«Քննեցէք ձեր անձերը»
«Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. քննեցէք ձեր անձերը» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ 13։5)։
1, 2. ա) Մեր հավատալիքների նկատմամբ անվստահությունը ի՞նչ հետևանք կարող է ունենալ մեզ վրա։ բ) Առաջին դարում ո՞ր իրավիճակն էր Կորնթոսի ժողովի որոշ անդամների ստիպել իրենց անվստահ զգալու, թե արդյոք ճիշտ ճանապարհով են գնում։
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆ անցնում է գյուղական վայրերով։ Եվ ահա նրա ճանապարհը ճյուղավորվում է։ Վստահ չլինելով, թե ճանապարհներից որ մեկը իրեն տեղ կհասցնի՝ նա դիմում է անցորդներին, բայց ստանում է հակասական պատասխաններ։ Շփոթված՝ ճանապարհորդը չի կողմնորոշվում, թե որ ուղղությամբ գնա։ Մեր հավատալիքների վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում թերևս նմանատիպ իրավիճակում հայտնվենք։ Այդպիսի անվստահությունը կարող է մեզ շփոթության մեջ գցել ու զրկել որոշումներ կայացնելու ունակությունից։ Մենք չենք իմանա, թե որ ուղղությամբ գնանք։
2 Առաջին դարում հունական Կորնթոս քաղաքի քրիստոնեական ժողովի որոշ անդամներ նմանատիպ իրավիճակում հայտնվեցին։ «Մեծամեծ առաքեալները» հարցականի տակ էին դրել Պողոս առաքյալի հեղինակությունը՝ ասելով. «[Նրա թղթերը] ծանր են եւ սաստիկ. բայց մարմնի կերպարանքը տկար՝ եւ խօսքն էլ անարգ» (Բ Կորնթացիս 10։7–12; 11։5, 6)։ Այդպիսի տեսակետը Կորնթոսի ժողովի անդամներից ոմանց գուցե ստիպել էր իրենց անվստահ զգալ, թե որ ուղղությամբ գնալ։
3, 4. Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի Պողոսի՝ կորնթացիներին ուղղված խորհուրդը։
3 Պողոսը Կորնթոսում ժողով հիմնեց, երբ մ.թ. 50 թվականին այցելեց այս քաղաք։ Նա այստեղ «մէկ տարի եւ վեց ամիս նստեց՝ եւ նորանց սովորեցնում էր Աստուծոյ խօսքը»։ Արդյունքը եղավ այն, որ «Կորնթացիներից շատերը երբոր լսեցին՝ հաւատացին եւ մկրտուեցան» (Գործք 18։5–11)։ Պողոսին խորապես հետաքրքրում էր կորնթացի իր հավատակիցների հոգևոր բարօրությունը։ Նա կորնթացիներից նամակ էր ստացել, որում նրանք որոշ հարցերի վերաբերյալ խորհուրդ էին հարցնում (Ա Կորնթացիս 7։1)։ Ուստի Պողոսը նրանց մի հրաշալի խորհուրդ տվեց։
4 Նա գրեց. «Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. քննեցէք ձեր անձերը» (Բ Կորնթացիս 13։5)։ Այս խորհուրդը կիրառելը կպաշտպաներ կորնթացի եղբայրներին, և նրանք վստահ կլինեին, թե որ ճանապարհով գնան։ Սա ճշմարիտ է նաև մեր պարագայում։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի խորհրդին։ Ինչպե՞ս կարող ենք ‘փորձել’, կամ՝ ստուգել, թե արդյոք հավատի մեջ ենք, և ի՞նչ է նշանակում քննել մեր անձերը։
«Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք»
5, 6. Ի՞նչ չափանիշ մենք ունենք ստուգելու համար, թե արդյոք հավատի մեջ ենք, և ինչո՞ւ է դա իդեալական չափանիշ։
5 Փորձի կամ ստուգման ժամանակ սովորաբար ստուգվում է ինչ–որ անձ կամ առարկա, և ստուգումն անց է կացվում որոշակի չափանիշի համաձայն։ Տվյալ դեպքում ստուգման առարկան հավատը՝ մեր հավատալիքների ամբողջությունը չէ։ Ստուգման առարկան մենք ենք, յուրաքանչյուրս անհատապես։ Ստուգումն անցկացնելու համար մենք կատարյալ չափանիշ ունենք։ Սաղմոսերգու Դավթի գրած երգում ասվում է. «Տիրոջ [Եհովայի] օրէնքը անարատ [«կատարեալ», ԱԱ] է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը [«հիշեցումը», ՆԱ] ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։ Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը» (Սաղմոս 19։7, 8)։ Աստվածաշնչում գրված են Եհովայի կատարյալ օրենքները և ուղիղ պատվիրանները, նրա ճշմարիտ հիշեցումները և մաքուր հրամանները։ Այն, ինչ գրված է այդ Գրքում, իդեալական չափանիշ է ստուգում անցկացնելու համար։
6 Աստծու ներշնչանքով գրված խոսքերի վերաբերյալ Պողոս առաքյալն ասում է. «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները» (Եբրայեցիս 4։12)։ Այո, Աստծու Խոսքը կարող է մեր սիրտը ստուգել, թե իրականում ինչպիսի անձնավորություն ենք։ Իսկ ինչպե՞ս կարող ենք այդ կտրուկ և զորավոր խոսքին հնարավորություն տալ դա անելու։ Սաղմոսերգուի խոսքերը ոչ մի կասկած չեն թողնում, թե ինչպես. «Երանելի է այն մարդը.... [որի] կամքը [«հաճութիւնը», ԱԱ] Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում [«նրա օրենքը կիսաձայն կարդում է», ՆԱ]» (Սաղմոս 1։1, 2)։ Տիրոջ՝ Եհովայի օրենքը գտնվում է Աստծու գրավոր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Մենք պետք է հաճույք ստանանք՝ կարդալով Եհովայի Խոսքը։ Այո, հարկավոր է ժամանակ հատկացնել Աստվածաշունչը կիսաձայն կարդալու և ընթերցածի շուրջ խորհրդածելու համար։ Կարդալիս և խորհելիս մենք՝ ստուգման առարկաներս, պետք է թույլ տանք, որ այն ազդեցություն գործի մեզ վրա։
7. Ո՞րն է ստուգելու հիմնական ձևը՝ արդյոք հավատի մեջ ենք, թե՝ ոչ։
7 Ուրեմն՝ ստուգելու հիմնական ձևը՝ հավատի մեջ ենք, թե՝ ոչ, հետևյալն է. կարդալ Աստծու Խոսքը և խորհրդածել ընթերցածի շուրջ, քննել, թե որքանով է մեր վարքը համապատասխանում մեր սովորածին։ Մենք ուրախ ենք, որ մեծ օգնություն ունենք Աստծու Խոսքը հասկանալու հարցում։
8. «Հավատարիմ և իմաստուն ծառայի» հրատարակություններն ինչպե՞ս կարող են մեզ օգնել ստուգելու, թե արդյոք հավատի մեջ ենք։
8 Եհովան մեզ կրթում և սովորեցնում է «հավատարիմ և իմաստուն ծառայի» հրատարակությունների միջոցով, որոնք բացատրում են Գրությունները (Մատթէոս 24։45)։ Օրինակ՝ ուշադրության առնենք «Հարցեր՝ խորհրդածելու համար» շրջանակը, որ տրված է «Մոտեցիր Եհովային» գրքի գլուխների մեծամասնության մեջ։a Գրքի այս առանձնահատկությունն ի՜նչ մեծ հնարավորություններ է ընձեռում անձնական խորհրդածության համար։ Մեր պարբերագրերում՝ «Դիտարանում» և «Արթնացե՛ք»–ում շոշափվող բազմաթիվ թեմաները նույնպես օգնում են, որ ստուգենք, թե արդյոք հավատի մեջ ենք։ Մի քրիստոնյա կին «Դիտարանի» վերջին մի քանի համարներում «Առակաց» գրքի վերաբերյալ տպագրված հոդվածների մասին հետևյալն ասաց. «Այդ հոդվածները անչափ գործնական են։ Դրանք օգնում են ինձ քննել, թե արդյոք իմ խոսքը, վարքը և մտածելակերպը իրոք համապատասխանում են Եհովայի արդար չափանիշներին»։
9, 10. Եհովան ի՞նչ միջոցներով է մեզ օգնում ստուգել, թե արդյոք հավատի մեջ ենք։
9 Բացի այդ, մենք ամենատարբեր հարցերի հետ կապված առաջնորդություն, ինչպես նաև քաջալերանք ենք ստանում ժողովի հանդիպումներին ու համաժողովներին։ Այս և ուրիշ հոգևոր միջոցառումները Եհովան նախապատրաստել է նրանց համար, ում մասին Եսայիան մարգարեացավ. «Կ’լինի օրերի վերջին, որ հաստատ կ’լինի Տիրոջ տան սարը՝ սարերի գլխին, եւ կ’բարձրանայ բլուրներիցը. եւ յորդելով նորա մօտ կ’գնան բոլոր ազգերը։ Եւ շատ ժողովուրդներ կ’գնան եւ կ’ասեն. Եկէք վեր գնանք Եհովայի սարը..... եւ նա կ’սովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կ’գնանք նորա շաւիղներումը» (Եսայիա 2։2, 3)։ Անշուշտ, Եհովայի ճանապարհների մասին սովորելը մեծ օրհնություն է։
10 Մեր անձը ստուգելու մեկ այլ հնարավորություն է այն, որ կարող ենք խորհուրդ ստանալ համապատասխան հոգևոր հատկություններ ունեցող քրիստոնյաներից, այդ թվում երեցներից։ Աստվածաշնչում նրանց ուղղված հետևյալ խոսքերն ենք կարդում. «Եղբարք, եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէք [«ուղղութեան բերէք», ԱԱ] հեզութեան հոգով, զգուշացիր քո անձին, որ դու էլ չ’փորձուիս» (Գաղատացիս 6։1)։ Որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել, որ մեզ օգնություն է տրվում ուղղվելու համար։
11. Ի՞նչ է պահանջվում ստուգելու համար, թե արդյոք հավատի մեջ ենք։
11 Մեր հրատարակությունները, քրիստոնեական հանդիպումները, նշանակված տղամարդիկ հրաշալի պարգևներ են Եհովայից։ Սակայն ինքնաքննությո՛ւն է պահանջվում ստուգելու համար, թե արդյոք հավատի մեջ ենք։ Ուստի երբ կարդում ենք հրատարակությունները կամ լսում ենք սուրբգրային խորհուրդ, պետք է ինքներս մեզ հարցնենք. «Արդյոք սա ի՞մ մասին է։ Անո՞ւմ եմ ես այդպես։ Կառչա՞ծ եմ մնում քրիստոնեական բոլոր հավատալիքներին»։ Այն, թե ինչպես ենք վերաբերվում այս պարգևների միջոցով ստացած տեղեկություններին, անդրադառնում է մեր հոգևոր վիճակի վրա։ «Շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար,— ասվում է Աստվածաշնչում։— Բայց հոգեւոր մարդը ամեն բան քննում է» (Ա Կորնթացիս 2։14, 15)։ Չպե՞տք է արդյոք ձգտենք երախտագիտությամբ վերաբերվել՝ հոգևոր աչքերով նայել այն տեղեկությանը, որ ստանում ենք մեր գրքերից, պարբերագրերից և մյուս հրատարակություններից, հանդիպումներից, ինչպես նաև երեցներից։
«Քննեցէք ձեր անձերը»
12. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի իմանանք, թե ինչպիսին է մեր անձը։
12 Որպեսզի իմանանք, թե ինչպիսին է մեր անձը, պետք է ինքներս մեզ գնահատենք։ Եթե անգամ ճշմարտության մեջ ենք, լավ կլինի խորհել, թե ինչպիսին է մեր հոգևոր վիճակը։ Մենք պետք է ստուգենք, թե արդյոք դրսևորում ենք քրիստոնեական հասունություն և անկեղծ երախտագիտություն հոգևոր պարգևների համար։
13. Համաձայն Եբրայեցիս 5։14–ի՝ ի՞նչն է փաստում, որ քրիստոնյան հասուն է։
13 Մեր քրիստոնեական հասունությունը փաստող ի՞նչ ցուցանիշներ կարող ենք գտնել՝ քննելով մեր անձնավորությունը։ Պողոս առաքյալը գրեց. «Կատարեալների համար է հաստատ կերակուրը [«Պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է», ԷԹ]. որոնց զգայարանները վարժողութեամբ կրթուած են բարին եւ չարը զանազանելու [«որոնք իրենց ըմբռնողականությունը, գործի դնելով, մարզել են բարին ու չարը զանազանելու համար», ՆԱ] (Եբրայեցիս 5։14)։ Մենք հասուն ենք, եթե մարզում ենք մեր ըմբռնողականությունը։ Ճիշտ ինչպես մարզիկը հաջողությունների հասնելու համար պետք է անընդհատ մարզի իր մկանները, այնպես էլ մենք մեր ըմբռնողականությունը պետք է մարզենք՝ աստվածաշնչային սկզբունքները մեր կյանքում կիրառելով։
14, 15. Ինչո՞ւ պետք է ջանք թափենք Աստծու Խոսքի խորը ճշմարտություններն ուսումնասիրելու համար։
14 Սակայն նախքան մեր ըմբռնողականությունը մարզելը մենք պետք է գիտելիքներ ձեռք բերենք։ Իսկ դրա համար շատ կարևոր է ջանասիրաբար ուսումնասիրություն կատարել։ Երբ մենք կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն ենք անում, հատկապես երբ քննում ենք Աստծու Խոսքի խորունկ բաները, մեր ըմբռնողականությունն ավելի է սրվում։ «Դիտարան» պարբերագրում տարիներ ի վեր բազմաթիվ խորը թեմաներ են շոշափվել։ Ինչպե՞ս ենք վերաբերվում դրանց։ Հակված ենք խուսափելո՞ւ այդ հոդվածները կարդալուց զուտ այն պատճառով, որ «դժուարիմաց բաներ» են պարունակում (Բ Պետրոս 3։16)։ Ո՛չ, մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրում մատուցվող տեղեկությունը հասկանալու համար (Եփեսացիս 3։18)։
15 Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե անձնական ուսումնասիրություն կատարելը մեզ համար դժվար է։ Անչափ կարևոր մի բան. մենք պետք է ուսումնասիրություն կատարելու ախորժակ զարգացնենք մեր մեջ (Ա Պետրոս 2։2)։b Հասուն քրիստոնյա դառնալու համար մենք պետք է սովորենք «ուտել» պինդ կերակուր՝ Աստծու Խոսքի խորը ճշմարտությունները։ Եթե դա չանենք, ապա միայն սահմանափակ ըմբռնողականություն կունենանք։ Բայցևայնպես, հասուն քրիստոնյա դառնալու համար բավարար չէ ընդամենը ձեռք բերել ըմբռնողականություն. նաև հարկավոր է առօրյա կյանքում գործադրել անձնական ուսումնասիրության միջոցով ձեռք բերած գիտելիքները։
16, 17. Հակոբոս աշակերտը ի՞նչ հորդոր է տալիս ‘խոսքը անող’ լինելու վերաբերյալ։
16 Մեր ինչպիսին լինելը փաստվում է նաև ճշմարտության համար մեր դրսևորած երախտագիտությամբ՝ հավատի գործերով։ Ինքնագնահատման այս երեսակի վերաբերյալ Հակոբոս աշակերտը մի ազդեցիկ օրինակ է բերում՝ ասելով. «Խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով։ Վասնզի եթէ մէկը միայն խօսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին որ պշուցած մտիկ է տալիս իր իսկական երեսին հայելու մէջ. որովհետեւ նայելով տեսաւ իրան եւ անցաւ, եւ շուտով մոռացաւ թէ ինչպէս էր։ Բայց նա որ ազատութեան կատարեալ օրէնքի մէջ աչքը գցած մտիկ տուաւ եւ նորանում կացաւ, նա մոռացուկ լսող չ’եղաւ այլ գործ կատարող. նա իր անելովը երանելի է» (Յակոբոս 1։22–25)։
17 Հակոբոսը փաստորեն ասում է. «Նայիր Աստծու խոսքի հայելու մեջ և գնահատիր քեզ։ Միշտ այդպես արա։ Ուշադիր զննիր քեզ Աստծու խոսքից ճառագող լույսի ներքո։ Անմիջապես մի մոռացիր տեսածդ։ Անհրաժեշտ շտկումներ կատարիր»։ Այս խորհրդին հետևելը երբեմն կարող է դժվար լինել։
18. Ինչո՞ւ է դժվար հետևել Հակոբոսի տված խորհրդին։
18 Օրինակ՝ Թագավորության քարոզչության գործին մասնակցելը մի պահանջ է, որը կատարելը գուցե դժվարություն ներկայացնի մեզ համար։ «Սրտով հաւատում ենք արդարանալու համար,— գրեց Պողոսը,— եւ բերանով [«բերանով հրապարակորեն», ՆԱ] դաւանում ենք փրկուելու համար» (Հռովմայեցիս 10։10)։ Բերանով հրապարակորեն փրկության համար դավանելը, այսինքն՝ քարոզելը, քրիստոնյայից որոշակի ջանքեր է պահանջում։ Մեծամասնությանս համար քարոզչական գործին մասնակցելը հեշտ չէ։ Եռանդուն քարոզիչներ լինելու և քարոզչությանը մեր կյանքում իր արժանի տեղը հատկացնելու համար մեզանից պահանջվում են որոշակի փոփոխություններ ու զոհողություններ (Մատթէոս 6։33)։ Բայց երբ այս աստվածատուր գործն անողներ ենք դառնում, մեծ ուրախություն ենք ապրում, քանի որ այդպիսով փառք ենք բերում Եհովային։ Ուստի, եռանդո՞ւն կերպով ենք քարոզում Աստծու Թագավորությունը։
19. Հավատի մեր գործերի թվում ի՞նչ գործեր պետք է լինեն։
19 Իսկ հավատի մեր գործերի թվում ի՞նչ գործեր պետք է լինեն։ Պողոսն ասում է. «Հէնց այն որ սովորեցիք, եւ ընդունեցիք, եւ լսեցիք, եւ ինձանում տեսաք, այն արէք. եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ կ’լինի» (Փիլիպպեցիս 4։9)։ Մեր ինչպիսին լինելը երևում է նրանից, թե արդյոք կիրառում ենք մեր սովորածը, ընդունածը, լսածը և տեսածը, այսինքն՝ այն ամենը, ինչ վերաբերում է մեր քրիստոնեական նվիրմանը և քրիստոնյա աշակերտ լինելուն։ «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք»,— հորդորում է Եհովան Եսայիա մարգարեի միջոցով (Եսայիա 30։21)։
20. Ովքե՞ր են մեծ օրհնություն ժողովի համար։
20 Այն տղամարդիկ ու կանայք, ովքեր փութաջանորեն ուսումնասիրում են Աստծու Խոսքը, եռանդորեն քարոզում են բարի լուրը, պահում են իրենց անարատությունը և նվիրվածորեն թիկունք են կանգնում Թագավորությանը, մեծ օրհնություն են ժողովի համար։ Նրանց ներկայությունը կայունություն է հաղորդում ժողովին։ Նրանք ժողովին շատ են օգնում, հատկապես բազմաթիվ նորեկներին աջակցելու հարցում։ Եթե մեր սրտում դնենք Պողոսի խորհուրդը՝ «փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. քննեցէք ձեր անձերը», ապա մենք նույնպես լավ ազդեցություն կթողնենք մյուսների վրա։
Հաճույք ստացիր Աստծու կամքը կատարելուց
21, 22. Ո՞ր դեպքում Աստծու կամքը կատարելուց հաճույք կստանանք։
21 «Քո կամքը կատարել կամեցայ [«փափաքեցայ», ԱԱ], ով Աստուածս,— երգեց հին Իսրայելի թագավոր Դավիթը.— եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է» (Սաղմոս 40։8)։ Դավիթը հաճույք էր ստանում Աստծու կամքը կատարելուց։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովայի օրենքը նրա սրտում էր։ Դավիթը վստահ էր, թե որ ճանապարհով պիտի գնա։
22 Եթե Աստծու օրենքը մեր սրտում լինի, մենք չենք տարակուսի, թե որ ուղղությամբ գնանք։ Մենք փափագում ենք Աստծու կամքը կատարել և հաճույք ենք ստանում դրանից։ Ուրեմն, եկեք ‘ջանք անենք’ սրտանց ծառայություն մատուցելու Եհովային (Ղուկաս 13։24)։
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ օգտակար խորհուրդներ կարելի է գտնել «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի 27–32-րդ էջերում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս կարող ենք ստուգել, թե արդյոք հավատի մեջ ենք։
• Ի՞նչ պետք է անենք իմանալու համար, թե ինչպիսի անձնավորություն ենք։
• Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ հասուն քրիստոնյա ենք։
• Ինչպե՞ս կարող ենք մեր անձին գնահատական տալ՝ նայելով հավատի մեր գործերին։
[նկար 23–րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե որն է հիմնական ձևը ստուգելու, թե արդյոք հավատի մեջ ես
[նկար 24–րդ էջի վրա]
Մենք հասուն քրիստոնյա ենք, եթե մարզում ենք մեր ըմբռնողականությունը
[նկարներ 25–րդ էջի վրա]
Մենք ցույց ենք տալիս մեր ինչպիսին լինելը՝ դառնալով ‘խոսքը անողներ և ոչ թե մոռացկոտ լսողներ’