Կրոն և գիտություն. հակամարտության սկիզբը
ՄԱՀՎԱՆ մահճում գտնվող 70–ամյա աստղագետը մեծ ջանք էր թափում ընթերցելու ձեռագիր մի տեքստ։ Դա տպագրության պատրաստ իր աշխատությունն էր։ Ամենայն հավանականությամբ, նա չէր էլ պատկերացնում, որ իր գիրքը հիմնովին կփոխի մարդկանց տեսակետը տիեզերքի վերաբերյալ։ Այդ աշխատությունը նաև սուր հակամարտություն էր բորբոքելու քրիստոնեական աշխարհում։ Դրա հետևանքները զգալի են նույնիսկ այսօր։
Մահամերձը Նիկոլայ Կոպեռնիկոսն էր՝ կաթոլիկ լեհ գիտնական, իսկ նկարագրված դեպքը տեղի էր ունեցել 1543 թ.–ին։ Կոպեռնիկոսի «Երկնոլորտների պտույտի մասին» աշխատության համաձայն՝ արեգակնային համակարգի կենտրոնում գտնվում է արևը, և ոչ թե երկիրը։ Այս մի քայլով՝ գիտնականը չափազանց բարդ երկրակենտրոն ուսմունքը փոխարինեց անհամեմատ ավելի պարզ մեկ ուրիշ տեսությամբ։
Սկզբնական շրջանում այնքան էլ ակնհայտ չէր այն բախումը, որ առաջանալու էր դրա հետևանքով։ Բանն այն է, որ իր գաղափարները ներկայացնելիս Կոպեռնիկոսը զգուշություն էր ցուցաբերում։ Բացի այդ, կաթոլիկ եկեղեցին, որը որդեգրել էր երկրակենտրոն ուսմունքը, շատ ավելի հանդուրժողաբար էր վերաբերվում այն ժամանակվա գիտական ենթադրություններին։ Նույնիսկ ինքը պապն էր հորդորել Կոպեռնիկոսին հրատարակել իր աշխատությունը։ Երբ գիտնականն ի վերջո տպագրեց այն, խմբագիրը, վախենալով հետևանքներից, մի նախաբան գրեց, որում արևակենտրոն, կամ՝ հելիոցենտրիկ ուսմունքը ներկայացրեց իբրև մաթեմատիկական թեորիա և ոչ թե անհերքելի աստղագիտական ճշմարտություն։
Հակամարտությունը սրվում է
Հաջորդ «մարտիկը» իտալացի գիտնական, մաթեմատիկոս ու ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյն էր (1564–1642 թթ.), որը նույնպես կաթոլիկ էր։ Իր պատրաստած աստղադիտակների վրա նոր ձևի ոսպնյակներ տեղադրելով՝ Գալիլեոն կարողացավ երկինքը դիտել այնպես, ինչպես ոչ ոք մինչ այդ չէր դիտել։ Իր հետազոտություններից նա համոզվեց, որ Կոպեռնիկոսը ճիշտ էր։ Ավելին, Գալիլեոն արևի վրա տեսավ կլորավուն ծակոտիներ, որոնք այսօր կոչվում են արեգակնային բծեր, ինչը հարցականի տակ դրեց շատ կարևոր մեկ ուրիշ փիլիսոփայական գաղափար, ըստ որի՝ արևը չի կարող փոփոխության ենթարկվել կամ քայքայվել։
Սակայն ի տարբերություն Կոպեռնիկոսի՝ Գալիլեոն մեծ նախանձախնդրությամբ ու խիզախորեն էր պաշտպանում իր գաղափարները։ Իսկ կրոնական միջավայրը, որ տիրում էր նրա շուրջ, շատ ավելի թշնամական էր, քանի որ կաթոլիկ եկեղեցին այդ ժամանակ արդեն բացեիբաց հակառակվում էր Կոպեռնիկոսի տեսությանը։ Երբ Գալիլեոն սկսեց պնդել, որ արևակենտրոն տեսությունը ոչ միայն ճիշտ է, այլև Աստվածաշնչին ներդաշնակ, եկեղեցին հերետիկոսության շունչ տեսավ դրա մեջ։a
Իրեն պաշտպանելու նպատակով Գալիլեոն գնաց Հռոմ, սակայն որևէ արդյունքի չհասավ։ 1616 թ.–ին եկեղեցին հրամայեց նրան վերջ տալ Կոպեռնիկոսի գաղափարները խրախուսելուն։ Այդպես հաջողվեց որոշ ժամանակով լռեցնել Գալիլեոյին։ Սակայն 1632 թ.–ին նա հրատարակեց մեկ ուրիշ աշխատություն, որը սատար էր կանգնում Կոպեռնիկոսի տեսությանը։ Հաջորդ տարի ինկվիզիցիան Գալիլեոյին դատապարտեց ցմահ բանտարկության։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով գիտնականի տարիքը, նրանք կարճ ժամանակ անց մեղմացրին դատավճիռը՝ փոխարինելով այն տնային կալանքով։
Գալիլեոյի բախումը եկեղեցու հետ շատերի կողմից դիտվում է իբրև գիտության մեծ հաղթանակ կրոնի, իսկ ավելի լայն իմաստով նաև Աստվածաշնչի նկատմամբ։ Սակայն, ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածից, նման եզրակացությունը հիմնավոր չէ։
[ծանոթագրություն]
a Իր կտրուկ առարկություններով ու հեգնական խոսքերով Գալիլեոն զորեղ թշնամիներ ձեռք բերեց։ Բացի այդ, պնդելով, որ հելիոցենտրիկ ուսմունքը ներդաշնակ է Գրություններին՝ նա կրոնական հարցերում հանդես եկավ իբրև հեղինակություն, ինչը եկեղեցուն ավելի զայրացրեց։
[նկար 3–րդ էջի վրա]
Կոպեռնիկոս
[թույլտվությամբ]
Taken from Giordano Bruno and Galilei (German edition)
[նկար 3–րդ էջի վրա]
Գալիլեոն պաշտպանում է իրեն Հռոմի ինկվիզիցիայի առջև
[թույլտվությամբ]
From the book The Historian’s History of the World, Vol. IX, 1904
[թույլտվությամբ]
Background: Chart depicting Copernicus’ concept of the solar system