)։
10. Անձնական բնույթի ի՞նչ հիմքեր ունենք ապավինելու Եհովային։
10 Սրանք ընդամենը մի քանիսն են այն հիմքերից, թե ինչու կարող ենք և պետք է բացարձակապես ապավինենք Եհովային։ Ուրիշ շատ հիմքեր էլ կան, և դրանցից մի քանիսը անձնական բնույթի են։ Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ բոլորս էլ ծանր իրավիճակների մեջ ենք ընկնում։ Բայց քանի որ առաջնորդության համար Եհովային ենք դիմում, ի վերջո տեսնում ենք, թե որքան գործնական են նրա խորհուրդները (Յակոբոս 1։5–8)։ Մեր ամենօրյա գործերում որքան ավելի շատ ապավինենք Եհովային ու տեսնենք այդպես վարվելու օգուտները, այնքան ավելի կմեծանա մեր վստահությունը նրա հանդեպ։
Դավիթն ապավինեց Եհովային
11. Չնայած ինչպիսի՞ հանգամանքներին՝ Դավիթն ապավինեց Եհովային։
11 Հին իսրայելացի Դավիթը ապավինեց Եհովային։ Նա ստիպված էր խույս տալ Սավուղ թագավորից, որը սպառնում էր սպանել նրան, ստիպված էր պայքարել փղշտացիների հզոր բանակի դեմ, որը փորձում էր նվաճել Իսրայելը։ Բայց Դավիթը հաջողությամբ դուրս եկավ նման դժվարություններից և նույնիսկ հաղթանակներ տարավ։ Ինչպե՞ս։ Դավիթն ինքը բացատրում է. «Տէրն է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափիմ» (Սաղմոս 27։1)։ Մենք նույնպես կարող ենք հաղթանակներ տանել, եթե ապավինենք Եհովային։
12, 13. Ինչպե՞ս Դավիթը ցույց տվեց, որ մենք պետք է Եհովային ապավինենք նույնիսկ այն դեպքում, երբ հակառակորդները կռվում են մեր դեմ իրենց լեզուներով։
12 Մի անգամ Դավիթը աղոթեց. «Ով Աստուած, լսիր իմ ձայնը՝ ես գանգատելիս. պահիր իմ կեանքը թշնամիի ահիցը։ Ծածկիր ինձ չարերի ժողովքիցը՝ անօրէնութիւն գործողների ամբոխիցը. Որ իրանց լեզուները սրում են թուրի նման, եւ պատրաստում են իրանց նետը՝ այսինքն դառը խօսքը. Որ թագուն գցեն անմեղի վերայ» (Սաղմոս 64։1–4)։ Մենք կոնկրետ չգիտենք, թե ինչից մղված է նա գրել այս խոսքերը։ Բայց այսօր գիտենք, որ հակառակորդները նույն ձևով «իրանց լեզուները սրում են»՝ խոսելու ունակությունն օգտագործելով որպես զենք։ Նրանք իրենց բանավոր կամ գրավոր խոսքերը օգտագործում են որպես մոլորեցուցիչ ‘նետեր’, որպեսզի խոցեն անմեղ քրիստոնյաներին։ Իսկ ի՞նչ կլինի արդյունքը, եթե լիովին ապավինենք Եհովային։
13 Դավիթը շարունակում է ասել. «Աստուած նետ կ’գցէ նորանց վերայ յանկարծ, խոց կ’լինի նորանց։ Եւ նորանց լեզուն վեր կ’գցէ իրանց՝ մէկը միւսին վերայ.... Արդարն ուրախ կ’լինի Տէրով եւ նորան կ’յուսայ» (Սաղմոս 64։7–10)։ Այո՛, չնայած որ մեր թշնամիները սրում են իրենց լեզուները մեր դեմ, ի վերջո «նորանց լեզուն վեր կ’գցէ իրանց»։ Եհովան դեպքերին այնպիսի ընթացք կտա, որ ամեն ինչ հաջողությամբ կավարտվի, ու բոլոր նրանք, ովքեր ապավինել էին իրեն, ‘ուրախ կլինեն նրանով’։
Եզեկիան ապավինեց ու համոզվեց, որ ճիշտ է վարվել
14. ա) Ի՞նչ ծանր հանգամանքներում Եզեկիան ապավինեց Եհովային։ բ) Ինչպե՞ս Եզեկիան ցույց տվեց, որ չի հավատում ասորեստանցիների ասած ստերին։
14 Մեկ այլ անձնավորություն, որն ապավինեց Եհովային ու համոզվեց, որ ճիշտ է վարվել, Եզեկիա թագավորն է։ Նրա օրոք ասորեստանցիների հզոր բանակը սպառնում էր գրավել Երուսաղեմը։ Այդ բանակը շատ ազգերի էր պարտության մատնել, գրավել էր նույնիսկ Հուդայի քաղաքները, մնացել էր միայն Երուսաղեմը։ Սենեքերիմը մեծ–մեծ խոսելով ասում էր, որ այդ քաղաքն էլ կգրավի։ Ռաբսակի միջոցով նա ասաց, որ զուր է Եգիպտոսի վրա հույս դնելը, և նա իրավացի էր։ Բայց նաև ասաց. «Թող քո Աստուածը քեզ չ’խաբէ, որին դու ապաւինել ես ասելով. Երուսաղէմը պիտի չ’տրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը» (Եսայիա 37։10)։ Սակայն Եզեկիան գիտեր, որ Եհովան չի խաբի իրեն։ Ուստի նա աղոթեց. «Ով Տէր մեր Աստուած, մեզ ազատիր [ասորեստանցիների] ձեռքիցը, որ երկրի ամեն թագաւորութիւններն իմանան, որ միայն դու կաս Եհովայ» (Եսայիա 37։20)։ Եհովան պատասխանեց Եզեկիայի աղոթքին։ Մեկ գիշերվա մեջ հրեշտակը սպանեց 185 000 ասորեստանցի զինվոր։ Երուսաղեմը փրկվեց, ու Սենեքերիմը հեռացավ Հուդայից։ Բոլոր նրանք, ովքեր տեղեկացան այս իրադարձությանը, հասկացան, թե որքան հզոր է Եհովան։
15. Ի՞նչը միայն կօգնի մեզ, որ պատրաստ լինենք ցանկացած դժվարության, որ կարող է պատահել այս անկայուն աշխարհում։
15 Այսօր մենք էլ Եզեկիայի պես գտնվում ենք պատերազմական իրավիճակում։ Մեր դեպքում պատերազմը հոգևոր է։ Սակայն մենք՝ որպես հոգևոր ռազմիկներ, պետք է ձեռք բերենք այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն մեզ կենդանի մնալ այս պատերազմում։ Մենք պետք է նաև պատրաստ լինենք հակառակորդի գրոհներին, որպեսզի կարողանանք դրանք ետ մղել (Եփեսացիս 6։11, 12, 17)։ Այս անկայուն աշխարհում իրավիճակները կարող են հանկարծակի փոխվել։ Հնարավոր է, որ անսպասելիորեն քաղաքական անկարգություններ ծագեն։ Այն երկրները, որ հայտնի են եղել կրոնական հանդուրժողականությամբ, գուցե այլևս նման քաղաքականություն չվարեն։ Ամեն տեսակի դեպքերի մենք պատրաստ կլինենք միայն այն դեպքում, եթե Եզեկիայի պես նախապատրաստենք մեր անձը՝ մեր մեջ մշակելով լիակատար վստահություն Եհովայի հանդեպ։
Ինչ է նշանակում ապավինել Եհովային
16, 17. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ապավինում ենք Եհովային։
16 Միայն ասել, որ ապավինում ենք Եհովային, քիչ է։ Հարկավոր է սրտով ապավինել, և մեր գործերից է երևում, թե արդյոք այդպես ենք վարվում։ Եթե ապավինում ենք Եհովային, ապա լիովին կվստահենք նրա Խոսքին՝ Աստվածաշնչին։ Մենք Աստվածաշունչը կկարդանք ամեն օր, կխորհրդածենք և թույլ կտանք, որ նա առաջնորդի մեզ (Սաղմոս 119։105)։ Եհովային ապավինել նաև նշանակում է վստահել սուրբ ոգու զորությանը։ Սուրբ ոգու օգնությամբ մենք կարող ենք զարգացնել հատկություններ, որոնք հաճելի են Եհովային, ինչպես նաև կարող ենք ազատվել վատ սովորությունների կապանքներից (Ա Կորնթացիս 6։11; Գաղատացիս 5։22–24)։ Շատերը սուրբ ոգու միջոցով կարողացել են թողնել ծխելը կամ էլ թմրանյութեր օգտագործելը։ Ուրիշները լքել են անբարո կյանքը։ Այո՛, եթե ապավինում ենք Եհովային, ապա կգործենք նրա տված ուժով և ոչ թե՝ մեր (Եփեսացիս 3։14–18)։
17 Նաև Եհովային ապավինել՝ նշանակում է վստահել նրանց, ում նա վստահում է։ Օրինակ՝ Եհովան ‘հավատարիմ և իմաստուն ծառային’ կարգել է՝ հոգալու Թագավորության շահերը երկրի վրա (Մատթէոս 24։45–47)։ Մենք չենք փորձում գործել անկախ և չենք անտեսում նրա կատարած նշանակումը, քանի որ վստահում ենք նրա բոլոր ձեռնարկումներին։ Բացի այդ, քրիստոնեական ժողովներում ծառայում են երեցներ, որոնք, ինչպես Պողոս առաքյալն է ասում, նշանակված են սուրբ ոգու կողմից (Գործք 20։28)։ Համագործակցելով երեցների հետ՝ մենք դարձյալ ցույց ենք տալիս, որ ապավինում ենք Եհովային (Եբրայեցիս 13։17)։
Հետևենք Պողոսի օրինակին
18. Ինչպե՞ս են քրիստոնյաներն այսօր հետևում Պողոսի օրինակին, սակայն այդպես վարվելով նրանք իրենց հույսը ինչի՞ վրա չեն դնում։
18 Ինչպես մենք, Պողոս առաքյալն էլ շատ դժվարությունների էր հանդիպում ծառայության մեջ։ Նրա ժամանակներում քրիստոնեությունը սխալ ձևով էր ներկայացվում իշխանություններին, ուստի երբեմն հարկ էր լինում, որ նա քայլեր ձեռնարկեր վերջիններիս թյուր կարծիքը ուղղելու և քարոզչական գործունեությունը օրինական կերպով հաստատելու համար (Գործք 28։19–22; Փիլիպպեցիս 1։7)։ Այսօր քրիստոնյաները հետևում են նրա օրինակին։ Որտեղ հնարավոր է, մարդկանց ամեն կերպ օգնում ենք պատկերացում կազմելու, թե ինչ աշխատանք ենք մենք անում։ Բացի այդ, մենք ջանքեր ենք գործադրում պաշտպանելու և օրինական ձևով հաստատելու բարի լուրը։ Սակայն մենք չենք ապավինում զուտ մեր ուժերին, քանի որ չենք կարծում, թե մեր հաջողությունը կախված է դատական հաղթանակներից կամ էլ հասարակության դրական վերաբերմունքից։ Մենք Եհովային ենք ապավինում և մեր մտքում պահում ենք այն խոսքերը, որոնցով նա քաջալերեց հին իսրայելացիներին. «Հանդարտութեամբ եւ ապաւինութեամբ կ’լինի ձեր զօրութիւնը» (Եսայիա 30։15)։
19. Ինչի՞ց է երևում, որ մեր եղբայրները ճիշտ են վարվել, որ հալածանքների ժամանակ ապավինել են Եհովային։
19 Մեր ժամանակակից պատմության որոշ պահերի մեր գործունեությունն արգելվել կամ սահմանափակվել է Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, որոշ ասիական ու աֆրիկյան երկրներում, ինչպես նաև Հարավային ու Հյուսիսային Ամերիկայում։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իզուր ենք ապավինում Եհովային։ Ո՛չ։ Որոշ պատճառներով, որոնք ըստ Եհովայի՝ հիմնավոր են, նա երբեմն թույլ է տալիս, որ մեծ հալածանքներ լինեն։ Սակայն նա սիրով զորացնում է նրանց, ովքեր հալածանքի են ենթարկվում։ Գտնվելով հալածանքների ներքո՝ շատ քրիստոնյաներ Աստծո հանդեպ իրենց ցուցաբերած հավատով ու վստահությամբ բարի անուն են ստեղծել։
20. Թեև դավանանքի ազատությունը կարող է մեզ օգուտներ տալ, ո՞ր հարցերում մենք երբեք զիջումների չենք գնա։
20 Մյուս կողմից՝ երկրների մեծ մասում մենք օրինական գրանցում ունենք, և ժամանակ առ ժամանակ մեր մասին դրական կարծիքներ են հնչում։ Մենք շնորհակալ ենք դրա համար և ընդունում ենք, որ դա նույնպես նպաստում է Եհովայի նպատակների իրագործմանը։ Եհովան օրհնում է մեզ ավելի մեծ ազատությամբ, և մենք դա օգտագործում ենք ոչ թե մեր անձնական բարօրության, այլ Եհովային ավելի լիարժեք ու անարգել ծառայելու համար։ Սակայն զուտ իշխանությունների բարեհաճությանը արժանանալու համար մենք երբեք զիջումների չենք գնա չեզոքության հարցում, չենք պակասեցնի մեր քարոզչական գործունեությունը և ծառայությունն ընդհանրապես։ Մենք Մեսիական Թագավորության հպատակներ ենք ու լիովին պաշտպանում ենք Եհովայի գերիշխանությունը։ Մեր հույսը ոչ թե իրերի այս համակարգն է, այլ նոր աշխարհը, որտեղ կիշխի մեկ կառավարություն՝ երկնային Մեսիական Թագավորությունը։ Ո՛չ ռումբերը, ո՛չ հրթիռները և ո՛չ էլ նույնիսկ միջուկային զենքերը չեն կարող սասանել այս կառավարությունը կամ այն վայր գցել երկնքից։ Այն անհաղթելի է և կիրագործի Եհովայի նպատակները (Դանիէլ 2։44; Եբրայեցիս 12։28; Յայտնութիւն 6։2)։
21. Ի՞նչ ուղով ենք վճռել ընթանալ։
21 Պողոսն ասաց. «Մենք ետ քաշուողներիցը չենք որ կորչենք. այլ հաւատքիցն ենք որ մեր հոգիները փրկուին» (Եբրայեցիս 10։39)։ Եկեք ուրեմն մինչև վերջ հավատարմորեն ծառայենք Եհովային։ Մենք բոլոր հիմքերն ունենք լիովին ապավինելու Եհովային այժմ և հավիտյան (Սաղմոս 37։3; 125։1)։
Ի՞նչ սովորեցիք
• Ինչո՞ւ Հեսուն և Քաղեբը դրականորեն արտահայտվեցին իրենց տեսած երկրի մասին։
• Որո՞նք են այն մի քանի հիմքերը, որոնցից ելնելով պետք է լիովին ապավինենք Եհովային։
• Ի՞նչ է նշանակում ապավինել Եհովային։
• Ապավինելով Եհովային՝ մենք վճռել ենք ինչպիսի՞ դիրքորոշում ունենալ
[նկար 15–րդ էջի վրա]
Ինչո՞ւ Հեսուն և Քաղեբը դրականորեն արտահայտվեցին
[նկարներ 16–րդ էջի վրա]
Նայելով արարչագործությանը՝ ծանրակշիռ հիմքեր ենք տեսնում՝ ապավինելու Եհովային
[թույլտվությամբ]
All three images։ Courtesy of Anglo-Australian Observatory, photograph by David Malin
[նկար 18–րդ էջի վրա]
Եհովային ապավինել՝ նշանակում է վստահել նրանց, ում նա վստահում է